Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նոր իրողություն Մերձավոր Արևելքում. ռազմաբազաների «քառանկյուն»

Նոր իրողություն Մերձավոր Արևելքում. ռազմաբազաների «քառանկյուն»
20.09.2016 | 00:12

Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի (ՌՏՈՒ) ռազմավարական ավիացիայի ինքնաթիռների կողմից իրանական Համադան քաղաքի ռազմական օդանավակայանի օգտագործման ժամանակավոր դադարի շուրջ բարձրացված աղմուկը ժամանակավորապես շեղեց ուշադրությունը բուն փաստից ու նրա աշխարհաքաղաքական նշանակությունից, ինչպես նաև Մերձավոր Արևելքում կտրուկ փոփոխվող ռազմավարությանն առնչվող մյուս հարցերից: Եվ հարցը միայն Սիրիան չէ, թեև, սա պետք է ընդգծել, «թյուրիմացությունը» Իրանի և ՌԴ-ի միջև արդեն «մոռացվել է», այն աստիճանի, որ իրանական պաշտոնատար անձինք, ճիշտ է, «ժխտման» եղանակով, ակնարկել են, որ Իրանը պատրաստվում է Ռուսաստանի հետ քննարկելու Ձ-90 արդիական տանկերի և С-400 «Триумф» զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) մատակարարումների հարցը, իսկ արդեն մատակարարված հ-300 ԶՀՀ-ները մարտական հերթապահություն են իրականացնում Ֆորդոյի միջուկային կենտրոնի շրջակայքում:

Հիշենք օգոստոսի 1-ին խփված մարդասիրական Mu-8 ուղղաթիռում զոհված հինգ ռուս զինծառայողների դիակների շուրջ «General Foundation for Prisoners’ Affairs» իբր սիրիական ինչ-որ «նորագույն» ընդդիմադիր խմբավորման սարքած «տարօրինակ սակարկությունը»: Ռուսների մարմինների դիմաց «ընդդիմադիրների» պահանջած «փրկագինը» տարօրինակ էր. 1) ազատ արձակել Սիրիայի բանտերում գտնվող և Լիբանանի «Հըզբոլլահ» կուսակցության «զնդաններում» հեծող անձանց, 2) դադարեցնել պաշարված տարածքների շրջապատումը և մարդասիրական օգնություն հասցնել այնտեղ: Հետագա երկու շաբաթվա ընթացքում Արևմուտքը համառորեն պահանջում էր, ըստ էության, դադարեցնել իսլամիստ զինյալների շրջափակումը Դամասկոսի ու Հալեպի արվարձաններում: Եվ, վերջապես, օգոստոսի 15-ին տարածվեցին ավելի քան տարօրինակ տեղեկություններ այն մասին, թե շիական գերությունից ազատվել է ամերիկացի բարձրաստիճան հետախույզ մի կին, որին թուրք զինվորականներն արդեն տեղափոխում են ԱՄՆ:

Հետագայում պարզվեց, որ լիբանանյան «Հըզբոլլահի» մարտիկները ամերիկուհուն հանձնել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինվորականներին, սրանք էլ, իրենց հերթին, լրտեսուհուն հանձնել են ռուսներին: Ռուսները նրան ուղեկցել են մինչև Թուրքիայի սահման և հանձնել թուրքական սահմանապահ զորքերին: Թե նա ի՞նչ «կարևոր տիկին» է, որի համար ԱՄՆ-ը կարող էր ոչնչացնել ռուսական Mu-8-ը, իհարկե, ոչ ոք երբեք չի իմանա: Բայց դրանից հետո հայտնի դարձավ ևս երկու խայտառակ դեպք. նախ, օգոստոսի 10-ին, մահապարտ զինյալների հաջող հարձակումը ռազմական կենտրոնի վրա, որ ամերիկացի զինվորականները կազմակերպել էին քրդերի կողմից վերահսկվող տարածքում՝ Ալ-Ֆարուք Դամ ամբարտակի մոտ: Ռազմաբազայի արտաքին պահպանությունն իրականացնում էին քուրդ աշխարհազորայինները, իսկ ներսում իրավիճակը վերահսկում էին ամերիկյան հատուկ ստորաբաժանումները: Ռազմական կենտրոնն օգտագործվում էր, այսպես կոչված, «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ռազմական գործողությունները պլանավորելու, այդ թվում, Մանբիջ քաղաքի վրա հարձակվելու համար: Այն բանից հետո, երբ քրդերին հաջողվեց արևմտյան կոալիցիայի աջակցությամբ հսկողություն սահմանել այդ առանցքային ռազմական օբյեկտների նկատմամբ, «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալները կարողացան անցկացնել «վրիժառության գործողություն», որը և բազմաթիվ զոհերի հանգեցրեց ամերիկյան զինվորականների ու քրդերի շրջանում: Ինչպես հաճախ է ընդունված վարվել սիրիական պատերազմում, առաջին հարվածը հասցրին երեք մահապարտներ՝ հագուստի տակ թաքնված պայթուցիկով, գտնվելով քուրդ աշխարհազորայինների շրջանում: Սկսված իրարանցումը թույլ տվեց, որ չորս զինյալներ թափանցեն ավելի խոր և հարվածեն արդեն անմիջականորեն ամերիկացի զինվորականներին: Բոլոր չորս ահաբեկիչներն սպանվեցին, սակայն նրանք կարողացան սպանել և վիրավորել ավելի քան 40 ամերիկացի հատուկջոկատայինների և մոտ 30 քուրդ աշխարհազորայինի:

Երկրորդ, Պենտագոնի ցասման բռնկումն ու անգամ սպառնալից ագրեսիվ գործողություններն ընդդեմ սիրիական ավիացիայի, երբ ի պատասխան Հասեկեի նահանգում կառավարական բանակի վրա, այսպես կոչված, «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (ՍԺՈՒ) քրդական ջոկատների հարձակումների, սիրիացիներն ու իրանցիները պատասխան գործողություններ ձեռնարկեցին: Ամերիկյան F-22 ռմբակոծիչները Հասեկե թռչող սիրիական Սու-24 ռմբակոծիչներին ստիպեցին առանց ռմբահարման շուռ գալ ու հեռանալ: Պենտագոնի հայտարարությունները ցույց տվեցին, որ, ըստ էության, Հասեկեում էլ ամերիկյան հատուկ նշանակության ջոկատների բազա կա և որ, իբր, ամերիկյան կողմը «տեղեկացրած է եղել ռուս զինվորականներին»: ԱՄՆ-ը սպառնացել է, որ ամերիկյան հատուկ ջոկատների տեղակայման վայրերի վրա հարձակումների կրկնության դեպքում իրենք «կօգտվեն ինքնապաշտպանության իրավունքից», այսինքն, ռազմական գործողություններ կսկսեն: Հալեպում, որի շուրջ ևս Արևմուտքը Ռուսաստանից, Սիրիայից և Իրանից պահանջում է դադարեցնել ռազմական գործողությունները, ամերիկյան հատուկ ջոկատների դիրքերն առհասարակ «համընկնում են» անգամ պաշտոնապես ահաբեկչական ճանաչված իսլամիստական ամենատարբեր խմբավորումների տեղաբաշխման վայրերին, և դա հայտնի է դառնում օգոստոսի կեսերին: Այսպիսով, եթե հակաահաբեկչական քառակողմ կոալցիան իսլամիստների դեմ մարտերի ժամանակ այս կամ այն չափով վնասի նաև ամերիկացի հատուկջոկատայիններին, ապա միանգամայն նոր պատերազմ կսկսվի ամերիկացիների և նրանց հետ, որոնց, ինչպես օրերս խոստովանեց բրիտանական մամուլը, հնարել են ամերիկացիները իբրև Սիրիայի «չափավոր ընդդիմություն»:

Բայց այս ամենը ավելի գլոբալ նշանակության իրադարձությունները ստվերող ֆոնային իրադարձություններ են: Օգոստոսի 9-ին՝ գրեթե միաժամանակ, տեղի ունեցավ երկու նշանակալի իրադարձություն. 1) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց Ռուսաստանի և Սիրիայի համաձայնագրի նախագիծը Լաթաքիայի նահանգում Հմեյմիմի օդանավակայանի շրջանում ՌԴ զինված ուժերի ավիախմբի անժամկետ տեղակայման մասին: Հասկանալի է, որ Մոսկվայի այդ որոշումը համաձայնեցված է եղել ինչպես Սիրիայի, այնպես էլ «մարտադաշտում» Սիրիայի կարևորագույն դաշնակից Իրանի հետ: Այո, առաջին փուլը, այսինքն, Դամասկոսի հետ համաձայնեցումը, ՌԴ-ն անցել էր դեռևս այս տարվա հունվարին: Բայց, թերևս, պատահական չէ, որ փաստաթուղթը Պետդումա էր հանձնվել հենց օգոստոսին. Մոսկվան ինչ-որ բան, այնուամենայնիվ, սպասել է ԱՄՆ-ից, ի հավելումն դրա, հենց օգոստոսի 8-ին Պուտինը Բաքվում իր իրանցի պաշտոնակից Հասան Ռոհանիի հետ «վերջնահամաձայնեցրեց» Սիրիայի վերաբերյալ առանձին որոշումներ: 2) Չինաստանն ու Սերբիան հայտարարեցին, որ պատրաստ են միանալու Հալեպում Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի մարդասիրական գործողությանը (ոչ հեռու անցյալում Չինաստանն ու Հարավսլավիան ռազմավարական դաշնակիցներ էին, իսկ Սերբիան ճանաչվել է որպես Հարավսլավիայի իրավահաջորդ, ու բացառված չէ, որ երկրները դիմել են նախկին պայմանագրի վերականգնման): Իսկ հենց վերջերս Չինաստանը հայտարարեց աֆրիկյան Ջիբութիում, ամերիկյան ռազմաբազայից 12-13 կմ հեռավորության վրա, իր առաջին արտասահմանյան ռազմաբազայի շինարարությունը սկսելու մասին: «Աֆրիկյան եղջյուրի եռանկյունը», որտեղ և գտնվում է ոչ այնքան նշանակալի Ջիբութի երկիրը, մի տարածք է, որտեղից վերահսկելի են դառնում և՛ Մերձավոր Արևելքը, և՛ Հյուսիսային Աֆրիկայի մի մասն ու Սուեզի ջրանցքը, և՛ Հնդկական օվկիանոսի արևմտյան մասը: Ինչպես ռուսական ռազմածովային ուժերի անժամկետ, այսինքն, մշտական բազավորումը սիրիական Տարտուսում և ՌԴ-ի ռազմատիեզերական ուժերինը՝ Հմեյմիմում, նշված տարածաշրջանում չինական վերահսկողությունը նշանակում է, որ Պեկինը ոչ թե պարզապես միանում է Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ու Իրանի համատեղ գործողություններին, այդ թվում և հատուկ նշանակության, այլև ուղերձ է հղում միջազգային ընկերակցությանն այն մասին, որ Եվրասիայի այդ մասում ԱՄՆ-ի միահեծան գերիշխանության վերջը կարող է գալ բավական «հանկարծակի»: Չինական Հանչժոուի օդանավակայանում վերջերս տեղի ունեցած միջադեպը, երբ նախագահ Բարաք Օբամայի ինքնաթիռին աստիճաններ չմոտեցրին, և ԱՄՆ-ի նախագահը ստիպված էր ինքնաթիռից իջնել պահեստային ելքով, և երբ ամերիկացիները աղմուկ բարձրացրին, իսկ ի պատասխան չինացի միջին կարգի մի ծառայող նետեց, թե «Սա մեր երկիրն է և մեր օդանավակայանը», միայն լրացուցիչ ընդգծեց, թե որքան թվացյալ է ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի փոխըմբռնումը:

Արդեն Mu-8-ի խփվելուց և հինգ ռուս զինծառայողների զոհվելուց հետո առաջ քաշվեց այն վարկածը, թե այդ կերպ, ճիշտ է, ուրիշի ձեռքով, ԱՄՆ-ը Սիրիայում կարծես «պատերազմ է հայտարարել» ռուսական ՌՏՈՒ-ին: Այո, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների որոնվող աշխատակցուհին, բացահայտորեն Թուրքիայի միջնորդությամբ, շիական գերությունից վերադարձվեց հայրենիք: Սակայն Ռուսաստանին ու Իրանին, ինչպես նաև Չինաստանին (որի հակասություններն ԱՄՆ-ի հետ ամսեամիս ահագնանում են չինական ծովերում) հասկանալի է դարձել, որ Սիրիայի հարցում, ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում մղվող հակաահաբեկչական պայքարում, Վաշինգտոնի հետ որևէ համապարփակ համաձայնության անհնար է հասնել: Այդ պահին նորից իր դերը խաղաց Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով հանկարծ որոշեց հիշեցնել իր և Սիրիայի հարցում «թուրքական մոտեցումների» մասին, ու դժվար է ասել, թե հատկապես ինչ դեր. նա հայտարարեց, թե, իբր, «Վաշինգտոնն ու Մոսկվան էլ են հասկանում Ասադի անհեռանկարայնությունը» ապագայում: Սա սոսկ շաբլոն միտք չէ, դեռ 2013-14 թվականներից եկող, այն նաև բացահայտորեն ուղղված է Սիրիայի հարցում ռուս-իրանական համագործակցության խարխլմանը: Չէ՞ որ Իրանի բարձրագույն ղեկավարությունը հենց միայն ընթացիկ տարվա առաջին կեսին մի 7-8 անգամ պաշտոնապես հավաստել է իր աջակցությունը ոչ միայն Սիրիային ու նրա տարածքային ամբողջականությանը, այլև անձամբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Հենց Էրդողանի հայտարարությունից հետո, ինչպես և 2015-ին՝ ռուսական Սու-24 ինքնաթիռի խփվելուց հետո, Ռուսաստանի իշխանությունները մեկ անգամ ևս բացահայտորեն և՛ ռազմական ուժի, և՛ Իրանի ու Իրաքի հետ իրենց առանձնակի հարաբերությունների ցուցադրման քայլեր են ձեռնարկում: Կասպից ծովից «Калибр-Н» թևավոր հրթիռներով ռազմածովային հարված է հասցվում Սիրիայում գտնվող թիրախներին, ունենալով Իրանի և Իրաքի պաշտոնական թույլտվությունը իրենց օդային տարածքներով հրթիռների թռիչքի վերաբերյալ: Այնուհետև նորից հարվածների համար օգտագործվում են ռուսական ՌՏՈՒ-ի ռազմական ռմբակոծիչները՝ ինչպես անցյալ տարի, օգտվելով Իրանի Համադանի ռազմական օդանավակայանից: Ճիշտ է, ի տարբերություն 2015 թվականի, տեղի է ունենում մի տարօրինակ վիճաբանություն. ռուսական և իրանական կողմերը խոսում են ոչ թե ռազմական ռմբակոծիչների բազավորման, այլ լրալիցքավորման նպատակով Համադանի օգտագործման մասին և այլն: Սակայն աչքի է զարնում այն, որ այս անգամ զանգվածաբար ռմբակոծվում էին ոչ միայն ԻՊ-ի, այլև նախկին «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման դիրքերը, պահեստները, վարժական ճամբարները, ենթակառուցվածքները նաև Ռաքքա քաղաքում ու այդ նահանգի այլ կետերում: «Անսպասելիորեն» հենց այս օրերին, այսպես կոչված, «իրաքյան ավիացիան», որն իրականում գոյություն չունի, հարվածներ է հասցնում ԻՊ-ի Մոսուլում և նրա արվարձաններում գտնվող դիրքերին, իրանցիներն ու իրաքցիները նշում են օդային հարձակումների մեծ արդյունավետությունը և ազդարարում Մոսուլի ազատագրման առաջիկա գործողության մասին: Ահա այստեղ էլ տեղին են մի շարք փորձագետների ենթադրություններն այն մասին, որ Ռուսաստանի ՌՏՈՒ-ի ռազմական ավիացիան «հընթացս» հասցրել է նաև Ռաքքան ռմբակոծել և «օգնել» Մոսուլում «աշխատող» իրաքյան ավիացիային: Այսպես թե այնպես, պարզ է դարձել, որ իրականում «օղակը», ի դեպ ոչ միայն ամերիկյան, այլև Սիրիայում և Իրաքում բրիտանական հատուկջոկատայինների տեղաբաշխման օջախային վայրերի շուրջ, շարունակում է սեղմվել: ՈՒ պատահական չէ, որ օգոստոսի 22-ին անգլո-սաքսերը իրենց ավիացիայի փոխարեն Ռաքքայում «իսլամիստներին ռմբակոծելու» ուղարկեցին... ֆրանսիական ավիացիան: Իբր, Արևմուտքն էլի նույն կերպ «կռվում է ահաբեկիչների դեմ»: Վերջին անգամ Ֆրանսիան Սիրիայի իսլամիստներին հարվածներ էր հասցրել 2015-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ընդ որում` սեպտեմբերին դեռ առանց Ռուսաստանի և Իրանի հետ համաձայնեցնելու:

Ոչ ոք չի շտապում հաղորդել, թե Ֆրանսիայի օգոստոսի 22-ի ավիահարվածներն արդյո՞ք համաձայնեցված են եղել քառակողմ հակաահաբեկչական կոալիցիայի (Ռուսաստան, Իրան, Սիրիա, Իրաք) հետ, բայց պարզ է, որ դա Փարիզին թելադրված է եղել ամերիկացիների կողմից: Այդուամենայնիվ, Հմեյմիմում Ռուսաստանի անժամկետ ավիաբազավորման հաստատումը, Հալեպում դաշնակիցների մարդասիրական գործողությանը Չինաստանի միացումը և Մերձավոր Արևելքին չինական զինված ուժերի առավելագույն մոտիկ բազավորումը, վերջապես, Համադանի իրանական ռազմական օդանավակայանը օգտագործելու նպատակով ՌԴ-ի կրկնական դիմումը (հավելումն դրա՝ Իրանի խոստումը «անհրաժեշտության դեպքում» ռուսներին տրամադրելու նաև այլ բազաներ) սկզբունքորեն նոր ռազմավարական իրադրություն են ստեղծում: Թե ինչպիսիք կլինեն Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի ընթացիկ հետևությունները Թուրքիայի վերաբերմամբ, որը վերստին, ըստ էության, ապացուցեց, որ ինքը սիրիական հարցում «մի շարքում է» ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ, թվում է, կպարզվի շատ ուշ, հաշվի առնելով, որ Մոսկվան ու Թեհրանը որոշակի հույսեր են փայփայում, թե Էրդողանը պետք է որ «շնորհակալ լինի» այն կապակցությամբ, որ ռուսներն ու իրանցիները նախազգուշացրել էին հուլիսին Անկարայում և Ստամբուլում նախապատրաստվող զինված խռովության փորձի մասին: Իսկ ինչ վերաբերում է արևմտյան «կոալիցիային», ապա, հավանաբար, եվրասիական երեք հսկաները կաշխատեն մոտեցնել յուրօրինակ «իքս ժամը»՝ առնվազն Մերձավոր Արևելքի և նրա սահմանակից տարածաշրջանների, այդ թվում` Անդրկովկասի ու Միջին Ասիայի առնչությամբ: Վիթխարի տարածքում հստակ պատկերվում է ռազմաբազաների անհավասարակողմ մի «քառանկյուն»` Տարտուս-Հմեյմիմ-Համադան-Ջիբութի: Այդ «քառանկյանը» Ռուսաստանի ու Իրանի առաջապահ զորամասերի ու զորամիավորումների (հայ-թուրքական և իրանա-թուրքական սահմաններին, Աբխազիայում և Հարավային Օսիայում) բավականաչափ մոտիկության պարագայում դժվար չէ հասկանալ, որ շուտով ռազմական նախաձեռնությունը անդառնալիորեն կթռչի ԱՄՆ-ի ձեռքից: Եվ այդ պատճառով չէ՞, արդյոք, որ լռություն է պահպանվում այն լուրերի շուրջ, թե ամերիկացիները հեռանում են Իզմիրի իրենց բազայից, իսկ Ինջիրլիքի բազայից, կարծես, սկսել են հանել ամերիկյան միջուկային սպառազինությունները:

Նշենք՝ գալիք զարգացումները տեղի կունենան արդեն այն բանից հետո, երբ սիրիական բանակն ու իրանցիները լիովին ազատագրած կլինեն Դամասկոսի Դարայա արվարձանը, այսինքն, իսլամիստների շրջապատման «կաթսաներից» մեկը ոչնչացված կլինի: Հաջողությամբ հետ են մղվել նաև Հալեպի մոտ տեղի ունեցած հակահարձակումները. ահաբեկիչները է՛լ ավելի հեռու են շպրտվել, իսկ շրջապատման մեջ գտնվողները կորցնում են Թուրքիա փախչելու հնարավորությունը:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ