Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ով ականջ ունի, թող լսի

Ով  ականջ ունի, թող լսի
23.09.2016 | 09:39

(Տե՛ր, ների՛ր մեզ, լվա՛ մեր մեղքերը, ներսից ու դրսից ազգիս սպիտակ հագցրու)

Մի քանի տարի առաջ ինձ բախտ վիճակվեց մասնավոր այցով մեկնելու և երկու ամիս ապրելու երկրային դրախտում՝ Սինգապուրում։ Վերջերս միայն ինձ առաջարկեցին գրի առնել ականատեսի իմ տպավորությունները։ Ավելի քան տասը տարի է անցել, սակայն այնտեղի իմ զգացումները դեռևս բավական թարմ են։


Այդ քաղաք-պետության բնակչության 75 %-ը չինացի է, 17 %-ը՝ մալայացի, 7 %-ը՝ հնդիկ, 1 %-ը՝ եվրոպացի։ Բնակչության 25 %-ը քրիստոնյա է, մնացածը՝ բուդդայական, մուսուլմաններ։ Կողք կողքի համերաշխ գործում են բուդդայական տաճարները, իսլամական մզկիթները, կաթոլիկ եկեղեցիները։ Դրանց շարքում իր ուրույն տեղն ունի Հայկական փողոցում Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, որը 1835 թվականին կառուցել են Պարսկաստանից այստեղ գաղթած հայերը։ Եկեղեցու բակում են թաղված տարբեր ժամանակներ Սինգապուրում ապրած հայտնի հայերը։ Այստեղ է թաղված նաև Ագնես անունով մի մեծահարուստ հայուհի, որն իր այգում բացահայտել կամ աճեցրել է մանուշակագույն խոլորձի մի տեսակ, որը համարվում է այդ երկրի խորհրդանիշը։ Այդ եկեղեցին չի գործում, որովհետև մի քանի հայ ընտանիք է մնացել, որոնցից մեկն էլ տնօրինում է եկեղեցու բախտը՝ ժամանակ առ ժամանակ վարձակալության տալով այլազգի քրիստոնյաներին՝ եկեղեցու բակում հարսանիքներ կազմակերպելու համար։ Պարզվեց, որ նրանք որոշել էին նույնիսկ վաճառել եկեղեցին։ Սակայն Ավստրալիայի, Թաիլանդի ու Նոր Զելանդիայի հայերը նրանց դատի էին տվել ու շահել դատը։ Թաիլանդում ապրող մեծահարուստ մի հայ որոշել էր եկեղեցու տարածքում հյուրանոցային համալիր կառուցել, որ Հայաստանից այստեղ ժամանող պետական պաշտոնյաները ապրեն ոչ թե հյուրանոցներում, այլ «իրենց սեփական տանը»։


Հայերի հետքը այդ երկրում զգալի է։ Աշխարհի հայտնի հյուրանոցներից մեկի՝ «Ռաֆըլզ» հյուրանոցի մուտքի մոտ ցուցանակ է փակցրած, որը տեղեկացնում է, որ այդ շինությունը 19-րդ դարում հիմնել են Սարգսյան եղբայրները։ Երկրի բնակչությունը մեծ հարգանքով է վերաբերվում իր ոչ այնքան մեծ պատմությանը։ Քաղաքային զբոսայգու տեղում նախկինում գերեզմանոց է եղել։ Քանդել են, բայց հարթ տապանաքարերը ոչ թե ոչնչացրել, այլ տեղադրել են հատուկ կառուցված պատի մեջ։ Յուրաքանչյուր չորրորդ տապանաքարի վրայի հայատառ արձանագրությունը վկայում է, որ հայերն այստեղ եկել են 19-րդ դարում՝ Սպահանից։ Մեծ դամբանաքարերով գերեզմանները նույնությամբ պահպանվել են այգու տարածքում։ Շրջում ես այգում ու խորին հարգանքով լցվում այդ ժողովրդի հանդեպ, որը հարգել գիտի իր երկրի պատմությունը։ Այդ երկրի նորագույն պատմությունը հաշվվում է ընդամենը մի քանի տասնամյակ, որի ընթացքում էլ ստեղծվել է սինգապուրյան հրաշքը։ Փորձում ես հասկանալ այդ ֆենոմենի գաղտնիքը, իսկ նրա բնակիչները չեն թողնում, որ դու գուշակություններ անես ու միանգամից ասում են՝ «Գաղտնիք չկա, Աստված ուղղակի օրհնել է մեր երկիրը»։ Հարցնում ես՝ ինչո՞ւ և ինչպե՞ս։ Բացատրում են, որ «երբ իրենց երկիրն անկախացավ Մալայզիայից, կառավարությունն անմիջապես մի քանի աստվածահաճո օրենքներ ընդունեց, օրինակ՝


1. Այս երկրում բոլոր մարդիկ իրավահավասար են:
2. Երկրի իշխանությունը պետք է մաքուր աշխատի:
3. Արգելվում է բազմակնությունը։ (Երևի, դեմոգրաֆիական նկատառումներով, քանի որ բնակչության 17 տոկոսը մուսուլման է, որոնց մոտ բազմակնությունը արգելված չէ)։
Աստված տեսավ, որ դրանք բարի են, օրհնեց մեր երկիրն ու մեր ժողովրդին»։ Եվ դա ասում են երկրի մտավորականները՝ փաստաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ։


Կհարցնեք՝ ո՞րն է Աստծո օրհնությունը, ինչպե՞ս է արտահայտվում, ի՞նչ են զգում օտարները։ Կասեմ՝ փողոցում, ավտոբուսում, մետրոյում, խանութներում, սրճարաններում, ամենուրեք մարդիկ խաղաղ ու հանգիստ են, դժգոհ ու մռայլ դեմքեր չկան, մարդիկ ժպտում են միմյանց, չեն հրմշտում, չեն շտապում։ Բոլորից սեր ու խաղաղություն է հորդում։ Չկան առօրյա շքեղ հագնված մարդիկ, առավել ևս երիտասարդներ։ ՈՒսանող երիտասարդությունը, ի տարբերություն մեր ուսանողների, շատ պարզ ու համեստ է հագնվում։ Բոլորն իրենց համակարգիչներով են։ Բոլոր սրճարանների հետին պատի մոտ շարված աթոռները նախատեսված են ուսանողների համար, նրանք այստեղ կարող են պարապել։ Հասկանալի է, որ երաժշտություն չկա այդ վայրերում։ Երկիրն օրհնված է, դրա համար էլ դիսկոտեկներ ու խաղատներ չկան։ Ամբողջ քաղաքում սուպերմարկետներ են։ Երբ մտնում ես որևէ առևտրային սրահ, վաճառողուհիներն անմիջապես մոտենում են, ողջունում, հարցնում են՝ ո՞նց ես, ի՞նչ կա-չկա, ինչո՞վ կարող են օգնել։ Դա անում են այնպիսի սիրով ու ջերմությամբ, որ սկզբում թվում էր, թե նրանք քեզ ինչ-որ մեկի հետ շփոթել են։ Շուտով հասկացա, որ դա նրանց աշխատաոճն է։ Բոլոր սուպերմարկետներում հանդիպում ես հայ մասնագետների՝ ոսկերիչների, նորաձևության վարպետների անձնական վաճառասրահների, և սիրտդ լցվում է հպարտությամբ ու ազգային արժանապատվության զգացումով։ Դա մի երանելի հոգեվիճակ էր, քանի որ քո սեփական երկրում դու զրկված ես ոչ միայն ազգային, այլև մարդկային արժանապատվությունից։


Քայլում ես այդ քաղաքի մաքրամաքուր փողոցներով և սիրտդ լցվում է սիրով ու հիացմունքով այդ քաղաք-երկրի քաղաքացիների նկատմամբ, ուզում ես բոլորին շնորհակալություն հայտնել իրենց ստեղծած «ոսկի քաղաքի» համար։ Բայց ես մի քայլ հետ էի ընկնում իմ ուղեկիցներից ու լուռ արտասվում էի, քանի որ սիրտս լցվում էր ամոթի, կարեկցանքի, ափսոսանքի զգացումով՝ հազարամյակների պատմություն ունեցող ստեղծարար իմ ազգի այն վիճակի համար, որում հայտնվել ենք։ Սինգապուրում ես հասկացա, որ կյանքը պայքար չէ, ինչպես մեզ համոզում էր խորհրդային երկրի գաղափարախոսությունը, այլ Աստծո տված մեծագույն պարգև, որ ապրելը հաճույք է, որ հաճույքը կուշտ ուտել-խմել ու զվարճանալը չէ, այլ հաճույք է կյանքդ ուրիշներին ծառայեցնելը։ Ավելի քան երեսուն տարի զբաղվելով նյարդային համակարգի ֆիզիոլոգիայով, վերջապես հասկացա, որ ուղեղը մարդուն տրված է մտածելու, արարելու, ոչ թե քանդելու և ավերելու համար։ Այդ երկրում մարդիկ ապրում են «որքան ուրիշների համար լա՛վ, այնքան ի՛նձ համար լավ» սկզբունքով, ոչ թե հակառակը՝ «որքան ուրիշների համար վա՛տ, այնքան ինձ համար՝ լա՛վ, որքան դժգոհ ժողովուրդ, այնքան իշխանությունների համար լա՛վ»։ Աբսուրդ է։


Ամեն կիրակի քրիստոնյաների ավետարանական համայնքը հավաքվում էր Աստծո փառաբանության և աղոթքի համար։ Հարցնում եմ՝ ի՞նչ է պետք Աստծո օրհնությանն արժանանալու համար։ Պատասխանում են, եթե բնակչության 10 %-ն աղոթի իր երկրի բարօրության համար, ապա Աստված կլսի ու կօրհնի։ Ով ականջ ունի, թող լսի։ Բայց աղոթելու համար պետք է հավատ ունենալ, որ ձայնդ հասնի առ Աստված։ Իսկ մեր ազգի քանի՞ տոկոսն ունի այդ ճշմարիտ հավատը։


Այդ երկրում մի քանի օր ապրելուց հետո քեզ թվում է, թե գտնվում ես հրաշալի վերանորոգված տան մեջ, որտեղ ամեն մանրուք հաշվի է առնված տան անդամների հարմարավետ կյանքի համար։ Մի տասը տարի առաջ Սինգապուրում ապրում էր երեք միլիոն մարդ, այնքան, որքան Հայաստանում էր։ Հիմա նրա բնակչության քանակը կրկնապատկվել է։ Դա բնական աճ է, որովհետև օտարերկրացիներն այստեղ բնակվելու իրավունք չեն ստանում։ Ներդրումներ կարող են անել, բայց անշարժ գույք ձեռք բերել չեն կարող։ Երկրի զբաղեցրած տարածքը Հայաստանից հինգ անգամ փոքր է` մոտ վեց հազար քառակուսի կիլոմետր։

Գյուղատնտեսություն չունի, որովհետև հող չունի։ Նոր շենք կառուցելու համար տարածքներ են ավելացնում ծովի հաշվին։ Հատուկ տեխնոլոգիայով կենցաղային աղբը վերամշակում են, ստանում են շինանյութ՝ հատուկ բլոկներ շենքի ամուր հիմք ստանալու համար։ Դրանք տեղադրում են ծովափնյա տարածքներում, այդ հիմքի վրա շենք կառուցելու համար։ Ի դեպ, աղբի վերամշակման էկոլոգիապես մաքուր այդ տեխնոլոգիան մի քանի տարի առաջ «ուտոպիստ» ձեռներեցները փորձեցին ներմուծել Հայաստան։ Բայց ղեկավար շրջաններից նրանց հասկացրին. «Տեխնոլոգիան թողեք մեզ, իսկ դուք հեռացեք»։


Սինգապուրի ժամանակակից բազմաբնակարան 20-25-հարկանի շենքերը դիտարժան ճարտարապետություն չունեն։ Բոլոր շենքերն իրենց կառուցվածքով միօրինակ են, բայց իրարից տարբերվում են յուրահատուկ պատշգամբներով, ողողված աչք շոյող բուսականությամբ։ Երեկոյան ժամը յոթին արդեն մթնում է, և միանգամից վառվում են բոլոր շենքերի պատշգամբների լույսերը, որոնք հատուկ գրավչություն են տալիս երեկոյան Սինգապուրին, քանի որ ոչ մի չլուսավորված պատշգամբ չի լինում։


Ամբողջ քաղաքը շինարարության մեջ էր, բայց քաղաքացին դրանից ոչ մի անհարմարություն չէր զգում։ Հին, խարխուլ տները քանդում էին, կուտակված շինաղբը գունագեղ շղարշով ծածկում էին, որ մարդիկ չտեսնեն։ Կողքից փոքրիկ, խաղալիքի նման էքսկավատորները, որոնց շերեփը երևի մի քանի բահի տարողություն ուներ, աղբը լցնում էր բեռնատարի մեջ, նորից ծածկում շղարշով ու տեղափոխում։ Շինարարությունը սկսելուց առաջ կանաչապատվում էր շրջապատը։ Ոչ մի ծառ չեն հատում։ Խանգարող ծառերը հատուկ տեխնոլոգիայով տեղափոխում են։ Ասում էին, որ նույնիսկ հսկա բաոբաբները նույնպես այդ մեթոդով կարողանում են տեղափոխել։ Փողոցի նորոգվող հատվածները գունավոր պլաստմասսե խորանարդներով առանձնացվում էին երթևեկելի մասից, որ մարդիկ անհարմարություն չզգան։
Սինգապուրը աշխարհի միակ երկիրն է, որի էլեկտրական, հեռախոսային և այլ լարերն անցնում են ոչ թե վերգետնյա սյուների վրայով, այլ գետնի տակով։ Եթե որևէ տեղ հաղորդալարի վթար է տեղի ունեցել, ասես թղթի վրա, քանոնով գծում և փոքրիկ «խաղալիք» գործիքով փորում են, վթարը վերացնում և անմիջապես վերականգնում փողոցի նախկին տեսքը։ Այս ամենը մանրամասնում եմ, որ հասկանալի լինի՝ այդ երկրի կառավարության ուշադրության կենտրոնում իր քաղաքացին է, նրա բարօրությունը։ Քաղաքացին էլ համապատասխան վերաբերմունք է ցուցաբերում իշխանությունների նկատմամբ, անվերապահորեն ենթարկվելով երկրի օրենքներին։ Երկրի օրենքները ևս միտված են իր քաղաքացիների կյանքի հարմարավետությանը։ Օրենքի մի քանի օրինակներ։ Որոշ փողոցներում ավտոմեքենաների երթևեկությունը վճարովի է, որպեսզի այդ փողոցները առավոտյան և երեկոյան շատ չծանրաբեռնվեն։ Վարորդները գերադասում են մեքենայով հասնել մետրոյի մոտակա կայարան, հետո ճանապարհը շարունակել մետրոյով, որը վերգետնյա է։ Մեքենաների քանակը սահմանափակելու համար այլ օրենքներ ևս կան։ Մեքենա գնել կարող են բոլոր քաղաքացիները, բայց մեքենա վարելու իրավունք ունենալը կապված է որոշակի բարդությունների հետ։ Եթե մեքենան ավելի քան յոթ տարվա հնություն ունի, վարորդը պետք է տուգանք վճարի։ Հանրային ավտոբուսներում կանգնած ուղևոր չպետք է լինի։ Մետրոյի կայարաններում և վագոններում արտակարգ մաքրություն ու խորհրդավոր լռություն է տիրում։ Մետրոյում, փողոցում և հասարակական այլ վայրերում ուտելը, խմելը, ծխելը, ծամելը արգելվում են։ Կարգը խախտողները տուգանվում են 500 դոլարով (ԱՄՆ մեկ դոլարը հավասար է սինգապուրյան երկու դոլարի)։ Ճիշտն ասած, երկու ամսում ես այդ քաղաքում ոչ մի ոստիկանի կամ ոստիկանական մեքենա չտեսա։


Ամեն օր լույս է տեսնում մոտ 40-էջանոց պետական պաշտոնաթերթը, որից ուզում եմ մեջբերումներ անել։ Ավստրալիայից ժամանած 60-ամյա մի կնոջ ուղեբեռում հայտնաբերել էին 200 գրամ թմրանյութ։ Դրա համար նրան մահապատիժ էր սպառնում։ Բայց պարզվել էր, որ թմրադեղը 2 միլիգրամ պակաս է 200 գրամից, և նրան դատապարտել էին ցմահ բանտարկության։ Մի դպրոցականի վատ առաջադիմության համար նրա մորը դատապարտել էին երկու տարվա ազատազրկման, քանի որ նա չէր հետևել իր երեխայի ուսմանը։ Միգրացիոն ծառայության մի աշխատակցուհու՝ հնդիկ միգրանտից աշխատանքային ժամկետը երկարաձգելու դիմաց 2 հազար դոլար կաշառք վերցնելու համար դատապարտել էին 2 տարվա ազատազրկման։ Հարկ է նշել, որ մարմնավաճառությունը այդ երկրում արգելված չէ։ Այդ ոլորտում ընդգրկվածները հարկային դաշտում են և մշտապես գտնվում են բժիշկների հսկողության տակ։


Այս երկրում անապահով խավ հասկացություն գոյություն չունի, այդ պատճառով էլ սոցիալական աշխատողի կարիք չունեն։ Զրուցում եմ 55-ամյա մի հնդիկ սինգապուրցու հետ, որը մասնագիտությամբ ինժեներ էլեկտրոնիկ էր, թոշակի էր անցել ու պահակություն էր անում զբոսայգիներից մեկում, ամսական ստանում էր 1500 դոլար։ ՈՒներ վեց երեխա, բոլորն էլ ամուսնացած էին ու բնակարանով ապահովված։ Ինքն աշխատում էր ընդամենը մի քանի ժամ՝ իր հաճույքի համար։ Բանկում ուներ աշխատանքային տարիներին կուտակած 600 հազար սինգապուրյան դոլար։


Մտածում ես՝ ինչպե՞ս է այս երկիրը հասել նման հաջողությունների։ Դա կարելի է հասկանալ` կարդալով նրանց իմաստուն վարչապետի՝ Լի Կուան Յուի գիրքը։ Այն թող ուսումնասիրեն տնտեսագետներն ու փորձեն տեղայնացնել մեր երկրում։ Բայց այդ երկրի կառավարման հիմքում դրված է մի շատ կարևոր բան, որը պետք է կազմի ցանկացած երկրի կառավարման առանցքը։ Դա բարոյականությունն է, որը փիլիսոփայական հասկացություն չէ, այլ տիեզերական օրենք, ասել է՝ Աստծո օրենք։ Ճիշտ այնպես, ինչպես մեխանիկայի օրենքներն են, երկրի ձգողականության օրենքը, տիեզերական ձգողականության օրենքը և այլն։

Բարոյականության օրենքը ևս այդ անխախտ օրենքների շարքից է և գործում է մարդու կամքից անկախ։ Ովքեր չեն հավատում, թող ուսումնասիրեն Հովհաննես Դավթյանի «Հիմնարար դաշտի տեսությունը»։ Այդ օրենքի անտեսումն է հանգեցնում աբսուրդի տարբեր մակարդակների կառավարման համակարգերում՝ ընտանիքից մինչև պետական իշխանություն։ Իսկ այն ամենը, ինչ հասնում է աբսուրդի, վաղ թե ուշ քանդվում է։ Պատմաբանները նշում են, որ երկրների և կայսրությունների կործանման գլխավոր պատճառը դրանց իշխանական համակարգերում տիրող անբարո վարքուբարքերն են եղել։
Եթե Սինգապուրի որևէ պաշտոնյայի մասին լուրեր շրջեն, որ քարտուղարուհին նրա համար սուրճ է պատրաստում, ապա նա անհապաղ պետք է հրաժարական տա։ Որովհետև, եթե նա հավատարիմ չէ իր ընտանիքին, ապա հայրենիքին հավատարիմ լինել չի կարող։ Իսկ մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյային հրապարակավ անվստահություն պարունակող կոչով են դիմում, նա հաջորդ օրը հեռուստատեսությամբ ելույթ է ունենում՝ ժպիտը դեմքին։ Բարոյականության նշույլ անգամ չի երևում։ Նման անբարո դրսևորումների օրինակներ կարելի է անվերջ թվարկել։ Դժբախտաբար, դրանք մեր իրականության անբաժանելի մասն են ու մեր ժողովրդի դժբախտությունը։


Այդ օրերին Սինգապուրի հիվանդանոցներից մեկի ղեկավարությունը որոշել էր իրենց թանկարժեք և ոչ այնքան հին սարքավորումները, որպես բարի կամքի դրսևորում, նվիրել Հայաստանի կլինիկաներից մեկին։ Դրա համար Հայաստանից բժիշկների մի փոքր խումբ էր ժամանելու։ Նրանք գալու էին օգնություն ստանալու, բայց մի քանի օր այնտեղ մնալու համար պատվիրել էին ամենաթանկ հյուրանոցային համարները։ Աբսուրդ է։


Բժիշկներից մեկը՝ իմանալով, որ ես աշխատում եմ Երևանի բժշկական բուհերից մեկում, որոշեց ցույց տալ ինչ-որ մի հիվանդանոց։ Ես սկզբում չհասկացա՝ դա հիվանդանո՞ց է, թե՞ մի քանի աստղանի հյուրանոց՝ շատրվաններով, սրճարաններով... Չկար հիվանդանոցներին բնորոշ հականեխիչի հոտը, որովհետև հատակը ծածկված էր հականեխիչ անհոտ նյութով ներծծված հատուկ գորգերով։ Ի դեպ, անձնական խնդիրներով ստիպված եղա շփվելու նրանց առողջապահական համակարգի հետ։ Մեր չափանիշներով դա թանկ «հաճույք» էր, բայց բացահայտումներ անելու առումով՝ բավական ուսանելի։ Հետազոտությունը իր գինն ուներ, նշանակումներ անելը՝ իր։ Այդ գնի մեջ մտնում էր նաև տաքսի ծառայությունը, որը քեզ կտաներ հիվանդանոց՝ բժշկի մոտ և դեպի դեղատուն։ Դեղատանը առանց դեղատոմսի դեղ չեն տալիս։ Եթե դեղատոմսում գրված է վեց ու կես հաբ, քեզ երբեք յոթ հաբ չեն տա։ Նույնիսկ ծամոնը, որը այդ երկրում մաքսանենգ ապրանքների ցուցակում է, տալիս են միայն բժշկի դեղատոմսով, նախօրոք համացանցում ստուգելով տվյալ բժշկի արտոնագիրը։ Մի քանի օր առաջ մեկին օդանավակայանում մեծ գումարով տուգանել էին՝ երկիր ծամոն բերելու համար։ Ծամոնի արգելքը ինձ չափազանցություն թվաց, բայց երբ մեր համալսարանի (և ոչ միայն) մուտքերի, աստիճանների և քարերի վրա տեսա թքած (ներողություն այդ բառի համար) ծամոնների խճանկար հիշեցնող հետքերը, հասկացա, որ այդ երկրում նրբանկատորեն հաշվի է առնված ամեն ինչ։


Մեր երկրի պաշտոնյաները, համեմատություններ անելով Հայաստանի ու եվրոպական զարգացած երկրների կառավարման համակարգերի միջև, շեշտում են, որ այդ երկրները պետական կառավարման երկուհարյուրամյա փորձ ունեն, ու մենք, իբր, շատ ճանապարհ ունենք անցնելու, մինչև հասնենք նրանց մակարդակին։ Սինգապուրի օրինակը ցույց է տալիս, որ այդ մակարդակին հասնելու համար ոչ թե դարեր, այլ մի քանի տասնամյակն էլ բավարար է։ Միայն պետք է փոխել իշխանությունների գիտակցության մակարդակը։
Սինգապուրը մալայզիական մի կղզի է, որի բնակիչները եկել են տարբեր երկրներից՝ հիմնականում Չինաստանից, այսինքն՝ հիմնականում բնակեցված է եկվորներով, բայց ամեն քայլափոխի աչքի էր զարնում մի բան՝ քաղաքացիների անսահման սերը իրենց երկրի հանդեպ, նրանց ազգային ու պետական ընդգծված մտածողությունը։ Սինգապուրի կառավարման այդ առողջ համակարգը կառուցվել է ազգային մտածողություն ունեցող իշխանավորների ջանքերով։ Պետական պաշտոնում աշխատանքի ընդունելու համար ստուգում են ոչ թե երկրի Սահմանադրության, իրավական ու ընտրական օրենքների մասին նրա գիտելիքները, այլ նրա պետական ու ազգային մտածողության մակարդակը։ Առաջին հերթին նա պետք է իմանա 2500 տարի առաջ Կոնֆուցիոսի ներկայացրած դրույթները, որոնք կազմում են չինացի ժողովրդի ազգային գաղափարախոսության հիմքը։ Այդ քննությունը հանձնած պաշտոնյան չի կարող հայրենասեր չլինել։ Իսկ հայրենասիրությունը զգացվում էր իմ շփման շրջանակներում գտնվող բոլոր սինգապուրցիների մեջ։ Բժիշկներից մեկը պատմում էր, որ իր ընկերը սեփական նյարդավիրաբուժական կլինիկա ունի և ամեն ամիս վաստակում է 100000 ԱՄՆ դոլար։ Կառավարությունը նրան առաջարկել է զբաղեցնել առողջապահության նախարարի պաշտոնը, քանի որ նա լավ կազմակերպիչ է։ Նա համաձայնել է, չնայած տասն անգամ պակաս եկամուտ է ունենալու։ Համաձայնել է, որովհետև շատ է սիրում իր երկիրն ու համոզված է, որ նոր պաշտոնում ինքն ավելի օգտակար կլինի իր երկրին ու իր ժողովրդին։ Այսինքն պետական պաշտոնյայի մտածելակերպի հիմքում ոչ թե իր, այլ երկրի ու ժողովրդի շահն է։


Ասում էին՝ երկրի կառավարության անդամների համազգեստը սպիտակ է, ի նշան մաքուր և անբասիր աշխատանքի։ Վարչապետի նստավայրը առանձնապես աչքի չէր ընկնում իր շքեղությամբ, գտնվում էր ուղղակի փողոցի վրա և բաց էր բոլորի համար, ի հակադրություն ԱՄՆ-ի դեսպանատան, որը անառիկ բերդի էր նման իր պատերով ու պարիսպներով։
Սինգապուրցի երիտասարդի և նրա ընտանիքի համար մեծագույն անպատվություն է այս կամ այն պատճառով բանակում չծառայելը։ Սակայն ասում էին, որ 60-ական թվականներին, երբ երկիրը նոր էր անկախացել, բանակից խուսափողները քիչ չէին։


Այդ բազմազգ երկրում ազգային տարաձայնություններ ևս չկան։ Երբ Սինգապուրում ապրող չինացուն դրվատանքի խոսքեր ես ասում իրենց աշխատասիրությամբ այս հրաշք երկիրը ստեղծելու համար, նա անմիջապես հակադարձում է, որ դա միայն չինացու շնորհքը չէ, այլև մալայզիացու և հնդիկի, որովհետև իրենց երկրում այդ ազգերն էլ ուրիշ են, քանի որ երկիրը օրհնված է։


Ի դեպ, Աստծո ներկայության զգացողությունը անմիջապես վերանում է, երբ գնում ես հարևան Ինդոնեզիա, որը Սինգապուրից նավով ընդամենը երկու ժամվա ճանապարհ է։ Հայտնվում ես միանգամայն այլ իրականությունում, որտեղ էներգետիկան այլ է, մարդկանց ժպիտները արհեստական են թվում, բուսականությունը այլ կերպ է ընկալվում, չնայած նույն արևադարձային գոտին է, նույն ծովն է... Կարելի կարծել, որ դա ինդոնեզացիներից է։ Համոզված կարող եմ ասել՝ ոչ։ Սինգապուրում ապրող չինացիները, օրինակ, իրենց և՛ հոգեկերտվածքով, և՛ մտակեցվածքով՝ մենթալիտետով, հետևաբար նաև իրենց արտաքինով շատ տարբեր են Չինաստանում ապրող իրենց ազգակիցներից։ ՈՒրեմն նրանց երկիրն իսկապես օրհնված է։


Այդուհանդերձ, որքան էլ օտար երկիրը ապրելու համար ավելի ցանկալի լինի, քո սեփական երկիրն ու տունը ավելի հարազատ են։ Եթե քեզ ամեն ինչ դուր է եկել, սովորիր ու քո տունն էլ դարձրու այդպիսին։ Հենց այդ վճռականությամբ էլ վերադարձա։ Այդ երկրի օդանավակայանի մեկնումի սրահը, որտեղ միաժամանակ գրանցվում է 40 չվերթ աշխարհի տարբեր երկրներ, ողողված է աճող միայն սպիտակ խոլորձով ու խորհրդավոր շատրվաններով։ Իսկ սպասարկումը մարդկային երևակայությունից դուրս է։ Նույնիսկ ձեռքի փոքրիկ պայուսակների համար նախատեսված են գեղեցիկ սայլակներ։ Մարդիկ քայլում են հորիզոնական շարժասանդուղքի վրա։ Աչք էին շոյում տարբեր ավիաուղիների սպասարկող անձնակազմերի համազգեստները։ Ասում էին, որ արևելյան երկրների ավիաուղիների ուղեկցորդուհիների նույնիսկ դիմահարդարումը հատուկ հսկողության տակ է՝ անձնակազմի ղեկավարի կողմից, որ ամեն ինչ չափի մեջ լինի։


Վերջապես մեր ինքնաթիռը հասնում է մեկ այլ «մոլորակ»՝ Մոսկվա, որտեղ ամեն ինչը հեչ սինգապուրյան չէր։ Մոսկվա-Երևան թռիչքին դեռ մի քանի ժամ կա, սակայն ինքնապաշտպանական բնազդով չես ուզում քաղաք դուրս գալ, որ մշակութային ցնցում չապրես։


Վերջապես Երևան։ Այն ժամանակ օդանավակայանի շենքը դեռ նորոգված չէր, ամեն ինչ խառնիփնթոր էր, անկազմակերպ։ Սակայն շրջակայքի անհարմարությունները ոչինչ են դառնում այդտեղ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի համեմատությամբ։ Մի քանի բարետես, ամրակազմ երիտասարդներ խառնվել են իրար ժամանած ուղևորների ուղեբեռները մի հարյուր դրամի դիմաց ավտոմեքենաների կայանատեղ հասցնելու համար։ Սինգապուրյան իմ լուռ արցունքները դառնում են անզուսպ հիստերիկ լաց, որը գրավում է մարդկանց ուշադրությունը։ Հարցնում են. «Վաղո՞ւց չեք եղել Հայաստանում, որ այդպես հուզվել էք»։ Ասում եմ. «Չէ՛, ընդամենը երկու ամիս»։ «Բա ինչո՞ւ եք էդպես լաց լինում»։ Պատասխանում եմ. «Ազգիս վիճակն եմ ողբում, որ իրեն համարում է հին քաղաքակրթության կրող, գոռում է, որ երբ մենք թատրոն ունեինք, ուրիշ ազգերը ծառից ծառ էին թռչում։ Հիմա այդ ազգերը թատրոն էլ ունեցան, մշակույթ էլ ձեռք բերեցին, ուրիշ շատ ու շատ բաների տեր դարձան, իսկ մենք մեր երկրում ծառ ու անտառ էլ չթողեցինք, որ ծառից ծառ ցատկենք»։ Հավաքվածները արձագանքեցին. «Էլ մի՛ ասեք, մենք էլ հեռու ու մոտիկ ռուսաստաններում մեր երկիրը մոռացած, օտարի մոտ ստրկություն ենք անում՝ մի փոր հացի համար»։


Կոտրված տուն հասա ու մտածեցի. միգուցե մենք էլ ազգովին խնդրենք Աստծո ողորմածությունն ու օրհնությունը։ Ի՞նչ կամ ո՞վ է մեզ խանգարում աղերսելու Նրան՝ Տե՛ր, ների՛ր մեզ, լվա՛ մեր մեղքերը, ներսից ու դրսից ազգիս սպիտակ հագցրու։ Չէ՞ որ Դու ասում ես. «Երանի՜ նրանց, որ առանց տեսնելու կհավատան»։ Չէ՞ որ մենք առաջինն էինք, որ չտեսանք ու հավատացինք։ Օգնիր մեզ կառուցելու արդարության, օրենքի ու օրինապահության աստվածահաճո երկիր։ Աղաչում ենք, ների՛ր, օգնի՛ր և օրհնի՛ր ազգն ու Երկիրը Հայոց։ ԱՄԵՆ։


Մարիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հ.Գ. ՈՒզում եմ հավատալ, որ նոր վարչապետը կդառնա Հայաստանի Լի Կուան Յուն, դուրս կբերի մեր երկիրը այս փոսից, և մարդիկ կգան տեսնելու ՀԱՅԿԱԿԱՆ ՀՐԱՇՔԸ:
Թող այդպե՛ս լինի:

Դիտվել է՝ 1737

Մեկնաբանություններ