Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հիբրիդային պատերազմի հիբրիդային հետևանքները

Հիբրիդային պատերազմի հիբրիդային հետևանքները
16.09.2016 | 09:06

Սեպտեմբերի 12-ին «Կոնգրես» հյուրանոցում քննարկվում էին «ՆԱՏՕ-ն ՈՒելսից մինչև Վարշավա և անդին՝ առաջիկա մարտահրավերները»: Կոնֆերանսը կազմակերպել էր Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը՝ «Հանուն ազատության» Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի և ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության բաժնի աջակցությամբ:

Բացելով կոնֆերանսը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասաց, որ քննարկման հիմնական նպատակը հանրային իրազեկումն է: Նա անհրաժեշտ է համարում դիվերսիֆիկացիան բոլոր ոլորտներում՝ անվտանգության դաշտում, տնտեսության մեջ, էներգետիկայի: «Դրական միտում է, որ վերջին ժամանակներս մարդիկ հասկանում են, որ բոլորի հետ պետք է աշխատել, պետք է հետաքրքրվել՝ ինչ է կատարվում աշխարհում և մեր շուրջը, բոլորի հետ փորձել նորմալ հարաբերություններ հաստատել: Եվրոպական ու Եվրաատլանտյան ուղղությամբ աշխատելու մեր ջանքերը չեն հակասում ո՛չ հայ ժողովրդի, ո՛չ այլ երկրների շահերին: Մեր ժողովուրդը ունի զարգացման մեկ ճանապարհ՝ ժողովրդավարություն, ինչքան արագ հասկանանք, այնքան շուտ նորմալ երկիր կկառուցենք»,- հայտարարեց Ստեփան Գրիգորյանը:

Հայաստանում ԳԴՀ դեսպան ՄԱԹԻԱՍ ՔԻՍԼԵՐԸ նշեց, որ 2016-ին Գերմանիան ոչ միայն ԵԱՀԿ նախագահ երկիրն է, այլև կոորդինացնում է Հայաստան-ՆԱՏՕ կապերը: Նա կարևորեց քննարկման թեման Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար և ընդգծեց, որ ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթնաժողովը իրոք պատմական էր իր որոշումներով, որոնք արձագանքում էին աշխարհաքաղաքական փոփոխություններին: Վարշավայում վերահաստատվեցին ՆԱՏՕ-ի աշխատանքի ուղղությունները բոլոր տարածաշրջաններում: Դեսպանը շեշտը դրեց ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների և Սիրիայի կոնֆլիկտի վրա: Հարավային Կովկասում «Հանուն ազատության» Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի մշտական ներկայացուցիչ ՊԻՏԵՐ-ԱՆԴՐԵԱՍ ԲՈԽՄԱՆԸ նախ ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, ապա անդրադարձավ օրվա թեմային: Նա կարծում է, որ Եվրաատլանտյան և ԵՄ շրջանակներում գործընկերությունը չափազանց կարևոր է անվտանգության համար, այդ համագործակցությունն ավելի մեծ թափանցիկություն կբերի անվտանգության ոլորտում և կնպաստի տարածաշրջանային երկխոսությանը:

Թբիլիսիից Երևան եկած՝ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան ՈՒԻԼՅԱՄ ԼԱՀՅՈՒՆ ևս անդրադարձավ Վարշավայի գագաթնաժողովի արդյունքներին՝ հիմնականը համարելով ալյանսի քաղաքացիներին պաշտպանելու միտումը, անդամ պետությունների պաշտպանությունը՝ հաշվի առնելով սպառնալիքների փոփոխությունը: Ավելի կոնկրետ նա անդրադարձավ Ռուսաստանին, որ, նրա գնահատականով, ագրեսիվ ու վտանգավոր է դառնում հարևանների նկատմամբ՝ ՈՒկրաինայի տարածքը գրավելու և ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու, ռազմական ուժը որպես արտաքին քաղաքականության բաղադրիչ օգտագործելու քաղաքականությամբ: ՈՒիլյամ Լահյուն կարևորեց կայունությունը ալյանսի ներսում ու ալյանսից դուրս՝ խնդիր դնելով բացառել պատերազմներն ու ահաբեկչությունները: ՆԱՏՕ-ն ստանձնել է այդ առաքելությունը, որպեսզի պահպանի իր անդամների անվտանգությունը: «ՆԱՏՕ-ն չունի մշտական բանակ, ՆԱՏՕ-ն չունի զինված ուժեր, յուրաքանչյուր անկախ պետություն այդ ուժերը տրամադրում է հավաքական անվտանգության պաշտպանության նպատակով»,- հիշեցրեց դեսպանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ վստահ էր, որ կոնֆերանսի մասնակիցներին միավորում է անվտանգության և կայուն ու խաղաղ գոյակցության ոլորտի խնդիրները քննարկելու անհրաժեշտությունը: Նա նշեց, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի, այլ միջազգային կառույցների հետ համագործակցությունը Հարավային Կովկասի անվտանգ և կայուն զարգացման նախադրյալներից է՝ նրա գնահատմամբ, սակայն տարածաշրջանը մարտահրավերների հանդեպ խոցելի են դարձնում պետությունների տարամետ դիրքորոշումները անվտանգության համակարգերի ձևավորման շուրջ և չլուծված հակամարտությունները: «ՀՀ-ն իր անվտանգային միջավայրի կայունության պահպանման համար որդեգրել է բազմավեկտոր քաղաքականության ձևաչափը: Լինելով ՀԱՊԿ անդամ՝ ՀՀ-ն խթանում է գործընկերային ակտիվ հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ՝ կարևորելով նաև անդամ պետությունների հետ շփումների երկկողմ ձևաչափը»,- ասաց Արտակ Զաքարյանը, շեշտելով, որ անվտանգության ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը միջազգային հարաբերություններում ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ բոլորի շահերից բխող անհրաժեշտություն: Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունները և լիահույս է առավել արդյունավետ համագործակցության: Նա անդրադարձավ «ՀՀ անվտանգության թիվ մեկ խնդրին՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին» և ասաց, որ Հայաստանը գնահատում է այս հարցում ՆԱՏՕ-ի զուսպ դիրքորոշումը, այնուհանդերձ, շեշտեց. «Մեզ համար ընդունելի չեն Ադրբեջանի կողմից ՆԱՏՕ-ի հռչակագրերը արհեստականորեն ԼՂ խնդրի քննարկման հարթակ դարձնելը կամ ՆԱՏՕ-ին այս հակամարտության կարգավորման հարցի մեջ ներքաշելը, դրա համար կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը»:


Կոնֆերանսին ներկա էր և ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ: Նա վարշավյան գագաթնաժողովի արդյունքների ամփոփումը և անվտանգության միջավայրի գնահատումը կարևորեց Հայաստանի հեռանկարների առումով և իր ելույթը բաժանեց չորս առանցքային մասերի՝ ՆԱՏՕ-ի ռազմական կարողությունների ընդլայնում, դիմագրավում միջազգային և տարածաշրջանային սպառնալիքներին, միջազգային անվտանգության ապահովում և գործընկերային հարաբերություններ: Ռազմական կարողությունների ընդլայնման առումով նշվեց, որ դաշինքը ՈՒելսի գագաթնաժողովից հետո շարունակում է պաշտպանական ծախսերն ավելացնելու և բարձր մարտունակության ու փոխգործունակ զինված ուժերի ապահովման քաղաքականությունը: ՆԱՏՕ-ն ստեղծել է արագ արձագանքման մարտունակ զինված ուժեր և շարունակելու է ռոտացիոն կարգով տեղակայել իր գումարտակները Արևելյան Եվրոպայում: Վարշավյան գագաթնաժողովի ձեռքբերումներից Կորյուն Նահապետյանը համարեց կիբեռպաշտպանության ոլորտում քայլերը՝ ազգային ենթակառուցվածքները, ցանցերն ու համակարգերը պաշտպանելու կարողություններ ձևավորելու ուղղությամբ:

Միջազգային և տարածաշրջանային սպառնալիքների դիմագրավման շրջագծում ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարը որակվեց ՆԱՏՕ-ի օրակարգի արդիական խնդիր: Խորացող ճգնաժամը և անկայունությունը իր հետևանքներով՝ զենքի ու թմրանյութերի վաճառք, փախստականների խնդիր, վարձկանների հարց Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում (Սիրիա, Իրաք, Լիբիա) ազդում են ՆԱՏՕ-ի անվտանգության վրա: ՆԱՏՕ-ի համար մտահոգություն են հիբրիդային պատերազմները, ՈՒկրաինայի ճգնաժամը և Ռուսաստանի հետ հարաբերությունները: ՆԱՏՕ-ն շարունակում է պարբերական և նպատակային երկխոսությունը Ռուսաստանի հետ՝ պահպանելով նաև հաղորդակցության ռազմական ուղիները: Միջազգային անվտանգության և կայունության ապահովման նպատակով ՆԱՏՕ-ն շարունակելու է թիրախային երկրներում բարեփոխումներ իրականացնել և կարողություններն ամրապնդել: Գործընկերային հարաբերությունները և բաց դռների քաղաքականությունը շարունակվելու են, այդ ուղղությունները Վարշավայի գագաթնաժողովում վերահաստատվեցին: Վարշավայում հստակվեցին այն ուղղությունները, որոնք ուրվագծելու են ՆԱՏՕ-ի քաղաքականությունը առաջիկա մի քանի տարիներին: Նախատեսվում են սպառնալիքների դիմագրավմանն ուղղված ակտիվ և միասնական գործողություններ դաշինքի ներսում: Միջազգային անվտանգության սպառնալիքներից Կորյուն Նահապետյանն առանձնացրեց «սիրիական պատերազմում Թուրքիայի ամբողջական ներգրավման միտումը, ահաբեկչության ֆինանսավորումը և թիկունքային ապահովումը, ռազմական էլիտաների նկատմամբ արդյունավետ վերահսկողության բացակայությունը և հեղաշրջումների ներգործությունը տարածաշրջանային անվտանգության վրա, քարոզչությունն ու ապատեղեկատվությունը»:

Փաստացի թվարկելով հիբրիդային պատերազմի բաղադրիչները՝ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարն արձանագրեց, որ չկա «գործնական ճանապարհային քարտեզ առաջնային սպառնալիքներին արդյունավետ արձագանքելու համար»: Հաշվի առնելով քաղաքական երկխոսությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի ցանկությունը՝ Կորյուն Նահապետյանը կարծում է, որ ՀՀ անհատական գործընկերության ծրագիրը վերանայելու և համագործակցության այլ մեխանիզմներ նախագծելու նոր հեռանկարներ են բացվում: Կորյուն Նահապետյանը ևս անդրադարձավ ԼՂ հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը, նշելով, որ Վարշավայի գագաթնաժողովի արդյունքներով դաշինքն ընդգծեց աջակցությունը Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա՝ ևս մեկ անգամ վստահություն արտահայտելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործող ձևաչափին: «Չնայած Վարշավայի գագաթնաժողովն իր արդյունքներով, ընդհանուր առմամբ, Հայաստանի համար բարենպաստ էր, հաշվի առնելով միջազգային և տարածաշրջանային մի շարք սպառնալիքներ, որոնց ՆԱՏՕ-ն դեռևս չի կարող հակազդման համարժեք մեխանիզմներ առաջարկել, մարտահրավեր են նաև Հայաստանի համար»,- ամփոփեց Կորյուն Նահապետյանը:


Կոնֆերանսում Վարշավայի գագաթնաժողովի արդյունքները իրենց տեսակետներից գնահատեցին նաև ՀՀ-ում Լեհաստանի դեսպան ԵԺԻ ՄԱՐԵԿ ՆՈՎԱԿՈՎՍԿԻՆ, Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար ՄԱՅԱ ՓԱՆՋԻԿԻՁԵՆ, ՀՀ-ում ՈՒկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար ՎԱԴԻՄ ՊԻԽՈՒԼՅԱՆ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. «Հայաստանն ինքնիշխան պետություն է, ՆԱՏՕ-ն հարգում է նրա՝ որպես ՀԱՊԿ անդամի ընտրությունը: Դաշինքը Հայաստանի հետ կապված մի շարք ծրագրեր ունի: Մենք աշխատում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության հետ՝ կոռուպցիոն ռիսկերը վերացնելու նպատակով: Ակնկալում ենք, որ նոյեմբերին Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններին: Մենք նաև ակնկալում ենք, որ ամենամյա զորավարժություններ կլինեն, որոնց Հայաստանը կմասնակցի»,- պատասխանելով համագործակցության կոնկրետ դրսևորումների առնչությամբ ներկաներից մեկի հարցին՝ ասաց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար ՈՒիլյամ Լահյուն: Ընդհանուր տպավորությունը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների ելույթներից՝ մենք պատրաստ ենք ձեզ հետ աշխատել, դուք որոշեք՝ ուզում եք, թե ոչ, ինչ եք ուզում և երբ:


Կոնֆերանսին մասնակցում էին տասնյակ դիվանագետներ, օրը աշխատանքային չէր, և գուցե այդ պատճառով ոչ ոք չկար ՀՀ ԱԳՆ-ից:

Դիտվել է՝ 2207

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ