«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Քրդերի գործոնը նորից է «խաղարկվում», և «պարում են բոլորը»

Քրդերի գործոնը նորից է «խաղարկվում», և «պարում են բոլորը»
23.09.2016 | 09:32

Թերևս, ոչ միայն Անդրկովկասի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, այլև ամբողջ աշխարհի վրա անմիջական ազդեցության տեսակետից դժվար է թերագնահատել կամ գերագնահատել օգոստոսին սիրիա-թուրքա-քրդական ուղղությունում տեղի ունեցած իրադարձությունները: Կամ զարմանալի զուգադիպությամբ, կամ էլ միանգամայն օրինաչափորեն և Անդրկովկասում ու Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման ընդհանուր տրամաբանությունից ելնելով, սիրիա-թուրքա-քրդական ֆոնն իրեն զգալ տվեց հենց այն օրը, երբ Երևանում հայտարարություն հնչեց հայ-ռուսական միացյալ զորամիավորում կազմավորելու մեկնարկի մասին (օգոստոսի 16):

Մենք կարծում ենք, որ սա սոսկ զուգադիպություն չէ, չնայած վերջին ատյանի ճշմարտության էլ չի հավակնում: Այդ օրը քրդական, այսպես կոչված, «ոստիկանության»՝ «Ասայիշի», և քրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) մեջ մտնող քրդերը հանկարծակի հարձակմամբ Հասեկե քաղաքից դուրս մղեցին Սիրիայի կառավարական զորքերը և աշխարհազորայիններին: Ի դեպ, նաև հայ աշխարհազորայիններին, թեև մեր մամուլը ջանադրաբար լռության է մատնում դա, ընդունելով, սակայն, որ Հասեկեի հայկական ընտանիքների վիճակը «տագնապ է հարուցում»: Ինչպես հաղորդել են արաբական լրատվամիջոցները, «քուրդ աշխարհազորայինները օգոստոսի 16-ին սկսված բախումների ընթացքում սպանել են ավելի քան 30 զինվորականի, 33-ին՝ գերել, այդ թվում՝ կառավարական զորքերի 12 սպայի»: Սիրիայի ԶՈՒ հրամանատարությունը հայտարարել է, թե Հասեկեի ընդհարումը հրահրել են քրդական զորամիավորումները: «Ալ-Մայադին» հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն, այս կապակցությամբ սիրիական ՌՕՈՒ-ն երկու անգամ (օգոստոսի 18-19-ին) հարվածներ է հասցրել քրդերի դիրքերին ու, երևի, նրանց հետ գործող ԱՄՆ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումներին: Ավելին, Հասեկեի կողմն են շարժվել իրանական հատուկջոկատայիններն ու շիա կամավորականները:


Սիրիական լրատվամիջոցները գրել են, թե քրդերը ձգտում են Հասեկեի նահանգից դուրս մղել բոլոր կառավարական զորքերն ու նրանց աջակցող աշխարհազորայիններին (այսինքն՝ նաև հայերին), որոնց ձեռքին են մնում պետական հիմնարկներն ու ուժային կառույցների շտաբները, օդանավակայանները, ուղեկալները և այլն: Դա գալիս է ասելու, որ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող սիրիացի քրդերի «ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ղեկավարությունը հենց օգոստոսի կեսերին սկսել է Սիրիայի հիմնական տարածքից Ղամշլի կենտրոնով քրդական ինքնավարության իրական առանձնացման գործընթացը: Իսկ YPG-ի ջոկատները, ըստ էության, PYD կուսակցության զինվորական թևն են, որը Թուրքիայում համարում են թուրքական իշխանությունների արգելած Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) «սիրիական մասնաճյուղ»: YPG-ի քուրդ զինյալները վաղուց արդեն չեն թաքցնում, որ որոշ բազաներ ու ճամբարներ գտնվում են Թուրքիայի տարածքում, և իրենք պայքարում են ընդդեմ կառավարող վարչակազմի: Դամասկոսն ու Մոսկվան մինչև վերջերս չնկատելու էին տալիս դա, սակայն զինվորական-դիվանագիտական աղբյուրները հաղորդում են, որ, հանդիպելով Սանկտ Պետերբուրգում, Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են համատեղ խափանել քրդերի անջատական նկրտումները և պաշտպանել բազմազգ Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Օգոստոսի 19-ին ամերիկացիները, քշելով սիրիական Cy-24 ռմբակոծիչները, ըստ էության, պաշտպանության տակ առան քրդերին, թեև դա միջադեպի շարունակման չհանգեցրեց, ավելին, և՛ սիրիացիները, և՛ իրանցիները շիա կամավորականների հետ վերադարձան իրենց ելման դիրքեր: Սակայն օգոստոսի 20-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, թե առաջիկա վեց ամիսներին Թուրքիան մտադիր է ավելի ակտիվորեն մասնակցելու Սիրիայի հակամարտության լուծմանը, որպեսզի կանխվի երկրի բաժանումն ըստ ազգային հայտանիշի:

Այդ դիրքորոշմանը բացահայտորեն միացել է նաև Իրանը, որը ևս երկյուղում է քրդական անջատականության ուժեղացումից ոչ միայն Սիրիայի տարածքում, այլև սեփական երկրում: Իրանական լրատվամիջոցները հաղորդում էին օգոստոսի վերջերին Թեհրանի ու Անկարայի արտաքին դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներ Ջավադ Զարիֆի և Մևլութ Չավուշօղլուի հաճախակի շփումների մասին, ովքեր նախապատրաստում են ամենամոտ ապագայում Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Թեհրան: Այցի գլխավոր նպատակներից մեկն է քննության առնել Սիրիայի խնդիրը և լուծումներ գտնել:


Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը քանիցս պաշտոնապես հայտարարել է, որ ինքը դեմ է Սիրիայի տրոհմանը, սակայն նրա իրական քայլերը, կապված Հասեկեում անթռիչք գոտի մտցնելու փորձերի հետ, հակառակն են վկայում: Երևի այդ պատճառով էլ ռուսական կողմի համար այդքան դժվար է ամերիկացիների հետ պայմանավորվածության գալ Սիրիայի տարածքում համատեղ գործողությունների կոորդինացման շուրջ, թեև սեպտեմբերի սկզբին ՌԴ-ն ու ԱՄՆ-ը կարծես «ինչ-որ բանի շուրջ» արդեն համաձայնության են եկել: Մանրամասներն անհայտ են, բայց, «պայմանավորվածության գալու» նախորդ փորձերից ելնելով, մենք շատ լավ ենք հիշում, որ կարծես արդեն «պայմանավորված» ամերիկացիները անմիջապես ջանում են խույս տալ պայմանավորվածությունների կատարումից: Օրինակ, մի խումբ փորձագետներ հենց այն բանի հետ են կապում «Ջեբհաթ ան-Նուսրայի» «վերաձևումն» ու վերանվանումը, ինչպես նաև նրա հայտարարությունները «Ալ Քաիդայի» հետ կապերի խզման մասին, որ ԱՄՆ-ը չի ուզում հաստատել ռուսական տեսակետն այն մասին, թե «Նուսրան» ահաբեկչական խմբավորում է և ոչ թե ընդդիմադիր: ՈՒստի օգոստոսի 22-ին արդեն քրդական աղբյուրներն էլ անսպասելիորեն պնդեցին. «ԱՄՆ-ը Սիրիայի համար լիբիական սցենար է նախապատրաստում»:

Օգոստոսի 22-ին թուրքական T-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը Իրանին, Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ արեց աշխատել միասին և նոր էջ բացել Սիրիայի հակամարտության կարգավորման ճանապարհին: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Սիրիայի հյուսիսում քրդական ինքնակառավարման ստեղծումն անընդունելի է: Յըլդըրըմի հայտարարությունը կարելի էր «հերթապահ» համարել, բայց այստեղ կա մի «բայց». այդ նույն օրը (օգոստոսի 22-ին) Դամասկոսում տեղի ունեցավ բավական նշանակալի գաղտնի հանդիպում թուրքական և սիրիական հետախուզությունների ներկայացուցիչների միջև: Ինչպես նշել են թուրքական լրատվամիջոցները, այցը տեղի է ունեցել վարչապետ Յըլդըրըմի այն պաշտոնական հայտարարությունից հետո, թե Բաշար Ասադը կարող է մնալ իշխանության գլուխ անցումային կառավարության շրջանում: Հատուկ ծառայությունների միջև նման շփումները նախկինում էլ են եղել, թեև դրանք տեղի են ունեցել չեզոք տարածքում: Աղբյուրները հաղորդում են, որ Դամասկոսում սիրիական և թուրքական մուհաբարաթների միջև բանակցությունների հիմնական թեման եղել է իրադրությունը Սիրիայի հյուսիսում՝ ինչպես Հասեկեում, այնպես էլ սահմանամերձ Ջերաբլուսում: Ինչպես հայտնի է, երկու օր հետո թուրքական տանկերը մտան Սիրիայի տարածք և սկսեցին քրդերին քշել Եփրատի մյուս ափ: Հենց օգոստոսի 22-ին քրդերը ևս մեկ թշնամական քայլ ձեռնարկեցին Սիրիայի կառավարական բանակի դեմ. Հալեպի Շեյխ-Մաքսուդ թաղամասում, ուր քրդերն ավելի վաղ փակել էին Կաստելոյի մայրուղին իսլամիստ զինյալների առջև, Հասեկեի իրադարձություններից հետո էլ ճանապարհը շրջափակեցին քաղաքի արևմտյան մասում գտնվող կառավարական ուժերի մատակարարման առջև: Իր հերթին «Հարաքաթ Նուր ադ-Դին Զենգի» ահաբեկչական խմբավորումը քրդերին մատակարարելու միջանցք էր բացել Շեյխ-Մաքսուդում: Մենք չենք ասում, թե դա ահաբեկիչների ու քրդերի միջև անջատական դավի «առաջին փորձն» է, բայց դա դավաճանություն էր այն ուժերի նկատմամբ, ովքեր ամիսներ ի վեր աշխատել էին Հալեպում և արվարձաններում ահաբեկիչների համար «կաթսա» ստեղծելու վրա: Շեյխ-Մաքսուդ թաղամասում քրդերի մանևրի նպատակն ակնհայտ է. այդ հաղթաթուղթը քրդերը կօգտագործեն Հասեկեի բանակցություններում: Քանի դեռ քրդերին ու սիրիական իշխանություններին չի հաջողվել կայուն զինադադար հաստատել: Արդեն առնվազն երեք անգամ իբր ձեռք բերված հրադադարի համաձայնությունն ավարտվել է հրաձգության վերսկսմամբ:

Բանակցություններին միացել են ռուս զինվորականներն ու դիվանագետները, որոնք Հասեկե են եկել Ղամշլիի օդանավակայանից: Կողմերը զեկույցներ են ներկայացնում նոր տարածքների հաջող նվաճման մասին, ընդ որում, հաճախ նաև այն տարածքների, որոնք առանց այդ էլ իրենց հսկողության տակ են գտնվել, և մեծացնում են ուժերը. օգոստոսի 19-ին Ղամշլիի օդանավակայանով կառավարական ուժերին և նրանց կողմնակիցներին օգնության նետվեցին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության ջոկատները, իսկ YPG-ին և «Ասայիշին» միացան, այսպես կոչված, «Սիրիական ազատ բանակի» (CCA) «Ջեյշ Տուվար» ստորաբաժանումները, որոնք մտնում են ԱՄՆ-ի խնամակալությունը վայելող քուրդ-արաբական, այսպես կոչված, «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (SDF) դաշնախմբի մեջ: Պաշտոնական Դամասկոսի ներկայացուցիչներն ու սիրիամետ փորձագետները վստահորեն ասում են, որ ԱՄՆ-ն է քրդերին հրահրում սադրանքներ սարքելու Հասեկեում, որպեսզի սիրիական բանակը թուլացնի Հալեպում զինյալների դեմ ուղղված գործողությունները: Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Մոհամադ Մարանդին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ենթադրություն է արել, թե ամերիկացիները վախենում են Թուրքիայի ու Սիրիայի մերձեցումից, և քրդական ուժերը կառավարական դիրքերը, այդ թվում` Հասեկեում, գրոհել են անկայուն վիճակը պահպանելու համար: Իր հերթին, քրդական PYD կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Սիհանոկ Դիբոն քրդերի վրա սիրիական բանակի գրոհներն անվանել է «ուղերձ (Բաշար Ասադի) Էրդողանի կառավարությանը», ենթադրելով, թե սիրիական վարչակազմն ուզում է Թուրքիային ու Իրանին համոզել, որ ինքը պատրաստ է կանխելու «Մանբիջ և Աֆրին քաղաքների միջև ընկած 47-րդ տեղամասի» ազատագրումը քրդերի կողմից:


Անաչառ գնահատելով, չի կարելի չնշել, որ Հասեկեի իրադարձություններն իրոք կարող էին հրահրված լինել, բայց ամերիկացիների՞, թե՞ այլոց կողմից, դա երկրորդական հարց է: Դեռ մինչև օգոստոսի 16-ի իրադարձությունները վարկած կար, որ Հասեկեում լարվածությունը դիտավորյալ սրում են թուրքերը, որոշակիորեն գործակցելով իշխանամետ աշխարհազորայինների հետ, և այդ բանն անում էին «քրդերի ջգրու»: Արժե այստեղ փորձել մանրամասնել. Հասեկեում բախումներն սկսվեցին այն բանից անմիջապես հետո, երբ ամերիկամետ SDF դաշնախումբը, հիմնականում քրդերի ուժերով, վերահսկողություն հաստատեց սահմանամերձ Մանբիջ քաղաքում, կազմավորեց «Ալ-Բաբ ռազմական խորհուրդը» և ակտիվացրեց հարձակումները համանուն քաղաքի վրա: Նպատակն էր Ռոժավի բոլոր երեք կանտոնները (Աֆրին, Քոբանի և Ջազիրա) միավորել մեկ ընդհանուր տարածքային ամբողջության մեջ, այսինքն, փակել «քրդական աղեղը» թուրքական սահմանի շուրջ: Օգոստոսի 18-ին SDF դաշնախումբը փոխեց ռազմավարությունը և անսպասելիորեն հարձակում սկսեց սահմանամերձ Ջերաբլուս քաղաքի ուղղությամբ, ուր օրվա ընթացքում հինգ բնակավայր գրավեց: Ինչպես գրում են քրդերը, SDF դաշնախումբն էլ կազմավորել է «Ջերաբլուսի ռազմական խորհուրդ», որը պատասխանատու է քաղաքի գրոհի համար, իսկ նրա ազատագրումից հետո իր վրա է վերցնելու վարչական կառավարումը:

Սակայն քրդերի առաջխաղացումը դեպի «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման կողմից վերահսկվող Ջերաբլուս, «կարմիր լաթ» է Անկարայի համար, որը այլ ծրագրեր ուներ դրա առնչությամբ: Մասնավորապես, ուզում էր վերցնել քաղաքը թուրքական հետախուզության վերահսկողության տակ գտնվող «Սիրիական ազատ բանակի» (CCA) միջոցով, որի մեջ ներառված էին, ինչպես վկայում են աղբյուրները, Սիրիայի թուրքամետ աշխարհազորային թուրքմեններ և թուրքական հատուկ նշանակության ջոկատներ:
Այս իմաստով Ղազիանթեպ քաղաքում ԻՊ մահապարտ պատանու իրականացրած օգոստոսյան ահաբեկչությունը նպատակ ուներ, թերևս, հետաձգելու Ջերաբլուսում ԻՊ-ի վրա CCA ջոկատների՝ ընդդիմության ազդարարած հարձակումը, որը պետք է ստանար թուրքական հրետանու աջակցությունը: Թուրքական այս ծրագիրն անուղղակիորեն հաստատել էր արտգործնախարար Չավուշօղլուն, հայտարարելով, որ «սիրիական սահմանին կից գտնվող շրջանը պետք է լրիվ մաքրվի ԻՊ-ի ջիհադականներից»: Ինչպես հաղորդել է CNN-Turk հեռուստաալիքը, այն օրերին թուրքական հրամանատարությունը սահմանի մոտ զրահատեխնիկայի ստորաբաժանումներ էր կենտրոնացրել, իսկ օգոստոսի 22-ին Թուրքիան, ըստ էության, ռազմական միջամտություն սկսեց Սիրիայում. թուրքական հրետանին հարվածներ հասցրեց ոչ միայն ԻՊ-ին, այլև քրդերի ու նրանց դաշնակից ուժերի դիրքերին՝ Ջերաբլուսից հարավ և Մանբիջի շրջանում: Որոշ տվյալների համաձայն, օգոստոսի 23-ին սպանվել է Ջերաբլուսի ռազմական խորհրդի գլխավոր հրամանատար Աբդել Սաթար ալ-Ջադերը:

Քրդերն արդեն հայտարարել են, որ ձերբակալել են երկու զինյալի, որոնք մասնակցել են նրա սպանությանը և թուրքական MIT հետախուզության հետ կապեր ունեն: Այլ տեղեկությունների համաձայն, Ջադերն սպանվել է Ջերաբլուսից հարավ-արևելք գտնվող Ալ-Շույուխ բնակավայրում՝ ո՛չ այն է թուրքական հետախուզության գործակալների, ո՛չ այն է ԻՊ-ի զինյալների դիպուկ կրակոցով: Հաշվի առնելով սիրիական և թուրքական հատուկ ծառայությունների վերջին շփումները, պետք է ենթադրել, որ Սիրիան ու Իրանը «այնքան էլ չեն առարկել» սիրիացի քրդերի դեմ Թուրքիայի կողմից ռազմական ուժի գործադրմանը: Որոշ իմաստով նույնպիսի իրավիճակ է ստեղծվել մեկ այլ սահմանամերձ քաղաքում՝ Ազազում, որը վերահսկվում է «չափավոր» թուրքամետ խմբավորումների կողմից: Վերջին ժամանակներս CCA-ի ջոկատները թուրքական հրետանու աջակցությամբ փորձեր են արել այնտեղ ԻՊ-ից խլել մի շարք բնակավայրեր, նպատակ ունենալով այդ կերպ նաև ընդլայնել իրենց զբաղեցրած տարածքները՝ ի հակակշիռ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված քրդական մանևրների: Իսկ արդեն օգոստոսի 24-ին Թուրքիայի զինված ուժերը սկսեցին «Եփրատի վահան» ռազմական գործողությունը՝ Հալեպի նահանգի հյուսիս-արևելքում «Իսլամական պետության» հսկողության ներքո գտնվող սիրիական Ջերաբլուս քաղաքը գրավելու նպատակով: Բայց դրանով հերթական «քրդական պատումը», իհարկե, չի ավարտվում:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1803

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

որ իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am