Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Անցումային հոգեվարքի 25-րդ տարեդարձը

Անցումային հոգեվարքի 25-րդ տարեդարձը
20.09.2016 | 00:37

ՀՀ 13-րդ վարչապետը հեռացավ կառավարական տնից սեգ ճակատը դեպի լյառն Արարատ: Խոհուն էր տիար Աբրահամյանի պատգամը՝ նախ հայությանը, ապա իշխանությանը և վերջապես Արարատ, Աժդահակ և Նեմրութ լեռներին. «Չնայած ամենօրյա աշխատանքով և սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը, մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք...»: Հուռռա՜, Արգամիչ, թող Արարատյան դաշտավայրը կենաց ալիքներով զովացնող քո լճերի ձկները ձվադրեն ողջ տարին և թող ազնվական արյուն-քրտինքով մշակածդ պոմիդորն ու տաքդեղը լիացնեն Հարավային Ամերիկայի մարկետ-մոլերը, քանի որ խոսքդ ՀՀ լայնք-երկայնքի և՛ երեսն էր, և՛ դարձերեսը:

Իսկ երեք օր անց երկիրը սեղան է նստելու Նահապետի վեհությամբ, բայց թափառաշրջիկի հանդերձանքով և նշելու է յուր 25-ամյա տարեդարձը:

25-ԱՄՅԱ ԱՆՑՈՒՄԻ ՏԱՐԵԳԻՐՔԸ

(պորտալարի քարկապը)

Անկախ պետականության փրկագինը այդպես էլ չվճարեցին ո՛չ իշխանությունները, ո՛չ էլ ընդդիմությունը: Ո՛չ ՀՀՇ-ն և ՀՀԿ-ն, ո՛չ ԱԻՄ-ը, ո՛չ էլ Հո-Հի-Դա-ն, ո՛չ Պարույրը, ո՛չ էլ Րաֆֆին, նմանապես Շմայսը, Գալուստն ու Մանվելը, Բագրատյանն ու Վանոն և մյուսները (այստեղ հիշելի են նաև Խոսրովը, Գեղամյանը, Հրանուշն ու Արփինեն) սնեցին օլիգարխիատին, ծնեցին աղանդավորացը, ձեռք մեկնեցին ԼԳՏԲ-իզմին, Էռնեկյանին ու այլքին:

Անսասան արիությամբ սահմանագլխի հայ զինվորը (պաղատում եմ՝ գլխի գցեք) երեկ և այսօր ի՞նչն է պաշտպանում. բռնազավթված տնտեսությո՞ւնը, քաղաքական բիզնեսի դղյակնե՞րը, պետբյուջեն թլպատող ներքինի բյուրոկրատիայի՞ն, ի՞նչը վերջապես: Եվ հանուն ինչի: Ելքը մեկն է. նորանկախական այս անվերջ պորտապարի տարեգրքի հերոսները անհապաղ պետք է արտագաղթեն՝ հետները վերցնելով մեկական ներքնակ, բազմաթիվ կուստոմսերը և երկրի անեծքը: Ամեն:

Անսասան անասնականությամբ անցումային շրջանը վերածվել է դարաշրջանի: Դարաշրջանն էլ կարդում է իր դատավճիռը՝ անհնար է լինել երկիր ինքնուրույն կամ հայրենիք ազատ-անկախ, երբ պետությունը կողոպտվում է պետության ծառայողի վավաշոտ ձեռքով, երբ գեներալի միայն խոհանոցի կահ-կարասիի գնով հնարավոր է մարդավայել զինել-սնել ամբողջ մի գունդ:

Անսասան արիությամբ պաշտպանված անցումային հանրապետության սահմանագլուխ սրբատաշ հայրաքաղաք Կումայրիում որբևայրի տնակներ կան անհամար, բայց պատվարժան ու շենշող այս քաղաքի մեծատունները չզորեցին ապահովել 1 առյուծի, 2 արջի գոյությունը: Ողբամ զձեզ, Կումայրու իշխանիկներ բազմադեմ:

Պետությունը մինչ օրս իշխանությունն է: Մարդն աշխարհի քաղաքացի է, որտեղ նրան հարմար է, այնտեղ էլ գնում-ապրում է: (Պերմի ահարկու զնդաններում հարգելի այլախոհներ, դուք ա՞յս Հայաստանն էիք երազում, և արդյոք Աշոտի և Պարույրի, Ազատի ու այլոց հետ ծրագրում էիք վերադառնալ քաղգաղութներից, կառավարել անկախ-ազատ-ինքնիշխան Հայաստանն այնպես, որ այն դեռ անկախ՝ իր դրոշով և բանակով և ազատ՝ յուր օրհներգով ու բանկերով՝ ինքնագաղութացվի՞):

Անսասան արիությամբ արդեն ասպարեզ է իջնում 25-ամյա անկախ պետականության վսեմ արգասիք քաղաքա-քրեական դասակարգի ժառանգորդ սերունդը: Սա առավել կոկված է պետականաքերթման գործընթացներում, զի եվրահամալսարանում է յուրացրել հայրենադավության այբն ու բենը: Հաջորդ 25-ամյակը արդյո՞ք նրանցն է: Եվ մի՞թե անսասան արիությամբ Ազատամարտի նոր սերունդը կպաշտպանի արդեն դրանց գերգողոնը: Հայոց սերմը կենսաբեր է, բայց արդյո՞ք նա անվերջ նոր Ռոբերտ Աբաջյան և Ադամ Սահակյան, Արմենակ ՈՒրֆանյան ու այլ (պայծառահիշատակ և Ավարայրի պատգամը սրտում) ասպետներ կմատաղի անցումային փուլի պիղծ որոմի պահպանությանը:

«ԷՐԻՎԱՆՍԿԻ ԳՈՒԲԵՐՆԻԱՅԻ» ՄԱՀՆ ՈՒ ԶԱՐԹՈՆՔԸ

(քարկապը բացվում է)

Մարգարտատող պոետ (խենթ ու վսեմ հոգի) Սարդարյանը Ռոմիկ ահա թե ինչ է քառատողել ժամանակին.

Ձկան աչքեր, նռան հատ

ՈՒ դեղնամոմ մի հատիկ:

-Այդ իմ հայացքն է վհատ

Մենախցի հին պատին:

Մենախուցը պետությունն է, պետությունը՝ արդեն նահա՞նգ: Նոր վարչապետը Ռուսիո պատվիրա՞կն է: Հավանաբար: Եվ գուցե հենց նա՞ է այսօր չէ, վաղը կառավարելու երկիրը Մոսկովից իջնող հրահանգ-պատվիրաններով:

Տիար Կարեն, տեր և տիկնայք հանրապետականնե՛ր, խաղադրույքները սահմանված են, դրամագլուխը հաստատված: Արդ, պաղատում եմ, բացեք ձեր խաղաքարտերն ու մտքով արի, սրտով էլ բարի հստակեցրեք հետևյալ հոգեշահ առեղծվածները...

Մինչև 2017 թվականի գարունը՝

-արդյո՞ք պահպանվելու են գազի, շաքարավազի և այլնի մենաշնորհները,

-մի՞թե ՀԷՑ-ը չի վերադառնալու իր տոհմական-հայրական օջախ, այսինքն՝ մի՞թե չի ազգայնացվելու,

-նմանապես, ինչո՞ւ չազգայնացնել Հայաստանի հանքերն ու լճերը, կարմիր գծերն ու արագաչափերը, ի վերջո՝ ԱԺ-ն,

-մեծարգո հանրապետականներ և հանրապետականուհիներ, գուցե անցնենք երկկուսակցական քաղաքական համակարգի՞, հավատացնում եմ, որ սա ոչ միայն խիստ պետականաշահ, այլև բավականին զվարճալի զբաղմունք է, զի ՀՀԿ-ի շուրջ կհամախմբվեն ՀՅԴ-ն և «Բարգավաճը», Նիկոլն ու Զարուհի-Չարուհին, այսինքն՝ կձևավորվի աջ ազգայնական-արմատական դաշինքը: Ձախ կողմում ի մի կգան ԱԻՄ-ը, առհասարակ՝ ողջ «ջանգյուլումային ընդդիմությունը»,

-տիար և տիկնայք հանրապետականներ, և հարգարժան վարչապետ Կարեն Կարապետյան, թախանձում եմ, պաղատում, հուզավառվում և սպասում, որ Ձեր ուշադրության կենտրոնում վավերացնեք հայ ազգային մշակույթը, գրականությունը, արվեստն ու կերպարվեստը. նախ մշակույթի նախարարությունը ազատագրելով բիզնես-լեդի Պողոսյանից Հասմիկ, այնուհետև, թեկուզ հենվելով խորհրդային փորձի վրա, հեղեղեք մշակույթի ոլորտը ֆինանսական հոսքերով և կշահեք մեծապես: Ի դեպ՝ պատմության մեջ ոսկե տառերով արծաթե սալերին դաջվել են հատկապես մշակույթն ու արվեստը հովանավորող մեծահարուստների և կառավարիչների անունները: Հառա՜ջ դեպի մշակութակենտրոն Հայաստան: Ի դեպ, մշակութակենտրոն Հայաստանի Երևան քաղաքամայրը ապշահար հիացմունքով է նշում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձը: Հալաբյան փողոցի սկզբի քարոզչական հսկա պաստառն ավետում է՝ «Մեր եռագույն հաղթանակը»: Եռագույն հաղթանակի խորհրդանիշներն են «Բելառուս» մակնիշի կարմիր, կապույտ, նարնջագույն տրակտորները:

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ

Ներքաղաքական փասիանսի անզուգական խաղարկող, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ Կարենի հետ, արժանապատիվ Կարապետյան տոհմից, հիմնարար փոփոխությունների հույս է կապել: Ինչ խոսք, Կարեն Կարապետյանի ուսերին ծանրանում է որքան բարդ ու թշնամական, նույնքան էլ օրհներգի վեհություն ունեցող մի ահարկու բեռ:

Հարգարժան արգո, մեծապատիվ և այլն հանրապետականներ և վարչապետ, պատվով տարեք այդ բեռը և գտեք ձեր քաղաքական հենարանը, այն է՝

-ՓՄՁ ողջ տիրույթը,

-դեռևս պահպանված հայ աշխատավորությունը գյուղերում և քաղաքներում,

-շուրջ 1 մլն ակամա արտագաղթյալները,

-ստեղծագործական միությունները և գիտությունների ազգային ակադեմիան,

-կենսաթոշակառուներն ու գործազուրկները, և այլն:

Լերուք ողջ:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ