Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սպասումի անգույն գույները

Սպասումի անգույն գույները
20.09.2016 | 00:29

Մարդու կյանքում հանդիպող տարբեր իրավիճակներից ամենադժվարը սպասումն է, որը հավելյալ դժվարացնում է անորոշությունը, դժոխք է դարձնում իրավիճակ փոխելու անկարողությունը: Կան իրավիճակներ, որոնց հանգուցալուծման մեջ սպասումը առանձնահատուկ դեր ունի՝ մարդուն ժամանակ են տալիս հարցերը լուծելու, պարզում են կապերն ու հնարավորությունների մակարդակը, ծանրութեթև են անում իրական կշիռն ու դերը, հետո կայացնում են որոշում: Չի բացառվում, որ ոչինչ հաշվի չի առնվում, որոշումը վաղուց կայացված էր, պիտի հայտարարելու պահը գար: ՀՀ վարչապետը նշանակվեց սեպտեմբերի 13-ին, գործող Սահմանադրությամբ 10-օրյա ժամկետում պետք է կազմավորվի նոր կառավարությունը. սեպտեմբերի 23-ը վերջնաժամկետն է: Սովորաբար, նախ հայտնի են դառնում այն նախարարների անունները, ում նշանակում է նախագահը՝ ԱԳՆ, ՊՆ:

Հետո բլոկ առ բլոկ ստորագրվում են մյուսների հրամանագրերը: Էդվարդ Նալբանդյանի՝ պաշտոնին հրաժեշտ տալու մասին խոսեցին առաջինը, ասում են՝ Վիգեն Սարգսյանը, որ ամենահավանական թեկնածուն էր անվանվում, նախագահականում հավաքել է իրերը, բայց ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում Նալբանդյանը աշխատում է վերանշանակվածի պես՝ հանդիպումներ, այցեր, հիմա էլ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային է մասնակցում, ու եթե հավաքում է ճամպրուկները՝ միայն գործուղումների համար: Ինչո՞ւ պաշտոնանկել ԱԳ նախարարին, եթե կատարել է արտաքին քաղաքական բոլոր հանձնարարականները, իսկ արտաքին քաղաքականության վեկտորն ու քայլերը ինքը չի որոշում: Առավել ևս, որ նրա պաշտոնանկությունը ազդանշան չի լինելու, որ Հայաստանը արտաքին քաղաքականություն է փոխում: Նշանակո՞ւմ է, որ Նալբանդյանը նախորդի պես պաշտոնավարելու է նախագահական երկու ժամկետի չափով: Բոլորովին էլ ոչ:

Պաշտպանության նախարարին «պաշտոնանկեցին» ռուսական լրատվամիջոցները, տեղեկացնելով, որ հոկտեմբերին նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: ՀՀ ՊՆ-ն կոչ արեց լարված տարածաշրջանում զուսպ լինել նման դեպքերում, փաստորեն՝ չհաստատեց, բայց չհերքեց: Մի քանի ղարաբաղցիների անուններ շրջանառվեցին իբրև պաշտպանության նախարարի թեկնածուներ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Սեյրան Օհանյանին փրկօղակ է՝ գլուխն ազատելու բոլոր հարցերից, որ քառօրյա պատերազմից հետո դարձան անխուսափելի ու անհետաձգելի: Բայց ավելի մեծ փորձություն է՝ ելնելով տարածաշրջանում ու Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ծրագրերից: Տարօրինակ չէ՞, որ Հայաստանին այդ պաշտոնը պիտի փոխանցվեր հունվարին, բայց հետո հայտնի դարձավ, որ առարկել էին Բելառուսն ու Ղազախստանը, Ռուսաստանը չէր պնդել: Այսինքն՝ քառօրյա պատերազմից առաջ Մինսկն ու Աստանան «պաշտպանեցի՞ն» ՀԱՊԿ-ը Հայաստանից: Պատահականությո՞ւն է, թե՞ գիտեին Բաքվի ագրեսիայի մասին, որ պիտի սկսվեր ապրիլին:


Նոր կառավարության փոփոխությունների շրջագիծը նեղացնում է նաև ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագիրը: ՀՀԿ խորհրդի նիստում Կարեն Կարապետյանին տրվեցին ամենալայն լիազորություններ, հետո քանիցս նշվեց, որ կառավարության կազմում լինելու են մեծ փոփոխություններ, բայց փաստացի նոր վարչապետի տրամադրության տակ մնում են միայն… կանայք, իսկ նրանք կառավարության «մշտական» ունեն: Տարօրինակ չէ՞, որ ոչ միայն չորեքշաբթի օրը առաջին անգամ խորհրդարան մտած նոր վարչապետին ԱԺ նախագահը չշնորհավորեց ու ավանդական հաջողությունը չմաղթեց, այլև հինգշաբթի օրը նա ինքն իրեն ներկայացրեց կառավարության նիստում՝ ի տարբերություն Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի: Նրանց, թերևս, կարելի էր չներկայացնել, քաղաքական դաշտում նոր մարդիկ չէին, Կարեն Կարապետյանին չներկայացնելը պատասխանն էր ԱԺ-ում նրա հայտարարությունների:

Նույն օրը Կարեն Կարապետյանը խաղաց իր պարտիան՝ ոչ միայն ՀՅԴ-ին, նաև ՀՀԿ-ին ասելով, որ մտադիր չէ սիմվոլիկ սիմվոլ լինել: Առաջին շաբաթը գլորվեց տեղական նշանակության փոխհրաձգության մեջ, նոր նախարարներ ի հայտ չեկան: Իսկ երկուշաբթին, հայտնի է, ծանր օր է:
Գուցե կառավարության կազմը չփոխվեց նաև այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը մեկնեց Բիշքեկ՝ ԱՊՀ գագաթնաժողովին: ԱՊՀ անդամ է նաև Ադրբեջանը: Թվում էր՝ ի՞նչ է պետք, որ Բիշքեկում հանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Պուտինի նախաձեռնությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ կգային ու կդառնար կոնֆլիկտի կարգավորման ճանապարհին ևս մեկ քայլ: Չդարձավ: Պատճառը բանակցային օրակարգն է, որ կողմերը չեն կարողանում համաձայնեցնել: Իլհամ Ալիևը քարացել-մնացել է իր «սուբստանցիոնալ» սահմաններում՝ տվեք մեզ տարածքներ, մենք ձեզ կտանք փախստականներ, բայց ոչ կարգավիճակ, ու դա է վերին արդարությունը, թող կատարվի ալլահի կամքը: Նրա համար հիմա ներքին խնդիրներն առավել կարևոր են՝ Ալիևը նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ (երկու տարով երկարացնում է պաշտոնավարման ժամկետը, փոխնախագահներ է նշանակում, նվազեցնում է նախագահի թեկնածուի տարիքը), որոնց Ղարաբաղի հարցը չպետք է խանգարի՝ միջազգային ասպարեզում լեգիտիմություն ստանալու համար: Ղարաբաղը կամ կստանա, կամ չի ստանա, իշխանությունը կորցնելու իրավունք Իլհամ Ալիևը չունի, նրան հիմա պետք չեն բանակցություններ, եթե չի ստանալու ցանկացածը: Ի տարբերություն Ալիևի՝ և հանրաքվեն, և Սահմանադրության փոփոխությունները, անգամ վարչապետի փոփոխությունը անցյալում թողած՝ Սերժ Սարգսյանը ԱՊՀ նախագահների խորհրդի նիստում ազատ էր հիշեցնել ղարաբաղյան խնդիրը: Նա էլ դիվանագիտորեն հասկացրեց, որ Ալիևին չի դիմում՝ նրան ասելիք ու նրանից լսելիք չունի: «Ես անդրադառնում եմ այս հարցին, քանի որ հենց այստեղ՝ Բիշքեկում է ստորագրվել հրադադարի արձանագրությունը, որը հիմնված էր 1994-ի ապրիլի 15-ի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարության դրույթների վրա: Նուրսուլթան Նազարբաևը վկա է, նա մասնակից է եղել: Այսինքն, ԱՊՀ պետությունները ինչ-որ իմաստով այս անժամկետ համաձայնության իրականացման երաշխավոր են, որն արձանագրում է հակամարտության ամբողջական կարգավորման ձեռքբերման անհրաժեշտությունը բացառապես քաղաքական միջոցներով»,- ասաց ՀՀ նախագահը:

Սա անհրաժեշտ հիշեցում էր, բայց գործնականում անհետևանք: Պատահական չէ, որ խորհրդարանի ընտրություններում երկու ընդդիմադիրի մանդատ տված Ալեքսանդր Լուկաշենկոն գագաթնաժողովից առաջ ասել էր, որ ԱՊՀ-ի «արդյունքները հիասթափեցնում են», թեպետ ԱՊՀ֊ն նշում է 25-ամյակը, Բիշքեկի գագաթնաժողովը հոբելյանական էր: Այնուամենայնիվ, ՀՀ նախագահը հարկ համարեց ԱՊՀ-ի ծերակույտին հիշեցնել ԼՂ հարցում Հայաստանի դիրքորոշումը, որ համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը. «Հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, խելամիտ փոխադարձ փոխզիջումների վրա»: Նա չզլացավ հիշեցնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ ռազմական գործողությունների դադարեցման 1994–1995-ի եռակողմ անժամկետ պայմանավորվածությունների անվերապահ կատարումը, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության հնարավորությունների ընդլայնումը, ու պայման դրեց՝ «պայմանավորվածությունների հետևողական իրագործումը կստեղծի համապատասխան մթնոլորտ բանակցային գործընթացի առաջխաղացման համար»: ՈՒ ի՞նչ: Հայտնի չէ՝ մյուսներն ինչ արձագանքեցին, Իլհամ Ալիևն ասաց. «Հայաստանը ձանձրացրել է միջազգային կառույցներին իր բողոքներով»: Նա հանկարծ հասկացավ, որ իրավիճակը «շատ պարադոքսալ է». «Հայաստանն է, որ օկուպացրել է ինքնիշխան պետության տարածքը, խախտում է տարածքային ամբողջականության սկզբունքը, հետո էլ 20 տարի շարունակ զբաղվում է բանակցային գործընթացի իմիտացիայով: Հայաստանն օգտագործում է Մինսկի խմբի ձևաչափը բանակցություններին անժամկետ բնույթ հաղորդելու համար: Հայերը խաղաղություն չեն ցանկանում, նրանք ուզում են մշտապես պահել մեր տարածքներն իրենց վերահսկողության տակ և Ադրբեջանին մեղադրել ինչ-ինչ խախտումներում: Մենք տուժող կողմն ենք»:

Այս տրտունջը հաստատում է, որ Ալիևը ասելիք չունի ոչ միայն ԱՊՀ-ին, այլև որևէ մեկին:
Անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունը ոչ նոր վարչապետի հայտարարություններն էին, ոչ հին նախագահի, ոչ էլ ՏԻՄ ընտրությունները, որտեղ «հին գայլերը» հաղթեցին «միայնակ գայլին», անկախության տոնի ռազմական շքերթի փորձերն էին: Ժամերով փակված փողոցները, տրանսպորտի ու երթևեկի խառնիճաղանջ զիգզագները մղվեցին հետին պլան, երբ քաղաքում հայտնվեց զինտեխնիկան: Առանձնակի ոգևորություն, սակայն, չկար: Ոչ այն պատճառով, որ անցորդները ռազմական տեխնիկայի տարատեսակների տեխնիկական հզորությունը, եզակիությունը և քաղաքական նշանակությունը չեն հասկանում:

Օդում կախված էր հարցը՝ ապրիլին ո՞ւր էր էս տեխնիկան: Ռուսական մամուլն անմիջապես հարցին պատասխանեց, փորձագիտական մակարդակով բացատրվեց, որ զինտեխնիկայի մեծ մասը Ռուսաստանն է տվել վերջին ամիսներին 200 միլիոն դոլար արտոնյալ վարկով: Որ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որ ունի «Իսկանդեր»՝ մերձավոր դաշնակցի համար բացառություն է արվել: Ճիշտ է՝ հարվածի առավելագույն հեռավորությունը 500 կմ-ից իջեցվել է 280-300-ի, ավելի հեռու թռչող հրթիռների արտահանումը արգելված է միջազգային պայմանագրերով: Բացատրվեց, որ Հայաստանի համար 300 կմ հեռահարությունը բավարար է խոցելու ցանկացած նպատակակետ հավանական թշնամու՝ Ադրբեջանի տարածքում: Շեշտվեց, որ «Իսկանդերը» հայկական կողմի համար դամոկլյան սուր է Ադրբեջանի գլխին՝ լայնամասշտաբ պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է հանգեցնել առանցքային շտաբների կարևորագույն ինֆրակառուցվածքների ոչնչացման, այդ թվում՝ նավթագազային: Որ Հայաստանին «Իսկանդերի» մատակարարումը խաղաղապահ առաքելություն ունի՝ նվազեցնում է նոր պատերազմի հավանականությունը: Բացի «Իսկանդերից», որ գնվել է, 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկի շրջանակներում, Հայաստանին մատակարարվել են «Սմերչներ», «Բուկեր», ռադիոէլեկտրոնային պայքարի «Ինֆաունա» համակարգեր և P325Y-ներ, TOC-1A «Солнцепек» ռեակտիվ համակարգեր, «Автобаза-М» պասիվ ռադիոտեխնիկական հետախուզության համակարգ: Հարց՝ ի՞նչ նպատակով էր ՌԴ-ն միակողմանի խախտել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը:

Ադրբեջանին հարձակողական գերժամանակակից տեխնիկայով զինելու նպատակը «բիզնե՞սն» էր, թե՞ Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական լուծման բանալի տալը, որը չաշխատեց: Ի՞նչ երաշխիք, որ թվարկված զինտեխնիկայից, որ իբր խաղաղապահ առաքելություն ունի, Ռուսաստանը չի վաճառելու Բաքվին: Որ Հայաստանի տարածքում նման զինտեխնիկայի կուտակումը սպասարկում է Հայաստանի, այլ ոչ Ռուսաստանի տարածաշրջանային ռազմական շահերը: Եթե զենքը գնվում է վարկով, ինչո՞ւ այլ երկրից չի գնվում՝ դիվերսիֆիկացնելով զինատեսակներն ու ազատվելով ՌԴ-ի պարտադրած «ուժերի հավասարակշռությունից», հետևաբար Ղարաբաղում պատերազմ հրահրելու ու կասեցնելու սեփական շահի սպասարկման հնարավորությունները կրճատելով:

Ե՞րբ է ստորագրվելու ԼՂՀ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրը: Այս ամբողջ տեխնիկան Հայաստանի համար է, իսկ Ղարաբա՞ղը: Թե՞ Ղարաբաղը պաշտպանվում է միայն պաշտոնյաներ Հայաստան արտահանելով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. ՈՒ ի՞նչ: Սպասեք, սպասումն անգույն է, գաղջագույն է դառնում, երբ ձեր սպասելիքները չեն իրականանում, վարդագույն երբ կատարվում են: Նկարիչը գիտի գույնն ու ներկելու ճիշտ ժամանակը: Գույները փոխվում են նկարչի փոփոխությամբ:
Ամեն ինչ ունի իր ժամանակը, երբեմն միայն չի հերիքում կյանքը:

Դիտվել է՝ 2057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ