Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այսերի բնաշխարհը

Այսերի բնաշխարհը
09.09.2016 | 09:43

Հայաստանի նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում օգոստոսի 12-ին բացվեց գեղանկարիչ «Այսեր Մաթևոսյանի հայկական բնաշխարհը» խորագրով ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, ինչն էլ առիթ էր հանդիպելու նկարչին:


«ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ Է»


-Ամառ է, շոգ է, և, այնուամենայնիվ, ցուցահանդեսիդ բացման օրը դահլիճում եռուզեռ էր, գուցե կտավներիցդ արտածվող զո՞վն էր մարդկանց գրավել:
-Եթե մարդիկ այսօր այստեղ են, և որքան տեսնում եմ, չեն շտապում լքել ցուցասրահը, ապա այն հաջողված է:
-Նկարիչ դառնալու սրբազան պահը ե՞րբ է բախել դուռդ:
-Նկարչի կոչումը ի վերուստ է տրվում, դեռ մանկուց եմ սիրել նկարչությունը, սա մի սուրբ խաչ է, որը նկարիչը տանում է իր ողջ կյանքում: Այսօր, իհարկե, հիշում եմ ինձ դասավանդած հիանալի մարդուն, նկարչին և մանկավարժին՝ Հակոբ Անանիկյանին: Հիշում եմ ուսանողական տարիներս Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում:
-Ասա, խնդրեմ, արդարացվա՞ծ էր կերպարվեստի և թատերական արվեստի ուսուցումը նույն հարկի տակ:
-Դա մի շշմելու միջավայր էր, մի զարմանալի խառնարան: Մենք շփվում էինք միմյանց հետ, և այդ փոխշփումը հարստացնում էր երկուստեք: Անհասկանալի է, թե ինչու բաժանեցին թատերական արվեստի և կերպարվեստի ինստիտուտների:
-Դասախոս-մանկավարժի և նրա սաների միջև ի՞նչն է ավելի կարևոր:
-Մանկավարժ լինելուց առաջ կերպարվեստ ուսուցանողը պետք է իր սանի ընկերը լինի, բազմափորձ և հոգատար ընկերը: Չէ՞ որ ընկերությունը հենվում է անկեղծության վրա: Հակոբ Անանիկյանից բացի, ինձ դասավանդել են Վարդգես Ստեփանյանը, Վռամշապուհ Շաքարյանը, Մասիս Գրիգորյանը, Հմայակ Ավետիսյանը, Մկրտիչ Սեդրակյանը: Նրանք մեզ համար նախ ընկեր էին, որոնց հետ շատ բան կարող էինք կիսել, հարստանալ փոխադարձաբար:
-Նկարը ստեղծվում է հոգու և մտքի էներգիաների համաձուլումից: Քեզ համար ո՞րն է առաջնայինը:
-Առանց հոգու չկա կերպարվեստ, իսկ ի՞նչ է անում նկարիչը. նա բնության և մարդկային ներաշխարհների պատկերման միջոցով զրուցում է արվեստասերների հետ, մարդկանց հետ: Ավելացնեմ, կանխելով սպասված հարցդ. իմ արվեստում չկան կոնկրետ ազդեցություններ, սակայն ոգեշնչված եմ Վարդգես Սուրենյանցի և Էդուարդ Արծրունյանի գործերով:
-Ցավոք, փայլուն վարպետ Արծրունյանը այսօր էլ, ինչպես կենդանության ժամանակ, ըստ էության, անծանոթ է արվեստասեր հանրությանը:
-Շատ եմ ցավում դրա համար, բայց մեղքն այստեղ հիմնականում լրատվամիջոցներինն է: Տեսեք, ցուցահանդեսը բացված է և կարծես հաջողված է, սակայն որևէ հեռուստաընկերություն չբարեհաճեց այն լուսաբանել: Սա, ցավոք, օրինաչափություն է այսօր: Ես ի՞նչ է, պետք է Աբովյան-16 հասցեում, Հայաստանի նկարիչների միության շենքի առաջ մի արկածախնդրական շոու կազմակերպեի և դառնայի օրվա հակահերո՞սը: Կասկած չունեմ, որ բոլոր հեռուստաընկերությունները կլուսաբանեին այն: Շատ եմ վրդովված:

«ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԵՎ ԻՄ ՀԱՅՐԵՆԻ ԳԵՂԱՐՈՏ ԳՅՈՒՂԸ»


-Նկարիչը կարո՞ղ է միայն մասնագիտական պարտքին տուրք տալով կանգնել կտավի առաջ:
-Հայրենիքս շատ եմ սիրում, սիրում եմ նրա մարդկանց, հատկապես քարից քրտինքով հաց քամող մարդուն եմ սիրում և ակնածանքով եմ վերաբերվում նրան: Ինչո՞ւ, քանի որ նրանք են պահպանում Հայաստանի, այս չքնաղ երկրի դիմագիծը: Ցավոք, նրանք՝ երկրի ողը հանդիսացող մարդիկ, այսօր մոռացության են մատնված:
-Ցուցահանդեսդ կոչվում է «Հայրենի բնաշխարհ»: Որտեղի՞ց է հայրենի բնաշխարհը սկիզբ առնում:
-Այստեղ Լոռին է պատկերված, Սյունիքը, Արցախը, առհասարակ ողջ երկիրը, նաև իմ հայրենի Գեղարոտ գյուղը:

Զրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ