Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լկտի թալան կամ «շնորհավորանք» Անկախության հոբելյանի առթիվ

Լկտի թալան կամ «շնորհավորանք»  Անկախության հոբելյանի առթիվ
16.09.2016 | 08:28

Ինքս ինձ համար անձնական ինքնապաշտպանության հուսալի համակարգ եմ հորինել, այն է` հեղձուկին, այսինքն` անարդարության, ամենաթողության, հին սրիկաների ու նոր ստահակների հետ որևէ շփում չունենալու համար… տնից դուրս չեմ գալիս: Բայց սեպտեմբերի 11-ի կիրակի օրը համակարգս ճեղքվածք տվեց` հեղձուկն ինքը այցելեց տունս: Դուռս թակեց ու մի երիտասարդի տեսքով հարցրեց.

-Ձեզ զգուշացրե՞լ են, որ գինը թանկացնում ենք:
-Չէ:
-ՈՒրեմն իմացեք` 2000-ի փոխարեն 3000 դրամ պիտի վճարեք:
Այդ պահին մոռացա, որ արևելյան աստղագուշակն ինձ զգուշացրել էր 2016-ին զուսպ լինել, և 50 տոկոս թանկացումից վրդովված` բերանս եկածն ասացի: Տղան թե.
-Հոսանքը որ թանկացնում էին` ձայն հանո՞ւմ էիք:
Զայրույթս գագաթնակետին հասավ.
-Էլեկտրաէներգիայի թանկացման մասին ամիսներ առաջ էին հայտնում: Եվ հետո ինչպե՞ս ձայն չէինք հանում, բողոքի ցույցի էինք մասնակցում:
-Չեք ուզում` հրաժարվեք:


Չէ, չհրաժարվեցի, 3000-ը վճարեցի, որպեսզի ապացույց ունենամ: Որպես այդպիսին ստացա բառիս բուն իմաստով մի թղթի կտոր, որի վրա նշված է վճարածս գումարի չափը և ափաշկարա թալան անողի անվանումն ու հասցեն` «Թիվինետ» ՍՊԸ, Բաբաջանյան 51/4, բն, 26: Սա կաբելային հեռուստահեռարձակում իրականացնող ընկերություն է և իր մատուցած ծառայությունն է թանկացնում:


Նախ, կուզենայի հարկային ծառայության ուշադրությունը հրավիրել: Հաշվառման համար ու կնիք չունեցող այդ թղթի կտորի փոխարեն, ըստ իս, պիտի լիներ օրինավոր վճարման կտրոն: Այլապես սա ի՞նչ է, եթե ոչ դրամական մուտքերի թաքցնում և հարկերից խուսափում: Նման պարագայում հնարավո՞ր է պարզել, թե քանի բաժանորդի է սպասարկել:
Երկրորդ, չգիտեմ` այս փաստը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լայեղին է, թե ոչ, բայց ընկերությունը հանրային ծառայություն է մատուցում և թքած ունենալով ամեն ինչի վրա` կամայականորեն 50 տոկոսով գին է բարձրացնում: Սա ամենաթողություն չէ՞:


Ո՞րն է թալանի լկտիությունը: Երկրում նոր վարչապետ կա, և «Թիվինետը» Կ. Կարապետյանին բարևներ է ուղարկում: Այսինքն՝ այս վարչապետից էլ ոչ մի լավ բան չսպասե՞նք:


Մտածում էի սեպտեմբերի 21-ին տնից դուրս գալ և մասնակցել Անկախության հոբելյանական օրվա տոնախմբությանը, այն Անկախության, որի օգտին 25 տարի առաջ քվեարկել եմ: Բայց քանի որ տոնակատարությունից 10 օր առաջ արդեն «շնորհավորանք» ստացա, ավելի լավ է մնամ տանը:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ