Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կուզեի, որ մեր գրականությունը հայկական պատնեշը ճեղքեր ու դուրս գար արտաքին աշխարհ»

«Կուզեի, որ մեր գրականությունը հայկական պատնեշը ճեղքեր ու դուրս գար արտաքին աշխարհ»
09.09.2016 | 09:54

«Իմ մտածողությունը սցենարական է, երբ ես գրում եմ, դու տեսնում ես»,- իր գրական ստեղծագործություններն այսպես բնորոշեց արձակագիր, սցենարիստ, հրապարակախոս ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆԸ: Մեր զրույցի թեման բազմազան է` գրականություն, կինո, հասարակական խնդիրներ: Էդուարդ Խաչիկյանը հեղինակ է 21 գրքի, որոնցից 7-ը պատմավեպ է: 90-ականներին էկրան են բարձրացել նրա կինոսցենարիների հիման վրա նկարահանված «Անիծվածներ», «Աղետ», «Արցախյան անավարտ օրագիր» ֆիլմերը: Ամենահայտնին «Անիծվածներ» քրեական դրաման է: Ֆիլմը պատմում է գաղութային կյանքի մասին, զուգահեռ ներկայացվում են նաև ոստիկանական համակարգում տիրող բարքերը: Բավական է ասել, որ ֆիլմի հերոսից` Տիգրանից խոստովանություն են կորզում կտտանքների միջոցով: Դեպքերը զարգանում են Խորհրդային Միության վերջալույսին և Արցախյան շարժմանը զուգընթաց։ Էդուարդ Խաչիկյանը եղել է ՀՀ ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, ոստիկանության պետական պահպանության վարչության կադրերի բաժնի պետ:

«ՄԱՐԴԸ ՉՊԵՏՔ Է ՀԱՅՏՆՎԻ ԲԱՆՏՈՒՄ»


-Պարոն Խաչիկյան, ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ բանտային կյանքին: Ինչպե՞ս ստեղծվեց ֆիլմը:
-Այդ ժամանակ շունս` Քինգը, կենդանի էր: Շատ խելացի էր, Խորհրդային Միության չեմպիոն էր: 87-ին սցենար գրեցի: Քինգին հեռակա կարգով կարողանում էի կառավարել: Սցենարի համաձայն` ես չէի երևում, շունն ամեն ինչ անում էր: Գեղեցիկ ֆիլմ էր լինելու: Ներկայացրի սցենարը: Հետո «Հայֆիլմի» գլխավոր խմբագիրն ասաց, որ Դմիտրի Կեսայանցն է գալիս, ուզում է ֆիլմ նկարահանել գաղութի մասին: Հարցրեց` կարո՞ղ եմ սցենար գրել: Ասացի` ինչո՞ւ ոչ: Անոնսը ներկայացրի, պայմանագիր կնքեցինք, 91-ին «Անիծվածները» դուրս եկավ էկրան: Խորհրդային Միության ժամանակ էր: Նոր սկսվում էր Շարժումը: Որոշ կադրերում խոսում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ տարիներին էկրան դուրս եկան «Беспредел», «Воры в законе» ռուսական ֆիլմերը: Դրանցից առաջ` «Անիծվածները»: Այսինքն, Խորհրդային Միությունում առաջին ֆիլմն էր, որ քննադատում էր ոստիկանությանը, կաշառակերությունը, գաղութային բարքերը: Ֆիլմը խրատական իմաստ ունի՝ մարդը չպետք է հայտնվի բանտում. դա է նպատակը, հիմնական ասելիքը: Որոշ ժամանակ անց նկարահանվեց ֆիլմի երկրորդ մասը` «Աղետը»: Ըստ իմ սցենարի` մարդը բանտից դուրս է գալիս, ու նրա մեջ սկսում է խոսել մարդկայինը: Կեսայանցը հակառակն արեց, գողին նորից դարձրեց գող, որ անգամ աղետի գոտում գողություն է անում: Ես ասացի՝ իմ անունը, որպես սցենարիստի, կհանես, կգրես` համահեղինակ, գումարը կես-կես կստանանք:
-«Արցախյան անավարտ օրագիր» ֆիլմի մասին քիչ բան գիտենք:
-«Արցախյան անավարտ օրագիրն» ավելի տխուր ճակատագիր ունեցավ: Ֆինանսավորում էր «Մերկուրի» ընկերությունը, որ զբաղվում էր անշարժ գույքի առքուվաճառքով: Վազգեն Սարգսյանը, իմանալով ֆիլմի նախագծի մասին, ասաց` շուտ է, սցենարին ծանոթանալով` հավանություն տվեց, ասաց` ժամանակն է: Ֆիլմում իմ տեսածն էր (ղեկավարել եմ «Անկախության բանակ», ապա և «Միացյալ Հայաստան» երկրապահ ջոկատները (1990-93)): Ֆիլմը նկարահանվեց Արցախում: Գումար չկար, անգամ ծխախոտ չունեին դերասանները, կեսից հրաժարվում էին ու վերադառնում Երևան: Ես մտածում էի` ո՞նց սցենարը փոխեմ, որ կարողանանք ավարտին հասցնել: Նկարահանումների ընթացքում երեք ռեժիսոր փոխվեց: Այնուամենայնիվ, ավարտեցի ֆիլմը: Առաջնախաղը կայացավ կինոտանը: Կարող եմ ասել, որ այդ ֆիլմից ինձ մնաց վավերագրական արժեքը` 92-93 թվականների կադրերը:
-Վերադառնանք «Անիծվածներին»: Ո՞րն էր հաջողության գաղտնիքը: Այդ ֆիլմը սիրվեց ու մեծ արձագանք գտավ հանրության շրջանում:
-Ֆիլմը սիրվեց, որովհետև գողական աշխարհը հետաքրքրում է երիտասարդներին: Մի բանի համար եմ ափսոսում. ես այնտեղ միտումնավոր եմ ժարգոն օգտագործել, բայց ժարգոնի «հիվանդությունն» անցավ սերիալներին: Ես մաքուր գրականության ջատագով եմ: Իմ գրականությունը չափից դուրս մաքուր է, իսկ այդ ֆիլմը պարտադրում էր, որ կերպարը խոսի իր սեփական լեզվով, որպեսզի հավաստի լինի:
-Մերօրյա սերիալների հիմնական թերությունը լեզո՞ւն է:
-Նպատակ պիտի ունենան: Ես պատմավեպ եմ գրում, ինչո՞ւ, ի՞նչ պիտի տա այսօրվա ընթերցողին: Ես որ գրում եմ, այսօրվա օրը դնում եմ անցյալ դարերի մեջ, ասում եմ, որ պատմությունը կրկնվում է, այն ժամանակ դաս չես առել, հիմա մտածիր ու դասեր առ: Թե չէ` Պողոսը Պետրոսին սպանեց, «քցեց»: Ի՞նչ օգուտ դրանից:
-Ոստիկանական համակարգում բարեփոխումները շա՞տ են: Այն, ինչ տեսնում ենք ֆիլմում, մնացել է անցյալո՞ւմ:
-Շատ բան է փոխվել: Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ բոլոր ոստիկանները նույնը չեն: Տեսանք այս օրերին՝ կին ոստիկանն ինչպես է ոլորում կնոջ ձեռքն ու մարդկանց մեջ հակակրանք առաջացնում: Բայց կողքի ոստիկանը շատ կարգին տղա է: Կարելի է լինել խիստ, բայց ոչ կոպիտ: Թվում է` մոտիկ բառեր են: Ինձ հրահանգում են բռնել քաղաքացուն, ես մոտենում, ասում եմ` գնանք, առաջ անցեք: Պողոսը գալիս է, ձեռքը ոլորում, ասում է` անցիր առաջ: Կարգադրություն կա. երկու դեպքում էլ պիտի ասեն` գնա: Բայց տարբեր է մատուցման ձևը:
-Մեր երկրում տիրող մթնոլորտի, հասարակական տրամադրությունների մասին ի՞նչ կասեք:
-Ժողովուրդը ոչ ոքի չի հավատում, առաջին հերթին` կուսակցություններին: Երբ Լեոնիդ Ազգալդյանին հարցնում են` ի՞նչ գույն ունես` կուսակցական իմաստով, ասում է` հողի գույն: Այսինքն` ինքն իր երկրի զավակն է, իսկ կուսակցությունը հայրենիքն է: Ինքս դրա ջատագովն եմ: 90-ականներին ստեղծեցի «Միացյալ Հայաստան» կուսակցությունը, բայց հետո հասկացա, որ կուսակցության միջոցով պիտի կարողանաս ժողովրդի կարիքները հոգալ, եթե չես կարողանում, ուրեմն ամեն ինչ սուտ է: Պետության ղեկավարներին ասում են` ծառայող: Այսինքն` ժողովրդին պիտի ծառայեն, նրանց գլխավոր առաքելությունը դա է: Պատգամավո՛ր, քեզ ո՞վ է ընտրել։ Ժողովուրդը։ Այսինքն, պարտավոր ես ծառայել ժողովրդին: Բայց «ծառայել» բառը մոռացել են, մնացել է «իշխել» բառը: Ժողովուրդ և իշխանավորներ: Սա է խնդիրը:

«ԱՌԵՎՏՈՒՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԵԼ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ»


-Գրական ի՞նչ նորություն ունեք:
-Արա Աբրահամյանի սահմանած «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակին եմ ներկայացրել «Գրավաճառը» անտիպ երկը: Պատկերել եմ 2060 թվականը: Տիեզերական կայանների խախտման հետևանքով ինտերնետ և բջջային կապը կորչում է: Մարդիկ գիրքը կարդում են համացանցով: Մնացել է մի բուկինիստական գրախանութ, որը սկսում է աշխատել: Զուգահեռ դասական դետեկտիվ սյուժե է զարգանում:
-Գրող-ընթերցող կապի մասին ի՞նչ կասեք: Գիրքը հասնո՞ւմ է ընթերցողին:
-Իհարկե ոչ: Տպաքանակը պետք է մեծ լինի, և գովազդը ապահովվի: Իբրև օրինակ, իմ «Տրդատ Մեծ» պատմավեպը հեռուստատեսությամբ գովազդվեց: Կարճ ժամանակահատվածում 2000 օրինակ վաճառվեց: Դրսից նույնպես պատվիրում էին: Իսկ երբ գրքիցդ 100 օրինակ ունես` ո՞ւմ տաս:
Շատ կուզեի, որ մեր գրականությունը հայկական պատնեշը ճեղքեր ու դուրս գար արտաքին աշխարհ: Վստահաբար, իմ ճանաչողության փորձից ելնելով կարող եմ ասել, որ Հայաստանում շատ ավելի լուրջ գրողներ կան` և՛ պոտենցիալով, և՛ առկա, քան արտասահմանյան շատ երկրներում: Չի երևում: Տպաքանակը քիչ է, չի թարգմանվում: Գիրքը տպագրում ես ու վնաս կրում: Հայաստանում քանի՞ պատմավեպ կա` 15-16, 7-ը ես եմ գրել: Ցանկացած այլ երկրում դա կգնահատվեր, ազգային հերոս կհռչակեին, բայց ոչ Հայաստանում:
-Պետական մոտեցո՞ւմ չկա:
-Ի՞նչ պետական մոտեցման մասին է խոսքը: Հինգ գիրք եմ ներկայացրել պետական մրցանակի, հինգից ոչ մեկը չի շահել, որովհետև ներքին խոհանոց ունեն, ասում են` սա պիտի շահի: Ես ինքս կապեր ունեմ, բայց առևտուր չի կարելի անել գրականության մեջ: Գրողների միությունը պիտի թումանյանական «Վերնատունը» լիներ (զրուցում էինք գրողների տան կլոր սրահում- Ա. Ս.): Այստեղ տարբեր սեկցիաներ կան՝ պոեզիայի, արձակի, բայց դա քիչ է, քանզի առարկայնորեն չի քննարկվում սկսնակ հեղինակի գործը: Հիմա ո՞վ է գիրք կարդում: Մտավորականների ու գրողների աշխարհում նախանձը շատ է արմատավորված: Բավական է լուրջ բան գրես, սկսում են քարեր գցել վրադ: Ես աշխատում եմ բոլորի հետ ոչ լավ լինել, ոչ վատ: Ինձ այդ մարդկանց հետ կապում է գրականությունը: Ես ոչ այստեղ եմ, ոչ այնտեղ:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2366

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ