Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իշխանության առաջիկա քարոզչության ամենամոդայիկ արտահայտությունը լինելու է «փոփոխություն» բառը

Իշխանության առաջիկա քարոզչության ամենամոդայիկ արտահայտությունը  լինելու է «փոփոխություն» բառը
16.09.2016 | 08:54

Վարչապետի փոփոխման բավականին սրընթաց գործընթացը և այդ պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը կամա թե ակամա միանգամից շատերի մեջ թարմացրին հիշողությունները` կապված 1997 թվականին իշխանական վերնախավում տեղի ունեցած վերադասավորումների հետ:


Փորձագիտական, քաղաքական և լրատվական շրջանակներում քիչ չեն նրանք, ովքեր արդեն իսկ զուգահեռներ են նախանշում այն ժամանակվա և այսօրվա ներիշխանական վերադասավորումների միջև:
Անշուշտ, նման եզրակացությունների համար որոշակի հիմքեր կան: Ինչպես 1997 թվականին (1996-ի նախագահական կեղծված ընտրությունների պատճառով ստեղծված իրավիճակում), այժմ էլ հասարակության ամենալայն զանգվածների կողմից հսկայական անվստահություն կա իշխանությունների հանդեպ: Միևնույն ժամանակ թե՛ այն տարիներին, թե՛ հիմա իշխանական համակարգն ամբողջովին մասնատված է տարբեր կլանների, իսկ հիմա նաև՝ օլիգարխիկ խմբավորումների միջև: Ղարաբաղյան բանակցային ճակատում նույնպես ակնհայտ նմանություններ կան՝ կապված իշխանությունների կողմից կարծես թե չափից դուրս փոխզիջումային տարբերակներին հակվածության հետ: Եվ վերջապես, թե՛ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ հիմա ապրիլյան պատերազմից և «Սասնա ծռերի» ապստամբությունից հետո Սերժ Սարգսյանն իրավիճակը փրկելու համար որոշեցին վարչապետի պաշտոնը վստահել իշխանական գործող համակարգից համեմատաբար դուրս գտնվող գործիչների. Լևոն Տեր-Պետրոսյանը սկզբում՝ Արմեն Սարգսյանին, հետո՝ Ռոբերտ Քոչարյանին, իսկ Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադարձրեց Կարեն Կարապետյանին:


Հետաքրքրական է, որ Ռոբերտ Քոչարյանի տեղափոխումն Արցախից Հայաստան նույնպես ժամանակին պայմանավորում էին աշխարհաքաղաքական որոշ կենտրոններից «դաբրո» ստանալու հանգամանքով, «Գազպրոմի» ներկայացուցիչ Կարեն Կարապետյանի դեպքում՝ Ռուսաստանի գործոնով, իսկ Ռոբերտ Քոչարյանի պարագայում ակնարկվում էր ոչ միայն Ռուսաստանի, այլև Ֆրանսիայի կողմից աջակցություն ստանալու վարկածը:
Ինչևէ, թե որքանով գործընթացների նմանությունները կշարունակվեն նաև ապագայում, առայժմ դժվար կանխատեսելի է և գուցե ավելի շատ կոնսպիրոլոգիական վերլուծությունների տիրույթում է գտնվում, սակայն դա, իհարկե, չի նշանակում, որ արդեն այժմ չեն նշմարվում որոշ ներիշխանական և ներքին քաղաքական հնարավոր զարգացումների հեռանկարները:
Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակմանը՝ ավելորդ է խոսել երկրի տնտեսական կամ քաղաքական իրավիճակի մասին. գաղջ ասվածը շատ մեղմ է այս պարագայում, ավելի շատ, թերևս, պետք է կենտրոնանալ արտաքին գործոնի վրա։ Վերջին շրջանում ամենանորաձև թեմաներից մեկը դարձել է հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ վատացումը։ Նույնիսկ ռուսական լրատվամիջոցները սոցիոլոգիական հարցման արդյունքներ էին հրապարակել, ըստ որոնց, եթե ընդամենը մեկ տարի առաջ հակառուսական տրամադրություններ Հայաստանում ուներ հասարակության ընդամենը 18 տոկոսը, ապա վերջերս կատարված ուսումնասիրությունների արդյունքներով մոտ 80 տոկոսը բավականին վատ է վերաբերվում Ռուսաստանին։

Այսպիսով՝ ռուսական քնած արջը արթնացավ, Ռուսաստանում սկսեցին նկատել, որ աստիճանաբար մենթալ մակարդակում սկսում են կորցնել Հայաստանը։ Եվ Հայաստանը սկսում է կրկնել նույն ճանապարհը, ինչ սկզբից անցել էր Վրաստանը, հետո՝ ՈՒկրաինան. Հայաստանում աստիճանաբար մայդանիզացիա է սկսվում, հասարակությունը բավականին նորմալ է ընկալում ՌԴ-ի դեմ հնչող կոչերն ու գործողությունները։ Եվ գործընթացի ամենագլխավոր կատալիզատորն ապրիլյան պատերազմն էր, որի ընթացքում Ռուսաստանը, հայաստանյան հասարակության մի ստվար զանգվածի կարծիքով, իր դաշնակցային պարտավորությունները չկատարեց։ Սրան կարող ենք ավելացնել հին քրոնիկ խնդիրը՝ Հայաստանում ոչ պոպուլյար իշխանությունները միշտ ասոցացվում են Ռուսաստանի հետ, և համարվում է, որ այդ իշխանությունները Ռուսաստանի դրածոներն են։ Սակայն վերջին շրջանում Կրեմլին մոտ կանգնած ռուսաստանյան վերլուծաբանների հրապարակումներից սկսեց զգացվել, որ ռուսական իշխանությունները մտահոգված են ոչ միայն Հայաստանում առկա տրամադրություններով, այլև իշխանությունների վարքագծով։ Շատ դեպքերում առանց քողարկման մեղադրվում էր հենց իշխանությունը, որը որևէ միջոց չի ուզում ձեռնարկել հակառուսական տրամադրությունները փափկեցնելու կամ կասեցնելու ուղղությամբ։ Նույնիսկ մեղադրանքներ են հնչում, որ շատ դեպքերում ինչ-ինչ քաղաքական և օրվա խնդիրներից ելնելով՝ ՀՀ իշխանություններն են հրահրում նման տրամադրություններ, կազմակերպում բողոքի ալիքներ և այլն։


ՈՒշագրավ է նաև, որ վերջին շրջանում ռուսաստանյան լրատվամիջոցներն անընդհատ նշում էին, որ Հայաստանի իշխանական համակարգում, մասնավորապես նախագահի նստավայրում, կա բարձր պաշտոնյա ֆունկցիոներ երիտասարդների մի խումբ, որը, արևմտյան կրթություն ստանալով, կողմնորոշված է դեպի Արևմուտք։ Եվ այդ երիտասարդներն աստիճանաբար փորձում են կարևոր դիրքեր գրավել ապագա իշխանական կոնֆիգուրացիայում։ Սա ակնհայտորեն բավականին մտահոգում էր ռուսական կողմին։ ՈՒստի վերջին 1-1,5 ամսվա ընթացքում ռուսական լրատվամիջոցներն ու նրանց վերլուծաբանները բազմիցս ահազանգում էին այդ մասին։


Այս պայմաններում Ռուսաստանը որոշեց կանխարգելիչ քայլեր կատարել և կանգնեցնել հակառուսականության ծավալման ընթացքը։ Այս համատեքստում հավանաբար ճշմարտության հատիկ կա որոշ վերլուծաբանների այն պնդումներում, թե Սերժ Սարգսյանին արվել է առաջարկություն, որից նա չէր կարող հրաժարվել։ Փաստորեն, քանի որ տնտեսությունը ծանր վիճակում է, պետք էր նշանակել վարչապետ (տվյալ դեպքում՝ Կարեն Կարապետյանին), որը համակարգից քիչ թե շատ դուրս է, մեծ կապեր ունի Ռուսաստանում, և հայ հասարակության շրջանում բավականին նորմալ ընկալում կա նրա նկատմամբ՝ հաշվի առնելով թե՛ նրա մարդկային տեսակը, թե՛ կառավարչական հմտությունները ու թե՛ կրթական ցենզը։ Ամենայն հավանականությամբ, ռուսական կողմը, առաջարկելով Կարեն Կարապետյանի թեկնածությունը, ակնարկել է, որ կհետևի նաև ֆինանսական աջակցություն։ Չի բացառվում, որ հաջողվել է որոշակի քաղաքական առևտուր անել, գուցե նաև՝ Արցախի հարցում։ Կարեն Կարապետյանի վերադարձը, անշուշտ, մեծ քաղաքական կամ միջպետական սակարկությունների փաթեթի տիրույթում է։


Արված առաջարկը Սերժ Սարգսյանի համար գուցե ամենաընդունելի տարբերակներից է։ Նրան էլ անհրաժեշտ է մեկը, որը քիչ թե շատ ինքնուրույն լինի, քիչ թե շատ ստեղծարար, կապեր ունենա դրսի հետ և փորձի տնտեսությունը հանել անկման գագաթնակետից, քանի որ առջևում խորհրդարանական ընտրություններն են, այն ընտրությունները, որոնց արդյունքների հետ Սերժ Սարգսյանը կապել է իր քաղաքական ապագան։ Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահը ժամանակին հայտարարել էր, որ իր քաղաքական ապագայի մասին հստակորեն կարող է խոսել միայն այն դեպքում, երբ հանրապետական կուսակցությունը հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Միաժամանակ նշել էր, թե անհնար է, որ ՀՀԿ-ն չհաղթի։ Սակայն «Սասնա ծռերի» գործողությունները ցույց տվեցին, որ երկիրը ֆորսմաժորային տիրույթներից դուրս չէ, բավականին խոցելի է, և ներքին ու արտաքին որոշակի շահերի համադրման պարագայում բավականին լուրջ անկանխատեսելի իրավիճակներ կարող են ստեղծվել։

Այս առումով Սերժ Սարգսյանին իսկապես պետք էր մի մենեջեր, որը նախընտրական 6-7 ամսվա ընթացքում հույս կառաջացնի, փոփոխության տեսլական կձևավորի։ Այդ մասին նա ուղղակիորեն նշեց իր վերջին ելույթում։
Փաստ է, որ իշխանության առաջիկա քարոզչության ամենամոդայիկ արտահայտությունը լինելու է «փոփոխություն» բառը, ինչպես ժամանակին՝ խորհրդային տարիներին, հայտնի «պերեստրոյկան» էր, երբ փլուզվող Միությունում հորինվեց մի գաղափար, և Գորբաչովը դարձավ փոփոխությունների խորհրդանիշ։ Այլ հարց է, թե ինչի հանգեցրին այդ փոփոխությունները։ Հիմա՝ ընտրություններից առաջ, ժողովրդին անհրաժեշտ է զբաղեցնել փոփոխության ալիքով, հույսեր ներշնչել, որպեսզի քվեարկություններից առաջ իշխանությունների գործը քիչ թե շատ հեշտացվի, որոշակի վարկանիշ ապահովվի։ Իշխանության ամենամեծ խնդիրն այսօր այն է, որ գործունյա, ուժեղ ընդդիմության բացակայության պարագայում ընդդիմադիր է հասարակության մի զգալի հատվածը։ Դրա ապացույցը «Սասնա ծռերի» հետ կապված իրադարձություններն էին, երբ մարդկանց մի մեծ հատված բացահայտ կամ քողարկված կերպով աջակցում էր զինված խմբին։ Սա թերևս նոնսենս է. համաշխարհային պատմության մեջ քիչ օրինակներ կարելի է գտնել, երբ հասարակության մեծ զանգվածներն աջակցեն զինված ապստամբներին, առավել ևս՝ զոհերի առկայության դեպքում։ Այս պարագայում Կարեն Կարապետյանի նշանակումը ոչ միայն արտաքին, այլև ներքին շահերի համադրման արդյունք է։


Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն արտաքին աշխարհի կողմից (ընդ որում՝ ոչ միայն Արևմուտքի) քննվելու են խոշորացույցի տակ։ Եվ ցանկություն կա ընտրություններում ապահովել լավ արդյունք, ինչը հետագայում բարենպաստ հիմք կլինի ապագայի նկատմամբ սեփական հավակնությունները հիմնավորելու համար։ Այս համատեքստում Կարեն Կարապետյանը դիտարկվում է շատ կարևոր գործոն, որը կօգնի Սարգսյանի քաղաքական ուժին լավ արդյունք ապահովելու։


Ակնհայտ է, որ այս պահի դրությամբ մինչև ապրիլ ամիսը Սերժ Սարգսյանն ու նորանշանակ վարչապետը, ինչպես նաև դրսում և ներսում նրանց թիկունքին կանգնած ուժերը, այդ թվում՝ օլիգարխիկ, ուղեկիցներ են այդ մեծ ճանապարհին։ Գուցե այդ ճանապարհին որոշ տնտեսական կամ քաղաքական խմբավորումների շուրջ առաջանան տարաձայնություններ, որոնք կարող են լուծում ստանալ փոխզիջումային տարբերակով։ Այլ հարց է, թե խորհրդարանական ընտրություններից հետո ինչ իրավիճակ կստեղծվի, երբ Սերժ Սարգսյանը վերջնականապես կկողմնորոշվի, թե ինքն ինչ է ցանկանում։ Եթե գործող նախագահը որոշի նոր կառավարման համակարգում գրավել երկրի գլխավոր պաշտոնը, ըստ էության, Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը բնական դաշնակցից գուցե վերածվեն անգամ հակառակորդների։ Մանավանդ եթե Ռուսաստանը խաղադրույքներ կատարի նոր անձի՝ Կարեն Կարապետյանի վրա, կարող են հակասություններ առաջանալ։


Թե ինչ սխեմաներ կաշխատեն խորհրդարանական ընտրություններից հետո, շատ շուտ է կանխատեսել։ Վերհիշելով հոդվածի սկիզբը՝ նորից ընդգծենք, որ ՀՀ պատմության մեջ եղել են տարբերակներ, երբ նախագահն իրավիճակային հարցեր լուծելու համար վարչապետ է բերել, սակայն ում նախագահը բերել է, նրա ձեռքով էլ գնացել է։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ