Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պարոն Կարապետյան, փորձեք Ձեզ շրջապատել խելացի, բանիմաց, ազգասեր անհատականություններով

Պարոն Կարապետյան, փորձեք Ձեզ շրջապատել խելացի, բանիմաց, ազգասեր անհատականություններով
16.09.2016 | 08:50

Մոսկվացի հայերը, որոնց մեջ, անտարակույս, ամենաակտիվ դերը խաղում են նախկին հայաստանցիները, երկմտությամբ ընդունեցին Կարեն Կարապետյանին Հայաստանի վարչապետ նշանակելու լուրը: Մի կողմից՝ կարևորվում է, որ Երևանի նախկին քաղաքապետն իր մինչվարչապետական գործունեության վերջին փուլն անցկացրել է ռուսաստանյան մեգապոլիսի համաշխարհային կոնցեռնում՝ «Գազպրոմում», ինչը, որպես դպրոց, նրա հետագա աշխատանքին, անշուշտ, կհաղորդի մասշտաբայնություն: Մյուս կողմից՝ Կարապետյանը անծանոթ մարդ չէ երկիրը աղետի եզրին հասցրած ռեժիմի համար, և չկա երաշխիք, որ նրան չեն դարձնի քավության նոխազ՝ փորձիր բարեփոխել պետությունը, բայց թե ինչ կլինի քեզ հետ, կորոշենք մենք:


Առայժմ հայտնի չէ, թե ինչ իրական լիազորություններով են օժտել կառավարության նորանշանակ ղեկավարին:
Թե ինչպիսին կլինի նրա պրոֆեսիոնալ գործունեությունը, թող կանխանշեն ու վերլուծեն տնտեսագետ մասնագետները: Մենք ուշադրություն կհրավիրենք խնդրի այլ կարևոր կողմերին:


Հատկապես «Սասնա ծռերի» հետ կապված իրադարձությունները ջրի երես հանեցին այն իրողությունները, որոնց մասին բոլորը գիտեին, բայց որոնք չէին դրսևորվել այդքան բացահայտորեն: Խոսքը ժողովրդի վերաբերմունքի մասին է դեպ երկրի ղեկավարություն: Անկախացած Հայաստանը տվեց երեք նախագահ, որոնցից և ոչ մեկը անգամ չփորձեց շահել սեփական ժողովրդի հարգանքը: Ցանկալի կլիներ, որ Կարեն Կարապետյանը զգայուն լիներ այս պարագայում, ձգտեր վերացնել քրոնիկ դարձած այդ բացը, ընդ որում՝ ոչ թե ձևի համար՝ դեմագոգիկ նկատառումներով, այլ հօգուտ այդ մարդկանց իր գործունեությամբ` մոռացության տալով անձնական բարեկեցության «գրավիչ» շահագրգռությունը: Հայաստան աշխարհի ապաշնորհ կառավարումը հանգեցրել է այնպիսի աղաղակող սոցիալական անարդարությունների ու անօրինությունների, որոնք, ամենայնս հուսալքելով հայաստանցիներին, առատորեն սնում են երկիրը քայքայող ու ամայացնող արտագաղթը:


Նախ, պարոն Կարապետյան, փորձեք Ձեզ շրջապատել խելացի, բանիմաց, ազգասեր անհատականություններով: Հայ ժողովուրդը հոգնել է ինքնասիրահարված գավառամիտ գորշություններից: Դուք կրթական-կառավարչական հիանալի դպրոց եք անցել և մտավախություն չպիտի ունենաք նման շրջապատի հետ հակասության մեջ մտնելուց: ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, գիտակցելով, որ դերասանի իր գիտելիքները բավարար չեն աշխարհի ուժեղագույն գերտերությունը ղեկավարելու համար, ստեղծել էր խորհրդատուների, օգնականների, փորձագետների բազմաստիճան պրոֆեսիոնալ խմբեր, որոնք թեժ վիճաբանությունների միջոցով քննարկում էին պետական կյանքի կարևորագույն խնդիրները և նոր միայն իրենց եզրակացությունները դնում նախագահի սեղանին:
Պարոն վարչապետ, խորհուրդ կտայինք գործել հրապարակայնորեն, ինչ-որ տեղ օրինակ վերցնելով ռուսաց պետության ղեկավար Վլադիմիր Պուտինից: Խոր իմաստ կունենար նոր կառավարության ձևավորումից հետո ընդարձակ հանդիպում ունենալ լրագրողների (այդ թվում՝ ընդդիմադիր), հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ, և որ այդ հանդիպումը ուղղակի հեռարձակվեր հեռուստատեսությամբ ու ռադիոյով: Չափից դուրս կտրված է ներկայիս ղեկավարությունը ժողովրդից: Թող մարդիկ անկախ կոչված երկրում առաջին անգամ պետության բարձրագույն ղեկավարներից մեկի հետ անմիջականորեն զրուցեն երկիրը համակած խնդիրների շուրջ:


Ամեն տարեմուտի Ձեր գործունեության արդյունքների մասին նույնքան հրապարակայնորեն հանդես եկեք հայոց խորհրդարանում, եթե նույնիսկ հարկ լինի լսել ընդդիմության մեղադրանքները: Տարբեր մակարդակի համազգային ֆորումներում մարդկանց հնարավորություն ընձեռեք Ձեզ հետ քննարկելու ընթացիկ հարցեր:
Եթե ուզում եք իմանալ, նման հանդիպումները առաջին հերթին ժողովրդի հանդեպ պատասխանատվության, հաշվետու լինելու ազգասիրական վսեմ զգացում կառաջացնեն հենց Ձեր մեջ: Հավատացեք, ամեն մի նման միջոցառում պարզապես կերջանկացներ վաղուց բավարարություն փնտրող հայոց լրագրողական հանրությանը, որն առայսօր պարզապես զրկված է իրեն հուզող հարցերը անմիջականորեն երկրի ղեկավարներին հասցեագրելու և պատասխան ստանալու հնարավորությունից: Ի վերջո, գոնե մեկ ղեկավար պիտի՞ անմիջական շփման մեջ մտնի իր քաղաքացիների հետ:


Պարոն Կարապետյան, առավելագույնս խուսափեք իրականությունից կտրված, պերճախոս, պաթետիկ ելույթներից: Դրանք ոչ միայն ոչինչ չեն տալիս ունկնդիրներին, այլև հերթական անգամ ուժեղացնում են արգահատելի վերաբերմունքը այդ կարգի ելույթ ունեցողի նկատմամբ:
Օրերս Վլադիմիր Պուտինը բոլոր ռուսաստանցիների աչքի առաջ թեյի սեղանի շուրջ տևական ժամանակ զրուցում էր Տուլայի մարզի ղեկավարների հետ: Առավելագույնս անբռնազբոսիկ երկխոսությունների միջոցով քննարկվում էին տարածաշրջանի ներկային ու հեռանկարին վերաբերող հարցեր: Պուտինը չի վախենում իր ժողովրդի առջև հանդես գալուց, քանզի պարբերաբար հաշվետվություն է տալիս նրան՝ ինչ է արել, ինչ է անում, ինչ պիտի անի և ինչ չի հաջողվում իրեն:
Դժվար է պատկերացնել նմանօրինակ հանդիպում, ասենք, Սյունիքի մարզում:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 3579

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ