Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ապրելու մեր մշակույթը

Ապրելու մեր մշակույթը
23.09.2016 | 00:18

Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձան կառավարության նոր անդամները:
21-ին՝ Անկախության օրվա գլխավոր իրադարձությունը դարձավ ռազմական շքերթը:
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին ցուցադրված ողջ զինտեխնիկան ՀՀ Զինված ուժերինն է. «Հայաստանի Հանրապետության անկախության պատմության ընթացքում եղած զորահանդեսներում ցուցադրվել են միայն ու միայն հայկական Զինված ուժերի կազմում եղած սպառազինությունները»: Հանրապետության հրապարակում Անկախության 25-ամյակի ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվեցին հակատանկային ինքնագնաց կայաններ, թնդանոթներ, «Գրադ», «Թայֆուն», WM 80, «Սմերչ», «Կոնկուրս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Տոչկա ՈՒ», «Սքադ» տակտիկական հրթիռային համալիրները, «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը։
ՀՕՊ ուժերը ներկայացված էին հայկական ձեռնարկություններում արդիականացված «Օսա-ԱԿ(Մ)» համալիրներով, «Ս 125», «Ստրելա 10», «Բուկ» զենիթահրթիռային արդիականացված համալիրներով, Ս-300 հրթիռային համալիրներով, որոնք հարմարեցված են լեռնային տեղանքին։ Մի քանի ժամից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհրդակցության հրավիրեց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին ու հանձնարարեց ուժեղացնել հետախուզությունը, «թշնամու կողմից վերահսկվող տարածքում նոր թիրախների հայտնաբերման, կարևորության հստակեցման և ոչնչացման հերթականությունը որոշելու համար»: Փաստորեն՝ շքերթը թիրախը խոցել էր, հետևանքները կանխատեսելի են ու անկանխատեսելի: Շքերթում պարզվեց, որ Հայաստանն ունի աշխարհի միակ «մշակութային» «Իսկանդերը», ադրբեջանցիները երկար հայերենից թարգմանելու են այդ բառը, որ պարզեն «մշակութայինի» ռազմական կարողությունները:

Թերևս «մարտավարականի» փոխարեն հնչած «մշակութայինը» լեզվի սայթաքում չէր: Պատահական ոչինչ աշխարհում չի լինում: Մեր «Իսկանդերը» իրոք մշակութային է, որովհետև պաշտպանելու է ապրելու մեր մշակույթը՝ գլուխկոտրուկ առաջինը մեզ համար, գլխացավանք՝ մեր բարեկամների, ու գլխագին՝ հակառակորդների համար: Որ մենք բանականության հետ խնդիրներ ունենք, ոչ մեկին չես զարմացնի՝ ստեպ-ստեպ բոլորն են նման խնդիրներ ունենում: Որ մենք բանականության հետ կապված խնդիրները լուծում ենք սրտի թելադրանքով ու հոգու պահանջով, նորից ոչ մեկին չես զարմացնի՝ տարածաշրջանում մենք ամենականխատեսելի «անկանխատեսելի» պետությունն ենք: Ապրելու մեր մշակույթը չի տրվում բանականության, բայց միշտ գերճշգրիտ է ու գերազնիվ՝ մենք խաբվել գիտենք, խաբել՝ ոչ: Չի տրվում նաև բացատրության՝ հաստատ գիտենք, թե ինչ չպիտի անենք, ու հենց դա ենք անում, ինչ պիտի անենք, ու հենց դա չենք անում: Ժամանակին ասվում էր. «Մեր ուժը մեր բառադիությունն է»: Ընկալվում էր՝ քանի ուժեղ էինք, թուլացանք՝ մոռացվեց: Բայց ասողին հիշում ենք ու մեզնից ոմանք ակնկալում են, որ նա վերադառնա: Կվերադառնա՞ Վանո Սիրադեղյանը Հայաստան: Երկու «եթե» կա: Եթե թողնեն և եթե ցանկանա: Եթե թողնեն ու եթե ցանկանա, ի՞նչ Հայաստան է նա գտնելու իր «մանրամասն սիրելու հայրենիքում»՝ այսքան երկար ինքն էլ հեռվից հեռու սիրելուց հետո: Ի՞նչ է Հայաստանը գտնելու, եթե վերադարձավ իր սքանչելի գրող, հետո նախարար, հետո քաղաքագլուխ, հետո մեղադրյալ զավակը, ում կակազ լեզուն բացվեց միտինգներում, երբ անկախության շեփորն էր ազգահավաքի սիմվոլը: Ժամանակները փոխվում են ու փոխվում են սիմվոլները: Ապրելու մեր մշակույթը հիմա նոր գրեր է փորձարկում ու դեռ չգիտի՝ ի՞նչ է վաղը կարդալու իր գրածներից: Բայց որքանո՞վ են նոր այդ գրերը: Չի՞ անցնում մեր կյանքը դեժավյուի կարուսելում, երբ ամեն նոր ձիուկի հետ մեզ երևակայում ենք նոր կարուսելի մեջ: Տիգրան Սարգսյանի գիտական ու տեսական «բարենորոգումները»՝ օծված Ներսես Շնորհալու տաղերով, Հովիկ Աբրահամյանի ռեֆորմները՝ գործնական ու խոստումնալից՝ տնտեսական աճով ու ամեն հինգշաբթի Հանրապետության հրապարակում հավաքվող բողոքարկուներով հանգեցրին վարչապետ նշանակվելու հաջորդ օրը Ազգային ժողովում Կարեն Կարապետյանի «Վիճակը շատ ծանր է» բնորոշմանը:

Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխա՞լ է: Բայց դա հայտնի էր աշխարհի սկզբից:
Սեպտեմբերի 20-ին նշանակվեցին վեց նախարարներ՝ երկու հին և չորս նոր:
Վաչե Գաբրիելյանը մնաց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար: Դավիթ Հարությունյանը մնաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Աշոտ Մանուկյանը նշանակվեց էներգետիկայի և բնական պաշարների, Իգնատի Առաքելյանը՝ գյուղատնտեսության, Վահան Մարտիրոսյանը՝ տրանսպորտի և կապի, Վարդան Արամյանը՝ ֆինանսների նախարար: Նախարարական պորտֆելներին հրաժեշտ տվեցին Լևոն Յոլյանը, Սերգո Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանը:


Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանին փոխարինեց Ալեքսան Հարությունյանը: Արգենտինան, ՈՒրուգվայը, Պերուն, Չիլին մնացին անդեսպան:
Տարիներով անփոփոխ ու անփոխարինելի նախարարներին քննադատող քաղաքական ուժերը և նրանց երկրորդող-երրորդող լրատվամիջոցները հիմա էլ սկսեցին տագնապ ապրել նոր ու անհայտ նախարարների համար, կասկած հայտնելով, որ նոր վարչապետն ազատվում է հին վարչապետի նախարարներից: Կա տարբերակ՝ թող միաժամանակ մեկ նախարարությունը ղեկավարեն հին ու նոր նախարարները՝ ինչո՞վ ուսանելի փորձ չէ ու չի կարող Հայաստանում փորձարկվել՝ Հայաստանը վաղուց է փորձադաշտ: Ի վերջո, չգրված ավանդույթ է, որը, սակայն, ամենակայունն ու անփոփոխն է դարձել, կառավարությունից մինչև համատիրություն՝ նոր պետը բերում է իր մարդկանց՝ անկախ պետական ծառայողների պրոֆեսիոնալ ունակությունների ու մարդկային որակների մակարդակից: Եթե նախկինում չի վիճարկվել, որ «Պետական ծառայողի մասին» օրենքը չի գործում, ինչո՞ւ է հիմա վիճարկվում, երբ նոր վարչապետին պատասխանատու հանձնարարություններ և գործելու ազատություն է տրվել: Պարզվեց՝ կառավարության նոր անդամներն ընտրվել են պրոֆեսիոնալիզմի համար, նրանք վարչապետի թիմակիցներն են: Կարեն Կարապետյանն ասաց, որ նախարարների փոփոխությամբ ոչ թե ազատվում է Հովիկ Աբրահամյանի կադրերից, այլ երկրում խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ են փոփոխություններ: «Նրանց կենսագրությունը բոլորին հայտնի է, նրանք իմ թիմակիցներն են և ընտրվել են իրենց պրոֆեսիոնալիզմի համար: Նոր նախարարների պրոֆեսիոնալիզմը տեսել եմ տարբեր ժամանակներում»,- ասաց նա: Փաստացի Հայաստանի ստվերային կառավարությունը հենց նորանշանակ նախարարներն են եղել, բայց ոչ ոք չի իմացել, որ Ռուսաստանում ապրող ու աշխատող Կարեն Կարապետյանը Հայաստանում «թիմ ունի»: Թիմի իր «մասնաբաժինը կառավարության նիստում ներկայացնելով՝ վարչապետն ասաց. «Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնի է ֆինանսական աշխարհում, նրան առանձնապես ներկայացնել պետք չէ: Նա իր առաջ դրված խնդիրները լավ գիտի: Մյուս երեք նախարարները նույնպես իրենց ոլորտների կառավարիչներն են, համեստ և պարկեշտ մարդիկ են և կառավարման նոր մշակույթի կրողներն են: Ես նրանցից մեծ ակնկալիքներ ունեմ: Առաջիկայում ակնկալում եմ, որ զարգացման նոր ծրագիր կներկայացնեն: Շնորհավորում եմ և շնորհակալ եմ, որ համաձայնեցիք դառնալ մեր թիմի անդամը: Ակնկալում եմ համարձակ քայլեր։ Դուք՝ լինելով այդ ոլորտից, ունեք ձեր երազած ոլորտը կառուցելու և երկիր փոխելու հնարավորություն»:

Գյուղատնտեսության նոր նախարարին տեղնուտեղը հանձնարարվեց փոխել «ժանգոտած» կառավարման համակարգը:
Նախարարների երկրորդ «բաժինը» երեկ օրվա կեսին դեռ հայտնի չէր: ՈՒ՝ ի՞նչ:
Կա երկու տեսակետ: Հիմնականում: Պրոֆեսիոնալների թիմը կոչված է վիճակ փոխելու, աշխատելու է ողջ ուժով, և մի քանի ամսից արդյունքներ ենք ունենալու: Սա ՀՀԿ-ի ու տեղ-տեղ ՀՅԴ-ի լավատեսների տեսակետն է, որ չեն փոխելու իրենց կարծիքը, որովհետև տրամաբանությունից դուրս է, թե ինչու փորձառու հներին փոխարինեցին անփորձ նորերով, եթե արդյունք չի լինելու: Կա իրատեսների կարծիք՝ նոր նախարարները հին համակարգում հաջողության հասնել չեն կարող սկզբունքորեն: Տնտեսական իրավիճակ փոխելու պայմանը քաղաքական փոփոխություններն են: Ապրելու մեր մշակույթից դատելով՝ մենք անկանխատեսելի կանխատեսելի ենք ու կանխատեսելի անկանխատեսելի ենք: Բառախաղի մեջ չմեղադրեք՝ աշխարհում ո՞վ էր մեզնից սպասում, որ անցյալ հազարամյակի զենքով գերժամանակակից զինատեսակների ու հատուկջոկատայինների առաջ կանգնելու ենք աննահանջ ու կանգնեցնենք նրանց՝ մեռնելով, թե ապրելով: 1998-ի փետրվարի 3-ին հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը կանխատեսելի՞, թե՞ անկանխատեսելի էր: 1999-ի ընտրություններում «Միասնություն» դաշինքը՝ Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի միավորումը, կանխատեսելի՞ էր: 1999-ի հոկտեմբերի 27-ի սպանդը խորհրդարանում կանխատեսելի՞ էր՝ մայիսյան խորհրդարանական ընտրություններում «Միասնության» հաղթանակից ու համաժողովրդական ոգևորությունից հետո, երբ Հայաստանը տարածաշրջանում էր իրավիճակ փոխում: Ո՞վ էր սպասում, որ «Հավերժ Ռուսաստանի հետ» խորհրդային տարիների կարգախոսը պատերից, բայց մտքից չհանած՝ բանակցելու ենք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքելու, հետո պատրաստի համաձայնագիրը թողած Մաքսային միություն ենք մտնելու՝ հանկարծ հասկանալով, որ Եվրամիություն նշանակում է ՆԱՏՕ, իսկ մենք ՀԱՊԿ անդամ ենք: Մեր բախտը նորից չբերեց՝ մինչ մենք բանակցում էինք, ՌԴ-ն ու ԵՄ-ն փչացրին փոխհարաբերությունները ու ստացվեց, որ մենք չընտրեցինք, մեզ ընտրեցին: Իսկ մենք արեցինք մեր անկանխատեսելի կանխատեսելի հերթական քայլը: Հայի բախտ: Եթե մի քիչ էլ խորանանք՝ շա՞տ էր կանխատեսելի, որ 1994-ին կնքվելու է զինադադար՝ Ռուսաստանի միջնորդությամբ, ոչ թե պարտված Ադրբեջանի կապիտուլյացիայի ակտ: Շատ կանխատեսելի՞ էին բանակցությունների սկզբունքները՝ տարածք կարգավիճակի դիմաց: Մի ձեռքով գրում ենք «Մհերի դռան գիրքը»՝ ոգու ու հողի հավերժության ասքը, մյուս ձեռքով՝ իբրև «Սասնա ծռեր» կրակում ենք իրար վրա: Փառք Աստծո, որ Շիվայի պես բազմաձեռ չենք: Հայի խե՞լք:


Քառորդ դար՝ անկախանալու գործընթացում, վերջը չի երևում: Վերջ չկա ապրելու մեր մշակույթի որոնումներին՝ անկախ ավելանո՞ւմ, թե՞ պակասում է մեր թիվը, մեծանո՞ւմ, թե՞ փոքրանում է մեր տարածքը, հերիքո՞ւմ, թե՞ պակասում է ժամանակը: Մենք ապրում ենք բոլորովին այլ կենսատարածքում, որ երբեմն միայն համընկնում է մեր աշխարհագրական տարածքի հետ: Համընկնումները և չհամընկնումները հատուցում ենք կյանքով ու շարունակում ենք ապրել՝ ասես ոչինչ չի եղել, ու գուցե դա է ապրելու մեր մշակույթը, որ անկանխատեսելի ենք ինքներս մեզ համար, ուրեմն կյանքը շարունակվում է, ու մենք ենք շարունակվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն ասում է. «ՌԴ նախագահի պասիվությունը Լեռնային Ղարաբաղի հարցում ուղեկցվում է ՌԴ ԱԳՆ-ի ակտիվությամբ, որը ձգտում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան համարյա թե հայտարարություն ընդունի համաշխարհային կոնֆլիկտները ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա լուծելու մասին»:

Մինսկի խմբի որոշ համանախագահներից եղել են ՄԱԿ-ի ԱԽ-ով Լեռնային Ղարաբաղի հարցով նոր բանաձև անցկացնելու առաջարկներ՝ «հաշվի առնելով նոր հանգամանքները»: Փաստը մնում է փաստ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտավոր է «նոր հանգամանքներին» անդրադառնալ՝ հազարամյակ է փոխվել, ի հայտ են եկել նոր իրողություններ ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում, որոնց համարժեք գնահատական պիտի տրվի ԼՂ կոնֆլիկտին՝ ի տարբերություն անցյալ դարի վիճելի բանաձևերի, որ ընդունվել են պատերազմի ժամանակ: ՈՒ ընդհանրապես գուցե հիմա ոչ թե խաղաղարար միջնորդության տեղապտույտի, այլ նոր սկզբունքների ի հայտ գալու ժամանակն է: Քառորդ դար առաջ հարցը լուծվում էր մի բառով՝ «Միացում»:

Դիտվել է՝ 1578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ