Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայքի զարթոնքը

Հայքի զարթոնքը
16.09.2016 | 10:02

(սույն էսսեաշարը, ավելի ստույգ՝ քնարական երգիծապատումը, խոհեմ սրտով և մտքով արի նվիրում եմ ՀՀ անկախ պետականության 25-րդ փառահեղ հոբելյանին)

“ЭТО ВАМ НЕ МАЙДАН”
Աղավնին Լաո և Խոյը Վարդան յոթ օր և յոթ գիշեր զանգակահունչ կտցահարում և քարտաշաձայն թմբկահարում էին քարայրի դուռը։ Այնինչ Մհերն իր տասներկուերորդ երազն էր տեսնում։ Զարմանալի խոհական, ծիածանի յոթ գույներով շողափայլված երազ էր այն, ուր կայծակներն անսպասելի ծնվում էին անամպ երկնքում և հարվածում էին տաճարին, կամրջին և, վերջապես, խրախճանքով տարված իշխանական սեղաններին։ Մհերն առագաստանավի միակ ուղևորն էր. նա և՛ նավազ էր, և՛ նավապետ։ Առագաստանավը՝ անունը «Ծովինար», դեգերում էր ծովից ծով Հայաստանում, ուր անմահ էին կործանված քաղաքակրթությունների և ճեղքապարիսպ մայրաքաղաքների ուրվականները։ Մհերը խոհուն էր, խորհում էր նա, որդան կարմիր թիկնոցն ուսերին գցելով և խնկոսկի գինին տիկ առ տիկ գլխին քաշելով։ Գինին ազնվացել էր Տիգրանակերտի և Վան-Տուշպայի, նաև, անկասկած, Արցախ աշխարհի, Էրեբունի ամրոցի ծիրանաբույր կարասներում։ Այս վսեմաշուք գինին էլ, ցավոք, չտվեց գերկարևոր հարցի պատասխանը՝ ինչո՞ւ էին կայսրապետության քաղաքամոր պարիսպները պահպանության հանձնվել փղոսկրամաշկ հույն վարձկաններին, ինչո՞ւ բանադրվեց հայոց մեծագործ արքա Պապը... Ինչո՞ւ, ինչո՞ւ, հանուն ինչի՞, վասն գալիք աղետների՞: Մհերը չընդդիմացավ լեռնաշխարհի չորս ծովածոցերից փչող կարկաչուն քամիների գայթակղիչ զմայլանքին և քուն մտավ։ Քուն մտավ, երազ տեսավ։ Բյուզանդիոնը հրաշափառ մի տաճար էր կերտում Միջերկրականի ափին։ Սուրբ Սոֆիան քրիստոնեական աշխարհի հաղթակամարն էր և նորաստեղծ կայսրապետության հավերժության առհավատչյան։ Լատինն ու հույնը կառուցեցին տաճարն աշխարհակալ, տաճարը վեհանիստ և փառաշուք։ Անցավ պատմական ընդամենը մի ակնթարթ, և հանկարծ փլուզվեց տաճարի տիեզերաստեղծ գմբեթը, խարխլվեց նրա արևմտյան (դեպի Հռոմ նայող) որմը։ Սուրբ Սոֆիա աշխարհակալ ու տենչափառ երևելի տաճարը հինգ դար գմբեթազուրկ էր և շատ նման էր ոսկեհանդերձ, բայց գլխատված հովվապետի։ Մհերը շրջվեց աջ կողքի վրա։ Հյուսիսից Կոստանդնուպոլիս էր քայլում արիաքրիստոնյա մի այր, վարսաշեկ էր նա, և մորուքը նրա (նաև աջը՝ նրբագեղ-շինող) արծաթաձույլ էր։ Տրդատ ճարտարապետն էր, Անի սրբակերտ քաղաքի գլխավոր ձոներգիչը։ Արիաքրիստոնյա Տրդատը Հայքի ճարտարապետն էր, Հայքը չէ՞ որ Նոյյան տապանը հյուրընկալող եզերքն էր և այստեղ էր, որ կրթյալ էին անգամ ճանապարհների սալաքարերը։ Սա մեկ։ Իմաստուն և խորագետ էին խենթ գետերը սանձող կամուրջները, գութաններն էին բանաստեղծ, և զեռունը (կարող ենք զարմանքից պատեպատ խփվել, բայց դա այդպես է) անզուգական որդան կարմիր ներկ էր արդյունահանում։ Սա էլ երկու։ Եվ, ինչ խոսք, միայն այս աշխարհի ճարտար միտքը կարող էր կառուցել օտար ոգու արգասիք աննախօրինակ տաճարի գմբեթը։ Տրդատը վերադարձավ Անի քաղաքամայր։ Անին անգո էր, չկար Անին։ Քաղաքի իշխանները (Հոնենցը Տիգրան և այլք), վաշխի տակ գցելով, ստրկության էին մատնում բյուր համաքաղաքացիներին։ Ի դեպ, Անիի մեծատունները մայրաքաղաքի հազար ու մի եկեղեցիներն այցի գալով (իրենց գումարով կառուցած եկեղեցիները, սա չանտեսենք), հաճախ զլանում էին, կառքից վար չէին իջնում և սուրբ հաղորդությունն ստանում էին հենց սիգաճեմ կառքի ոսկեհանդերձ բարձերին թիկնած։ (Նրանց մետաքսափետուր հավերը հնդուհավի պես էին փքված, և նրանց ձիերը վարգում էին միանգամայն նոր ձիաքայլքով, որ կոչվում էր պորտապարավարգ)։

Անեցի իշխանիկների հպարտ ու թանձր արյունն է եռում (եռում-փրփրում, չի հանդարտվում) և փոխանցվում է գալիք իշխանադասին։ Հակինթոսկի կտուցն Աղավնու և ամրակուռ թուջե պոզերը Խոյի ուղղվել էին դեպի Հայքի հյուսիսում սփռված մայրագյուղը հսկա, անվանումը՝ Երևան, կարգավիճակը՝ մայր ոստան, կոչումը՝ նախորդ քաղաքամայրերի փառահեղ քաղաքաշինական-քաղաքակրթական ավանդույթների հանգրվան։ Երևանի իշխանիկները, որ թրծվել էին համերկրացիների մաշկազերծման ազգաշեն գործերում, որոշեցին կողոպտիչ ՀԷՑ-ի ձեռամբ դարձյալ անարգել հանրությանը, վերստին կապանքել պետության զարգացումը։ Համբերանքի չիբուխը ծխեց-մխաց և ժայթքեց ուղիղ ՀԷՑ-ի հոնքամեջին։ Անկախական սերունդը փակեց Բաղրամյան պողոտան, կանխեց ծրագրված քաղաքացիական պատերազմը, ապտակեց (շառաչուն, սակայն անշառ հարվածով) ՀԷՑ-ին, դրա անհայտ և հանրահայտ ավազակապետ-տիրակալներին։ Ապտակեց, չհարվածեց գոտկատեղից վար և հաղթեց։ Ոմանք հառաչեցին ազնվաբարո, հաղթանակն այդ ընդամենը բարոյական էր։ Բայց ներեցեք պարզամտիս վրդովմունքը, բարոյական հաղթությունն անբարոյականության նկատմամբ ինքնին արժանապատվության վերականգնման հուշարձան չէ՞։ Այո՛, անշուշտ և անկասկած։

“ЭТО ВАМ НЕ МАЙДАН, ЭТО МАРШАЛ БАГРАМЯН”

Սա անկախական սերուցք-սերնդի մարտակոչն էր, սերունդը տոկաց, պատնեշ եղավ երկրի ժողովրդի և նույն երկրի ոստիկանության միջև։ Եվ քանդեց արտաքին ուժերի կառուցած նենգադավի ամրոցները։ Բաղրամյանական խենթ օրերի ողջ ընթացքում Լաոն և Վարդանն աներևույթ այնտեղ էին և զեկուցագրեր էին հղում առ Մհեր՝ ընկույզն արդեն նռնաչափ է, մի տագնապիր, խաղաղ ննջիր, երազներ տես...
Եվ լույս էր ճառագում կիսավեր խրճիթներից, քանի որ լեռնաշխարհի հյուսիսում դավ էր նյութվում։ Մհերը քարայրի անդնդախոր խորքերում կամուրջներ էր կառուցում, անցնում էր դրանց վրայով և կես ճանապարհը դեռևս չհաղթահարած գլորվում էր շառաչուն գետի խորխորատները, ոչ մի կամուրջ չէր դիմանում Մհեր-առասպելի հոգեղեն ցավերի ծանրությանը։
Մհերը հանկարծ համրացավ, ձեռքից գետը նետեց կամրջաշինիչ մուրճը, հատիչը, քանոնն ու մագաղաթը և սլացավ դեպի քարայրի դուռը։ Սլացավ և սուլեց ահազանգող մի մեղեդի։ Լաո Աղավնին և Խոյը Վարդան սուրացին դեպի Արցախ աշխարհ։ Մհերը երկա՜ր ըմպեց քարայրից աջ ի հայտ եկած «Ավարայր» հանքային աղբյուրի կենաց ջուրը և ընկավ դաժան, անբեկանելի, սակայն նաև սթափության կոչող մտքերի մեջ. Տե՜ր իմ Երկնավոր, ախր այդ ե՞րբ և ինչո՞ւ աղետաբեր այս որոմը թունասփյուռ սարդոստայն հյուսեց հայկազուն իշխանաց ներաշխարհում։ Հյուսեց, ամրակռվեց, դյութեց ու հղփացավ, ի վերջո, շեղեց նրանց վարքականոնն արիաքրիստոնեական (սկսած Նահապետից Հայկ և վերջացրած Նժդեհով Գարեգին) արարչագործությունից դեպի որկորային հաղթարշավներ և ուղիղ նշանառությամբ դեպի բանականության և բարոյականության փտախտ։

Հայք-լեռնաշխարհում, նրա 1/10 հատվածում հայկազուն-արմենոիդների ձեռքով, մտքով, ոգով և, բնականաբար նաև սրտով ի հայտ եկան 2 հայկական պետականություններ։ Նրանք ունեն սահմաններ, դրոշ և օրհներգ, զինանշան և բանակ, նաև ունեն (չկասկածենք) գերեվարված գիտություն, մաշկահանված մշակույթ, արտագաղթյալ ժողովուրդ և բռնազավթված տնտեսություն։ Գեներալական հայոց դասը շքանշանավառ է և ջիպազեն, և հայրենապաշտորեն մոլեգնում է, հենց որ հայոց սահմանների երկայնքով գեթ մեկ կրակոց է որոտում։ Մոլեգնում է հանց երդվյալ հայրենապաշտ և զինվորներին, ենթասպաներին և կրտսեր սպայակազմին հրահանգում է՝ կրծքով փակել արկերի ճանապարհը, ձեռնամարտի բռնվել (և անպատճառ հաղթել) թյուրք-ազերբայջանական տանկերի հետ և, իհարկե, տանուլ չտալ։ Ամենակարևորը՝ պարսատիկով խոյահարել իսրայելական արտադրության թռչող սարքերը։ Հառա՜ջ աննահանջ...

Հայ սահմանապահը ճակատագրի «անառակ» զավակն է։ Նա հայոց հողերը պաշտպանում է... հայոց հողերից, չէ՞ որ հայկական պետականությունները Հայքի կազմում են, լեռնաշխարհի ներսում են։ Մհերը տեղյակ էր այս ամենին, Մհերը քարայրից ելնելու մի պայման ուներ հայոց կոփածո ճակատի քանդակազարդ գրերի հետ՝ նա հուր և հավիտյան կլքի քարայրը, երբ հայ զինվորը Հայքի սահմանները կպաշտպանի, դիտակետից զննելով այլ պետության հողն ու ջուրը։
Հայ զինվորն Արցախը (և, անկասկած Երկիր-Էրգիրը) պաշտպանելով երազում է զօր ու գիշեր։ (Երազում է դիրքերում կանգնած և քնի մեջ)։ Երազում է Հայքի հրաբխման, հետո նրա վերածննդի և հավերժության մասին։

Հայկական փոքրաքանակ զորամասերը դիմավորեցին պանթյուրքական գրոհը զարմանահրաշ արժանապատվությամբ։ Ասենք ի՞նչն է այստեղ զարմանահրաշ, չէ՞ որ ապրիլյան հերոսական օրհասներում բախվել էին թրքական թերմացքն ու արիաքրիստոնյաները։ 1-ը 10-ին դեմ հանդիման և մեծագույն մի հանդիմանանք Հյուսիսի երդվյալ դաշնակից եղբայրներին։ 100 զոհ, յուրաքանչյուրը՝ մհերազարմ, ամեն մեկը՝ մի կամավոր լուսե նահատակ։ Զորակոչը հնչել էր, հայությունը ցավը սեղմած սրտի ներսում, դավին դիմակայեց ազգային ոգու, մտքի, բազկի պրկմամբ։ Այսպես եղավ Ավարայրում և այսպես էր մեր պատմության այլ դրվագներում։ Հայկական մեկ զրահատանկը դիմագրավում էր թշնամական զրահատանկերի երկու տասնյակին «Մահ իմացյալի...» պատգամը պարզած որպես դրոշ։ Տե՜ր իմ Երկնավոր, զրահատանկերում անգո էր այն շարժող, մարտի նետող, ուղղակի հերոսամարտի մղող վառելիքը։ (Խոյը խրամատներում էր, առհասարակ ամենուր էր, լիցքավորում էր հրանոթները, զրահատանկը հրում էր մարտի, իսկ Աղավնին այս զարհուրելի դավադրության և հաղթության լուրերն էր հասցնում քարայր՝ Մհերին)։

Մահ իմացյալ... Որքան կորով էր պարփակված դեռ պատանի այս սրտերում։ Հայրենիքը սահմանապահ զինվորի և սպայի համար յոթհազարամյա հեռավորության վրա էր ու ափաչափ մոտ էր. Արցախ աշխարհում գարունը վաղ է հյուրընկալվում, հուրհրան ծաղկազարդ էր ամենուր։


Ասե՞լ այս մասին, մոռացությա՞ն տալ, թե՞, այնուամենայնիվ, թողնել պատմության ահեղ, աներեր և անկաշառ դատաստանին։ Ասենք գրով, սրով պատենք հայքապառակտիչ զեռուններին, որոնք ազգային միասնականությունը ձեռքերն ի վեր, գլուխն էլ, իհարկե, ի խոնարհում, սրտով արի, մտքով էլ բարի հանել էին... զոհասեղան, ուր ամեն օր, զօր ու գիշեր խորտակվում էին թշնամու աչքի փուշ տապակած (հանց նորահարս) նրբագեղիկ կաքավների գումարտակներն ու խոճկորների բանակները՝ փուռը տված, վարդ-ծիրանի կաշվով պատված...


Հայքամերձության մերանը նորանկախության խրճիթներում էր շղթա կապել, այգեզուրկ օջախներից սահման հասած հոգեթով մանչերը պաշտպանում էին իրենց աներդիկ տների շեմը՝ երկրի երդիկի տակ։ Միասնականության ոգին, որ զինվորի կանգունակության խթանն էր և ապավենը, ծիրանի կորիզի պես կենսահաստատ էր և լավաշ հացի նման հարատևող։ Ապրիլյան օրհասը հերոսության փոխվեց, այլ կերպ լինել չէր էլ կարող, չէ՞ որ մենք ենք, որ աշխարհակուլ Թուրանի կոկորդը պատռել, կիսալուսնի կլանիչ-խորտակիչ լուսարձակների ներքո այրվող անապատում արիաքրիստոնեական օազիսներ ենք պահպանել, հանձինս Արցախի և ի դեմս Հայաստանի հանրապետությունների։

ՎԵՐՋԵՐԳ
Մհերը շեմին մի փոքրիկ այգի էր գցել։ Նրան անխոնջ օգնում էին Լաո Աղավնին` կտուցը ոսկեդեղին, ինքը մետաքսաճերմակ, և կարմրաշեկ Խոյը Վարդան` եղջյուրները ձուլված Մեծամորի երկաթից։ Այս այգում էր քունն առնում Մհերը։ Նա գոցել էր (նաև զմռսել էր) Քարայրի մոռացության դուռը։ Մհերն ավելի քան համոզված էր, որ Հայքի ազատագրման ճանապարհը մեկն է՝ հակահայ զեռունների ոչնչացումը մեր անողորմ կրունկի տակ, թե չէ առանց հակահայության հոգևոր-աշխարհիկ և անսկիզբ-անվերջ պղծանքների, թշնամին ի՜նչ կարող է անել, կամ այդ երբ է նա առանց մեր բորոտ հատվածի օժանդակության Հայքը պառակտել։


Մի խոսքով, Մհերը Լաո ոսկեկտուց և ճերմակափետուր Աղավնու, նաև Վարդան կարմրաշեկ Խոյի (ում եղջյուրները, դարձյալ հիշենք, կռվել էին Մեծամորում և փորձությամբ անցել դեռ Հայկ-Բելի ճակատման օրերին) աջակցությամբ այգի էր կերտում և տնկում էր ծառը ծիրանի և նռնենի, թուփը խաղողի և բարդին Մասիսահայոց։ Այգու կենտրոնում, բրաբիոն ծաղիկների թմբերով շուրջկալած, ծիածանի բոլոր գույներով ճառագում էր Հայքի Ծառը կենաց։

Ավարտվեց մեր այս նվիրական էսսեաշարը։
Հավատանք, որ գարին արդեն մասուրի չափ է, մասուրն էլ՝ ընկույզի։ Մեզ էլ մի բան է մնում՝ պարբերաբար ջրել գարու մարգերն ու ընկուզենիները կենաց ջրերով։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ