Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ծանոթ անծանոթ Կոթիկյանը

Ծանոթ անծանոթ Կոթիկյանը
20.09.2016 | 00:45

Բոլորեց հայ մշակույթի անվանի գործիչ Արման Կոթիկյանի ծննդյան 120-ամյակը: 1968 թվականի հոկտեմբերի 2-ին ֆիզիկապես մեզ հրաժեշտ տված Կոթիկյանը ավագ սերնդի համար մնում է ոչ միայն փայլուն դերասան, այլև բանաստեղծ, թարգմանիչ, ինչ-որ տեղ նաև իրավաբան՝ ունենալով իրավաբանական բարձրագույն կրթություն: Նրա դուստր Սեդայի պատմելով` Կոթիկյանն իր մեջ ավելի շատ գնահատել է պոետին ու թարգմանչին: Եվ սա ասել է Փարիզում Հայ ժողովրդական թատրոն հիմնած ու պահած դերասանը, ՀԽՍՀ Ժողովրդական արտիստը: Սա հենց այն է, որ ներկա սերունդը ծանոթ չէ. «Խութեցի Հովնան», «Մխացող շուշաններ», «Ակոսներում» ժողովածուներում բանաստեղծ Կոթիկյանն է՝ իր քնարերգությամբ, Հայոց ցեղասպանությունն ապրածի գերդաստանից փրկված ու հայի ճակատագրի մասին իր հուզախառն բանաստեղծական պատումներով: Կոթիկյանի թարգմանչական վերջին գործը՝ նրա գրական գործերի տաշտաքերը, Հյուգոյի պոեզիայի տարբեր ժողովածուներից ընտրանի գիրքն էր, որ, ավաղ, չհասցրեց հրատարակել: Ես հիմա շատ ուրախ եմ, որ այդ գործի վկան ու ինչ-որ տեղ նաև աջակցողը եղա Սեդային, ում կյանքի գործն էր դարձել հայրիկի գրքի հրատարակումը:

Ի վերջո, մի քանի տարի առաջ նա կարողացավ իրականացնել իր որդիական պարտքը: Այն ժամանակվա Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը նախանձախնդիր վերաբերմունք ցուցաբերեց ու հրատարակեց այդ գիրքը: Սեդան մի հոյակապ առաջաբան գրեց՝ զավակի խոնարհումով, պարտքի խոր գիտակցումով: Առայժմ` թարգմանությունները: Հետո, անշուշտ, հերթը կգա Կոթիկյանի քնարերգությանը` գունեղ մի աշխարհ` կյանքի դժվարին ճանապարհ անցած մարդու խոհերով, լուսավոր պատկերներով, անթեղված հիշողություններով, աշխարհի ու մարդկանց վրա միայն բարի հայացք ունենալու իր ցանկությունը որպես հորդոր ընթերցողին ներկայացրած:


Սակայն ներկա սերնդի համար Կոթիկյանը հիշվում է առավելապես «Տժվժիկ», «Կարինե», «Նվագախմբի տղաները» ֆիլմերում կերպավորած դերերով: Փառք Աստծո, ռադիոյի ոսկի ֆոնդում պահպանվում են դասականների շատ գործերից Կոթիկյանի ընթերցումները, որոնք, շնորհիվ գրական բաժնի աշխատողների նախանձախնդիր վերաբերմունքի, պարբերաբար հնչում են եթերում:


Սեդան, որ հիմա միայնակ ապրում է հայ արվեստի մեծամեծների երբեմնի այցելությունների սիրված վայր այդ տանը, իր ասելով՝ «յուրատեսակ մի հուշատուն-թանգարանի տիրուհի է՝ ծնողների փառավոր անցյալի հիշողության պահապանը»:
Ի՜նչ հարուստ, ի՜նչ շքեղ ու ծաղկուն էր հայ արվեստի մեծամեծների աշխարհը, ի՜նչ հմայք էր ճառագում նրանց մարդկային կերպարից, նրանց պահվածքից: Օրինակելու էր (ու-ն տառասխալ չհամարեք) նրանց պահվածքը, ձգող, գերող էր նրանց միջավայրը, և այդ միջավայրում պարզապես ներկա լինելն անգամ մեծերի արվեստի երկրպագուներիս համար հրաշալի առիթ էր ու տոն, խնդություն էր ու ոգեղենին հաղորդակցվելու փառահեղ միջոց:
Արման Կոթիկյանը դերասանական այդ աստղաբույլում նկատելի էր ամեն առումով` հագ ու կապով մշտապես կոկիկ, պահվածքով` չափած-ձևված, մոտեցումով` անմիջական: ՈՒ ժպի՜տը, Կոթիկյանի՜ ժպիտը: Անգամ նորեկն այդ միջավայրում մի տեսակ խրախուսվում, կաշկանդվածությունից մեկեն ազատվում էր նրա այդ ժպտուն, բարի դեմքի արտահայտությունից: Նրա այդ ժպիտը յուրատեսակ մի այցետոմս էր նորեկի համար, բոլոր նրանց համար, ովքեր մեծամեծների այդ միջավայրում, բնական է, նրանց նկատմամբ ակնածանքից եկող ամաչկոտություն ունեին: Կոթիկյանի հետ անմիջական մոտիկություն պահելու զուտ մարդկային ցանկությունը նրա հետ կրկին ու կրկին հանդիպելու պահանջ էր բերում` դարձյալ ու դարձյալ հաղորդվելու հարուստ ներաշխարհի տեր այդ հմայիչ մարդու հետ:

Ահա այս նույն զգացումն էի ապրում ես ինձ բաժին հասած այն քիչ, շատ քիչ առիթների պահերին, երբ Կոթիկյանի հետ ունեցած այն ժամանակվա ուսանողիս հանդիպումներին ամեն հնարով փորձում էի, որ երկարեն խորագետ ու բանիմաց այդ հմայիչ մարդու հետ հաղորդվելու պահերը, որ նրանից եկող ոգեղեն սնունդը հորդար ու անվերջ հորդար:
Դպիրներին ձոնած իր մի բանաստեղծության մեջ Կոթիկյանը շատ գեղեցիկ է բնութագրում այն սպասելիքը, որ մարդ կարող է ստանալ գրի մշակներից, ովքեր մեր հին փառքերն ու անսպառ գանձերն են բերում մեզ.
Դեմքերը նախնի պապերիս
Տեսնում եմ և վեհ, և խռով.
Դպիրներ՝ նստած քրտնաթոր
Բերում են փառքերը մեր հին,
Անսպառ գանձերը բոլոր:
Դպիրներ տրտում, վշտակիր,
Դպրության հայրեր խանդակաթ,
Ցնցուղեք ձեր լույսը բարի
Իմ հոգուն որպես արեգակ,
Երգերիս ծիլը երկարի՝
ՈՒռճանամ ձեր շողերի տակ:


Կոթիկյանի մարդկային կերպարը բնութագրող շատ պատմություններ է հիշում Սեդան: Դրանք մի հոդվածի չէ, ծավալուն գրքի նյութ են: Միայն մեկ-երկու դրվագ ներկայացնեմ:
Ամեն Նոր տարի, հունվարի 1-ին, Կոթիկյանը մշտական պարտադիր այցելություններ ուներ: Նախ գնում էր շնորհավորելու Ավետիք Իսահակյանին, Մարտիրոս Սարյանին: Հետո արդեն նրան անհամբեր սպասում էին Վարդան Աճեմյանի տանը, ուր հավաքվում էին բոլոր դերասանները: Կոթիկյանը միշտ աչքի է ընկել իր հետաքրքիր պատմություններով, հումորով, սեղանակիցներին զբաղեցնելու շնորհքով: Դերասանները բնավ էլ չէին չափազանցում, երբ ասում էին, թե Աճեմյանի տանն այնքան էին սպասում, մինչև Կոթիկյանը գար և իր հետաքրքիր պատմություններով աշխուժություն բերեր տոնական սեղանին:


Կոթիկյանի համար մեծ հեղինակություն էր Հակոբ Պարոնյանը: Հրաշալի տիրապետելով արևմտահայերենին՝ նա Պարոնյանի գործերից ռադիոբեմադրություններ պատրաստեց, ուր ինքը և՛ որպես ռեժիսոր, և՛ որպես դերասան էր հանդես գալիս: Սակայն Պարոնյանի հետ կապված նկատելի գործը, որ արեց Կոթիկյանը, «Դրամօժիտ» անավարտ պիեսը կյանքի կոչելն էր: Հայտնի է, որ Պարոնյանի այդ պիեսում երկու գործողությունն է միայն գրված: Եվ գրված է նաև, թե ինչ ավարտ պիտի ունենա երրորդ` եզրափակիչ գործողությունը: Կոթիկյանը, հավատարիմ մնալով Պարոնյանի նախատեսած ավարտին, ինքն է գրում երրորդ գործողությունը և արդեն ավարտուն պիեսն իր ընթերցմամբ ներկայացնում թատրոնի գիտխորհուրդ: Այնքա՜ն համահունչ է գրված լինում, այնքա՜ն հարազատ պարոնյանական գրչին, որ ընթերցման ավարտին դերասանները հարցնում են. «Պարոն Կոթիկյան, մենք չզգացինք, Դո՛ւք ասացեք, թե մինչև որ մասն էր գրել Պարոնյանը»: Թիֆլիսի հայկական թատրոնը երկու տարի շարունակ բեմադրում էր «Դրամօժիտը»:


…ՈՒսանող էինք, գրողներն ու դերասանները՝ մեզ համար անհասանելի, նրանց գործերը` մեզ համար բարձատակի գիրք: Ի՜նչ երկյուղածությամբ, ի՜նչ ակնածանքով էինք մոտենում գրողների տանը` սպասելով, որ մի գրող ներս մտնի կամ դուրս գա, մոտենանք, բարևենք, մի երկու բան հարցնելու, պատասխանը լսելու հաճույքն ապրենք: Այդ նույն զգացումով չե՞նք գնում թատրոն ու հետո ծառայողական մուտքի մոտ խմբվում, որ առիթ լինի մեր սիրելի դերասաններին դեմ առ դեմ բարևելու, նրանցից մի ժպիտ կորզելու, մի մակագրություն խնդրելու՝ անգամ թատրոնի տոմսակի վրա:
Արման Կոթիկյանն իմ հավաքած այդ մասունքների մեջ իր մեծ, շատ մեծ տեղն ունի:


Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1760

Մեկնաբանություններ