Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ՀՀ զինված ուժերում չծառայած մարդիկ պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունք չունեն»

«ՀՀ զինված ուժերում չծառայած մարդիկ պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունք չունեն»
23.09.2016 | 09:13

Հայաստանի անկախությունը 25 տարեկան է։ Գերագույն խորհրդի պատգամավորները մինչ օրս ոգևորված պատմում են, թե նորանկախ Հայաստանի ապագային առնչվող ի՜նչ հույսեր են ունեցել։ Նրանցից է նաև ԳԽ պատգամավոր, ՀՀ ԶՈՒ-ի պահեստազորի գնդապետ ԳԵՎՈՐԳ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ում հետ «Իրատեսը» զրուցեց պաշտպանության ոլորտի խնդիրներից։

-Պարոն Բաղդասարյան, պաշտպանությունը Հայաստանի ամենակայացած ոլորտներից է, սակայն Դուք որոշակի վերապահումներ ունեք այս առումով, ինչո՞ւ։
-Ես ուսադիրներ եմ կրում ու չեմ կարող բանակին վնասող երևույթներից խոսել, սակայն նկատառումներ, ամեն դեպքում, ունեմ։ Այն բանակը, որ ես 25 տարի առաջ էի պատկերացնում, ո՛չ թվաքանակով, ո՛չ զինվածությամբ չի ստացվել։ 1996 թվականին, երբ ծառայության անցա պաշտպանության նախարարությունում, Վազգեն Սարգսյանն ինձ վստահեց նախարարության վերստուգիչ-վերահսկիչ ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Ստուգեցինք ու պարզեցինք, թե ինչքան մեծ են մեր կորուստները հրադադարից հետո։ Ներկայացրի փաստերը Վազգեն Սարգսյանին ու ասացի, որ մեր կառույցն ի զորու չէ ողջ պաշտպանության համակարգը հսկելու։ Մասնագետների գնահատականներով՝ 2018-ին ՀՀ ԶՈՒ-ն պետք է ունենար 200- հազարանոց բանակ, սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք։ Ցանկալի արդյունքի չհասնելու պատճառները շատ պարզ են՝ անարդարություն, արտագաղթ, ծնելության մակարդակի նվազում։ Վազգեն Սարգսյանի սպանությունից անմիջապես հետո լուծարեցին մեր կառույցը, ինչի իրավունքը չունեին, քանի որ այն ստեղծվել էր ոչ թե նախարարի հրամանով, այլ ՀՀ կառավարության որոշմամբ։
-Անկախության տոնի առթիվ անցկացված զորահանդեսը բոլորի հիացմունքին է արժանացել։ Ցուցադրված զինտեխնիկան Ձեզ հիմք տալի՞ս է եզրահանգելու, որ մեր բանակը կարող է ադրբեջանական զինուժին հետ շպրտել։
-Զինտեխնիկայի ցուցադրությունը տպավորիչ էր։ Ասում են՝ Ադրբեջանում էլ մեր զինուժի շքերթը մեծ իրարանցում է առաջացրել։ Բայց ուզում են մեկը հստակ հայտարարի՝ մենք «Իսկանդեր» հրթիռային համակարգն օգտագործելու թույլտվություն ունե՞նք, թե՞ ռուսները պետք է թույլ տան։ Երբ թուրքական ուղղաթիռը հատեց Հայաստանի օդային սահմանը, մեզ արգելվեց խոցել այն, բայց բավական էր, ռուսական ինքնաթիռը հայտնվեր Թուրքիայի մատույցներում, անմիջապես ոչնչացրին։ Հետո ռուսները հաճույքով մտերմացան թուրքերի հետ, իսկ սա շա՜տ վատ բաների մասին է հուշում։ Այսինքն, սա խոսում է այն մասին, որ հայն ինքը պետք է ուժեղանա ու միայն իր վրա դնի հույսը: Այսօրվա կառավարիչներն այնպես պետք է անեն, որ հայն իրեն ապահով զգա իր պետությունում։
-Մեր բանակի սպայական կազմի պատրաստվածությունը Ձեզ գոհացնո՞ւմ է։
-Տարեցտարի մեր սպայական կազմը կրթված, պատրաստված այրերով է համալրվում, բայց բանակի մարտունակությունը նրանցով չի որոշվում։ Բանակի մարտունակությունը որոշում է բարձրաստիճան հրամանատարությունը, որը, իմ՝ պահեստազորային գնդապետի կարծիքով, չի կատարում այն գործառույթները, որոնք դրված են նրա ուսերին։ Նրանք սրտացավ չեն մեր բանակի հանդեպ։ Մենք չպետք է ամեն օր մարտիկներ կորցնենք։ Երբ ցույց են տալիս մեր դիրքերը, զարմանում ենք, թե ինչպես են պաշտպանություն իրականացնում, ինչպես կարող ենք հույսը դնել դատարկ պահածոների տուփերի կամ հսկող շների վրա։ Ինչպես կարող է տեխնիկապես զարգացած այս դարում նման պաշտպանություն իրականացվել։
-Հակասություն չի՞ ստացվում՝ զորահանդեսին ցուցադրվում է գերհզոր տեխնիկա՝ «Իսկանդեր» համակարգով, իսկ սահմանը «հսկում» են պահածոյի դատարկ տուփերը։
-Դա ես չեմ ասում, դա երևում է սահմանում տեղադրված տուփերից։ Երկրորդեմ՝ այո, բարձրանում է սպայակազմի պատրաստվածության որակը, բայց դա բավարար չէ, բարձրաստիճան հրամանատարական կազմը այլ բաներով է զբաղված։ Շատերն են բիզնեսով զբաղվում, իսկ երկու տեղում աշխատելն ու հաջողության հասնելն անհնարին է։ Նրանք իրենց բիզնեսով զբաղված ամբողջովին աչքաթող են արել ծառայությունը։ Տապալում են պաշտպանության խնդիրները։
-Այս պահին ո՞րն եք համարում պաշտպանության առաջնային հիմնախնդիրը։
-Սահմանամերձ գոտում ծառայող սպայակազմի ծառայավճարները պետք է բարձրացնել, այն էականորեն պետք է տարբերվի թիկունքում ծառայող սպայակազմի աշխատավարձից։ Հաջորդ կարևոր քայլն այն կլինի, որ Զինապարտության մասին օրենքում կրկին ավելացվի (ժամանակին այդ դրույթը հանվեց օրենքից) այն հոդվածը, ըստ որի, ՀՀ Զինված ուժերում չծառայած մարդիկ պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունք չունեն։ Մտածում եմ, որ նորանշանակ վարչապետն այս ուղղությամբ լուրջ քայլեր կանի։ Պետք է ոչ միայն փայլուն կրթություն ունեցող, այլև ծառայած մարդիկ լինեն ղեկավար պաշտոններում։ Պատերազմական շրջանում նախարարները պետք է հրամանատարներ դառնան, գեներալական ուսադիրներ կրեն։ Բայց ինչպե՞ս կարող են հրամանատարներ դառնալ, եթե չգիտեն բանակն ինչ է, «աջ» ու «ձախն» ինչ է։
-Ձեր կարծիքով, ովքե՞ր են անկախության տարիներին բանակաշինության գործը հավուր պատշաճի իրականացրել։
-Կոմանդոսը, Վազգեն Մանուկյանը, Նորատ Տեր-Գրիգորյանցը, որոնք, ի դեպ, վերջերս պետական պարգևի արժանացան, ինչի կապակցությամբ արժե շնորհավորել նրանց։ Երբ տեսա, թե ովքեր են պարգևատրվել, զարմացա, քանի որ այս ոլորտում կան մարդիկ, ովքեր բազմավաստակ են, սակայն չեն էլ հիշատակվում։ Պարգևատրվածներից շատերը գցում են պարգևի վարկը:
Նոր վարչապետի նշանակումը հույսեր է ներշնչում, բայց քանի դեռ արձակված պաշտոնյաները պատասխանատվություն չեն կրել իրենց ոլորտներում անգործության կամ թալանի համար (վկան՝ ՀՀ արտաքին պարտքի աճը՝ 5 մլրդ դոլարից ավելի), ինչպես նաև նախկինում պաշտոնավարածներին տարբեր պաշտոններում վերանշանակելը խոցելի են դարձնում նաև նրան:


Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ