Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իշխանության զուգահեռ պետությունը

Իշխանության զուգահեռ պետությունը
16.09.2016 | 08:16

Ինչ պայծառ օրեր են՝ աշնան փափուկ արև, տեղ-տեղ` սառը անձրև, Կարեն Կարապետյանը՝ վարչապետ, Արթուր Դավթյանը՝ գլխավոր դատախազ, Նիկոլ Փաշինյանը՝ ստվերային վարչապետ: Երկիրը աչքի առաջ բարեփոխվում է, բոլորը սկսեցին բոլորին հասկանալ, համարյա՝ հարգել, ինչ անում են՝ դառնում է պատմական, փոխըմբռնումը ջրի պես վազում է ոտքի տակ ու սրտերում, հուսադրում է՝ պայծառ ապագայի կանաչ-կարմիրը կապելու:

Սեպտեմբերի 13-ին Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, ինչն առիթ տվեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին շնորհակալություն հայտնել Հովիկ Աբրահամյանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, որի ընթացքում չէր շտապում նրան հանդիպել ու նրա առաջադրած հարցերը լուծել: Թերևս հենց ռուս պաշտոնյաներն ու փորձագետները, լրատվամիջոցների գերակտիվությունն են մեղավորը, որ Կարեն Կարապետյանը ի սկզբանե ընկալվեց «Կրեմլի նշանակում»: Ընկալումն ամրապնդեց հաջորդ լուրը. «Ինտերֆաքսը» հաղորդեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մնում էր տային նոր նախարարի անունը: Նոր վարչապետի շուրջ իրադարձությունները զարգացան գլխիվայր: Հովիկ Աբրահամյանի հրաժարականի առիթով գովեստի այնքան խոսքեր ասվեցին, այնպես ներկայացվեց նրա պաշտոնավարման շրջանը, որ միակ տրամաբանական հարցը դարձավ՝ ձե՞ր, թե՞ նրա թշնամին եք, որ այդպես աշխատողին հանում եք: Նույն անտրամաբանական շրջագծում բոլորը սկսեցին քննարկել Կարեն Կարապետյան վարչապետի հետագա գործունեությունը, երբ նա իր ծրագիրը չի ներկայացրել: Ստացվեց գլխիվայր շրջված սիմվոլիկա մի մարդու վերաբերյալ, որ անվանվեց փոփոխությունների սիմվոլ, երբ դեռ ոչինչ չի արել: Իրականում նա բոլոր շանսերն ունի սիմվոլ էլ մնալու՝ առանց իրական հաջողությունների, համենայն դեպս, խորհրդարանական առաջին իսկ ելույթում ասաց, որ կախարդական փայտիկ չունի: Ծանոթ արտահայտություն չէ՞: Փաստացի՝ նա հրավիրվեց հայրենիք իբրև լավ մենեջեր, բայց ոչ վերափոխիչ: Իրական փոփոխությունների համար նա չունի սահմանադրական իրավասություններ: Երբ դեռ գործում է հին Սահմանադրությունը, պետության արտաքին քաղաքականության պատասխանատուն նախագահն է, Կարեն Կարապետյանին գործունեության նեղ շրջանակ է տրված՝ վերակառուցել կառավարման սխեման, բայց ո՛չ մոդելը: Թեպետ ասաց, որ համակարգային փոփոխությունների կարիք կա, կարող է անել կառուցվածքային ու կադրային փոփոխություններ, բայց աշխատանքի ուղղվածությունը նույնն է լինելու:

Նրան ռեստարտ հանձնարարվեց, ինչն ամենահեշտն է, բայց ռեստարտը ոչինչ չի փոխում, երբ մեկնարկային պայմանների փոփոխություն չկա: Քանի դեռ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվել, տնտեսության մեջ իրական հաջողություններ ակնկալելն անլուրջ է՝ անգամ ամենաօպտիմալ մենեջմենտի առկայությամբ: Կառավարման ոճի փոփոխությունը կարևոր է, նոր կադրերը նոր լիցք կհաղորդեն ոլորտներին, նոր ծրագրերը լճացումից դուրս կբերեն տնտեսությունը, Հայաստանը Սինգապուր է դառնալու՝ գեղեցիկ, բայց հեռանկար է, որը Կարեն Կարապետյանի կառավարությանը կարող է վստահվել ոչ հիմա, այլ խորհրդարանական ընտրություններից ու նույնիսկ գործող նախագահի ժամկետի ավարտից հետո, եթե Կարեն Կարապետյանը այդքան ժամանակ լինի վարչապետ: Խորհրդարանական ընտրություններից հետո նա, բնականաբար, վայր պիտի դնի լիազորությունները՝ Սահմանադրությամբ կանոնակարգվող այս իրողությունը Կարեն Կարապետյանին դարձնում է տեխնիկական վարչապետ, որ կոչված է մարելու տնտեսական ու սոցիալական բողոքի ալիքը, ստեղծելու փոփոխությունների տպավորություն ու բարելավելու ՀՀԿ-ի նախընտրական իմիջը: Հարց՝ իսկ դա նրա ինչի՞ն է պետք, երբ նա նույնիսկ ՀՀԿ անդամ չէ: Անսահման հայրենասիրությունի՞ց:

Առաջ, համենայն դեպս, հայրենասիրական պոռթկումներ չեն եղել: Դժվար է հայրենասիրության դրսևորում համարել քաղաքապետի պաշտոնից նրա հրաժարականը՝ «Գազպրոմում» բարձր պաշտոն ստանալու պատճառով: Տեսակետը, թե նա իբր իշխանությունների հետ տարաձայնությունների պատճառով հեռացավ, միֆ է, որ փլուզվում է նրա նոր նշանակումով. որևէ անընդունելի քաղաքապետի իշխանությունը վարչապետի պաշտոն չէր տա: Ստացվում է, որ Կարեն Կարապետյանը, բացի սիմվոլ դառնալուց, ունի ավելի կարևոր ու հեռագնա առաքելություն՝ դառնալ ՀՀ վարչապետ ընտրություններից հետո: Հայաստանում, իհարկե, քաղաքականության մեջ դժվար է տրամաբանություն սովորել, բայց այդքան անտրամաբանական հրավեր Սերժ Սարգսյանն ինքն իրեն չէր կարող թույլ տալ՝ երկիր բերել մրցակցի, ում շանսերն առավել են: Մնում է մեկ ելակետ՝ Կարեն Կարապետյանը Մոսկվայի նշանակումն է և Պուտինի վարչապետը: Հայաստանը ՌԴ նախագահի գլխացավանքն է դարձել քառօրյա պատերազմից հետո հատկապես: Այդ դեպքում ի՞նչ սպասել նոր վարչապետից: Լրատվամիջոցներով ու ռուսական դաշտում գործող իշխանական ու ոչիշխանական գործիչների շուրթերով ուռճացվող հաջողությունների պատկեր, որոնց հիմքում կլինի մեծ բլեֆը: Սազը Արմեն Աշոտյանի և մյուսների ձեռքին նույնն է նշանակում, ինչ Լևոն Զուրաբյանի քննադատությունը. եթե առաջինները կանխատեսում են հաջողություններ, երկրորդները բացատրում են անհաջողության պատճառները: Ռուսաստանին Հայաստանը պետք է իբրև տարածք, բայց ոչ ինքնիշխան պետություն, որի վարչապետը ընդունում է պետության շահերից բխող որոշումներ ու կատարում պետության շահերը պաշտպանող քայլեր:

Կտրվեն նոր վարկեր գուցե, գուցե գազի գինը մի քանի դրամով կիջեցվի, ոչինչ չասող մի քանի համաձայնագրեր էլ գուցե կնքվեն, բացի Սեյրան Օհանյանին ՀԱՊԿ տանելու նախագծից՝ Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի իր կադրերով համալրելու հայկական բանակը, որ մնում է ռուսական համապարփակ էքսպանսիայի միակ պատվարը, որը պետք է վերցնել ներսի տրոյական ձիերով, ոչ թե թշնամու հետ պատերազմ հրահրելով: Իսկ ի՞նչ է անելու գործող նախագահը, եթե 2008-ից նրա դեմ են ղարաբաղցիները՝ Ռոբերտ Քոչարյանի կամ նրա ազգականների տեսքով: Փիլիսոփայաբար նայելո՞ւ է՝ ինչպես է փլուզվում իր կառուցած բուրգը: Հազիվ թե: Նրան տրված է իրավիճակն իր օգտին շրջելու շանս, բայց՝ մինչև խորհրդարանական ընտրություններ:


Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում ստորագրվեց Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնագիրը: Զգացի՞ք, որ ռուսական դաշտի բոլոր գործիչները հավաքվում են մեկ կետում՝ արևմտյան մոդելի ժողովրդավարություն հաստատելու համար: ԱԺ 5 խմբակցությունները, բացառությամբ «Ժառանգության», ստորագրեցին ևս մեկ «պատմական» փաստաթուղթ, որով իշխանությունները պարտավորվում են հրապարակել ընտրությանը մասնակցած և քվեարկած անձանց ցուցակները: Պաշտոնական ընդդիմությունը սա անվանում է առանցքային ձեռքբերում, որով հնարավոր է կանխել բացակաների փոխարեն քվեարկությունները: Ձեռքբերումը, իրոք, կլասիկ է: Պատահական չէ, որ Լևոն Զուրաբյանն այն իրատեսորեն համարեց «անհավատալի»: Ինչո՞ւ իշխանությունն արեց մի քայլ, որին դեմ էր տարիներով: 2017-ի խորհրդարանական ընտրություններում իշխանությանն այլևս պետք չէ հենարան ունենալ ներկա ոչիշխանությունը՝ իր բացահայտ ռուսական ենթակայությամբ: Դա փոխում է և՛ ընտրությունների տրամաբանությունը, և՛, առավել ևս, կազմակերպման պայմանները: Նրանք լուծում են իրենց 5 տոկոսը հաղթահարելու խնդիրը: Թող լուծեն: Ակնհայտ է, որ ոչիշխանությունը նոր խորհրդարանում ունենալու է հակակշիռ՝ իրական ընդդիմության տեսքով: Եթե ձևավորվի կոալիցիա, շատ մեծ անակնկալ կարող է լինել հետընտրական կոալիցիայի՝ ազգային համաձայնության կառավարության կազմը:

Փոփոխությունների սիմվոլ իրականում ոչ թե նորանշանակ վարչապետը, այլ գործող նախագահը կարող է դառնալ, եթե քաղաքական կամք ունենա մինչև վերջ խաղարկել շախմատային այս պարտիան, որի ավարտը միանշանակ իր օգտին է լինելու, և՝ Հայաստանի քաղաքական դաշտի, որտեղ վերջապես հայտնվելու է իրականությանը համարժեք ուժերի դասավորություն՝ քաղաքական կրկեսի բացառումը դա է, ոչ թե Մոսկվայի թելադրանքով կասեցված նպատակների ու իրականացվող ծրագրերի արդյունքը:


Այս պարագայում պատճառահետևանքայնորեն արդարացված են արար աշխարհի միակ ընդդիմադիր Կոլյայի, ավելի ստույգ՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունները: Քանի նա չի ստորագրել հինգի համաձայնագիրը, ոչինչ չի ստացվելու: Կասեք՝ ՔՊ խմբակցություն չկա, ինչպե՞ս ստորագրեր: Կտրվել եք կյանքից, նա ներկայացնում է ավելին՝ կայսրություն, որի միահեծան կայսրն է, արտաքուստ՝ ընդդիմադիրոտ, ներքուստ՝ ռուսախառը: Աններելի երկար է տևում նրա ինքնահաստատումը ուրիշների ժխտման հաշվին, ժամանակն է, որ «ստվերային վարչապետը» ասի՝ ինքն ի՞նչ է ուզում և այդ «ինչը» ինչո՞վ է տարբեր իշխանության տեսակետից: Դե՞մ է ԵԱՏՄ-ին ու եվրասիական տարածքում տնտեսություն կառուցելու քաղաքականությանը: Ոչ, ինչպես իշխանությունն ու ոչիշխանական ուժերը՝ նա երբևէ չի ասել, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի աքիլլեսյան գարշապարը դարձավ: Առավելագույնը, որ նա ասում է՝ ինքը ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, ոչ… Ինքը, պարզապես, ինքն է՝ միակն ու անկրկնելին: Ինչպե՞ս է նա Ղարաբաղի խնդրի լուծումը տեսնում: Հարցը Ստեփանակերտի հայեցողությանը թողնելով: Կարդացեք ռուսական մամուլը և կհամոզվեք, որ այս հարցում ՌԴ քարոզչության տրենդը բանակցություններից Հայաստանին դուրս մղելն ու Ստեփանակերտով փոխարինելն է: «Իսկ Ստեփանակերտն ի՞նչ պիտի անի» հարցը քրեական է՝ անկախ պետություն է, ինքը կորոշի: Առաջին հայացքից թվում է՝ Նիկոլ Փաշինյանն այն ավելն է իշխանության ձեռքում, որով լուծվում է իշխանական դաշտը ավլել-մաքրելու խնդիրը:

Երկրորդ հայացքն ի հայտ է բերում ավելի խորքային իրողություններ՝ Կոլյան կրկնակի խաղ է խաղում. նա կատարում է ոչ միայն իշխանության պատվերը, այլև հարմար տեղավորվում է ցարի ստվերում՝ փորձելով ստեղծել զուգահեռ իրականություն ու համախմբել ընդդիմադիր տրամադրություններով բողոքական զանգվածին, որն ունակ է հեղափոխության և շատ ավելի վտանգավոր է Մոսկվայի համար, որ ամեն եղանակի «արաբական գարուն» և ամենուր «նարնջագույն հեղափոխություն» է տեսնում իր դեմ, քան հրապարակի քաղաքական բոլոր ուժերը՝ միասին վերցրած: «Քաղաքացիական պայմանագրի» նպատակը Հայաստանի քաղաքացիներին իրենց իրավունքների համար պայքարից հեռացնելն է՝ նրանց կեղծ առաջնորդ տալով, որը վճռական պահին ոչ թե հայտարարելու է պայքարի մարտավարության ու ռազմավարության իր ծրագիրը, այլ ասելու է մենք հաղթեցինք՝ որտեղ ու որքան կարողացանք, իրականում իշխանությունն ուժեղ էր ու մեզ հաղթեց:

Այս անգամ լավ չէինք աշխատել, մնաց հաջորդ անգամին: Հրազդանի քաղաքապետի ընտրությունները՝ ապացույց: Ի վերջո, ի՞նչ տարբերություն «Քաղաքացիական պայմանագրի» ու ՀԱԿ-ի միջև, որի շնորհիվ Նիկոլ Փաշինյանը մտավ ԱԺ՝ ստանալով քաղաքական գործչի կարգավիճակ, որից չօգտվելը հիմարություն է, իսկ նա հիմար չէ: Միակ ու անկրկնելի ընդդիմադիրի բոլոր փետուրները նա ինքն իր ձեռքով քամուն կտա, եթե Կարեն Կարապետյանը նախարարի պորտֆել առաջարկի: Կարևոր չէ՝ որ: Գյուղատնտեսության, բնապահպանության կամ արդարադատության: Բոլոր ոլորտներում նա ասելիք ունի՝ դիլետանտական մակարդակով, բայց՝ ամպագոռգոռ:
Պետություն և զուգահեռ պետություն՝ սա է այսօրվա իրականության պատկերը: Ամբողջ խնդիրը՝ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը իրականությանը համարժեք չեն: Մոտենալո՞ւ, թե՞ հեռանալու ենք իրականությունից: Դուք մտածեք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հիշեցնեմ՝ խորհրդարանական ընտրությունները լինելու են հետևանք, պատճառ դառնալը մեզնից՝ յուրաքանչյուրից է կախված: Ոչ միայն տարածքն է հայրենիք, այլև ժամանակը, որի կորուստը, եթե նույնիսկ միանգամից չի ընկալվում, բումերանգի օրենքով հետհարվածում է: Ցավոտ՝ որպես կանոն: Մինչդեռ պետք է սթափեցնող:

Դիտվել է՝ 1596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ