Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նպատակը հասարակական սեկտորի զարգացումն ու աշխուժացումն է

Նպատակը հասարակական սեկտորի զարգացումն ու աշխուժացումն է
11.09.2016 | 16:06

ՀՀ նախագահի աշխատակազմի հատկացրած դրամաշնորհով մի շարք հասարակական կազմակերպություններ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ծրագրեր կիրականացնեն։ Նշենք, որ երկրի ղեկավարի աշխատակազմի դրամաշնորհային մրցույթները 2013 թ. աշնանից կազմակերպում և իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Այս տարի արդեն հայտարարվել է երկու մրցույթ, որի շրջանակներում ծրագրեր իրականացնելու պայմանագրեր են կնքվել 17 հասարակական կազմակերպությունների հետ։


Դրամաշնորհային ծրագրերի համակարգող Աննա Գալստյանը նշում է, որ տրամադրվող դրամաշնորհների նպատակը հասարակական սեկտորի զարգացումն ու աշխուժացումն է։ Մրցույթի անվանակարգերն ու ծրագրային ուղղությունները պայմանավորված են տարվա խորհրդով, մարտահրավերներով, այդ պահին առկա խնդիրներով։ Մասնավորապես, մրցույթներ են հայտարարվել ծխելու, սելեկտիվ աբորտների դեմ պայքարի, սահմանամերձ գյուղական համայնքների, էկոտուրիզմի զարգացման, բնապահպանական, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, մերօրյա հերոսների փառաբանման, ՀՀ անկախության 25-ամյա հոբելյանին նվիրված ուղղություններով։


Աննա Գալստյանը նկատում է, որ եռամյա աշխատանքի ընթացքում աջակցելով ՀԿ-ներին՝ որոշակիորեն հասել են իրենց նպատակին։ Միայն 2015 թ. դրամաշնորհային մրցույթին ընդունվել է ՀԿ-ների մոտ 200 հայտ։ Ավելի քան 60 հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագիր ֆինանսավորվել է։ Ընդ որում, շատ ՀԿ-ներ գործունեություն են ծավալում մարզերում՝ ներգրավվելով համայնքային, հասարակական խնդիրների լուծմանը։ Սակայն եթե խնդրին հասարակական սեկտորի կայացման, հասարակական կազմակերպությունների գիտակցության աստիճանի բարձրացման տեսանկյունից ենք նայում, ապա դեռ շատ աշխատանքներ կան կատարելու, որովհետև ՀԿ-ները ծրագիր իրականացնելն ավելի շատ ընկալում են որպես աշխատավարձ ստանալու հնարավորություն, ՀԿ անդամներն իրենց աշխատանքը դիտարկում են որպես բիզնես գործունեություն՝ այն նմանեցնելով ՍՊԸ-ներին։ Եվ ըստ Աննա Գալստյանի՝ ամենադժվարը հենց այս ուղղությամբ մարդկանց գիտակցության փոփոխությունն է։


Ինչ վերաբերում է ՀԿ-ների ներկայացրած հայտերի որակին, ապա, ըստ մեր զրուցակցի, շատ դեպքերում իրենք ուղղորդում են ՀԿ ներկայացուցիչներին՝ ծրագրերը շտկելու համար։ «Սակայն, երբ դիտարկում ենք հայտերի ֆինանսական մասը, ապա նախահաշվում ակնհայտորեն երևում է, որ ՀԿ-ի նպատակն աշխատավարձ, շահույթ ստանալն է, ոչ թե բուն ծրագիրն իրականացնելը։ Իհարկե, խոսքը ոչ բոլորի մասին է։ Կան շատ լավ հասարակական կազմակերպություններ, և բնավ չենք ցանկանա ստվերել նրանց գործը»,- ասում է Աննա Գալստյանը։


Դրամաշնորհների թափանցիկությունն ապահովելու համար մրցութային հանձնաժողովի բոլոր նիստերն անցկացվում են բաց, դրանց մասին նախապես հայտարարվում է, կարող են ներկա գտնվել բոլորը, այդ թվում՝ մրցույթին հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Լուսաբանվում են նաև ծրագրերը, բացի այդ, հրապարակվում է նաև նախագահի աշխատակազմի հատկացրած դրամաշնորհի շրջանակներում կյանքի կոչված ծրագրերի տարեկան հաշվետվություն։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2467

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ