Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Մեր ապրելակերպն է՝ չնայել, թե երբ մեզ կօգնեն»

«Մեր ապրելակերպն  է՝ չնայել,  թե երբ մեզ կօգնեն»
16.09.2016 | 10:11

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքի հարևանությամբ մեկ տարի է, ինչ ճյուղարձակում է նորատունկ մի թխկի. կից ցուցանակը հուշում է. «Խաղաղության ծառը տնկել են 2015 թվականի հունիսի 3-ին «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության համաշխարհային երթի մասնակիցները աշխարհի հինգ մայր ցամաքներից բերված հողով ու ջրով»։


Ամեն տարի մարտի 22-ին նշվում է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրը, և Հայաստանն էլ տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության՝ ՅՈՒՆԻՄԱ-ի անդամ է 1992-ից: ՅՈՒՆԻՄԱ-ն ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համակարգի համաշխարհային կազմակերպություն է` հնագույնը միջազգային թատերական կազմակերպություններից՝ 1929-ից, և միավորում է շուրջ 100 ազգային կենտրոններ: ՅՈՒՆԻՄԱ-ի նպատակն է տիկնիկային արվեստի և մշակութային դիվանագիտության միջոցով ամբողջ աշխարհում ջատագովել և առաջամղել մարդկային վեհ արժեքներ, խաղաղություն՝ մերժելով ռասայական, կրոնական, քաղաքական և ցանկացած այլ խտրականություն:
Եվ այսպես՝ տիկնիկների կանչով զրուցում եմ խամաճիկների թատրոնի գլխավոր ռեժիսոր ԱՆՆԱ ԷԼԲԱԿՅԱՆԻ հետ:


Մաշտոցի 43, խամաճիկների պետական թատրոն, հասցե, ուր մանկության ակնթարթներն են իմաստնանում, իսկ իմաստության ակնթարթները՝ մանկանում, թատրոն, որտեղ ներկայացումից հետո «դերասանները» տուն չեն գնում, այլ հրեշտակների նման հսկում են թատրոնի անդորրը: Հիշեցի նաև՝ ինչպես երեքամյա Նոեմին ոգևորված վերադարձավ ու թոթովախոս բացականչեց. «Գնացել էի խամաճիճիկների թատրոն»:
Հաջորդ տարի խամաճիկների թատրոնի հիմնադրման 30-ամյակն է: 1987 թվականին «Երեք խոզուկներ» ներկայացմամբ արվեստի այս օջախը մուտք գործեց թատերական աշխարհ: Այն նոր վերելք ապրեց 2000 թ., երբ թատրոնի գեղարվեստական ղեկավարը դարձավ Արմեն էլբակյանը, գլխավոր ռեժիսորը՝ Աննա Էլբակյանը: Տեղի ունեցավ ստեղծագործական ուժերի նոր հոսք, խաղացանկը հարստացավ նոր ու հետաքրքիր ներկայացումներով` «Աշխարհի արարումը», «Հույսի աստղ», «Իսկական ընկերը», «Քաջ աքլորիկը», «Մկների ժողով», Վիլյամ Սարոյանի «Դուք մտնում եք աշխարհ», Սերվանտեսի «Մարդը Լա Մանշից» երաժշտական ներկայացումը. վերջինս ճանաչվեց 2005-2006 թթ. լավագույն ներկայացում և արժանացավ «Արտավազդ» մրցանակի: Շարունակենք ցանկը՝ «Ձմեռային հեքիաթ», «Կարմիր գլխարկը», «Խոսող ձուկը», «Անխելք մարդը», «Քաջ Նազար», «Չախ-չախ թագավոր», «Պոչատ աղվես», «Անտառային երգ», «Խելոքն ու հիմարը», «Գնդլիկ-բոքոնիկ», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Մատնաչափիկը», «Բուրատինո», «Հենզելն ու Գրետելը», «Գորտ արքայազնը», «Համեցեք Լապլանդիա», «Շունն ու կատուն», «Ալիսը հրաշքների աշխարհում», «Մերկ թագավորը», «Բախտի անիվ», «Կապույտ թռչունը»:

-Տիկին Էլբակյան, խամաճիկների թատրոն՝ ճակատագրի թելադրա՞նք ...
-Խամաճիկների թատրոնը միջնադարից է, տիկնիկին վերագրում էին Աստծո ուժը, ա՜յ, այդ հրաշալի կերպարը, որ մարդ չէ, բայց խոսում է, կարող է ինչ-որ բաներ ասել մտքում. մարիոնետների թատրոնը շատ մեծ գործեր է կատարել քաղաքականության մեջ։ Ընդհանրապես թատրոնն ամբիոն է, կյանքը փոխելու համար թատրոնը հրաշալի հարթակ է, չգիտես ինչու, մարդիկ ասում են՝ թատրոնը Հայաստանում ամենաթույլ օղակն է, բայց այն զորեղ է։ Մեր ազգը պոետիկ ազգ է, իսկ թատրոնը պոեզիայի պտուղն է։ Խամաճիկը պարզունակ տիկնիկ չէ, աշխատում է թելերի միջոցով, և նրա ամեն մի ժեստը, ամեն մի շարժումը պահանջում է շատ մանրակրկիտ աշխատանք դերասան-տիկնիկավարից, իսկ հանդիսատեսից ՝ համակ ուշադրություն, որովհետև նուրբ են շարժումները՝ ի տարբերություն ձեռքի տիկնիկների, որոնք, գուցե, շատ ավելի վառ են ու գրավիչ, ավելի պարզ է նրանց աշխատանքը։ Մարիոնետների հետ աշխատանքը շատ ավելի նուրբ է, պետք է զգայուն լինես, որպես հանդիսատես։ Մի քանի թատրոնում եմ աշխատել և ժամանակին թողել եմ Սունդուկյան թատրոնը, չնայած ունեի գլխավոր դերեր։ Այնպես չէր, որ ես այնտեղ դրոշ էի պահում, չնայած ամբողջ կյանքում դրոշ պահել եմ։ Խաղացել եմ նաև մանր, չերևացող դերեր՝ նույն ավյունով։ Մինչև հիմա պատրաստ եմ դա անելու և անում եմ նույնը ուսանողների հետ նույն բեմահարթակում: Ես տարիներով չեմ ապրում կամ օրերով, ես ապրում եմ ժամանակաշրջաններով, իմաստուն մարդիկ ապրում են ժամանակաշրջաններով, ուստի ես տարիները չեմ ֆիքսում:
-Թբիլիսիի խամաճիկների թատրոնի շենքի քանդակազարդ ճակտոնին գրված է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռեզո Գաբրիաձեի դևիզը՝ Extra Cepam Nihil Cogito Nos Lacrimare, որը նշանակում է՝ «Թող ձեր արցունքները լինեն միայն սոխ կտրելիս»: Ի՞նչ նշանաբանով է առաջնորդվում Երևանի խամաճիկների թատրոնը:
-Հատուկ, երևի, ձևակերպում չունի, որովհետև ես ընդհանրապես նշանաբանների և՛ կողմ եմ, և՛ դեմ, որովհետև դրանք ունեն իրենց դրական և բացասական կողմերը, դրանք մղում են, և անպայման ինչ-որ նպատակի, մյուս կողմից էլ նշանաբանները կարող են սահմանափակել. թատրոնը կենդանի օրգանիզմ է, իսկ ամեն մի կենդանի կառույց, օրգանիզմ, ընտանիք (մենք ասում ենք այս թատրոնին ընտանիք) ունի իր ավանդույթները, նաև իր նոր ծիլերը, որոնք դեռ նշմարվում են: Թատրոնը կարող է այնպիսի փուլերով անցնել, որ յուրաքանչյուր նշանաբան կարող է դառնալ իր վատ իմաստով չակերտները կամ սահմանափակումները, դրա համար հատուկ ձևակերպված նշանաբան չկա:
-Երեք տարի առաջ իր հարցազրույցներից մեկում Արմեն Էլբակյանն այսպես բնորոշեց «թատրոն» երևույթը. «Թատրոնը մեր կյանքի փոքր մոդելն է. մի օր վերելք է ապրում, մի օր ճգնաժամ: Թատրոնը բռնության նման մի բան է, նա կարող է նաև ազդել և ստիպել անընդհատ կրել այդ բեռը: Թատրոնը փիլիսոփայական կատեգորիա է: Թատրոնը, ի տարբերություն շատ զվարճավայրերի, ոչ թե զվարճանալու տեղ է, այլ խորհելու և մտածելու...»:
-Երբ տասնվեց տարի առաջ եկանք այս թատրոն, երեք հատ իշոտնուկ էր նստարանների փոխարեն և մի քանի դերասան, ովքեր պահպանել էին «բարձր արվեստագետի կոչման դրոշմը», որը մի կողմից՝ լավ է, բայց մյուս կողմից՝ թույլ չի տալիս, որ իջնես և զրոյից նորից սկսես կառուցել, որովհետև կառուցելու ժամանակ դու պիտի կոտրես քո ամբիցիաները, միևնույն է՝ դու պետք է սկսես զրոյից, դա կենդանի թատրոնի օրենքն է բոլոր ժամանակներում, ինչքան ուզում է կոչումնե՜ր, մեդալնե՜ր, փառքե՜ր ունենաս, եթե դու չես կարողանում դա կոտրել և սկսել զրոյից, ներքևից, դու չես ունենա կենդանի թատրոն և չես լինի կենդանի թատրոնի զինվոր: Թատրոնը և՛ հայրենասիրություն է, և՛ ազգապահպանություն, և՛ կարոտ, և՛ ազգը համախմբելու, ի մի բերելու միջոց: Եվ եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր զգաս հասարակությունից, անմիջապես թող բեմը։ Խամաճիկների թատրոնն իր մեջ կրում է և՛ երաժշտություն, և՛ նկարչություն, և՛ դերասանական հմտություններ, և՛ ռեժիսուրա, և՛ ասելիք, թեմա։ Մենք ձգտում ենք, որ այդ ամենը լինի բարձր մակարդակի, սա նաև ամենօրյա արտադրանք է, հիմա կառուցելու ժամանակն է, ունենք մեծ ռեպերտուար, քսանչորս ներկայացում, դա քիչ չէ, և ներկայացումներ՝ երեք սերնդի համար, շատ փոքրերի, որ պիտի գան և սկսեն սովորել, թե ինչ է թատրոնը, թատրոնի պայմանականությունը: Թատրոնը նախատեսված է երեք տարեկանից բարձր երեխաների համար, բայց ծնողները սկսում են բերել մեկուկես տարեկանից, և մենք հնարավորություն ենք ստեղծում, որ դահլիճի մթությունը նրանց չվախեցնի, սովորեն քիչ-քիչ, և՛ ծնողների հետ ենք աշխատում, և՛ երեխաների, որպեսզի իրենք կարողանան այդ պայմանականությանը սովորել։ Համարում եմ, որ այստեղ մեծ գործ ենք անում, դրա համար ես շատ բան՝ իմ անձնականից, որպես դերասանուհի՝ իմ ժամանակից, իմ նպատակներից շատ բան ուղղակի դրել եմ մի կողմ, և տարիներ են անցնում, բայց ես գիտեմ, որ այստեղ հիմքեր ենք դնում, գիտեմ, որ դա շատ ավելի կարևոր է: Հիմա արդեն սերնդափոխություն է. հիմա մեր ավագներին, ովքեր դուրս էին եկել, նորից հրավիրեցինք թատրոն, նրանք իրենց փորձը փոխանցում են երիտասարդներին։ Եվ այստեղ մենք ունենք շատ երիտասարդներ, և փառք Աստծու, այստեղ լավ հիմքեր են դրվել, որովհետև բոլոր թատրոններում ցավոտ շրջանները սերնդափոխության շրջաններն են: Մեր մեծերին շատ գնահատում ենք։ Չգիտեմ՝ ընտանիքի մայր ասեմ, տնտես ասեմ ինձ, աշխատում ենք, որ այստեղ այդ սերնդափոխությունը ճիշտ կատարվի: Իմ՝ որպես գլխավոր ռեժիսորի, գլխավոր սկզբունքը՝ ոչ թե ես այստեղ երևամ, այլ օգնեմ սկսնակ ռեժիսորներին՝ կայանալու և արտահայտվելու։
-Ասում են՝ թատրոնը թանկ հաճույք է, ճի՞շտ է:
-Մեր թատրոնը միշտ եղել է դեմոկրատական, էժան հաճույք, միշտ ավելի ցածր են եղել գները, և մշտապես գիտակցում ենք, որ շատ շատերին պետք է հասցնել այն, ինչ ուզում ենք ասել: Ես «ձրիի» կողմնակից չեմ, եթե, իրոք, մարդը չունի հնարավորություն։ Ամեն լավ բան գին ունի, մեր թատրոնի տոմսերի գինը միշտ ավելի ցածր է եղել, քան յուրաքանչյուր մանկական թատրոնի։
-Եթե հանդիսատես չկա, թատրոն չկա, դա ճի՞շտ է: Համաձա՞յն եք արդյոք, որ հանդիսատեսը ստանում է թատրոնից այն, ինչի համար գալիս է թատրոն:
-Հանդիսատեսն ինքը պետք է դառնա ներկայացման մասնակից: Այ դա իմ նշանաբանն է՝ երկխոսություն, եթե հանդիսատեսը ինձ հետ չէ, եթե հանդիսատեսը շատ բաների հետ համաձայն չէ, անհաղորդ է մնում, ավելի լավ է՝ դու չլինես բեմում: Կան կույր մարդիկ և երեխաներ, որ մեր մշտական հանդիսատեսն են, չնայած, տեսեք, իրենք ոչինչ չեն տեսնում, բայց իրենք լսում են, և մենք հատուկ աշխատում ենք, որ մեր ձայնային համակարգը լրացնի բացը։
-Ինչպիսին հանդիսատեսն է, այնպիսին էլ թատրոնն է:
-Հաստատ: Թատրոնը երբեք չի ապրել հանդիսատեսով, այլ ապրել է հանդիսատեսի ներկայությամբ։ Երբ հանդիսատես չկա, դեռ չի նշանակում, որ լավ թատրոն չէ: Մեր թատրոնը տարբերվում է մյուս թատրոններից, որ չունի վերանորոգում, մենք շատ լավ ներկայացումներ ունենք։ Մենք ամենալավ ներկայացումները դիտել ենք ուղղակի աստիճանների վրայից: Թատրոնը կրթում է։ Եթե այսօր գիրք չեն կարդում, ուրեմն պիտի նայեն լավ ներկայացումներ: Ես ինձ երբեք ռեժիսոր չեմ համարում: Ես պարզապես պատմում եմ երեխաներին հեքիաթներ այնպես, ինչպես կուզենայի, որ ինձ պատմեին իմ մանկության ժամանակ, ընդամենը: Հավակնություն չունեմ, որ անպայման դա նշվի։ Ճիշտ եք, լավ ապրանքն ունի պահանջարկ, իսկ վատ ապրանքը՝ ավելի շատ պահանջարկ, խնդրեմ նայեք, շուրջբոլորը թափված է էժանագին ապրանք: Ինչպիսին երկիրն է, այնպիսին հանդիսատեսն է, հետևաբար, այդպիսին նաև թատրոնն է, որովհետև թատրոնի «բենզինը», «սննդի» աղբյուրը երկիրն է, աշխարհն է, ինչպիսին աշխարհն է, այդպիսին էլ հանդիսատեսն է: Եթե հանդիսատեսը Դոստոևսկի չկարդացած գալիս է Դոստոևսկի նայելու, ուրեմն մենք այստեղ չենք կարող ասել, թե՝ ինչպիսին թատրոնն է, այնպիսին էլ հանդիսատեսն է: Ճիշտ հակառակը, ինչպիսին հանդիսատեսն է, այնպիսին էլ թատրոնն է: Մարդիկ չեն կարողանում իրենց ուշադրությունը պահել ասելիքի վրա, քսան րոպեից ավելի նրանց ուղեղը չի կարողանում ընկալել, մենք ասում ենք դրան լիկբեզ իրար մեջ, ահավոր բան է կատարվում: Երեխաները գալիս են քառասուն րոպե, երբեմն մեկ ժամ տասը րոպե լուռ դիտում են։
-Բացի հանդիսատեսից, էլ ի՞նչ է պետք թատրոնին։
-Ճիշտն ասած, երբեք դրա մասին չենք խոսում, որովհետև երկար ժամանակ է՝ մշակույթի նախարարությունը ֆինանսավորում է թատրոնը։ Եվ լաց չենք լինում, որովհետև մենք միշտ ունենք հանդիսատես: Մի՛շտ: Եվ կարողանում ենք բավարարվել, եթե անգամ չենք ունենում ֆինանսավորում: Մշակույթի նախարարությունը սիրում է մեր թատրոնը: Մեր ապրելակերպն է՝ չնայել, թե երբ մեզ կօգնեն: Ես տանն էլ եմ այդպես՝ միշտ օգտվում եմ այն ռեզերվներից, որ կան։ Մարդն ամենամեծ ռեզերվն է: Հավատացեք, ամեն ինչից կարելի է ստեղծել թատրոն։ Կարելի է մի փոքր տեղում էլ ներկայացում անել: Ես այդպես եմ համարում։ Եթե դա հետաքրքիր է, կգա երկու-երեք հոգի և կդառնա հանդիսատես: Դրա համար լավ պայմանները չեն որոշում մեր թատրոնի լավ աղբյուրը, որը բխում է: Հակառակը, այդ աղբյուրն է որոշում պայմանները։ Միակ խնդիրը տարածքի խնդիրն է՝ տիկնիկները պահելու: Ինքներս ներկում ենք դռները, պատուհանները, պատերը։ Ինչքան կարողանում ենք, անում ենք: Դա ճիշտ ապրելակերպ է այսօր մեր երկրում, ամեն օղակում։ Յուրաքանչյուրի համար ճիշտ ապրելակերպ է՝ չնայել ուրիշի ձեռքին: Դարձել ենք մուրացկան ազգ, անընդունելի և աններելի է:
-Թատրոնը շրջագայությունների հրավերներ ստանո՞ւմ է, Երևանից դուրս գալու ելքեր փնտրո՞ւմ է։
-ՈՒղղակի մի խնդիր ունենք. թատրոնի կազմը մեծ է, իսկ ֆինանսավորումը՝ շատ: Հրավիրելը ծախսատար է հրավիրողների համար: Իրենք ուզում են մեկ դերասան, մեկ տիկնիկ։ Նպատակ չենք հետապնդում անելու ներկայացում ուղղակի փառատոնային, դա հիմա անում են բոլորը՝ մի փառատոն, մի փայլատակում, և վերջ։ Մենք շատ մրցանակներ ունենք, բայց երբեք այդ մասին չենք խոսում։ Ցավոք, աշխարհը գնում է մի ուղղությամբ՝ իրար զարմացնելու։ Մեր հանդիսատեսը նաև Հայաստանի մարզերում է։
-Կան տիկնիկներ, որոնք այլևս բեմ դուրս չեն գալիս, ծերացել են:
-Մենք ունենք ներկայացումներ, որ խաղում ենք տասնվեց տարի, քսան տարվա ներկայացումներ էլ ունենք: «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» խաղում ենք շատ երկար, արդեն երրորդ նորոգումն ենք անում: Տիկնիկներին ասում ենք՝ ցտեսություն, որպես հին տիկնիկների: Պատրաստում ենք նոր տիկնիկներ՝ պահելով այդ ներկայացման ոճը:
Զրույցը` Սահականուշ ՍԱՀԱԿՅԱՆԻ

Հ. Գ. Տիկին Էլբակյանը հավելեց.


-Դերասանները, թատրոնի մարդիկ, արվեստագետները միշտ առաջին գծում են։ Նրանք ճեղքում են այնտեղ, որտեղ հնարավոր չէ ճեղքել: Ես եմ առաջին գծում, բայց ես չեմ կարող կարեկից չլինել, չխոսել քո ցավերից, կարիքներից։ Թատրոնը փորձության շրջան է առաջարկում։ Մարիոնետների թատրոնում հրաշքներ ես արարում, բայց դու ուղղակի չես երևում, այ, հիմա «աստղային» են բոլորը: Այսօր մուլտֆիլմերը ինչքա՜ն չարություն են ներարկում, սարկազմ, սադիզմ։ Մեր նշանաբանն է՝ երեխաների մեջ սերմանել սեր, հավիտենական արժեքներ, հայրենասիրություն, ընկերասիրություն, գութ, համբերություն: Երկար տարիներ չեմ նկարահանվել, ես թատրոնի դերասանուհի եմ։ Կինոն էլ եմ շատ սիրում։ Այն ժամանակը, որ ես թատրոնից պիտի խլեմ՝ կինոյում ներդնելու, ափսոսում եմ. մի դեպքում միայն՝ եթե ֆիլմը լուրջ ասելիք ունենա: Խամաճիկների թատրոնը արտադրանք է, կինոն էլ պիտի արտադրանք լինի: Պիտի անընդհատ նկարես ֆիլմեր, իսկ դրա համար չկան պայմաններ, ուղղակի չկան։ Ընդհանրապես hand-made-ը, հեղինակային արվեստը թե՛ թատրոնում, թե՛ կինոյում շատ ավելի գնահատելի են: Ինչքան էլ թատրոնը դաստիարակչական ֆունկցիա ունենա, թատրոնը լիկբեզ չէ, այն գեղարվեստական խնդիրներ ունի, այն կիսագրագետ մարդկանց համար չէ, որ գալիս են թատրոն, որ մատը ինչ-որ մեկը բարձրացնի, իրենք սկսեն հռհռալ: Մարդը պետք է պատրաստ լինի թատրոն գալուն:

Դիտվել է՝ 1434

Մեկնաբանություններ