Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մեծ ստորություն է ժողովրդին հասցնել այն վիճակին, որ անկախությունից նահանջել ցանկանա»

«Մեծ ստորություն է ժողովրդին հասցնել այն վիճակին, որ անկախությունից նահանջել ցանկանա»
20.09.2016 | 00:14

Վաղը Հայաստանը նշելու է Անկախության 25-ամյակը։ Ցավոք, առայժմ անկախությունը միայն ձևական ու վերացական գաղափար է մեզ համար։ Այս տարիներին այնքան բան արժեզրկվեց, որ այսօր ամեն ինչ կեղծ ու սին է թվում, ամենուր արմատացած խնդիրներ ունենք։ Անկախության կերտման սկզբում այսպիսի՞ Հայաստան էինք երազում՝ հարցրինք Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ, ով վստահեցրեց, որ անվտանգության առումով Հայաստանը լիարժեքորեն կայացած անկախ պետություն է, քանի որ ունի մարտունակ և ուժեղ բանակ, իսկ ժողովուրդն իրեն ապահով է զգում։


-Սոցիալական, տնտեսական խնդիրները լուծված չեն,- շարունակեց պարոն Արշակյանը։- Այն ժամանակ օրակարգում այդ հարցերն անգամ չկային։ Որպես այդ ժամանակվա իշխանության մաս կազմող մարդ, մեղքի զգացումով կասեմ, որ մեր մտքով չէր անցնում տնտեսությունը ճիշտ կազմակերպել։ Նույնիսկ «սոցիալիստական» անունով կուսակցականներին չէր մտահոգում սոցիալական արդարության հաստատման խնդիրը։ Ցավոք, ԳԽ-ն սոցիալական արդարության, հավասարության ծրագրեր ընդհանրապես չի ունեցել։ Իսկ գո՞հ եմ այսօրվա Հայաստանից, կասեմ՝ մասամբ, որովհետև Հայաստանը դեռևս կիսաանկախ պետություն է։ Մենք անկախացանք ԽՍՀՄ-ից, բայց հայտնվեցինք ԵԱՏՄ-ում։ Տարբերությունը լավ չեմ հասկանում։
-ԵԱՏՄ-ն, ըստ իշխանական քարոզչության, միայն տնտեսական միավոր է։
-ԽՍՀՄ-ում կար ներքին, քաղաքական բռնապետություն, իսկ ԵԱՏՄ-ում ազատվել ենք ռեժիմային ճնշումից, բայց ինքնուրույն որոշում կայացնելու մեր իրավունքը կրկին սահմանափակ է։
-Նշեցիք, որ անկախության սկզբում չունեինք տնտեսության կառուցման տեսլականը։ Գուցե այդ անպատրաստ լինե՞լն էր նաև պատճառը, որ այսօր ունենք բազմաթիվ խնդիրներով պետություն։
-Այո, նաև դա, ինչպես նաև արտաքին ճնշումները, որոնց պատճառով էլ հայտնվեցինք աղքատ երկրների շարքում։ Մեր քաղաքացիներն այսօր ավելի վատ են ապրում, քան Խորհրդային Միության վերջին շրջանում։ Սա շատ վատ ցուցանիշ է, որից տուժում է անկախության գաղափարը։ Մարդիկ պատճառահետևանքային կապ են տեսնում անկախության և վատ ապրելու միջև, այսինքն, եթե անկախ չապրեինք, կաթ և մե՞ղր կհոսեր փողոցներով։ Մեծ ստորություն է ժողովրդին հասցնել այն վիճակին, որ անկախությունից նահանջել ցանկանա։ Սա դավադրություն է ժողովրդի հանդեպ։ Մենք գիտենք նաև, թե ովքեր են այդ դավադիրները։ Նրանք, որ մեր ձեռք ու ոտքից բռնած քարշ են տալիս նոր իմպերիաներ։
-Ի՞նչը պետք է առաջնայնորեն փոխել, որ անկախությունն իր իրական բովանդակությունը ստանա։
-Նախ և առաջ անկախությանը ձգտող, ոչ թե անկախությունը հանձնող իշխանություն պետք է ունենալ։ Մեր ժողովուրդը պետք է ընտրի և ձևավորի ազգային իշխանություն, որից հետո Հայաստանը կունենա լիարժեք անկախություն։
-Հաշվի առնելով այսօրվա վիճակը՝ կարելի՞ է ասել, որ վերջին 25 տարում իշխանություններն անկախությունը «հանձնող» են եղել։
-Մի շրջան կար, երբ անկախությունը նվաճողներ էին։ Դա տևեց, պայմանականորեն ասած, մինչև 1995 թվականը, երբ փորձում էին անկախ պետություն կառուցել։ Դրանից հետո հեղաշրջում տեղի ունեցավ մետրոպոլիայում, սկսեց վերականգնվել Խորհրդային Միությունը։ Ռուսաստանը փոխեց իր քաղաքական կուրսը՝ ցանկանալով վերականգնել գերտերության դիրքերը։ Դրա թիրախներից մեկը դարձավ Հայաստանը։ Ռուսաստանը մեծ ջանքերով մեզանում փորձեց ձևավորել ապազգային իշխանություն։ Այսինքն, ոչ միայն Հայաստանի անկախություն կերտողներն էին անպատրաստ շատ հարցերում, այլև դրսի ուժերը ևս մեծ ճնշումներ էին գործադրում։ Այս ամենի արդյունքում Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը (գրեթե բոլորը) քվեարկեց ԵԱՏՄ-ի օգտին։
-Ի դեպ, ԳԽ-ն և այսօրվա խորհրդարանը երբ համեմատում եք, ի՞նչ եք զգում։
-Ճիշտ այն զգացողությունները, ինչ այն տարիներին, երբ մի քանի հոգի խոսում էր անկախության դեմ։ Հիմա հակառակն է, այսօրվա խորհրդարանում ընդամենը մի քանի պատգամավոր է խոսում հօգուտ անկախության։ Հայոց աշխարհը շուռ է եկել։ Իշխանությունում կան մարդիկ, որ գուցե խոսում են անկախությունից ու պայքարում դրա համար, բայց մեծամասնությունն անկախությանը դեմ է, անկախական չէ։
-Խորհրդարանական ընդդիմության զգալի հատվածը ևս քվեարկեց ԵԱՏՄ-ի օգտին։
-Մեզ մոտ մանիպուլյացիա է։ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ընդդիմությունն ինչի՞ն է դեմ։ Նրանք ոչ թե քաղաքական արժեքներին են դեմ, այլ իրենց գործընկերներին։ Նրանք ընդամենը պաշտոնների համար են պայքարում։ Պետք է նրանց կոչել «պաշտոնադիմություն»։ Նրանց «դեմ» կամ «կողմ» լինելը ո՞ւմ է պետք։ Որոշակի բացառություններով, Հայաստանի իշխանությունը հակաանկախական է։
-Անկախության տարիներին նաև արժեհամակարգային փոփոխություններ եղան։ Սա Ձեզ չի՞ անհանգստացնում։ Սա լավագույնս արտացոլված է խորհրդարանի այսօրվա պատկերում։
-ԳԽ-ի բոլոր պատգամավորները կիրթ էին ու բարեկիրթ, իսկ հիմա տգետ, գռեհիկ ու քրեաօլիգարխիկ զանգված կա իշխանությունում և խորհրդարանում։
-Հասարակությունն ի՞նչ փոփոխության է ենթարկվել 25 տարում։
-Խորհրդային Միությունում քաղաքացիական հասարակություն չկար, դա արգելված էր։ Հայաստանի անկախության սկիզբն ամայի էր, քաղաքական կյանքն ու քաղաքացիական հասարակությունն ամայության մեջ էին, իսկ այժմ քաղաքացիական հասարակությունը լավ զարգացած և ուժեղ է, բայց իշխանափոխություն և արժեհամակարգի փոփոխություն իրականացնելու համար դեռ բավարար ռեսուրս չունի։
-25-ամյա անկախ պետությանն ի՞նչ կմաղթեք։
-Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարի։ Բոլորս պարտավոր ենք գնալ դեպի ազատություն։ Ազատություն՝ մարդու իրավունքների, պետական անկախության շրջանակներում։ Բոլորին կոչ եմ անում պայքարել անձնական և հայրենիքի ազատության համար։ Կեցցե՛ անկախ Հայաստանը։


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2280

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ