Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իշխանական համակարգում ձևավորված համատարած քծնանքի մթնոլորտում տարօրինակ էր անտարբերությունը երկրի երկրորդ պաշտոնյայի նկատմամբ

Իշխանական համակարգում ձևավորված համատարած քծնանքի մթնոլորտում տարօրինակ էր անտարբերությունը երկրի երկրորդ պաշտոնյայի նկատմամբ
23.09.2016 | 09:26

Այն, որ վարչապետի փոփոխությունն իշխանական վերնախավը կազմող տարբեր քաղաքական և ֆինանսաօլիգարխիկ խմբավորումները միանշանակ չեն ընդունելու, կանխատեսելի էր: Հայաստանյան ներքաղաքական տնտեսակլանային իրականության մեջ գործադիր իշխանական լծակների փոխանցումը մի խմբից մյուսին թեև ենթադրում է ինչ-որ չափով կոնսենսուսային որոշում, այնուհանդերձ, միշտ էլ ցուցադրական միասնականության ֆոնին հիմքում ունի լավ կամ վատ քողարկված մրցակցություն:

Երբեմն այդ մրցակցությունը վերածվում է հակամարտության‚ և այն հաճախ ավելի սուր բնույթ է կրում‚ քան իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները: Բավական է միայն հիշել, թե Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք ինչ լուրջ հակամարտություն էր ընթանում կառավարության և այն ժամանակ խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանի ու վերջինիս ազդեցության տակ եղած տնտեսաքաղաքական խմբի միջև: Ի վերջո, ինչպես հայտնի է, այդ կիսաբացահայտ հակամարտությունն ավարտվեց Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանով փոխարինելու որոշմամբ:

Ի սկզբանե փորձագիտական շրջանակներից հնչում էին նաև կանխատեսումներ, որ Սերժ Սարգսյանը, ապագայում երկրի ղեկավարի մեծ հավակնություններ ունեցող Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով, նրան պարզապես մեծ ծուղակի մեջ է գցում՝ հաշվի առնելով, որ ներկայիս աշխարհաքաղաքական և ներտնտեսական բարդ իրավիճակի պայմաններում վարչապետի լիակատար ֆիասկոյի հավանականությունն անհամեմատ բարձր է, քան հաջողության հասնելու հեռանկարը։ Այնուհանդերձ‚ իշխանական վերնախավը Հովիկ Աբրահամյանին ընկալեց որպես յուրայինի, և նույնիսկ շատերը շտապեցին ապագայի համար տեղավորվել նրա թիմում:


Ինչպես ցույց տվեց ժամանակը, գերճկուն և բոլոր քաղաքական ու տնտեսական կլանների հետ լեզու գտնելու համբավ ունեցող Հովիկ Աբրահամյանն իր կարիերային թռիչքը ստիպված եղավ ընդհատել համապետական ամենակարևոր ընտրությունների նախաշեմին՝ նոր իշխանության ձևավորման վճռորոշ խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ: Այս պարագայում պատահական չէ, որ կարծիքներ են հնչում, թե Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանին դիտարկելով որպես իշխանական վերնախավի իր հիմնական մրցակիցներից մեկը, ուղղակի գլխավոր իրադարձություններից շատ շուտ մտցրեց իշխանության համար մրցավազքի մեջ, և դա հանգեցրեց նրան, որ ամենակարևոր իրադարձությունների նախաշեմին օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով անհաջողությունների մատնված Հովիկ Աբրահամյանն առնվազն որոշ ժամանակով լքեց մրցասպարեզը:

Իհարկե, երբ խոսվում է մրցավազքը լքելու մասին, նկատի են առնվում առերևույթ, ակտիվ գործողությունները, այլ ոչ ներիշխանական ակտիվ խարդավանքները։
Այս պարագայում վերադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակմանը՝ միանգամից ակնհայտ է դառնում, որ վերջինս բավականին լուրջ հակառակորդներ ունի հենց ՀՀ իշխանության ներսում։ Ընդ որում, ի տարբերություն նախորդների՝ այս անգամ իշխանական վերնախավի տարբեր թիմեր ակնհայտորեն ցուցադրեցին, որ Կարեն Կարապետյանին ընդունում են որպես խորթ մարմին։ Եվ այդ մասին խոսելու առիթներ ստեղծվեցին նրա պաշտոնավարման հենց առաջին օրից։ Բավականին տարօրինակ էր, որ նույնիսկ ստանդարտ արարողակարգ տեղի չունեցավ. նախագահը նրան‚ ինչպես ընդունված է առհասարակ‚ չներկայացրեց կառավարությանը։ Բացի այդ, գործադիր իշխանության ղեկավարը բավականին սառը և բացարձակապես ֆորմալ ընդունելության արժանացավ խորհրդարանում։ Որպես կանոն, իշխանական համակարգն իր համար ընկալելի անձի պարագայում նրան որպես յուրային է ընկալում, կամ կլանային, իշխանական ուղղահայացում անվերապահորեն ընդունում են նրա հեղինակությունը։


Բնականաբար‚ նախագահի կողմից վարչապետին չներկայացնելն առիթ դարձավ, որ տարբեր օղակներում, մանավանդ լրագրողական համայնքում, սկսեն մտածել, թե ինչ-որ բան այն չէ, և Կարեն Կարապետյանը գործող իշխանություններին ուղղակի պարտադրված տարբերակ է։ Սակայն այստեղ կան մի շարք նրբություններ, որոնք կարող են բացատրել երկրի ղեկավարի կողմից վարչապետին չներկայացնելու փաստը։


Տարբերակներից մեկը թերևս այն է, որ նախագահն ի սկզբանե ցանկացավ ցույց տալ, թե Կարեն Կարապետյանն իսկապես պարտադրված տարբերակ է, և ուզեց անմիջապես համապատասխան ուղերձներ հղել իր համակարգին։ Սակայն այս վարկածը, ըստ էության, քիչ հավանական է։ Եթե նույնիսկ ընդունենք, որ վարչապետը պարտադրված է դրսից կամ ռուսամետ օլիգարխիկ շրջանակներից, ապա Սերժ Սարգսյանը նման քայլի չէր գնա, քանի որ բավականին թրծված մարդ է ներիշխանական ինտրիգներում, մանավանդ եթե այդտեղ կա արտաքին քաղաքական գործոն, և նա երբեք բացահայտ, կոշտ որոշումների չի գնում։ Այս տարիների ընթացքում նրա միակ կոշտ քայլը, թերևս, 2015 թ. փետրվարի 12-ի հայտնի պատմությունն էր՝ Գագիկ Ծառուկյանի հետ կապված։ Այնպես որ, այս տարբերակը քիչ հավանական է, եթե չասենք՝ զրոյական է։


Երկրորդ տարբերակը. նույն Կարեն Կարապետյանն ինքը չի ցանկացել, որպեսզի իրեն մեծ շուքով ներկայացնեն։ Ակնհայտ է, որ իր անվան շուրջ մեծ աղմուկները նրա սրտով չեն՝ այդպիսով փորձելով զերծ մնալ իշխանության, ՀՀԿ-ի և անձամբ Սերժ Սարգսյանի հետ ասոցացվելուց։ Նա շատ լավ հասկանում է, որ որքան քիչ զուգահեռներ տարվեն իր ու նշվածների միջև, այնքան իր վարկանիշը բարձր կմնա։ Եվ Կարեն Կարապետյանը փորձելու է, ինչպես քաղաքապետության տարիներին, պահպանել ապաքաղաքականացված և միաժամանակ լավ, արդյունավետ կառավարչի կերպարը։ Իհարկե, օբյեկտիվորեն պետք է նկատել, որ քաղաքականությունից զերծ մնալը նրան շատ դժվար կլինի, քանի որ մի բան է աշխատել որպես քաղաքապետ, այլ բան է պաշտոնավարել որպես վարչապետ։ Վարչապետն ուղղակիորեն քաղաքական ֆիգուր և պաշտոն է։ Բայց, այնուամենայնիվ, Կարեն Կարապետյանը շատ լավ հասկանում է (խորհրդականներն էլ, ամենայն հավանականությամբ‚ նույնն են ասում), որ պետք է հնարավորինս հեռու լինել ֆորմալ քաղաքականությունից և մնալ արդյունավետ մենեջերի կերպարում, թեև նրան, այնուամենայնիվ, հաստատել են ՀՀԿ գործադիր մարմնում և խորհրդում։


Երրորդ տարբերակը. քանի որ կառավարության կազմում սպասվում են լուրջ կադրային փոփոխություններ, այդ փոփոխությունները, ի դեպ, արդեն սկսվել են, և գործող նախարարներից շատ քչերը գուցե շարունակեն պաշտոնավարումը, որոշվել է Կարեն Կարապետյանին պաշտոնապես ներկայացնել մի փոքր ավելի ուշ, երբ ձևավորվի նոր, թարմացված կառավարությունը։


ՈՒշագրավ է, որ վարչապետին բավականին սառն ընդունեցին թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարությունում։ Նույնիսկ ամենատարրական էթիկական նորմերի խախտումներ եղան. վարչապետին չէին շնորհավորում, ինչը շատ նման էր դեմարշի։ Իշխանական համակարգում ձևավորված համատարած քծնանքի մթնոլորտում շատ տարօրինակ էր անտարբերությունը երկրի իրականում երկրորդ պաշտոնյայի նկատմամբ։ ՈՒ հասկանալի է, որպեսզի հանրապետականները գնան նման դեմարշի, պետք է ստացած լինեն ինչ-որ մեկի լուրջ հրահանգը։ Պատահական չէ, որ խոսվում է այն մասին, որ արդեն նրա դեմ թե՛ քաղաքական, թե՛ սեփական լրատվական ռեսուրսներում միասնաբար կամ առանձին-առանձին աշխատում են ինչպես հին նոմենկլատուրան, օլիգարխիան, որոնք իշխանական լծակներ են կորցրել, այնպես էլ երիտասարդ թևը, որը հասկանում է, որ իշխանության գալու իր ծրագրերն առժամանակ սառեցվում են։ Եթե վախկոտ և գերզգուշավոր նոմենկլատուրան իրեն պահում է նման կերպ, ապա պետք է ենթադրել՝ ինչ-որ մեկը լուրջ թևեր է տվել նրան։ Փաստորեն, Կարեն Կարապետյանին շնորհավորեցին միայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը։


Կարեն Կարապետյանը այսպիսով ստացավ հստակ մեսիջներ այն մասին, որ իրեն բավականին բարդ ժամանակներ են սպասում, քանի որ գոնե առայժմ չունի քաղաքական հենարան, ընդ որում՝ ոչ միայն խորհրդարանում, այլև իշխանական համակարգում։ Ըստ էության, մեծ է ռիսկը, որ նա կարժանանա նույն ճակատագրին, ինչ ժամանակին՝ Տիգրան Սարգսյանը, որին գործադիր իշխանության ղեկին պահող միակ բանը Սերժ Սարգսյանի հետ կապող թելն էր։ Պարզ է, որ Կարեն Կարապետյանը եթե նույնիսկ հիմա չունի քաղաքական թիմ, բայց ունի արտաքին քաղաքական ամուր թիկունք դրսում, հետագայում հասկանա, որ ՀՀԿ-ն կամ գոնե նրա մի թևն իրեն հենարան չեն լինելու, ապա ամեն ինչ անելու է՝ սեփական թիմը ստեղծելու համար։ Քիչ հավանական է, որ Կարեն Կարապետյանն ընդամենը 6 ամսով է Հայաստան եկել և 6 ամիս հետո իշխանությունը հանգիստ հանձնելու է մյուս թևերին։ Իսկ սեփական թիմը ձևավորելու համար Կարեն Կարապետյանը առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պետք է աշխատի պահանջել համապատասխան քվոտա ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ իշխանական ընդդիմության համամասնական ցուցակներում։

Կամ էլ նրա թիկունքին կանգնած դրսի ուժերը, Հայաստանում ռուսական կապիտալը ներկայացնող անձինք՝ Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը, Ռուբեն Վարդանյանը, պետք է ստեղծեն քաղաքական ուժ, որը կդառնա վարչապետի հենարանը։ Այս դեպքում չի բացառվում, որ Ռուսաստանը, տեսնելով, որ գործող իշխանությունների կողմից իրականացվում է սաբոտաժ, ձևավորի ռուսամետ երկրորդ բևեռը, այն, ինչ ժամանակին անում էր ծառուկյանական ԲՀԿ-ի ժամանակ, որ խելքի բերի ՀՀ իշխանություններին։
Եվ գուցե պատահական չէ այն, որ Սերժ Սարգսյանը ռուսական բևեռի առաջացումը չեզոքացնելու համար վերջին շրջանում հրապարակավ ցույց է տալիս իր մերձեցումը Գագիկ Ծառուկյանի հետ՝ պարգևատրումներ, գովաբանություններ շռայլելով, որպեսզի ի վնաս իրեն կրկին չակտիվանա Ծառուկյանի գործոնը։


Ի դեպ, մամուլում աշխատանքը Կարեն Կարապետյանի դեմ արդեն սկսված է։ Ակներև է, որ գործող վարչապետի դեմ հիմնական երկու ուղղությամբ են աշխատում։ Հասարակության մեջ առաջացնում են շատ մեծ սպասումներ, որ դրանք շատ արագ չիրականանալու դեպքում նրա բարձր վարկանիշն անմիջապես փոշիանա։ ՈՒ պատահական չէ, որ դա հասկանալով՝ Կարեն Կարապետյանն Ազգային ժողովում այդ թեման անմիջապես փակեց՝ ասելով, որ կախարդական փայտիկ իր ձեռքին չկա։ Բացի այդ, անընդհատ շեշտվում է, թե նա ժամանակավոր վարչապետ է, և նոր սահմանադրությամբ այլևս չի կարող պաշտոնավարել, ինչը, ի միջի այլոց, սահմանադրություն գրողները հերքում են։ Ինչպես նաև մատի փաթաթան են դարձնում քաղաքապետի պաշտոնից անմիջապես հրաժարումը՝ ցույց տալու համար, որ նա պայքարող կերպար չէ։


Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ապա շատ քչերն են ուշադրություն դարձրել նրա վերջին ելույթի այն հատվածին, որտեղ հստակ ասվում է, որ ինքն է հրաժարական տալիս, որպեսզի նախագահին նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն տա։ Նա ակնարկեց, որ եթե չցանկանար հեռանալ, կարող էր առաջացնել ներիշխանական ճգնաժամ, ինչը չի անում։ Ավելին, իր ելույթում նա ամփոփեց իր աշխատանքի արդյունքները, որոնք, ըստ նախկին վարչապետի, բավականին լավ էին, և ինքը տնտեսությունը վատ վիճակում չի հանձնում։ Այս թեզին, իհարկե, մեկ-երկու օր հետո բամփեց նորանշանակ վարչապետը՝ շեշտելով, որ տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր։


Այս պահին Հովիկ Աբրահամյանը նեղացածի կարգավիճակում է, ու քանի որ վարչապետության տարիներին ամեն ինչ փորձել է վերածել քաղաքական կապիտալի, բավականին լուրջ ռեսուրսներ ունի՝ թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական, թե՛ կազմակերպչական, փորձելու է մնալ որպես կարևոր ֆիգուր։ Կյանքը Հովիկ Աբրահամյանի համար չի ավարտվում, նրա համար նոր մեկնարկ է բացվում՝ դարձյալ վերև բարձրանալու։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2524

Մեկնաբանություններ

∶β€溍ヅ韭久р偓鈥/1357892444" rel="nofollow">Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 27.04.2024