Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Կարեն Կարապետյանին հորդորում եմ հավաքագրել բոլոր քծնողներին ու անգամ չբարևել»

«Կարեն Կարապետյանին հորդորում եմ հավաքագրել  բոլոր քծնողներին ու անգամ չբարևել»
16.09.2016 | 08:23

Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանություն-ընդդիմություն համաձայնությունն այս անգամ էլ կայացավ։ Ստորագրվեց, ինչպես ընդդիմադիրները նշեցին, «պատմական» համաձայնագիր՝ ընտրական գործընթացները վերահսկող մեխանիզմների ներդրման հեռանկարով: Դոնորները ևս խոստացել են գումար տրամադրել, մնում է միայն գործընթացը մինչև վերջ իրականացնել՝ խոտոր ճանապարհներով չխոչընդոտելով դրանց։ Փաստորեն, ընդդիմության տևական ջանքերն ինչ-որ արդյունքի հանգեցրին, ուրեմն ինչո՞ւ մյուս հարցերում ընդդիմադիրները նման հետևողականություն չեն ցուցաբերում, կոպիտ ասած, չեն նստում իշխանության «պոչին», որպեսզի խնդրահարույց հարցերը լուծումներ ստանան. այս հարցն «Իրատեսը» ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ։


-Կարծում եմ՝ որոշ հարցեր գուցե և լուծվեն, եթե ընդդիմությունը միասնական լինի։ Չփորձենք միմյանց անցյալը, ներկան քննադատության թիրախ դարձնել,- ասաց տիկին Զոհրաբյանը:- Այսօր Հայաստանում ստեղծվել է անառողջ իրավիճակ։ Տպավորությունն այնպիսին է, որ իշխանությանը թողած, ընդդիմությունն է իրար հետ հարաբերություններ պարզում։ Կա մեկ ընդդիմադիր միավոր, որի թիրախը ոչ այնքան իշխանությունն է, որքան ընդդիմությունը։ Եթե նրան թվում է, թե դրանով իր քաղաքական միավորի հեղինակությունը ավելացնում է, այդպես չէ։ Դրա վկայությունը 620 մարդով կազմակերպված «հզորագույն» հանրահավաքն էր։ Ազնիվ չէ մյուս ընդդիմադիրներին վարկաբեկելով սեփական իմիջը բարձրացնել։ Սա բումերանգի էֆեկտն է տալու։ ԲՀԿ-ն ոչ մի ընդդիմադիր ուժի թիրախ չի դարձնելու, անկախ հանգամանքից՝ այդ ուժի մարտավարությանը համաձա՞յն ենք, թե՞ ոչ։ Մեկը կարծում է, որ հեղափոխությամբ պետք է հասնել իշխանության, մյուսը՝ ինչ-ինչ հարցերում երկխոսությամբ, ինչպես եղավ 4+4+4-ի դեպքում։ Եթե մենք կարողանանք ԸՕ-ի այս դրույթները կյանքի կոչել և բացառել ընտրակեղծարարության այլանդակ տեսակներից մեկը՝ կրկնակի քվեարկությունը, մեծ է հնարավորությունը, որ 2017-ի խորհրդարանը բոլորովին այլ պատկեր կունենա։
-Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 4+4+4 ձևաչափը մարիոնետային բանակցություններ են, որտեղ իրական բանակցողները տեսախցիկի առաջ նստողները չեն, ոչ էլ բանակցության հիմնական նյութը՝ ԸՕ-ն։
-Ես գրեթե բոլոր բանակցություններին մասնակցել եմ, բացի ԸՕ-ից և նրան կից քրեական օրենսգրքից, այլ հարցեր չեն քննարկվել։ Այնպիսի խստացումներ են նախատեսված, որ հանձնաժողովի անդամը կամ ընտրական գործընթացի մասնակից անձը, ով համարձակություն ունենա Հայաստանից բացակայած մարդու, ինչ-ինչ պատճառով ընտրությանը չմասնակցած քաղաքացու փոխարեն ստորագրելու, պետք է առնվազն կամիկաձե կամ էլ գենետիկորեն ընտրակեղծարար ծնված լինի։ Նրանց 3-5 տարվա ազատազրկում է սպառնում և այլ պատժամիջոցներ։
-Այս մեխանիզմների ներդրումը երաշխավորո՞ւմ է արդար ընտրությունների անցկացում։
-Սա լավ հիմք կարող է լինել։ Երաշխավորը մեկն է՝ քաղաքական կամք։ Որևէ օրենք չի կարող համադարման լինել, եթե չի լինելու արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք։ Կունենա՞ն համարձակություն այս քայլը կյանքի կոչելու, ոչ թե հակընդդեմ գործողություններ մշակելու, շրջանցելու այս մեխանիզմներն ու այլասերելու ընտրությունները, ցույց կտա ժամանակը։
-Այս օրերին իշխանությունն ակտիվ վերադասավորումների փուլում է, իսկ ընդդիմությունը, կարծես, հետ է մնում։ Ինչո՞վ է պայմանավորված այս պասիվությունը։
-ԲՀԿ-ն շատ ակտիվ մասնակցում է ՏԻՄ ընտրություններին, որը մեզ համար կարևոր հարց է։ Հիմա էլ շտապում եմ գնալ քարոզարշավի։ Մենք համաձայն չենք այն քաղաքական ուժերի հետ, որոնց կարծիքով ՏԻՄ ընտրությունները կարևոր չեն։ ՏԻՄ ընտրություններին մասնակցելով՝ մենք պետք է փորձենք քայլ առ քայլ վերականգնել արդարությունը։ Ինչ վերաբերում է իշխանական վերադասավորումներին, երբ ձևավորվի կառավարության նոր կաբինետը, ներկայացվի ծրագիրը, կտեսնենք, ըստ այդմ էլ, կտրվեն գնահատականներ։ Բայց մի նկատառում. ՀՀԿ-ն և ոչ միայն այդ կուսակցության ներկայացուցիչները Կարեն Կարապետյանին արջի ծառայություն են մատուցում։ Երբ մարդուն սկսում են նողկալի ձևով քծնել, ուրեմն նրան չեն հարգում։ Կարեն Կարապետյանին հորդորում եմ հավաքագրել բոլոր քծնողներին ու անգամ չբարևել։ Այդ ժամանակ կհավատամ, որ նա իսկապես պատրաստ է գնալու բարեփոխումների։ Լպրծուն լաքեյների այս քծնանքը, ստորաքարշությունը, ծառայամտությունն են մշտապես կոռոզիայի ենթարկել մեր պետական համակարգը։ Եթե Կարեն Կարապետյանը ձեռք չմեկնի ու չբարևի այստեղ (նկատի ունի ԱԺ-ն-Ռ. Խ.) նստած քծնողներին, կհավատամ, որ երկրում ինչ-որ բան փոխելու հնարավորություն կա։


Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2207

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ