Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«21-րդ դարում կա անկախության սերունդը, և նրա առաջ չկան չբացվող դռներ»

«21-րդ դարում կա անկախության սերունդը,  և նրա առաջ չկան չբացվող դռներ»
20.09.2016 | 00:15

«Իրատեսի» հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

-Սիմվոլների հավատո՞ւմ եք:
-Սիմվոլները հարգում են, հավատում են գաղափարներին, տեսակետներին, որոնց համար նաև պայքարում են: Իսկ եթե սիմվոլներին այդքան կարևորում են, թող ուղարկեն Ղարաբաղ, այնտեղ ռեստարտի անհրաժեշտությունն ավելի մեծ է:
-Կա՞ այդպիսի գաղափար, որին հավատում եք, որի համար պետք է պայքարել:
-Ազատությունը, անկախությունը, եղբայրությունը՝ համարյա ֆրանսիական հեղափոխության արժեքների նման:
-Ֆրանսիական հեղափոխությունը 1789-ին էր, մինչև հիմա այդ արժեքներն իրենց չե՞ն սպառել:
-Այդ արժեքները 1789-ից առաջ էլ կային, որի փայլուն դրսևորումը հրեաներին Եգիպտոսից դուրս բերելու պատմությունն է Հին կտակարանում: Բայց, իմ կարծիքով, Աստվածաշունչը ոչ թե պատմության, այլ գաղափարների գիրք է, որով Աստված ասում է՝ փնտրեք ձեր անկախության ճանապարհը, պայքարեք դրա համար, ու ես պատրաստ եմ ձեր առաջ ծովեր ճեղքել, սարեր շրջել, դռներ բացել: Այդպիսի անկախության համար էր, որ զոհվեց իմ եղբայր Վազգենը 1999-ի հոկտեմբերի 27-ին, այդ արժեքների համար սխրանքներ գործեցին և իրենց կյանքը տվեցին մերօրյա հերոսներ Արմենակ ՈՒրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, մյուսները: Այդ գաղափարն է, որ գործում է՝ անկախ ժամանակից: Իսկ արդյո՞ք այսօրվա անկախությունը, որն ունենք, այդ արժեքը ներառում է: Դժվար է գնահատել, որովհետև բևեռները տարբեր են, չափանիշներն ու գնահատականները՝ տարբեր: Իշխանությունը սիմվոլներ է բուծում, իրական մարդիկ պայքարում ու զոհվում են: Անկախությունը, համոզված եմ, միայն դրոշը, զինանշանը, օրհներգը չեն՝ սիմվոլները չեն: Ես նյութապաշտ մարդ չեմ, բայց առանց նյութական ապահովության արժանապատիվ անկախություն ունենալն անհնարին է: Եթե դու նյութապես անկախ չես, անկախության բոլոր հայտանիշները, այդ թվում՝ սիմվոլները, երրորդական-չորրորդական են դառնում: Այս ուղղությամբ պիտի աշխատենք, հիմնական գաղափարները սրան պիտի ծառայեցնենք: Արդյոք նյութական բարեկեցության և կախվածությունից ազատման մեր ընտրած եվրասիականությունը մեզ ավելի կախված չի՞ դարձնում ու չի՞ թուլացնում մեր անկախությունը:
-25 տարիները բավարար ժամանակ չէի՞ն այդ հարցերին պատասխանելու. մենք անընդհատ ելակետ ենք վերադառնում:
-Ոչ միայն բավարար ժամանակ էր, այլև աններելի է, որ այդքան երկար մնացել ենք նույն կետում: Միակ օբյեկտիվ պատճառը կարող է լինել այն, որ պատերազմն ինչ-որ պահի դարձավ ամենակարևորը, բացի զուտ մարդկային ազատություններից, մենք ֆիզիկական անվտանգության խնդիր ունեինք, պարտադրված էինք պատերազմի մեջ մտնել, երբ մնացածն անկարևոր էր դառնում: Բայց պատերազմի ավարտից հետո մենք հետևություններ չարեցինք և չփորձեցինք գնահատել մեր հնարավորություններն ու ունակությունները, չփորձեցինք քաղաքակրթական ընտրություն անել՝ ինչպիսի՞ երկիր ենք ուզում ունենալ:
-Ինչո՞ւ, ժամանա՞կը պակասեց, գիտակցությո՞ւնը չկար:
-Պատերազմից հետո ընտրության խնդիր առաջացավ՝ ոմանք խորհրդային կարոտախտն ընտրեցին, հիմա էլ կան մարդիկ, որ կառավարման համակարգի մոդել են համարում Լուկաշենկոյի ու Նազարբաևի մոդելները: Այս տեսակետները մեզ դարձրին կախյալ այնպիսի երկրներից, որոնք հետադիմական են, որոնց տնտեսությունը նույնպես լուրջ առողջացման խնդիրներ ունի, բայց այդ խնդիրների լուծումն իրենք տեսնում են միայն զենքի վաճառքով, ԽՍՀՄ մոդելի և տարածքների բռնի վերակենդանացմամբ ու բռնակցմամբ: Վերջին տարիներին էլ այդ ուղղությամբ գնալը սկսեցին ներկայացնել որպես անվտանգության ապահովման պարտադրված միջոց, բայց իրականությունը ցույց տվեց, որ այդ ճանապարհը մեր երկրին ոչ միայն պաշտպանական, տնտեսական ու քաղաքական անկախություն չի բերում, այլև օր օրի կորցնում ենք եղածն էլ: Եվ որպես հետևանք՝ իրականությունը շատ է տարբերվում այն տոնական ելույթներից, աստղային համերգներով «անկախությունից», որ բնականաբար ժողովրդի սեփականությունը չի դառնում, իրական տոն չի դառնում, բովանդակություն չի ստանում, որովհետև ձևական է, իմաստը վերածել ենք ճամարտակության:
-Որտե՞ղ ենք կանգ առնելու ու ճանապարհը գտնելու, կարո՞ղ են խորհրդարանական ընտրությունները շրջադարձային դառնալ:
-Ես կարծում եմ՝ ապրիլյան պատերազմն այն կետն էր, ուր կանգ առանք: Կանգ առավ ոչ միայն հասարակության այն շերտը, որ Պուտինին ու Լուկաշենկոյին էր սիրում, նաև՝ Պուտինին ու Լուկաշենկոյին սիրող իշխանությունները: Նրանք հասկացան, որ ականապատ է այն դաշտը, ուր իրենք մտան, հասկացան, որ բոլոր այդ երկրները այլ նյութական շահեր ունեն՝ տեսնելով, թե քառօրյա պատերազմի ժամանակ «հարազատ» Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաևը ինչպես պահեցին իրենց: Ինչպես պահեց իրեն ռազմավարական դաշնակից Ռուսաստանը: Սումգայիթյան լռություն էր նրանց լռությունը: Միայն չորրորդ օրը Կրեմլը խոսեց, այն էլ՝ հօգուտ Բաքվի՝ կասեցնելու հայ զինվորին: Դա զրոյական կետն էր, որից այն կողմ նույն ուղղությամբ քայլեր անելը դավաճանություն է: Ես համոզված եմ, որ դա հասկացած բոլոր քաղաքական ուժերը պիտի միավորվեն, պարտադրված են միավորվել՝ առաջընթացի քայլեր անելու: Համապետական ընտրությունները քաղաքական ճանապարհով լուծում ապահովող միակ միջոցն են, որից միանշանակ օգտվել է պետք: Վաղուց ժամանակն է մեզ համապատասխանող տեղը գտնելու և ճիշտ քաղաքակրթական ընտրություն անելու:
-Ժողովուրդը պատրա՞ստ է այդ լուծմանը:
-Ժողովուրդը փոփոխություններ միշտ է ցանկացել: Հայ ժողովուրդը հետխորհրդային տարածքի ամենահասուն ժողովուրդն է այդ առումով: Պատահական չէր, որ 1988-1989-ին առաջինը մենք ոտքի կանգնեցինք: Նախագահական բոլոր ընտրություններում ժողովուրդը ոտքի է կանգնել այդ փոփոխություններին հասնելու համար:
-Ինչո՞ւ փոփոխություններ չեն լինում:
-Որովհետև ոտքի կանգնելիս ժողովուրդը որոշակի խնդիրներ է ունենում այդ փոփոխությանն իրեն ուղղորդող առաջնորդների հետ, իր սպասելիքներն ու այդ մարդկանց աշխարհաքաղաքական տեսակետները, չարդարացված զգուշավորությունը ¥հիմնականում՝ Ղարաբաղի հարցում¤ Ռուսաստանի հետ այդքան խոր կապերի հետևանքով՝ ավելի վատ տնտեսական վիճակում հայտնվելու վախը նրանց կտրում են իրականությունից: Նախագահի մինչև այս եղած ցանկացած թեկնածու վախեցել է անկախության ճանապարհից, իսկ իրենց հույսի կենտրոն Ռուսաստանը փոփոխություն չի ուզում և ուղղակի պարտադրել է ընդդիմությանը պարտվել՝ ընդդիմության մարտավարությունը իշխանությանը ներկայացնելով, ընդդիմությանը կեղծ խոստումներ տալով, հետո ասելով՝ չկարողացաք ժողովրդին պահել: Այդ կենտրոնն առաջինն է շնորհավորել իշխանությանը՝ շատ դեպքերում անգամ Արևմուտքի գնահատականին հակառակվելու նպատակադրումով: Ես համոզված եմ, որ եթե մեր ժողովուրդը հաղթելու լիներ միայն գործող իշխանությանը, վաղուց արդեն հաղթել էր, բայց մեր դիմաց շատ ավելի հզոր ուժ է կանգնած, որը փոփոխություն չի ուզում, որովհետև վախենում է, որ փոփոխության ալիքը կմտնի նաև իր երկիր: Իսկ այդ ալիքը, ուզեն, թե չուզեն, իրենց երկիր մտնելու է, տա Աստված, որ իրենց փոփոխություն բերողները որպես հաջողված օրինակ ի ցույց դնեն մեզ:
-Հիմա ո՞ւմն է լինելու 21-րդ դարը:
-Միանշանակ՝ մերը: Անկախությունը մեզ տվեց հպարտություն 20-րդ դարում, 21-րդ դարում արդեն կա անկախության սերունդը, և նրա առաջ իսկապես չկան չբացվող դռներ:


Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 3081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ