Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անկախության հետ

Անկախության հետ
20.09.2016 | 00:25

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 25 տարին, որի սկիզբը դրեց 1990-ի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրը: 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հանրաքվեով հաստատեց իր անկախությունը, երբ դեռ կար ԽՍՀՄ-ը: Դեկտեմբերի 8-ին Բելովեժյան թավուտում Ռուսաստանը, ՈՒկրաինան ու Բելառուսը վերջ դրեցին Խորհրդային Միության 1922-ից սկսված պատմությանը: Բելառուսի նախագահը հետո կպատմի. «Մենք 1991-ի դեկտեմբերի 7-ին հավաքվել էինք Վիսկուլներում (Բելովեժյան թավուտ)՝ քննարկելու ՈՒկրաինա և Բելառուս նավթի ու գազի մատակարարումների հարցը»: Բորիս Ելցինը, Ստանիսլավ Շուշկևիչն ու Լեոնիդ Կրավչուկը հարցը լուծեցին՝ անվավեր հայտարարելով ԽՍՀՄ-ը և ստեղծելով ԱՊՀ-ն: Իսկ մենք արդեն անկախ էինք համարում մեզ: Անկախության տնտեսական փորձություններին ավելացավ ռազմականը՝ պատերազմը, որ հաղթական ավարտելով, Ադրբեջանին ոչ թե կապիտուլյացիա պարտադրեցինք, այլ, չգիտես ինչու, զինադադար կնքեցինք՝ Ռուսաստանի միջնորդությամբ:

ՈՒ սկսվեց Հայաստանի ու Ղարաբաղի անկախությանը զուգահեռ պատմությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման, որ պայմանավորեց Հայաստանի երրորդ Հանրապետության ընթացքը: «Ժողովուրդ, պատերազմը դեռ չի ավարտվել»՝ 1999-ին հիշեցնում էր վարչապետ Վազգեն Սարգսյանը: 1999-ի հոկտեմբերի 27-ին տասնամյակը չբոլորած հանրապետությունը ստացավ ամենածանր հարվածը, որից հետո զարգացման վեկտորը միանշանակ շեղվեց հյուսիս, և 20-րդ դարն ավարտեցինք՝ 21-րդ դարում «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագիր կնքելու, տնտեսական հզորությունները Ռուսաստանին նվիրելու կամ վաճառելու գործընթացներում մեզ ինքնահաստատելու համար:

25 տարում Հայաստանն ունեցավ 3 նախագահ, 14 վարչապետ ու կառավարություն, 3 անգամ փոխեց Սահմանադրությունը, անցած տարի պետական կառավարման մոդելի փոփոխությամբ վերադարձավ իր պատմության սկզբին՝ հաստատելով խորհրդարանական կառավարում: Մի քանի օր առաջ նորից վարչապետ փոխվեց, ու անկախության 25-ամյակը Հայաստանը նշելու է կառավարության ժամանակավոր պաշտոնակատար նախարարներով, տնտեսության զարգացման երկփուլ ծրագրին սպասելով, որ նոր վարչապետը պիտի ներկայացնի նախավերջին նստաշրջանը գումարած խորհրդարանին: Քաղաքական ու տնտեսական բոլոր գործընթացներն այսօր 2017-ի ԱԺ ընտրությունների շրջագծում են: Ապրիլյան քառօրյա պատերազմը երկրի առաջ դրեց արտաքին ու ներքին քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը, բայց հարց է, թե ո՞րերորդ կառավարությունն այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկի, որպեսզի 25 տարի առաջ հռչակած տեսական անկախությունը վերջապես դառնա տնտեսական ու քաղաքական:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Պետությունը հաստատուն մեծություն է, անկախությունը՝ անսակարկելի արժեք, սակայն անկախության 25-ամյակին ընդառաջ մայրաքաղաքում բացվում է «Միգրացիայի ուղիներ» լուսանկարչական ցուցահանդես, և փաստը ոչ մեկին չի զարմացնում: Արևելք-Արևմուտք խաչմերուկում Հայաստանը աշխարհաքաղաքական փոփոխություններին փորձում է հարմարվել ոչ թե ձեռքբերումների, այլ ոչինչ չկորցնելու տեսակետից:
Սա պատմություն է ընդամենը քառորդ դարի մասին, որ վկայում է՝ դարը պիտի շարունակվի իր մեկ քառորդի արժեքների վերագնահատությամբ ու պարտադիր փոփոխությամբ՝ հանուն Հայաստանի, որ հայրենիքն է աշխարհասփյուռ տասը միլիոն հայերի:

Դիտվել է՝ 3860

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ