Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին, որ Ղրիմի և Ղրիմի կամրջի դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն դատապարտված է ձախողման՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Կիևը բացահայտորեն պատրաստվում է հարձակման Ղրիմի կամրջի վրա՝ Արևմուտքի ուղղակի և անպատկառ աջակցությամբ»,-շեշտել է նա:                
 

«Նախնիներիս առաջ իմ գոյությունն արդարացնելու համար»

«Նախնիներիս առաջ իմ գոյությունն արդարացնելու համար»
23.09.2016 | 09:49

«Իրատեսի» հյուրը կինոգետ, արվեստագիտության թեկնածու ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆՆ է: Նրա «Հայացք մեր կինոյին. Պատմությունը և ներկան» գիրքը (Երևան, 2011) օրերս լույս է տեսել անգլերեն՝ լրամշակված տարբերակով (Cinema of Armenia: An Overview, Costa Mesa, California 2016), ինչի առթիվ էլ նրան սիրով հրավիրել ենք հարցազրույցի:

«ՆՄԱՆ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՀԻՐԱՎԻ, ԻՆՉ-ՈՐ ՇԱՐԺԱՌԻԹ ԷՐ ՊԵՏՔ»


-Սիրանույշ, «Հայացք մեր կինոյին» գիրքը մեծագույն տքնանքի արդյունք է: Ինչպե՞ս ստեղծվեց այն, ի՞նչ շարժառիթներ կային այդ գործը ձեռնարկելու համար:
-Թեև այս գիրքը տասնյակից ավելի տարիների կուտակումների արդյունք է, սակայն պիտի ասեմ, որ նման համարձակության համար, հիրավի, ինչ-որ շարժառիթ էր պետք: 2009-ի ամռանը «Նարեկացի» արվեստի միությունում հանդիպեցի իսպանացի կինոգետ Խայմե Նոգուերային: Վերջինս ասաց, որ ինքը հիացած է Փարաջանովի և Փելեշյանի ֆիլմարվեստով, այնինչ իսպաներեն ոչ մի նյութ չկա հայ կինոյի մասին, և առաջարկեց գիրք գրել, քանի որ իր ղեկավարած կինոփառատոնի շրջանակներում գործում էր անհայտ կինեմատոգրաֆներին նվիրված գրքերի հրատարակման հատուկ նախագիծ: Իսկ հայ կինոն համաշխարհային կինոյի խորապատկերում անհայտների շարքին է պատկանում: Ես, իհարկե, չասացի նրան, որ ոչ միայն իսպաներեն, այլև անգամ հայերեն այդպիսի գիրք չկա, որն ամբողջականորեն ներկայացնի հայ կինոյի պատմության ընթացքը` ստեղծումից մինչև մեր օրերը: Չէ՞ որ մեր ազգային ֆիլմարվեստի պատմությանը նվիրված աշխատությունները հիմնականում ռուսերեն են և տպագրվել են խորհրդային տարիներին: Հետխորհրդային տարիներին լույս տեսած` Սուրեն Հասմիկյանի «Սեղմ կադր» և Կարեն Քալանթարի «Ակնարկներ հայ կինոյի պատմության» հոյակապ աշխատությունները նույնպես ռուսերեն են գրված: Բացի այդ, ես պատկանում եմ ուրիշ սերնդի, իմ ձևավորումն անցել է երկու` խորհրդային և անկախության դարաշրջանների միջով: Այս իմաստով, գուցե նաև պարտավոր էի, իմ հայացքն ու ընկալումները հարաբերելով անցյալի մեր կինոգիտական մտքի հետ, ամփոփ մի աշխատություն գրել հայ կինոյի մասին, մանավանդ որ դասավանդում եմ: Մի խոսքով, կարելի է ասել` հոգու պարտք էր դա: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը, լսելով իմ գրած տեքստի մասին, այն ընթերցելու ցանկություն հայտնեց, այնուհետև, հուրախություն ինձ, ասաց, որ կինոմիությունը կտպագրի այն: Ոգևորությունս շատ էր մեծ, մանավանդ երբ որոշվեց, որ այն կլինի նկարազարդ, շքեղ, որակյալ տպագրություն: ՈՒ մոտ կես տարվա ընթացքում տարբեր աղբյուրներից հավաքված շուրջ 300 կադրեր տեղ գտան բնագրի համապատասխան հատվածներում: Գրքի գեղարվեստական ձևավորումը բարձր ճաշակով և պրոֆեսիոնալիզմով իրականացրեց Կարինե Մելոյանը, որին շատ շնորհակալ եմ: Գրքի խմբագիրը պրոֆեսոր Դավիթ Մուրադյանն է, ում ուսանողը լինելու պատիվն եմ ունեցել ժամանակին: Ի դեպ, փոքր-ինչ առաջ անցնելով, ուզում եմ ասել, որ անգլերեն տարբերակի շնորհակալական էջում նախ և առաջ նշել եմ իմ ՈՒսուցիչների (մեծատառով եմ ասում և գրում այդ բառը)` պրոֆեսորներ Դավիթ Մուրադյանի և Սուրեն Հասմիկյանի անունները: Իսկ հետո արդեն ներկայացրել եմ այն բոլոր անձանց, առանց որոնց հազիվ թե հնարավոր լիներ գրքի հրատարակումը Միացյալ Նահանգներում:
-Փաստորեն շարժառիթը՝ գիրքն իսպաներեն հրատարակելու առաջարկն այլևս ուժի մեջ չէ՞, չկա՞ այդ նախագիծն իրականացնելու որևէ հնարավորություն:
-Դարձյալ իմ շնորհակալական խոսքում, նշելով, որ իսպաներեն թարգմանությունն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, հույս եմ հայտնել, որ գուցե մոտ ապագայում հայ կինոյին նվիրված այդ աշխատությունը լույս կընծայվի Սերվանտեսի լեզվով: Բանն այն է, որ մինչ այն կթարգմանվեր, Իսպանիան, եվրոպական շատ երկրների նման, հայտնվեց տնտեսական խոր ճգնաժամի մեջ, և բոլոր նմանատիպ նախագծերը դադարեցվեցին: Այս պահին դեռ ուղիներ եմ փնտրում իսպանալեզու հրատարակիչ գտնելու համար և գոհ ու երջանիկ կլինեմ, եթե այդ տպագրությունը պարզապես ստանձնող գտնվի: Ի միջի այլոց, իբրև հեղինակ՝ ես չեմ վարձատրվել նաև ամերիկյան հրատարակչի կողմից, քանի որ հեղինակային իրավունքներս նրանք չեն գնել, պարզապես հոգացել են հրատարակման վերջնական նախապատրաստումը և տպագրությունը, ուստի վաճառքից ստացվող եկամուտն ամբողջովին իրենց է պատկանում: Ավելին, անգլերեն թարգմանության համար վճարել է ընտանիքս, որոշ չափով էլ ինձ աջակցել է բանաստեղծուհի Սոնա Վանը` միակ անձնավորությունը, որ չմերժեց ինձ, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան: Սակայն խոնարհումով ուզում եմ հիշատակել լուսահոգի հորս` Սուրեն Գալստյանին, որ անխոս աջակցում էր ինձ երկարատև այս աշխատանքի ընթացքում, սակայն այդպես էլ չհասցրեց տեսնել սույն գիրքը: Նա մշեցի էր, ցեղասպանությունը վերապրածների զավակ, ու ես ողջ գիտակցական կյանքս ապրել եմ այն մտայնությամբ (առանց որևէ պաթոսի եմ ասում, պարզապես այդպիսի դաստիարակություն եմ ստացել), որ ինչ-որ կարևոր բան պիտի արած լինեմ` նախնիներիս առաջ իմ գոյությունն արդարացնելու համար: Եթե հաշվի առնենք, որ պապիս և տատիս հսկայական գերդաստաններից երեք-չորս հոգի է փրկվել, ապա իմ աշխարհ գալը բացառիկ հրաշքի է նման: Եթե նրանք հրաշքով չփրկվեին, ես էլ ծնված չէի լինի: Հետևաբար, այդ հրաշքը ապրողին նաև պարտավորեցնում է ինչ-որ կերպ վերադարձնել շնորհվածը: Հիշում եմ, պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո համակուրսեցիներիս մի երկու անգամ հայտնել էի մտահոգությունս, որ արդեն քսանհինգ տարեկան եմ ու դեռ ոչինչ չեմ արել: Հարցնում էին. «Բայց ի՞նչ պիտի անեիր, որ չես արել»: Այն ժամանակ ես էլ այնքան լավ չէի պատկերացնում, թե հատկապես՝ ինչ: Բայց գալիս է ժամանակը, և կյանքն ինքը քո առաջ դնում է որոշակի առաջադրանքներ, իսկ քեզ մնում է պատվով իրականացնել դրանք: Անգլերեն թարգմանված տեքստը խմբագրվել է չորս անգամ, դա նշանակում է, որ չորս տարբեր մտածողության տեր մարդկանց հետ (Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից) ես էլեկտրոնային նամակների միջոցով քննարկել եմ այս տեքստի յուրաքանչյուր բառ, ստորակետ և անգամ չակերտ: Շատ կարևոր էր, որ նրանց կողմից արվող լեզվական լրջագույն, մանրակրկիտ խմբագրման և, բառիս բուն իմաստով, հղկման ընթացքում հանկարծ տեղի չունենան բովանդակային փոփոխություններ կամ աղավաղումներ: Այդ տաժանակիր, անքուն աշխատանքը տևեց չորս տարի, բայց դրա շնորհիվ արդեն այս աշխատությունը, առանց լեզվական անհարթությունների և մտածելակերպային տարբերություններից եկող բազում այլ խոչընդոտների, կհասնի օտար ընթերցողին, նաև` մեր այն հայրենակիցներին, որ հայերեն չեն կարդում: Գիրքը նվիրված է հորս և հայ ժողովրդին:

«ԱՅՍՕՐ ԱՐՏԱԳՐՎՈՒՄ, ՎԵՐԱԿԵՐՏՎՈՒՄ Է ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԻՍԿ ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԱԾ ԵՆՔ ԿԱՄ ԳԱՎԱՌԱՄԻՏ ԵՎ ԱՆՕԳՈՒՏ ԱՂԱՂԱԿՈՒՄ ԵՆՔ` ՄԵ՛ՆՔ, ՄԵ՛ՆՔ»


-Ի՞նչ լրամշակումներ են կատարվել գրքի անգլերեն տարբերակում: Առհասարակ ինչպե՞ս կայացավ այս գրքի ծնունդը:
-Նախ ասեմ, որ հավելվել է մոտ 100 ծանոթագրություն: Օրինակ` եթե խոսվում է առաջին հայկական ֆիլմի` Համո Բեկնազարյանի «Նամուսի» կամ «Խասփուշի» և «Պեպոյի» մասին, ապա օտար ընթերցողին պետք է հաղորդել, թե ովքեր են Շիրվանզադեն, Րաֆֆին, Սունդուկյանը, ինչ դեր են ունեցել հայ գրականության պատմության մեջ, և այդպես շարունակ: Ավելին, կարևորելով օվկիանոսից այն կողմ հրատարակվող գրքի նաև հայագիտական նշանակությունը, օգտագործել եմ ամեն մի առիթ, որ հիշատակեմ հայկական ծագում ունեցող յուրաքանչյուր նշանավոր անուն, որն այս կամ այն կերպ առնչվել է մեր կինոյի պատմության հետ, լինի դա Ռուբեն Սիմոնովը, որ նկարահանվել էր Բեկնազարյանի այդպես էլ էկրան չբարձրացած, Ստալինի արգելած` «Երկրորդ քարավան» ֆիլմում, թե Հովսեփ Օրբելին, որ «Դավիթ Բեկի» պատմական խորհրդատուն է եղել: Օրինակ` երբ խոսվում է «Անուշ» կամ «Ալմաստ» ֆիլմ-օպերաների մասին, ապա հիմնական տեքստում ներկայացված, այդ կինոնկարների ստեղծմանը մասնակից բոլոր անձանցից բացի, ծանոթագրություններում նշել եմ Գոհար Գասպարյանի և Հասմիկ Պապյանի երաժշտական կենսագրությունը` ձայնածավալը, խաղացանկը և համաշխարհային այն բեմերը, որոնցում հանդես են եկել մեր այս մեծությունները: Շատերի մեջ հարց կարող է առաջանալ, թե ինչ կարիք կա, երբ համացանցում այսօր տեղադրված են բոլոր տեղեկությունները: Իսկ ես համոզված եմ, որ պետք էր: Նախ, համացանցը ցանկացած պահի կարող է հօդս ցնդել, իսկ տպագիր գրքերը, ինչպես հայտնի է, «չեն այրվում»: Եվ բերեմ մի կարևոր փաստ ևս. կարծեմ մի տասը տարի առաջ Մեծ Բրիտանիայում լույս տեսած երաժշտական հանրագիտարանում, օրինակ, ես չգտա Գոհար Գասպարյանի անունը: Այո՛, այսօր արտագրվում, վերակերտվում է պատմությունը, իսկ մենք այստեղ հանգիստ նստած ենք: Կա՛մ գավառամիտ և անօգուտ աղաղակում ենք` մե՛նք, մե՛նք… և կա՛մ` հանգիստ ննջում գավառական արդեն սնոբիզմի գրկում: Բացի այդ, հայերեն տարբերակը գրվել էր 2010-ին, և բնական է, որ այս ժամանակամիջոցում տեքստի մեջ որոշ հավելումներ անելու անհրաժեշտություն էր առաջացել: Նույնիսկ որոշ ժամանակ առաջ գրված հոդվածն ընթերցելիս տեսնում ենք, թե ինչքան բան կարելի է փոխել կամ ավելացնել: Իսկ գրքի հայերեն տարբերակի գոյության մասին իմ գործընկեր և լավ բարեկամ Արծվի Բախչինյանից իմացավ Mazda Press-ի հայկական ուսումնասիրությունների շարքի խմբագիր, պրոֆեսոր Ջորջ Բուռնությանը: Եվ հենց նրանից ես ստացա գիրքը ԱՄՆ-ում տպագրելու առաջարկը: Հասկանալի է, որ մեր օրերում շքեղ հրատարակությունը, հիրավի, շռայլություն է, իսկ ուզածդ հրատարակիչ առանց շահույթի չի կարող գոյատևել: ՈՒստի, ես համաձայնեցի, առանց որևիցե հոնորարի, գիրքն ավարտուն վիճակում, այսինքն` թարգմանված, խմբագրված և ձևավորված (դարձյալ Կարինե Մելոյանն է արել դիզայնը), ներկայացնել իրենց: Եվ այդ երկար ճանապարհին ծագող իրարահաջորդ խնդիրները մեծ դժվարությամբ լուծվում էին թե՛ իմ, թե՛ այլ մարդկանց պատրաստակամության շնորհիվ, որոնց անունները մեկ առ մեկ նշված են գրքի շնորհակալական խոսքում: Կարծես թե անտեսանելի մի ուժ դռներ էր բացում այս գրքի առաջ: Ինձ մինչ այդ չճանաչած մարդիկ օգնության ձեռք են մեկնել՝ առանց դրամական ակնկալիքի: Նյու Յորքում բնակվող Արա Խաչատրյանն ընկերաբար թարգմանել է գրքի առաջին չորս գլուխները: Ամբողջ տեքստն անվճար խմբագրել է կինոգետ, պրոֆեսոր Բիրգիտ Բրյումերսը Մեծ Բրիտանիայից: Իսկ բուն տպագրությունը հնարավոր դարձավ Mazda Publishers-ի հրատարակիչ Ա. Ք. Ջաբբարիի բարեգործական ֆոնդի և Հայկական ուսումնասիրությունների ու գիտական հետազոտությունների ազգային ասոցիացիայի նվիրատվության շնորհիվ: Գրքի առաջաբանը գրել է դոկտոր Տիգրան Գույումջյանը, որին նույնպես շնորհակալ եմ: Mazda Publishers-ը ակադեմիական հրատարակչություն է, և գիրքն ընդգրկված է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կատալոգում: Իսկ դա ենթադրում է, որ աշխատության բովանդակությունը հասանելի կլինի աշխարհի այլ գրադարաններին և համալսարաններին:

«ՀՈԳԻ ԵՄ ԴՐԵԼ ԱՄԵՆ ՄԻ ԲԱՌԻ ՄԵՋ»
-Ո՞ր ընթերցողին է հասցեագրված գիրքը, և ինչպե՞ս ձեռք բերել այն:
-Ես երջանիկ եմ, որ հայ կինոյի նվաճումներն ու պատմությունը, առհասարակ մեր պատմությունն ու մշակույթը, մեր արվեստի երախտավորներին, մեր ազգային նկարագիրը կինոյի միջոցով ներկայացնող այս գիրքը կկարդան աշխարհի տարբեր անկյուններում, տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ թե՛ մասնագետներ, թե՛ պարզապես կինոարվեստով կամ հայությամբ հետաքրքրվողներ: Գրքի հայերեն տարբերակը վաճառվում է երևանյան գրախանութներում, իսկ անգլերենը կարելի է ձեռք բերել առցանց` Mazda Publishers հրատարակչության կայքի միջոցով (http://www.mazdapublishers.com/book/an-overview):
-Եթե խոսելու լինենք գրքի մասին՝ իբրև կրթական գործառույթ իրականացնող երևույթի, ինչպե՞ս կբնութագրեք այն:
-Ըստ էության, սա նաև ուսումնական ձեռնարկ է, որ հաստատվել է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի մասնագետների (Ա. Գյուլբուդաղյանի, Մ. Պետրոսյանի) կողմից և, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ իմ աշխատանքն այդպես գնահատելու համար: Իհարկե, գրելիս ես մի շարք խնդիրներ էի իմ առաջ դրել, այդ թվում` որ շարադրանքը լինի պարզ, հանրամատչելի, միևնույն ժամանակ, ունենա պրոֆեսիոնալ մակարդակ: Որքան է դա ինձ հաջողվել, պետք է ասի ընթերցողը, բայց մի բան հաստատ կարող եմ ասել` գրել եմ պատասխանատվության զգացումով և սրտանց, հոգի եմ դրել ամեն մի բառի մեջ:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ