«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Նրա պատմվածքներում կա սեր, ցավ, ըմբոստություն, կա հայրենի տարածք ու եզերք»

«Նրա պատմվածքներում կա սեր, ցավ, ըմբոստություն, կա հայրենի տարածք ու եզերք»
11.09.2016 | 13:39

ՀՊՄՀ գիտական գրադարանում տեղի ունեցավ ՄԵԼԱՆՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ «Ազնիվը» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը:

«Իրատեսի» հետ զրույցում արձակագիրն ասաց, որ մանկուց գրել է, ստեղծագործել, բայց ընտանեկան կյանքի, զբաղվածության պատճառով դադարեցրել է ստեղծագործական աշխատանքը. «Արդեն մի քանի տարի է վերսկսել եմ գրել պատմվածքներ, բանաստեղծություններ: Խթանիչը ֆեյսբուք սոցիալական ցանցն է: Մի քանի բան հենց այնպես գրեցի, ընկերներս շատ ջերմ արձագանքեցին, ու այդ արձագանքներն առիթ եղան, որ էլի գրեմ, հաճախ գրեմ: Բայց երբևէ մտքովս չի անցել հավաքել ստեղծագործություններս ու առանձին գրքով ներկայացնել: Ամուսինս` Տիգրան Պետրոսյանցը (ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն, պատմաբան, մշակութաբան) անակնկալ մատուցեց՝ հավաքել էր գործերս ու հրատարակել»:

«Ազնիվը» պատմվածքը դարձել է գրքի վերնագիր: Հետաքրքվեցի, թե ինչո՞վ է պայմանավորված ընտրությունը: Արձակագիրն ասաց, որ «Ազնիվը» իր և իր ընտանիքի անդամների ամենասիրելի պատմվածքն է: Հիմքում իրական պատմություն է 16-17 տարեկան աղջնակի մասին, որ մասնակցել է Արցախյան պատերազմին, հետագայում ինչ-ինչ պատճառներով կյանքի տասը տարիներն անցկացել Աբովյանի քրեակատարողական հիմնարկում` կանանց գաղութում: Անդրադառնալով «Կարծում եք` տարբերությունը մե՞ծ է` համացանցո՞վ կկարդան գրական գործերը, թե՞ տպագիր գրքով» հարցին` արձակագիրն ասաց, որ ամբողջ կյանքում ընթերցասեր է եղել, բայց վերջին տարիներին կապվել է համացանցին ու կարդում է էլեկտրոնային գրքեր. «Ամեն դեպքում, գիրքն ուրիշ է: Շատերը գերադասում են իրենց տանը ունենալ գիրքը: Այլ բան է, որ գիրքն աչքի առաջ է, կարդում է պապը, հետո տղան, հետո թոռը: Գիրքը մնայուն արժեք է»:

Մելանյա Պետրոսյանցը բանասեր է, լրագրող, ՀՀ զինված ուժերի ավագ լեյտենանտ: 2001-ին հրատարակել է «Հատուկ գունդ» (առաջին մաս, 1990-1992թթ.) գիրքը: «Ազնիվը» գիրքը վաճառքի չի ներկայացվելու, արձակագիրն այն նվիրում է ընկերներին, բարեկամներին, ընթերցասերներին: ՍԱՄՎԵԼ ՄԱՃԿԱԼՅԱՆԻ բնորոշմամբ` Մելանյա Պետրոսյանցը գրում է հախուռն, միանգամից, նրա բոլոր ստեղծագործություններում կա սեր, ցավ, ըմբոստություն, կա հայրենի տարածք ու եզերք, որտեղ դու կարող ես ծփել քո մտքերով, խորդածություններով և, ամենակարևորը, կա մարդկային այն որակը, որն ամեն օր փնտրում ես, մարդ, որը կարող է քեզ հասկանալ: Սամվել Մաճկալյանն իր «Օգոստոսյան ձնհալ» գիրքը նվիրեց Մելանյա Պետրոսյանցին: Եվ՝ ոչ միայն: Ասաց ամենակարևորը. «Իրերի, ճակատագրի բերումով հայտնվել եմ այնտեղ, որտեղ հայտնվում են մարդիկ, որոնք պատասխանատվություն ունեն հայրենիքի հանդեպ: Այսպես ձևակեպեմ՝ աշխարհում չկա մի տեղ, ուր հողն այդքան քար ունենա, ու քար, որ այդքան ցավ ունենա: Այդ քարերի մեծ մասը սրտի տեսք ունեին: Երբ այնտեղից եկա, բոլոր նրանց, ում սիրում եմ, հարգում, քար էի նվիրում: Այդ քարի մեջ ցավ կա, կարոտ, ու, ամենակարևորը, այդ քարերը սրտի տեսք ունեն: Իսկ տիկին Մելանյայի ստեղծագործություներում կա այդ սիրտը, որ բաբախում է` ցավով, կարոտով, նվիրումով»: Խոսք ասեց նաև ԱԺ պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ, ով, Տիգրան Պետրոսյանցի բնորոշմամբ` պատգամավոր է գրողների մեջ, գրողների մեջ` պատգամավոր. «Քաղաքականության մեջ, կյանքում մենք շատ բաների ենք բախվում, հոռետեսությունը, բացասական էներգիան մեզանում շատացել են: Ամեն անգամ, նման միջոցառումների մասնակցելիս, հասկանում եմ, որ մեր ժողովուրդը հավերժ է, մեր ժողովուրդը չի պարտվում: Մենք մեծ առաքելություն ունենք ու այդ առաքելությունը մշակութային է, մեր հիմքը, մեր ակունքը արվեստն է, գիրն ու գրականությունը: Մնացած ամեն ինչ` պետական, քաղաքական գործիչները, իշխանությունները, ընդդիմությունները գալու են ու գնալու, վատ օրերը նույնպես գալու- գնալու են: Հայ ժողովրդին պահող-պահպանող հենասյունը արվեստն է»:

Մելանյա Պետրոսյանցի թոռնիկը՝ արձակագրի ֆեյսբուքյան ընկերների շատ սիրելի Յանին արտասանեց «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին» բանաստեղծությունը, ասես հաստատելով Մարգարիտ Եսայանի դիտարկումը, որ մեր ժողովուրդը, չնայած իր ապրած արհավիրքներին, ցեղասպանությանը, ոչ միայն կարողացել է ոտքի կանգնել, գոյատևել, այլև հաղթել է պատմությանը: Մեծ թվով մտավորականներ, ընկերներ իրենց սրտի խոսքն ասեցին արձակագրի ու նրա գրական գործերի մասին: Դահլիճը մարդաշատ էր: Մթնոլորտը` գրական ու ջերմ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ