Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Գլխավոր սպասելիքը կառավարման բարելավումն է, եթե շեշտվում է նոր վարչապետի լավ մենեջեր լինելը»

«Գլխավոր սպասելիքը կառավարման բարելավումն է, եթե շեշտվում է նոր վարչապետի լավ մենեջեր լինելը»
16.09.2016 | 08:35

Հարցազրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի տնօրեն ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

-ՆԱՏՕ-ն ՈՒելսից մինչև Վարշավա ու անդին՝ ի՞նչ մարտահրավերներ կան:
-Մենք ամեն տարի անցկացնում ենք ՆԱՏՕ-ին վերաբերող կոնֆերանս, քանզի համարում ենք, որ Հայաստանը պետք է ակտիվորեն աշխատի ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ, և ամենակարևորը՝ հասարակությունը պետք է իմանա՝ ի՞նչ է արվում ու ի՞նչ պետք է արվի: Շատ հետաքրքիր է իմանալ, թե ամռանը Վարշավայում ի՞նչ արդյունքների հասավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, ի՞նչ որոշումներ ընդունվեցին, կայի՞ն մեզ ու մեր հարևաններին վերաբերող որոշումներ: Շատ հետաքրքիր են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները՝ ինչքան ՆԱՏՕ-ն մոտենում է մեզ, այնքան ազդեցությունն ուժեղանում է:
-Դուք համամի՞տ եք այն տեսակետին, որ ԱՄՆ-ը Հարավային Կովկասում փոխում է քաղաքականությունը՝ հատկապես անվտանգության մասով մեծացնում է ներկայությունը:
-Ես չեմ տեսնում, որ հատուկ գործողություններ են ծավալվում և ներկայություն է մեծացվում, բայց ԱՄՆ-ը աշխատում է: Շատ կարևոր է՝ մենք ուզո՞ւմ ենք աշխատել, թե՞ ոչ: Օրինակ, Վրաստանն ուզում է ոչ միայն աշխատել ՆԱՏՕ-ի հետ, այլև այդ կառույցի անդամ դառնալ: Մի քանի օր առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսիում հայտարարեց, որ Վրաստանը ճիշտ ճանապարհով է գնում և կդառնա դաշինքի անդամ:
-Հարցը ե՞րբ-ն է, թե՞ ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունները:
-Պարզ է, որ Ռուսաստանի ազդեցությունն այդ գործողությունների վրա կա, բայց ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ, և համատեղ կորոշեն՝ երբ: Ես շեշտում եմ, որ կառույցի հետ փոխհարաբերություններում շատ կարևոր է մեր դիրքորոշումը: ՆԱՏՕ-ն ոչ մի երկրի չի պարտադրում իրեն՝ ի տարբերություն այլ կառույցների: Մենք պարտավոր ենք աշխատել ՆԱՏՕ-ի հետ: Նույնիսկ անվտանգության դաշտում: Այո, մենք ՀԱՊԿ անդամ ենք, բայց անվտանգության հարցերում անպայման պետք է աշխատենք ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հետ: Դիվերսիֆիկացիա է պետք մեզ: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հաճախ չեն աշխատում այն խոստումները, որ մեզ տրվել էին: Մեզ ասում էին, որ ԵԱՏՄ անդամակցության պարագայում անվտանգության հարցերը կլուծվեն: Չլուծվեցին: Մենք տեսանք ուղիղ հակառակը՝ մեզ բացատրում էին՝ ինչո՞ւ են Ադրբեջանին զենք վաճառում: Ես բնավ չեմ ուզում երկու ուղղությունները հակադրել՝ պետք է աշխատել փոխլրացման սկզբունքով: Աշխատո՞ւմ ենք Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ, պիտի աշխատենք նաև ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ, միայն այդ կերպ կարող ենք ապահովել մեր անվտանգությունը: Դա է պատճառը, որ ես պնդում եմ՝ պետք է շարունակենք աշխատել ՆԱՏՕ-ի հետ:
-Վրաստանի խորհրդարանական ընտրությունները ՆԱՏՕ-ի հետ գործընթացների վրա կարո՞ղ են ազդել:
-Չեմ կարծում: Թե՛ «Վրացական երազանքը», թե՛ Սաակաշվիլու գլխավորած ընդդիմությունը, թե՛ այն ուժերը, որ Նինո Բուրջանաձեի շուրջն են համախմբվել և համարում են, որ Ռուսաստանի հետ պետք է վերականգնել հարաբերությունները, չեն վիճարկում Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամ դառնալը: Այս ընտրությունները արտաքին քաղաքականությունը չեն փոխի, բայց շեշտադրումները կարող են փոխել՝ նայած ով կհաղթի ընտրություններում և ինչպիսի կառավարություն կկազմվի:
-Ձեր գնահատականով՝ Հայաստանում Վրաստանի մոդելը կիրառելու փո՞րձ է արվում՝ վարչապետ փոխելով: Կարեն Կարապետյանին կարո՞ղ ենք «Հայկական երազանքի» արտահայտություն համարել:
-Կդժվարանամ նման զուգահեռ անցկացնել: Կարեն Կարապետյանը, որքան գիտեմ, այդքան հարուստ չէ: Ես կարծում եմ՝ Կարեն Կարապետյանի միջոցով փորձ է արվում կարգավորել կառավարության ինստիտուցիոնալ աշխատանքը: Չեմ կարծում, որ նա պրոեվրոպական ուղղություն ունի, և Հայաստանը փոխելու է զարգացման վեկտորը: Կարեն Կարապետյանը նշանակվեց ավելի շատ իբրև մարդ, որ պիտի փոխի աշխատանքի լոգիստիկան, բարելավի կառավարումը: Չեմ կարծում, որ նա փոխի արտաքին քաղաքականության ուղղվածությունը՝ կապված տնտեսական հարցերի, առևտրի, էներգետիկայի հետ:
-Տեսակետները բաժանվեցին՝ ոմանք ասում են, որ ՀՀ նոր վարչապետին նշանակել է ՀՀ նախագահը, ոմանք՝ ՌԴ նախագահը, որտե՞ղ է ճշմարտությունը:
-Կրեմլից է նշանակվել Կարեն Կարապետյանը, թե ոչ, ես չեմ կարող ասել: Ըստ իս, Սերժ Սարգսյանը նրա նշանակումով ուզում է կարգավորել կառավարումը:
-Թե՞ հայ-ռուսական հարաբերությունները:
-Հայ-ռուսական հարաբերությունները մեկ անձով կարող են փոխվե՞լ: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի համար ակտուալ է իրավիճակ փոխելը, դժգոհությունը մեծ է, սոցիալական վիճակը ծանր է, և այդ որոշումով փորձ է արվում իրավիճակը շտկելու: Թերևս ինչ-որ ուժերի համախմբումով՝ փորձ կարվի նաև ազգային համաձայնության կառավարություն ձևավորել:
-Ո՞ր ուժերի համախմբումով:
-Կասկած չունեմ՝ այն ուժերի, որ քվեարկել են հօգուտ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության:
-Այսինքն, արտաքին քաղաքական կուրսի փոփոխություններ չլինելը թույլ չի տա, որ տնտեսական լուրջ փոփոխություննե՞ր լինեն:
-Այո: Հայաստանում դեռ գործում է հին Սահմանադրությունը, և արտաքին քաղաքականության պատասխանատուն ՀՀ նախագահն է, նույնիսկ, եթե վարչապետը փոփոխություններ ցանկանա, նա սահմանափակված է լինելու իր գործողությունների մեջ: Արտաքին գործերի նախարարությունը, ուժային կառույցները ուղղակի ենթարկվում են նախագահին: Վարչապետը տնտեսական բլոկի կառավարիչն է: Տնտեսական ու էներգետիկ հարցերում արտաքին քաղաքականությունը չի փոխվելու:
-Կարեն Կարապետյանը կարո՞ղ է «Գազպրոմի» մենաշնորհային դիրքը Հայաստանում վերացնել:
-Բացի «Գազպրոմի» մենաշնորհից, տարբեր ոլորտներում կան մենաշնորհներ՝ շաքարի, սննդամթերքի: Կկարողանա՞ նոր վարչապետը «Գազպրոմի» ու մյուս մենաշնորհները փոխել կամ գոնե թուլացնել՝ դրական կարձագանքենք: Կրկնում եմ՝ կառավարման ռազմավարությունը չի փոխվի, քանի որ վարչապետը գործող Սահմանադրությամբ ունի սահմանափակ լիազորություններ, նոր կառավարությունը տնտեսական ռազմավարությունը չի փոխի, քանի որ Կարեն Կարապետյանը կհենվի այն ուժերի վրա, որ քվեարկել են հօգուտ ԵԱՏՄ-ի անդամակցության:
-Ո՞րն է, ուրեմն, մեր սպասելիքը նոր կառավարությունից:
-Գլխավոր սպասելիքը կառավարման բարելավումն է, եթե շեշտվում է նոր վարչապետի լավ մենեջեր լինելը: Երկրորդ՝ կլինի պայքար կոռուպցիայի դեմ կամ մոնոպոլիաների թուլացում:


Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ