Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մարդահամակարգերի տեսություն, կամ մասշտաբային մարդը ի՞նչ անի Հայաստանում

Մարդահամակարգերի տեսություն, կամ  մասշտաբային մարդը ի՞նչ անի Հայաստանում
23.09.2016 | 00:43

«Իրատեսի» հյուրն է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՊԱՎԵԼ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ:

-Ի՞նչ գիտեք Ձեր մասին, որ ուզում եք ուրիշներն էլ իմանան:
-Ծնվել եմ Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում՝ ուսուցչի ընտանիքում, մեդալով ավարտել եմ դպրոցը, ընդունվել պոլիտեխնիկ ինստիտուտ, որն ավարտել եմ կարմիր դիպլոմով, աշխատել եմ Մերգելյան ինստիտուտում, որտեղ ցերեկային ասպիրանտ եմ եղել 1969-72 թվերին և պաշտպանել թեկնածուական թեզ համակարգիչների ավտոմատացված նախագծման ոլորտում: Հետո 1974-ին հրավիրվել եմ պոլիտեխնիկի ռադիոտեխնիկական ֆակուլտետի ռադիոսարքերի կոնստրուկցիաների և տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ: Երկար տարիներ աշխատել եմ պոլիտեխնիկում, զուգահեռ եղել եմ Մոսկվայում բարձրագույն կրթության նախարարության հանձնաժողովի անդամ, որը զբաղվում էր ուսումնական գործընթացի պլանավորման հարցերով, երեք-չորս առարկայից ամբողջ ԽՍՀՄ-ի համար ունեցել եմ հեղինակած ծրագրեր, զուգահեռ զբաղվել եմ գիտական հետազոտություններով էլեկտրոնային սարքերում տարրերի լարային կապվածության պրոբլեմով և այդ ուղղությամբ էլ պոլիտեխնիկ ինստիտուտում 1990-ին պաշտպանել եմ դոկտորական թեզ:
-ՈՒ ի՞նչ կապեր են դրանք:
-Էլեկտրոնային սարքերում կիսահաղորդչային տարրերը շատ ավելի փոքր ծավալ ունեն, քան դրանք իրար միացնող լարերը, և այս պրոբլեմը համակարգիչների սիրտը հանդիսացող միկրոչիպերի նախագծման առանցքն է: Պրոբլեմն այն է, որ որևէ տարրից ֆիզիկապես հեռանալիս նրա կապերը պակասում են, իսկ իրար հետ կապված տարրերի խմբում վերջիններիս թիվը մեծացնելիս խմբից դուրս եկող կապերի թիվը աճում է: Տարրերի միջև լարային կապվածության նման վարքը ես նմանացրել եմ դիֆուզիայի գործընթացին և ստացել եմ դիֆուզիայի դիֆերենցիալ հավասարման նման մի հավասարում, որը նկարագրում է օբյեկտների կապվածությունը և ունիվերսալ է: Հետագայում այդ հավասարումը ես օգտագործել եմ մարդկանց միջև կոնտակտների և փոխադարձ կապվածության նկարագրության համար: Նույն հավասարումը կիրառելի է ինտերնետային տիպի կապվածությունների մաթեմատիկական նկարագրության համար: Հիմա ես մշակում եմ մարդկանցից բաղկացած համակարգերի մաթեմատիկական տեսություն, որտեղ այդ հավասարումը կենտրոնական դեր ունի:
-Միստիկա չկա՞ այդ կապերի մեջ:
-Բոլորովին չկա, մաքուր գիտություն է:
-Իսկ հասկացվո՞ւմ էր այդ մաքուր գիտությունը:
-Մերգելյանում՝ այնքան էլ չէ, Մոսկվայում հասկանում էին: Հետագայում, 1999-ին արդեն ԱՄՆ-ում հավասարումը գտավ լավ ընդունելություն: Այս ամենը կապված էր միկրոէլեկտրոնիկայի ինտենսիվ զարգացման հետ ամբողջ աշխարհում: ԽՍՀՄ-ը փորձում էր այս ոլորտի պրոբլեմները լուծել պարզունակ պատճենումներ անելով, բայց դա այն ոլորտն էր, որտեղ սոցիալիզմն առաջին անգամ խրվեց ու առաջ գնալ չկարողացավ: Այդ կապվածության մոդելների օգտագործման նպատակներով 1993-ին հրավեր ստացա ԱՄՆ-ից և Տեխասում մինչև 1999-ը աշխատեցի որպես միկրոչիպերի նախագծող ընկերության հետազոտությունների և մշակումների մենեջեր:
-ԱՄՆ-ում ստացվո՞ւմ էր մասնագիտությամբ աշխատել:
-Իհարկե:
-Լեզվի խնդիր չկա՞ր:
-Սկզբում կար, հիմա 300 էջից ավելի անգլերեն հոդվածներ ունեմ: 1999-ին տեղափոխվել եմ Կալիֆոռնիա՝ Սիլիկոնային հովիտ, որտեղ 12 տարի մի ընկերության փոխնախագահ եմ եղել: 1998-ին տեխասյան ընկերության կողմից եկել էի Երևան՝ էլեկտրոնիկայի ոլորտում նախագծողների խումբ ստեղծելու համար: Մի օր «Electronic Engineering Times»-ում հանդիպեցի մի հոդվածի, որտեղ մի ընկերության նախագահ պատմում էր իրենց աշխատանքների մասին: Ես նամակ գրեցի, որ ճիշտ չեն անում, ավելի լավ կլինի այս ձևով անել և տասը րոպեից արձագանք ստացա՝ որտե՞ղ եք, Ձեզ ենք փնտրում: Գնացի ու դարձա այդ ընկերության փոխնախագահը՝ գիտական հետազոտությունների և նոր տեխնոլոգիաների գծով:
-Կա՞ հիմա այդ ընկերությունը:
-Հիմա՝ ոչ, 2013-ին վաճառվեց ավելի մեծ ընկերության: Ընդհանրապես startup-երի դինամիկան ցույց է տալիս, որ դրանք ստեղծվում են որոշակի բիզնես մակարդակի հասնելու ու վաճառվելու համար: Մինչև startup-ի վաճառվելը ընկերության տերերը աշխատավարձով ապրող մարդիկ են, իսկ վաճառքից հետո կարող են դառնալ միլիոնատերեր: Մեր ընկերության բիզնեսը կիսահաղորդչային չիպերի նախագծերի կառավարման ոլորտում էր: Չիպերի նախագծման գործընթացի մասին ընկերությունն ուներ տվյալների մեծ բազա, որը պարունակում էր մանրամասն տեղեկություններ գործընթացի տեխնիկական, ֆինանսական, կազմակերպական և շուկայական կողմերի մասին: Ինձ խնդիր առաջադրվեց այդ տեղեկությունների բազայից դուրս բերել մաթեմատիկական օրինաչափություններ՝ նոր նախագծերի պլանավորման և ընթացքի ռացիոնալ կազմակերպման համար: 12 տարի զբաղվել եմ այդ խնդրով, որ շատ բարդ ու աշխատատար էր: Աշխատանքի չորրորդ տարում եկա այն համոզման, որ այդ նպատակներով լայնորեն օգտագործվող վիճակագրական մեթոդները փակուղային են: Բայց բիզնեսի պահանջներն անողոք են, և առաջադրված խնդիրները անհապաղ լուծումներ են պահանջում, ես սկսեցի որոնել պրոբլեմների լուծման այլ ճանապարհներ և հասկացա, որ դեպի ճիշտ լուծումներ տանող միակ ճանապարհը տեսական ընդհանրացումներինն է: Դա այն ճանապարհն է, որով անցել են ֆիզիկան, մաթեմատիկական կենսաբանությունը, մաթեմատիկական էկոնոմիկան և այլ գիտություններ: 2002-04-ին մշակեցի նախագծերի կառավարման մաթեմատիկական տեսություն, որը հենվում էր ֆիզիկական գիտության հիմնարար մեթոդների վրա: Ընկերության ղեկավարությունը, ուր աշխատում էի, այնքան էլ չէր խրախուսում տեսական ընդհանրացումների իմ հակումը և հատկապես դեմ էր գիտական հրապարակումներին: Փորձեցի համոզել, որ հրապարակումները ընկերության անունը հայտնի կդարձնեն, բայց քանի որ չէին հասկանում՝ ինչ եմ անում, դեմ էին: Ստիպված Երևանում 60-էջանոց հոդված հրապարակեցի տեղեկատվական տեխնոլոգիաներին վերաբերող մի ամսագրում: Այս աշխատանքում, ի տարբերություն եղած գործակենտրոն մոտեցումների, առաջին անգամ մշակեցի նախագծերի կառավարման մաթեմատիկական տեսություն, որի կենտրոնում մարդկանց խումբն է, նրանց վարքը, գիտելիքներն ու հմտությունները, և, որ առավել կարևոր է՝ հոգեբանությունը: Մինչև 2009-ը այլ հրապարակումներ չեմ ունեցել, հետո ունեցել եմ գիտական հրապարակումների շարք անգլերենով, լուսաբանել եմ տեսության տարբեր կողմերը:
-Շատ սուբյեկտիվ չէ՞, մարդը անկանխատեսելի է, ունի լավ ու վատ տրամադրություն, ֆիզիկական վիճակ, քաղաքական ու անձնական դրդապատճառներ: Դուք խոսում եք գերճշգրիտ իրողությունների մասին, բայց, միևնույն է, կապում եք մարդու հետ: Հնարավո՞ր է մոդելավորել մարդու վարքագիծը:
-Երևանի փողոցում քայլող պատահական մարդու վարքագիծը դժվար կանխատեսելի է, նրա նպատակներն ու գործողությունները չգիտենք, բայց նախագծողի վարքը բավականին կանխատեսելի է: Բացի դրանից, մարդկային խմբերի կամ մարդահամակարգերի վարքի կանխատեսումը և կառավարումը պահանջում են ժամանակակից ամենալուրջ գիտական մոտեցումներ: Արաբական գարունների և կառավարելի քաոսի մասին, անշուշտ, լսել եք: Եթե խոսքը կառավարելի քաոսի մասին է, անորոշությունները տասնապատիկ ավելին են, քան որևէ այլ տեղ, բայց նույնիսկ այս պայմաններում կանխատեսումներն ու կառավարումը կարող են մաթեմատիկորեն նկարագրվել: Երկրորդ համաշխարհային պատերազմի փորձից մարդիկ հասկացան, որ հիմնարար քանակական գիտությունը ռազմական գործում վճռական գործոն է, և գիտության տարբեր ոլորտներ ստացան շատ լուրջ ֆինանսավորում: Դրանց շարքում իր տեղն ուներ ոչ գծային դինամիկան, որի հետևանքներից է դետերմինիստական քաոսի ամբողջ մեթոդաբանությունը:
-ՈՒ ի՞նչ է դա նշանակում:
-Այն, ինչ շարժվում և փոխվում է ժամանակի մեջ, քանակապես նկարագրվում է դինամիկայի մեթոդներով: Սովորական կառավարման տեսությունը նկարագրում է նման գործընթացների համեմատաբար պարզ, գծայինին մոտ մասերը: Ոչ գծային դինամիկան կարողանում է ուսումնասիրել շարժումների ոչ գծային մասերը ևս՝ հնարավորություն տալով կանխատեսելի ու կառավարելի դարձնել շատ ավելի բարդ ու խառը գործընթացներ: Հենց նման հետազոտությունների արդյունքում էլ 20-րդ դարի երկրորդ կեսին ձևավորվեց դետերմինիստական քաոսի տեսությունը: Այդ տեսության ներսում պատահականության որևէ տարր չկա, բայց գործընթացներն այնքան խառն են ու համակարգի պարամետրերի նույնիսկ ամենափոքր փոփոխությունների նկատմամբ զգայուն, որ արդյունարար պատկերը քաոսային տեսք ունի: Այն երկիրը, որն ունի այս ուղղությամբ մշակած մեթոդներ, ֆինանսավորել է ծրագրեր, լուրջ վերաբերմունք ունի ոլորտի նկատմամբ, կարող է խորանալ գործընթացների էության մեջ և պարզ ու հստակ տեսնել իրողություններ համակարգի քաոսային վարքի մեջ, որի մասին մյուսները պատկերացում չունեն: Սրանք գիտության այն ոլորտներն են, որ հասանելի են շատ հզորներին և նրանց, որ հասկանում են հիմնարար գիտության դերը կյանքում ու երբեմն փորձում են խառնվել մեծերի խաղին: Մեր երկիրը այդ ցուցակում չկա և չի էլ կարող լինել:
-Ի՞նչ է պետք. կրթությո՞ւն, ֆինա՞նս, ցանկությո՞ւն:
-Դա միակ ոլորտը չէ, որ նման վիճակում է, բազմաթիվ այլ ոլորտներ, որոնցում լուրջ աշխատանք էր կատարվում, պարզապես վերացան, երբ մենք դադարեցինք հզոր ու մեծ երկրի մաս լինելուց: Պոլիտեխնիկում ամբիոնի վարիչ եղած ժամանակ ես հավաքել էի երեսուն հոգանոց դասախոսական կազմ, նրանցից տասը փայլուն գիտնականներ էին, հիմա բոլորը կամ ԱՄՆ-ում են կամ Եվրոպայում, վատագույն դեպքում՝ Ռուսաստանում:
-Ինչո՞ւ, մթնոլո՞րտ չկա, թե՞ փող չկա:
-Ոչ մթնոլորտ կա, ոչ էլ փող: Մեր ամենամեծ թերությունը միջավայրի բացակայությունն է, որում մարդիկ կարող են նորմալ գործունեություն ծավալել: Իսկ ավելի մեծ պրոբլեմը նման միջավայր ստեղծել չկարողանալն է: Մենք այս հարցում խոր թյուրիմացության մեջ ենք և ուրիշների նպաստավոր միջավայրերում աճած և ոտքի կանգնած մեր մեծերի գոյությունը փորձում ենք համարել սեփական միջավայրի արդյունք: Համբարձումյանի մակարդակի գիտնականներից որևէ մեկը հայաստանյան միջավայրի արդյունք չէ:
-Ինչո՞ւ, մենք ունենք գիտությունների ակադեմիա, բազմաթիվ գիտական ինստիտուտներ: Միջավայրը որտե՞ղ է ձևավորվում:
-Սկսենք հակառակ ծայրից, եթե չկա ֆինանսավորում, չի կարող լինել որևէ լուրջ գործունեություն, և դա բացատրում է գիտությունների ակադեմիայի ներկա վիճակը: Դա վաղուց արդեն միջավայր չէ: Չափից դուրս տխուր է վիճակը, գիտության և արդյունաբերության մեջ չկա մի ոլորտ, որտեղ միջավայր լինի նորմալ գործունեություն ծավալելու համար: Բացեք Հանրագիտարանը և հայ նշանավոր մարդկանց կենսագրությունը ուսումնասիրեք, բոլորն էլ այլ միջավայրի ծնունդ են, այլ դպրոցների ներկայացուցիչներ:
-Ի՞նչ կարելի է անել այս պայմաններում:
-Առաջին հերթին պետք է անաչառ քննել ստեղծված իրավիճակը, օբյեկտիվորեն գնահատել հնարավորությունները, ստեղծել նպաստավոր պայմաններ մարդկանց ստեղծագործ աշխատանքի համար, որևէ ձևով կանգնեցնել բոլորը բոլորին խեղդելու ու խանգարելու համընդհանուր ընթացքը, պայմաններ ստեղծել Սփյուռքի ահռելի հնարավորությունները Հայրենիքին ծառայեցնելու համար: Շատ բան կախված է իշխանություններից, բայց հասկանանք, որ իշխանությունը կառուցված է նույն հոգեբանության հիմքի վրա, ինչ մարդկանց մեծամասնությունը: Ես տարվա կեսը ապրում եմ ԱՄՆ-ում, մյուս կեսը՝ Հայաստանում: Այստեղ իմ այգին եմ մշակում, հոդվածներ եմ գրում ու հրատարակում, մշակում եմ մարդահամակարգերի մաթեմատիկական տեսությունը, որը նպատակ ունի քանակական մեթոդներով գնահատել ու կանխատեսել մարդկանց գործողություններն ու գործունեությունը ամենատարբեր իրավիճակներում:
-Փիլիսոփայակա՞ն հիմքով, թե՞ խիստ գիտական:
-Այդ տեսությունն իր հենքով նման է ֆիզիկային, բայց որոշ չափով հոգեբանություն կա, համակարգերի տեսություն, իսկ փիլիսոփայությունը ամեն տեղ է՝ լինելով ճիշտ մտածելաձև: Մարդահամակարգերի տեսության մասին անգլերեն բազում հրապարակումներ ունեմ և արձագանքներ արտասահմանում: Ես այդ տեսությունն օգտագործել եմ ամենատարբեր նպատակներով, ներառյալ՝ մարդկանց գործունեության վերլուծությունն ու կազմակերպումը, աշխատանքային խմբերի արդյունավետությունը մեծ նախագծերի ոլորտում: Տեսությունը պիտանի է մաթեմատիկական հավասարումներով ցանկացած մարդահամակարգի վարքի նկարագրության համար՝ ներառյալ պետությունների հարաբերությունները, արտաքին քաղաքականությունը իր հավասարակշիռ ու անհավասարակշիռ վիճակներով, ներքին քաղաքականությունը, կուսակցական կյանքը, պատմական իրադարձությունները: Մարդահամակարգերի տեսության ամենակարևոր կիրառություններից մեկը մարդկանց գործունեության ընթացքում հաճախ հանդիպող հապաղումների և ձախողումների նկարագրությունն է ու բացատրությունը: Այս հարցը շատ կարևոր է: Համաշխարհային տվյալներով՝ ՏՏ ոլորտում սկսվող նախագծերի միայն 20 %-ն է հաջող ավարտ ունենում, իսկ 80 %-ը այս կամ այն չափով ձախողվում է:
-Ի՞նչ է տալիս այդ տեսության պրակտիկ կիրառությունը:
-Ես օգտագործել եմ նախագծերի պլանավորման և կառավարման գործում:
-Աշխատո՞ւմ են տնտեսության մեջ: Կամ՝ քաղաքականության:
-Անկասկած:
-Կա՞ որևէ պետություն, որ միջպետական հարաբերություններում կիրառում է այդ համակարգը:
-Առայժմ տեսությունը կիրառվել է նախագծերի կառավարման մեջ, և դրա հիման վրա ստեղծված ծրագրային գործիքները վաճառվել են Ճապոնիայում, Թայվանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում ու հիմա էլ օգտագործվում են: Մեծ ջանքեր են պետք, որ որևէ պետություն օգտագործի: Ես հրապարակել եմ իմ աշխատանքները, կարող են օգտագործել:
-Ձեզ չի՞ թվում, որ առաջարկում եք լուծում, երբ դեռ խնդիրը ձևակերպված չէ:
-Ես առաջ չեմ ընկել, աշխատանքային պարտականությունները լավագույնս կատարելու նպատակով ստեղծել եմ մեթոդ, որ ունիվերսալ է ու բոլոր ոլորտներում կարող է աշխատել:
-Բայց Դուք հասարակական գիտակցության մակարդակից առաջ եք անցել, գուցե 10 տարի հետո բոլորը գան այդ լուծմանը, կամ՝ մոռանան:
-Հնարավոր է, արձագանքման իմաստով ծայրահեղ գնահատականներ եմ ստացել՝ գերդրական և գերբացասական: Կան երկու խոշոր բնագավառներ՝ մեկը կոչվում է քանակական սոցիոդինամիկա, մյուսը՝ համակարգերի դինամիկա: Առաջինը վիճակագրական ֆիզիկա է՝ մեկին մեկ տեղափոխած հասարակական գործընթացների ոլորտ, երկրորդը ոչ գծային դինամիկան է, որի լավագույն արդյունքներից մեկը դետերմինիստական քաոսի տեսությունն է: Երկուսն էլ օգտագործման տեսակետից շատ բարդ են, իմ առաջարկի իմաստը տեսության ավելի պարզ տարբերակ կիրառելն է: Նշված երկու գիտությունները կիրառելի են մարդկանց անհավասարակշիռ և ժամանակից կախված վարքի նկարագրության համար: Իրականում մարդու գործողությունների ճնշող մեծամասնությունը հավասարակշիռ է և հնարավոր է ավելի պարզ մեթոդով ուսումնասիրել ու կառավարել:
-Դուք հիմա խոսում եք պատի հետ՝ իմ արձագանքը կամ հուզական, կամ քաղաքական, կամ փիլիսոփայական է լինելու, չունե՞ք մասնագիտական խոսակցության կարիք:
-Հայաստանում փոքր խումբ ենք կազմել և փորձում ենք մասնագիտական խոսակցություն ծավալել: Հայաստանի գիտական շրջանակները նման պրոբլեմների վերաբերյալ որևէ հետաքրքրություն չունեն:


Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ