Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Վրաստանի կառավարություններն իրենց պարտքն են համարում երկիրը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դարձնելը»

«Վրաստանի կառավարություններն իրենց պարտքն են համարում երկիրը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դարձնելը»
16.09.2016 | 08:20

«Իրատեսի» հյուրն է Վրաստանի ԱԳ նախկին նախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ ՄԱՅԱ ՓԱՆՋԻԿԻՁԵՆ:

-Ինչպե՞ս եք գնահատում վրաց-հայկական հարաբերությունները: Փորձենք քաղաքականությունն ու առևտրատնտեսական կապերը չտարաբաժանել:
-Հայաստանի հետ մենք միշտ ենք շատ լավ հարաբերություններ ունեցել և միշտ ենք ջանացել, որ այդ հարաբերություններն ավելի արդյունավետ և փոխշահավետ լինեն երկու կողմերի համար էլ: Իհարկե, կարելի է ավելին անել: Քաղաքականության մեջ մենք միմյանց հետ ոչ մի խնդիր չունենք, հաճախակի են բարձրաստիճան այցերը, վերջերս ՀՀ նախագահն էր Թբիլիսիում, մեր նախագահն է մի քանի անգամ եկել Երևան, հարաբերություններն ակտիվ են արտաքին գործերի նախարարությունների մակարդակում: Տնտեսության մեջ, իհարկե, կարելի է ավելին անել, որովհետև մենք հարևաններ ենք: Վրաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր, իսկ դա նոր հնարավորություններ է բացում, և շատ լավ կլիներ, որ այդ հնարավորությունները օգտագործեր նաև Հայաստանը:
-Հայաստանն ընտրեց ԵԱՏՄ-ն, դա չի՞ խանգարի:
-Մենք ևս Ռուսաստանի հետ ունենք ակտիվ տնտեսական հարաբերություններ: Ռուսաստանը բաց է Վրաստանի առաջ իբրև շուկա, մենք վաճառում ենք ոչ միայն գինի, ջրեր, մրգեր, այլև այլ ապրանքներ: Եթե Հայաստանն ունի ցանկություն ու հնարավորություններ՝ Վրաստանի միջով եվրոպական շուկա հասնելու, մեր համաձայնագիրը այդ հնարավորությունները բացում է: Կարող են համատեղ ընկերություններ լինել, կարելի է արտահանել՝ այս առումով ներուժը մեծ է, այդ պատճառով էլ, կարծում եմ, որ տնտեսության ոլորտում մենք շատ աշխատանք ունենք:
-Հոկտեմբերին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են: Ձեր գնահատականով՝ կփոխվի՞ քաղաքական իրավիճակը երկրում:
-Կարծում եմ՝ կփոխվի դեպի լավը, որովհետև նախորդ՝ 2012-ի ընտրություններն, ընտրություններ էին ընդդեմ Սաակաշվիլու «Ազգային շարժման», մթնոլորտը հիմա փոխվել է: Այսօր ավելի շատ կուսակցություններ կան և ավելի մեծ շանսեր ունեն խորհրդարանում հայտնվելու՝ պատկառելի ներկայացվածություն ապահովելով:
-Ի՞նչ շանսեր ունի Դավիթ Ալասանիայի գլխավորած «Ազատ դեմոկրատները»:
-Կարծում եմ՝ լավ: Հիմա խորհրդարանում երկու բլոկ կա՝ «Վրացական երազանքը» և «Ազգային շարժումը»: Կարծում եմ, հոկտեմբերի 8-ի ընտրություններից հետո խորհրդարանն ավելի հետաքրքիր կդառնա, և ոչ մի կուսակցություն մեծամասնություն չի ունենա. դա նշանակում է, որ կկազմավորվի կոալիցիոն կառավարություն: Դա կլինի նոր կոալիցիա և նոր քայլ՝ ժողովրդավարության ուղղությամբ:
-«Վրացական երազանքի» հետ «Ազատ դեմոկրատներին» ի՞նչն է միավորում ու ի՞նչն է բաժանում:
-Մենք շատ ընդհանրություններ ունեինք, երբ կոալիցիայի կազմում էինք, մեզ կապում էին ոչ միայն արտաքին, այլև ներքաղաքական թեմաները: Երկու տարուց մենք հասկացանք, որ կոալիցիայի գլխավոր կուսակցություն «Վրացական երազանքը» չի ցանկանում իրականացնել այն բոլոր խոստումները, որ մինչև ընտրությունները մենք միասին տվել էինք ընտրողներին:
-Չի կարողանո՞ւմ, թե՞ չի ցանկանում:
-Չի ցանկանում, իհարկե, կան խնդիրներ, որ միանգամից հնարավոր չէ լուծել, ժամանակ է պետք, բայց կան խնդիրներ, որոնք լուծելու համար քաղաքական կամք է պետք: Քաղաքական կամք շատ բարեփոխումների իրականացման համար «Վրացական երազանքը» չունեցավ: Այդ պատճառով մենք դուրս եկանք կոալիցիայից:
-Հե՞շտ է արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալը, թե՞ վիրավորական է կիսատ թողնել ծրագրերը:
-Երբ դու լավ ես զգում քո պաշտոնում, երբ ծրագրեր ունես, տեսնում ես աշխատանքիդ արդյունքը, իսկ ես արդյունքը տեսնում էի ¥իմ գործունեության ամենագլխավոր արդյունքը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումն էր, և ոչ միայն դա¤, երբ դու գիտես՝ ինչ ես անելու հաջորդ երկու տարիներին, բայց հանկարծ ստիպված ես հեռանալ, ափսոսում ես պարզապես: Ես շատ էի սիրում իմ նախարարությունը, իմ աշխատակիցներին, համարյա քսան տարի աշխատել եմ ԱԳՆ-ում, բոլորին հարգում էի ու սիրում, կարծում եմ՝ դա նաև փոխադարձ էր: Այդ առումով հեշտ չէր: Բայց, մյուս կողմից, երբ դու տեսնում ես, որ կառավարությունը շատ հարցերում այլ տեսակետներ ունի, և դու սկզբունքային տարաձայնություններ ունես քո գործընկերների հետ, ընտրություն չի մնում: Դա նաև ազատություն է տալիս, երբ գիտես, որ այլևս պատասխանատու չես այն սխալների համար, որ անում է կառավարությունը: Այդ առումով հեշտ էր: Գլխավորը ինչ-որ պաշտոն ունենալը չէ, ինձ համար կարևորը կյանքում այն գործն անելն է, որ ես համարում եմ ճիշտ:
-Ի՞նչ է Վրաստանին տալիս ՆԱՏՕ-ն՝ պաշտպանվածությո՞ւն, անվտանգությո՞ւն, ազդեցությո՞ւն տարածաշրջանում:
-Ոչ միայն: Վրաստանը ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ և շատ արդյունավետ հարաբերություններ ունի կառույցի հետ, բայց անդամությունը, ինչպես վերջին սամմիթում պարզվեց, դեռ հնարավոր չէ: Հույս ունեմ, որ դա շուտով կլինի: Երբ մենք լինենք կառավարության մեջ, շատ ավելին կանենք, որ այդ ցանկությունը արագ կատարվի: Մենք ոչ միայն պաշտպանվածություն ու ապահովություն ենք որոնում, այլև կայունություն և բոլոր այն արժեքները, որ շաղկապում են ՆԱՏՕ-ի անդամներին և այդ կառույցի հիմքում են: Դա պետք է ամրապնդել Վրաստանում, և ես կարծում եմ, որ դեպի ՆԱՏՕ ճանապարհը շատ կարևոր է, որովհետև այդ ճանապարհին մենք կատարում ենք այն բարեփոխումները, որոնք ժողովրդավարական երկրի հիմքում են: Այդ արժեքների արմատավորումը շատ կարևոր է, որպեսզի Վրաստանը դառնա իսկական եվրոպական պետություն:
-Վրաստանի ժողովուրդը կիսո՞ւմ է այդ ցանկությունները, ընդունո՞ւմ է այդ արժեքները:
-Այո, արդեն 25 տարի Վրաստանը անկախ պետություն է, և բոլոր կառավարությունները, թե՛ նրանք, որոնց մենք քննադատում ենք, թե՛ նրանք, որ լինելու են ապագայում, լինելու են կողմնորոշված դեպի Եվրոպա ու Եվրատլանտյան դաշինք: Ես վստահ եմ:
-Նաև Շևարդնաձեի՞ օրոք:
-Առաջին հերթին: Էդուարդ Շևարդնաձեն էր Վրաստանի նախագահը, երբ մենք հայտարարեցինք մի գեղեցիկ օր ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մեր ծրագրի մասին: Դա 2002-ին էր՝ Պրահայում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Այն ժամանակ շատերը, որ այդ երազանքն ունեին Վրաստանում, շոկի մեջ էին, որ Շևարդնաձեն, երբ երկիրը շատ վատ վիճակում էր, Պրահայում նման հայտարարություն արեց: Այն ժամանակ ռեալ չէր թվում, որ Վրաստանը կկարողանա բավարարել ՆԱՏՕ-ի անդամության բոլոր չափանիշները, բայց երկրի առաջ հեռանկար ու նպատակ դրվեց: Շևարդնաձեն շատ արևմտամետ նախագահ էր: Մենք այլ ուղղվածություն ունեցող ոչ մի կառավարություն չենք ունեցել: Վրաստանի կառավարությունները իրենց պարտքն են համարում այդ ճանապարհով գնալը՝ երկիրը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դարձնելը:
-Եթե վերադարձանք դարասկիզբ ու Շևարդնաձեի ժամանակները, հիշո՞ւմ եք, որ այդ տարիներին գործում էր Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահների քառյակի ձևաչափը, որի շրջանակներում պարբերաբար հանդիպումներ էին կազմակերպվում՝ ամենատարբեր հարցեր քննարկելով: Հնարավոր համարո՞ւմ եք համագործակցության այդ ձևաչափի վերականգնումը, թե՞ նոր ժամանակներում հին ձևաչափերը սպառել են իրենց:
-Ինչ-որ ձևաչափեր եղել են, որ հիմա այլևս չկան, բայց կարելի է վերականգնել: Ես միշտ կողմ եմ երկխոսության և համոզված եմ, որ երկխոսությամբ կարելի է ավելիին հասնել, քան զենքով: Վրաստանը չեզոք երկիր է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում և միշտ հնարավորություն է տալիս և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին հանդիպել ու տարբեր թեմաներով քննարկումներ անել, պատրաստ է այդ դերը տարածաշրջանում միշտ կատարել: Եթե այդ ձևաչափում ընդգրկվեն և այլ երկրներ, մենք միայն կողջունենք: Կոնֆլիկտները հնարավոր է հաղթահարել միայն քաղաքական երկխոսությամբ: Ես բազմաթիվ հանդիպումների եմ մասնակցել, որտեղ պարտադիր չէ խոսել միայն քաղաքականությունից, կան բազում չեզոք թեմաներ՝ բնապահպանություն, հումանիտար ոլորտ, մշակույթ: Կարծում եմ՝ Վրաստանը միշտ շահագրգռված կլինի, որ նման ձևաչափերը լինեն ու ակտիվ գործեն:
-Ինչպե՞ս եք գնահատում Իրանի դերը տարածաշրջանում և աշխարհում՝ պատժամիջոցների վերացումից հետո:
-Վրաստանը միշտ է լավ հարաբերություններ ունեցել Իրանի հետ: Մենք ունենք լավ զարգացած տնտեսական հարաբերություններ Թեհրանի հետ և լավ հարաբերություններ Իրանի ժողովրդի հետ, շատ իրանցիներ են Վրաստան գալիս: Մենք, ինչպես և դուք, փոքր երկիր ենք և ջանում ենք բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալ:
-Ի տարբերություն մեզ՝ դուք ծով ունեք, ճանապարհներ ունեք:
-Մենք ծով ունենք և ունենք հայ բարեկամներ, որ սիրում են հանգիստն անցկացնել մեր ծովափերին: Բաթումում, Քոբուլեթում լինելիս ես հաճախ եմ հայերեն ցուցանակներ տեսել, դա նշանակում է, որ մենք շատ զբոսաշրջիկներ ենք ունենում Հայաստանից, և դա շատ հաճելի է: Վերադառնալով Իրանին՝ Իրանի հետ մենք ընդհանուր սահման չունենք, բայց ընդհանուր հարևանության մեջ ենք և խիստ շահագրգռված ենք լավ հարաբերություններ ունենալու հարցում:
-Ձեզ բավարարո՞ւմ է էներգետիկ համագործակցությունը Իրանի հետ:
-Մենք տեսանք՝ ինչ բարդություններ են լինում, երբ գազը մեկ աղբյուրից ենք ստանում, մեզ պետք է դիվերսիֆիկացում:
-Կախա Կալաձեն պայմանավորվեց, պայմանավորվեց, ու ի՞նչ: Հրաշալի քաղաքական հայտարարություններ են արվում, հեռանկարային ծրագրեր են կազմվում, կոնկրետ ի՞նչ է մնում իրականում:
-Կոնկրետ համագործակցությունը տնտեսությունն է, եթե Իրանից ներդրողներ են Վրաստան գալիս, եթե Իրանի հետ պայմանավորվում ենք գազի հարցում, կարծում եմ՝ իրականում գործեր արվում են:
-Կգործարկվի՞ Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա գազատարը:
-Եթե Իրանը մեր երկրների հետ համագործակցությամբ շահագրգիռ լինի և կատարի այն պայմանավորվածությունները, որ կան, ամբողջ տարածաշրջանի զարգացմանը կնպաստի:


Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1869

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ