«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
23.09.2016 | 10:02

(սկիզբը՝ այստեղ)

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՓՈՂԵՐԸ ՉԷԻՆ ԿԱՐՈՂ ԿԱՊԻՏԱԼ ԴԱՌՆԱԼ


Խորհրդային Միությունում տնտեսությունը ի սկզբանե դրված էր սխալ հիմքերի վրա ու վատ էր աշխատում, տեխնիկան ու տեխնոլոգիաները զարգանում էին, բայց ավելի դանդաղ, քան պահանջվում էր միջազգային շուկաներում հաջողություն ունենալու համար, կարևոր գյուտերը դժվարությամբ էին առաջ գնում, ժամանակին չէին ներդրվում, թեև կարևոր գյուտերի քանակով և որակով խորհրդային գիտնականներն ու ինժեներները աշխարհի բացարձակ առաջատարներն էին համարվում: Հայտնի է, որ ճապոնացի ինժեներներն իրենց աշխատանքներում մշտապես օգտագործել են այն գաղափարներն ու գյուտերը, որոնք տպագրվել են Խորհրդային Միությունում հրատարակվող «Наука и жизнь», «Наука и техника», «Техника молодежи» գիտա-հանրամատչելի հանդեսներում, իսկ «Физика», «Химия», «Электроника» ու բազմաթիվ այլ գիտական ուղղություններով հրատարակվող ռեֆերատիվ (համառոտակի շարադրողական) ամսագրերը սեղանի գիրք էին դարձել աշխարհի բոլոր գիտնականների ու ինժեներների համար:


Քննադատելով, չընդունելով ու ասպարեզից դուրս մղելով տնտեսության մեջ շուկայի կարգավորիչ դերն ու շարժիչ մեխանիզմը, Խորհրդային Միությունը տանուլ տվեց տեխնոլոգիական զարգացման գործընթացը, դուրս մնաց առաջատար երկրների շարքից ու դարձավ տեխնոլոգիապես առաջատար երկրների հետևից գնացող, մի կերպ քարշ եկող, նրանց փշրանքներից օգտվող ու տեխնոլոգիական հեռանկարներից զուրկ երկիր: Տեխնոլոգիական բացը լրացնելու համար իշխանությունները ստիպված էին հույսները դնել աշխարհի զարգացած երկրների փորձը «վերցնելու», կուսակցական և КГБ-ի հսկողության տակ տեղայնացնելու ու խորհրդային արդյունաբերության մեջ օգտագործելու համար, դա հասանելի էր դառնում, հիմնականում, արտաքին հետախուզության, արդյունաբերական լրտեսության ալիքներով ձեռք բերված ինֆորմացիայի միջոցով: Համաշխարհային մակարդակից 5-10 տարվա տեխնոլոգիական հետամնացություն ունենալը այն երաշխավորված մինիմումն էր, որը կարող էր ապահովել նման ձևով աշխատող խորհրդային տնտեսությունը: Սրան կարելի է ավելացնել զարգացած երկրներից մշտական տեխնոլոգիական կախվածություն ունենալու փաստացի վտանգը և ոչ միայն դա: Առանց լիցենզիաներ գնելու կամ միջազգային հարաբերություններում ընդունված կարգը շրջանցելով ուրիշի պատենտներն օգտագործելն աշխարհն ընդունում էր որպես մտավոր սեփականության գողություն կամ, պարզապես, բանագողություն, գրագողություն, որը ֆինանսական խստագույն պատժի էր ենթարկվում, երբ ուրիշի գաղափարների հիման վրա ստեղծված արտադրանքը արտահանվում էր այլ երկրներ: Այս տեսակետից խորհրդային արտադրանքը լուրջ խնդիրներ ուներ միջազգային շուկա դուրս գալու համար, մեր արտադրանքների արտահանման հնարավորությունները սահմանափակվում էին ոչ միայն ցածր որակի ու բարձր ինքնարժեքի, այլև չձևակերպված պատենտների անվերահսկելի օգտագործման պատճառով:
Պատենտների, նաև ուրիշների մտավոր սեփականության գողությունը Խորհրդային Միությունում դրված էր կայուն հիմքերի վրա ու պահվում էր գաղտնիության խստագույն ռեժիմներում, ստեղծված էին հատուկ բաժիններ, որտեղ կարելի էր ծանոթանալ հետախուզական ճանապարհով ձեռք բերված ինֆորմացիային: Դրանք հիմնականում տպագրված էին լինում «գաղտնի» գրիֆով (կնիք-մակադիրով) գիտական հանդեսներում ու արդյունաբերական լրտեսության կանալներով ձեռք բերված արտասահմանյան ֆիրմաների գիտական հաշվետվություններում՝ հիմնականում ֆոտոժապավենային կրիչների վրա: Այդ գրադարանների մուտքը փակ էր շարքային ինժեներների համար, կարող էին օգտվել միայն հատուկ թույլտվություն ունեցող մասնագետները:


Ես բազմիցս առիթ եմ ունեցել օգտվելու այդ գրադարանների ծառայություններից, որտեղ հատուկ կարգ էր հաստատված. սկզբում մատյանի մեջ գրանցվում էին գրադարանից օգտվողի ու կարդացվող նյութի մանրամասն տվյալները, դրվում էին օգտվողի ստորագրությունը, ամիս-ամսաթիվն ու ժամանակը՝ վայրկյանի ճշգրտությամբ: Գրադարանում մշտական հսկողություն էր սահմանված պատասխանատու աշխատողի կողմից, որը թերթելուց հետո անմիջապես մոտենում էր ու գրանցում էր, թե որ էջն ես կարդում: Այս խստությունները ինքնանպատակ չէին, պետք էր բացառել հետախուզական ուղիների հնարավոր բացահայտումը, որը կարող էր տեղի ունենալ գրադարանից օգտվողների անփութության կամ ուղղակի դավաճանության պատճառով:


Խորհրդային Միությունում գիտական կախվածությանն ու տեխնոլոգիական հետամնացությանը առանձնակի նշանակություն չէր տրվում, երբ խոսքը վերաբերում էր առաջին անհրաժեշտության ու լայն սպառման ապրանքների արտադրության խնդիրներին։ Քաղաքացիները կարող էին ապրել նաև առանց գեղեցիկ ու մոդայիկ հագուստի, առանց պերճանքի առարկաների ու ապրուստի այլ ճոխությունների՝ սեփական գոտիները մշտապես պահելով պինդ ձգված վիճակում: Խորհրդային բարձր ղեկավարության մտահոգությունը սրվում էր այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում էր ռազմական տեխնիկայի արտադրության ու ստրատեգիական նշանակության այլ գիտաարտադրական խնդիրներին, որտեղ հետամնացությունը արդեն համարվում էր խիստ վտանգավոր սինդրոմ՝ ԽՍՀՄ ազգային անվտանգությունը ապահովելու տեսակետից։ Նման հարցերում չէր կարելի զիջել ամերիկացիներին ու կապիտալիստական այլ երկրների, խորհրդային ռազմական տեխնիկան պետք է լիներ լավագույնը. դա կոմունիստական կուսակցության աքսիոմատիկ դրույթներից մեկն էր: Այս ամենը քաջ գիտակցում էին նաև ԽՍՀՄ հիմնական մրցակից երկրների ղեկավարները, որոնք, օգտագործելով ազդեցության գործակալների իրենց ընդարձակ ցանցը, կարողացան ԽՍՀՄ տարածքում կազմակերպել արևմտյան հին տեխնիկայի կրկնօրինակման գործընթացը այնպիսի հմտությամբ, որ գորբաչովյան տարիներին խորհրդային տեխնիկայի ու տեխնոլոգիական հետամնացության աստիճանն արդեն հատել էր 15-20 տարվա վտանգավոր շեմը:


Աշխարհը թևակոխել էր ՏՏ տեխնոլոգիաների բուռն զարգացման դար՝ հիմնականում առանց Խորհրդային Միության մասնակցության: Պլանային տնտեսությունը այստեղ արդեն անելիքներ չուներ, որովհետև բարձր տեխնոլոգիական ոլորտները կարող էին զարգանալ ոչ թե վերևից իջեցվող պետպլանային առաջադրանքների միջոցով ու բյուրոկրատական տրորված ճանապարհով, այլ ներքևից եկող գաղափարների, ակտիվ ինժեներական-նախաձեռնողական աշխատանքները կյանքի կոչելու, հաշվի առնելու, առաջ տանելու, գյուտերի անմիջական ներդրումները ապահովելու միջոցով: Վերջինս հնարավոր էր իրականացնել միայն կապիտալիստական շուկայական տնտեսությունների պայմաններում: Նոր շուկաներ փնտրելու, այնտեղ հաջողությամբ աշխատելու համար կապիտալիստներին պետք էր աշխատել արագ, բարձր տեմպերով զարգացնել տեխնոլոգիաները, առաջարկել նոր, ավելի շահավետ, որակյալ ու հուսալի արտադրանք, որը կարող է հասու լինել միայն ազատ միջավայրում աշխատող, դիկտատից, պարտադրանքներից, վերևի թելադրանքներից հեռու կանգնած ու անձնական բարձր շահագրգռություն ունեցող պրոֆեսիոնալ մասնագետների համար: Պրոֆեսիոնալ բարձր մակարդակ ունեցող մասնագետների պակաս Խորհրդային Միությունում երբեք չի զգացվել, պրոբլեմն այն էր, որ պրոֆեսիոնալ մասնագետները չէին ցանկանում աշխատել այն երկրի համար, որի գլխին նստած էր կոմունիստական բյուրոկրատիան, դա նրանց բոլորովին հետաքրքիր չէր ոչ բարոյական և ոչ էլ նյութական շահագրգռվածության տեսակետից: Գորբաչովի «перестройка»-ի, «демократия»-ի ու «гласность»-ի աղմուկի տակ նրանց հիմնական մասը, առանց ժամանակ կորցնելու, անմիջապես տեղափոխվեց Արևմուտք՝ այնտեղի ֆիրմաներում ներդնելով կարևոր մտահղացումներն ու գիտական գաղափարները, որոնց նկատմամբ տեղում հետաքրքրություն չկար, հատկապես մեծ մասշտաբների հասած ստվերային տնտեսության պատճառով:
Ժամանակին Մարքսը կարողացել է տեսականորեն մոդելավորել կապիտալիստական հասարակարգի ներսում տեղի ունեցող պրոցեսները, գիտականորեն հիմնավորել նրա զարգացման դինամիկան ու հեռանկարները՝ նկատի ունենալով տնտեսության մեջ շուկայական հարաբերությունների կարևոր դերը, որն արդեն ձևավորվել էր զարգացած եվրոպական երկրներում, մասնավորապես Անգլիայում ու Գերմանիայում: Ռուսական կայսրության պայմաններում՝ ըստ Մարքսի, այդ տեսությունը կիրառելի չէր՝ տնտեսական հարաբերությունների զարգացածության ցածր մակարդակ ունենալու պատճառով: Լենինը, կարելի է ասել, Մարքսի տեսությունը հարմարեցրեց, իսկ Ստալինն այն հիմնավորապես տեսակավորեց՝ փոխելով, փոփոխելով ու փոխարինելով՝ ելնելով իր սահմանափակ գիտելիքների պայմաններում ձևավորված դոգմատիկ սկզբունքներից: Մարքսի առաջ քաշած տնտեսագիտական դրույթները արհեստականորեն հարմարեցվեցին Ռուսաստանի, հետագայում նաև Խորհրդային Միության, ավելի ստույգ, Կրեմլի պահանջներին: Մարքսի մոտ չես գտնի խորհրդային պլանային տնտեսությանը հատուկ ստվերային տնտեսություն, կաշառք, ատկատ հասկացությունները:

Նրա տեսությունը վերաբերում է օրենքների շրջանակներում գործող բաց հասարակական հարաբերություններին. կուսական, չարատավորված, չխեղաթյուրված, կլասիկ, տնտեսական իրավիճակին, որտեղ դեմ առ դեմ հանդես էին գալիս կապիտալիստները՝ իրենց աճող կապիտալով և ընչազուրկ լյումպեն-պրոլետարները (բանվորները, սնանկացած մանր բուրժուազիան, գործազուրկներն ու այլ կատեգորիաների քաղաքացիները):


Գիտական կոմունիզմի հիմունքները Մարքսն ու Էնգելսը ներկայացրել էին 1848 թվականին «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ» ծրագրային փաստաթղթում, որում, ըստ Լենինի, տրված էր նոր աշխարհայացքը, դիալեկտիկական մատերիալիզմի հիման վրա ներկայացված էր հասարակության սոցիալական կյանքի զարգացման, դասակարգային պայքարի ու այդ գործընթացներում պրոլետարիատի հեղափոխական դերի վերաբերյալ դատողությունները: Այս ամենը պարզ էր, պարզ չէր սակայն, թե որտեղից է գալիս այն այլընթերցվածքը, որը Խորհրդային Միությունում տեղի էր ունեցել «Կապիտալ» աշխատության շուրջը: «Կապիտալը» մշտապես կարդացել, դրանով ղեկավարվել ու աշխատել են բոլոր կապիտալիստական երկրների մասնագետները, «Կապիտալը» կարդացել, բայց այլ կերպ են ընկալել ու պրակտիկ կյանքում օգտագործել Խորհրդային Միությունում: Ինչո՞ւ: Մարքսի տեսության մեզ պարտադրված ու տեսակափոխված տարբերակի մեջ լուրջ թերություն կա. հաշվի չեն առնված մարդկային գործոնն ու նրա անմիջական, հորիզոնական ազդեցությունները հասարակական հարաբերությունների զարգացման վրա: Մարդու մոդելը Մարքսը վերցրել է Էնգելսից, որը այն ներկայացրել է մտածող էակի տեսքով, որը, իր հերթին, առաջացել է կապիկից՝ որպես երկարատև աշխատանքի ազդեցության արդյունք ու հետևանք: Գիտությունը այդպես էլ չկարողացավ ապացուցել ու հիմնավորել մարդու առաջացման ոչկապիկային, իրական տեսությունը, բացահայտել մարդու բուն էությունը, իրական պատկերն ու հասարակական հարաբերություններում նրա ունեցած կարևոր դերակատարումը:


Հնարավոր չէ ճշտորեն մոդելավորել հասարակական հարաբերությունները, պարզել ու բացահայտել կապիտալիստական, սոցիալիստական կամ տնտեսական այլ համակարգերի առանձնահատկությունները, առանց իմանալու նրանց հիմքում դրված մարդ-էակի-նյութի ճշգրիտ նկարագրությունը: Եթե շենքերի նախագծման ժամանակ հաշվի չեն առնվում շինության հիմնական էլեմենտը հանդիսացող աղյուսի տեխնիկական բնութագրերը, ապա այդ նախագծով կառուցված շենքը իր վերջնակետ-ֆինիշով շատ մոտ կլինի «перестройка»-ի ենթարկված Խորհրդային Միությանը, որը քանդվեց խորհրդային մարդկանց ձեռքով, խորհրդային համակարգային սխալների պատճառով, որոնց վրա «перестройка»-ն ավելացրեց համակարգային այլ, ավելի անթույլատրելի սխալներ, ու որոնց պատճառով այսօր տուժում է բազմաչարչար խորհրդային ժողովուրդը:


Թե ինչ եղավ «перестройка»-ի պատճառով կամ միջոցով (տարբերությունը քիչ է) ազատագրված ու անկախացած Հայաստան երկրի տնտեսության հետ, հայտնի է բոլորիս: Վատ, թե լավ աշխատում էինք, վատ, թե լավ ապրում ու արարում էինք մեր անծայրածիր երկրում, ի՞նչ եղավ, ինչո՞ւ այդպես ստացվեց: Մեկ անգամ ևս փաստենք, որ դեռևս նոր կայացած Հայաստանի տնտեսությունը հիմնահատակ քանդվեց, փոշիացվեց, աշխատատեղերի թիվը կտրուկ նվազեց, հանրային սեփականության կարևոր օբյեկտներն անցան իշխանության եկած պատահական մարդկանց տրամադրության տակ, որոնք կարողացան պատմական կարճ ժամանակահատվածում թալանի միջոցով կուտակել մոտ 50 միլիարդ դոլարի հարստություն, այդ միլիարդները դուրս հանեցին երկրից, տեղավորեցին արտասահմանյան բանկերում, ներդրումների տեսքով օգտագործվեցին օտար երկրների տնտեսությունները զարգացնելու մեջ, մեր երկիրը դրեցին 5 միլիարդ դոլարի պարտքի տակ ու, որպես այս ամենի ուղղակի հետևանք, կազմակերպեցին հայ ժողովրդի «սպիտակ» ցեղասպանությունը՝ քաղաքացիներին զանգվածային արտագաղթի մղելու միջոցով:
Ի՞նչ եղավ խորհրդային մյուս հանրապետությունների հետ. բացարձակ նույնը:

«Перестройка»-ի առաջնորդներն իրենց պարտքը չհամարեցին, որ նմանատիպ խոշոր ռեֆորմներից առաջ պարտավոր էին նախօրոք մոդելավորել ու գիտականորեն հիմնավորել իրենց «перестройка»-ի ծրագրային դրույթները, ստեղծելու շատ, թե քիչ խելամիտ ճանապարհային քարտեզ, մտածելու քայլերի ու միջոցառումների որոշակի հաջորդականությունները և այլն: Դրանք չարվեցին: Արդյունքում «перестройка»-ն հանգեցրեց հետխորհրդային երկրների տնտեսությունների աննախադեպ քայքայմանն ու անկմանը, որը, իրավամբ, կարող է ընկալվել որպես տեղի ունեցած հեղափոխական փոփոխությունների բուն նպատակ, որն օգտակար էր աշխարհին՝ ամեն գնով քանդել ու քայքայել Խորհրդային Միության տնտեսությունը՝ ստեղծելով խոր քաոսի, քաղաքացիական ու ազգամիջյան պատերազմների իրավիճակ ու թալանի մթնոլորտ: Նման իրավիճակային դեպքերը Մարքսի աշխատություններում երբեք չեն լուսաբանվել, հասարակական հարաբերությունները քննարկվել են հիմնականում մեկ հարթության մեջ, որտեղ կարևորը կապիտալի ու արտադրողական ուժերի ազդեցության-հակազդեցության գործոնի դերի բացահայտումն էր, հասարակության մեջ հակասությունների ձևավորման վրա նրան ունեցած ազդեցության գնահատումը՝ վերևից ներքև ու հակառակ ուղղություններով:

Խորհրդային Միությունում կապիտալիստները (կապիտալը) ներկայացվում էին որպես հրեշներ, որոնք ամեն դիրքից պատրաստ էին միայն ճնշելու և շահագործելու աշխատասեր ու արդյունք ստեղծող մարդկանց, ովքեր ապրել ու հարստացել են նրանց հաշվին: Այդ հակասությունը, համաձայն մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսության, ժամանակի ընթացքում գնալով միայն սրվելու է ու հասնելու մի այնպիսի կրիտիկական աստիճանի, որը, ի վերջո, բերելու է անհնազանդության պայթյունի՝ ցանկալի կլինի պրոլետարական հեղափոխության տեսքով:


Արևմուտքի զարգացած կապիտալիստական երկրներում հեղափոխություններ տեղի չունեցան, ոչ մի տեղ և ոչինչ չպայթեց, տնտեսությունները ամենուր միայն աճեցին ու զարգացան, որովհետև հասարակության ներսում առաջացող լարվածությունները մշտապես թուլացվում ու հանվում էին՝ բողոքի ցույցերի, գործադուլների, աշխատանքային նոր օրենսդրությունների ներդրման, ճյուղային ու ընդհանուր արհեստագործական միությունների ինստիտուտի ձևավորման, ընտրությունների միջոցով իշխանափոխության, ծերության ու հաշմանդամության թոշակների սահմանման, գործազուրկների նպաստների, ուրիշ երկրների վրա ճնշումներ գործադրելու և նրանց հաշվին սեփական ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու, բարեգործական հիվանդանոցների, բարեգործական ճաշարանների և հազար ու մի այլ բարեգործական ակցիաների միջոցով: Այս ամենը Մարքսը չէր կարող չիմանալ, որովհետև ինքը անձամբ էր օգտվել դրանցից՝ մշտապես ստանալով Ֆրիդրիխ Էնգելսի բարեգործական բնույթի ֆինանսական աջակցությունը՝ իր բազմանդամ ընտանիքը պահելու և միայն գիտությամբ զբաղվելու համար: Կապիտալիստական երկրներում, ինչպես մեզ մշտապես փորձել են հակառակն ապացուցել, մարդկանց չեն ճնշել, չեն հալածել, հոգ են տարել նրանց առողջության ու կրթության մասին՝ համոզված լինելով, որ այդ պայմաններում մարդիկ ավելի լավ կաշխատեն կապիտալիստի համար, նրանցից օգուտը ավելի շատ կլինի: Իսկ թե ինչ վիճակ էր տիրում խորհրդային երկրում, մենք լավ գիտենք ու հիշում ենք՝ ելնելով սեփական փորձից: Կարելի է փաստել, որ Խորհրդային Միությունում գիտականորեն մշակված, առավել ևս տնտեսագիտորեն հիմնավորված գաղափարախոսություն երբեք չի եղել, ամեն ինչ ստեղծվել է կարծրատիպերի հիման վրա, ներկայացվել է պոպուլիստական, կեղծված ձևերով, ներդրվել է ռեպրեսիվ մեթոդների օգնությամբ՝ հարմարեցնելով իշխող վերնախավի կողմից տարվող՝ մի կերպ յոլա տանելու քաղաքականությանը, երկիրը, սակայն, շարունակել է զարգանալ իր ներքին կանոններով:


Ժամանակի ընթացքում օրենքներից դուրս գործող խորհրդային հանցավոր համակարգը դարձավ ավելի հանցավոր ու ավելի ագրեսիվ: Խորհրդային ժամանակաշրջանի ամենախորհրդանշական ձեռքբերումներից մեկը խորհրդային ստվերային տնտեսությունն էր, որը զարգացավ պլանային տնտեսության հետ զուգահեռաբար ու Գորբաչովի ժամանակ հասավ իր գագաթնակետին:


Որո՞նք են ստվերային տնտեսության առանձնահատկությունները: Ստվերային տնտեսություն ասելով սովորաբար հասկանում են ձեռնարկատիրական գործունեության բոլոր այն ձևերը, որոնք անձնական շահույթ ստանալու նպատակ են հետապնդում, ենթակա են պարտադիր պետական գրանցման ու համապատասխան հարկային վճարումների, բայց աշխատում են առանց պետական գրանցման՝ թաքցնելով, ստվերում պահելով իրենց ստացված եկամուտները: Այստեղ ևս տարբերակները շատ են, ձեռնարկությունները կարող են պաշտոնապես գրանցվել, աշխատել, եկամուտ ստանալ, բայց ցույց տալ միայն եկամուտների մի մասը՝ մյուս մասը թաքցնելով ու խուսափելով ամբողջական հարկային վճարումից: Ստվերային տնտեսությունը կարող է կործանարար ազդեցություն թողնել երկրի ընդհանուր տնտեսության վրա՝ խաթարելով երկրի տնտեսական ու ռազմավարական անվտանգությունը: Մի կողմից՝ նվազում են պետական բյուջեի մուտքերը, մյուս կողմից՝ տեղի է ունենում դրամական միջոցների կուտակում մարդկանց փոքրաթիվ խմբի մոտ, որ հետագայում հանգեցնելու է ինֆլյացիոն երևույթների, փողի արժեզրկման, կաշառակերության ու բացասական այլ երևույթների զարգացման:

Առավել վտանգավոր է, երբ ստվերային տնտեսություններից առաջացած ֆինանսական միջոցները, կաշառքի, գողության ու հանցավոր այլ ճանապարհներով ձեռք բերվածի հետ մտնում են ստվերային շրջանառության մեջ, որը Խորհրդային Միությունում պետական խիստ հսկողության տակ էր դրված, ուշի ուշով հետևում էին ՊԱԿ-ը, ոստիկանությունը, ՆԿՎԴ-ն ու երկրի տնտեսական անվտանգությունը ապահովելու համար ստեղծված ուժային այլ կառույցներ, որոնք գործում էին ԽՄԿԿ-ի անմիջական հսկողության ու պատասխանատվության ներքո՝ նրա ստեղծած ժողովրդական վերահսկողության կոմիտեների, կուսակցական վերահսկողության կոմիտեների, արհեստագործական կոմիտեների և այլ կառույցների միջոցով: Ստվերային փողերը հնարավոր էր ծախսել միայն անձնական կապերով՝ հիմնականում խանութներից ապրանք գնելու կամ տարբեր տիպի ծառայություններից օգտվելու համար: Քիչ չէին դեպքերը, երբ ռեստորաններից մարդկանց բերման էին ենթարկում՝ պարզելու համար, թե որտեղից են առաջացել ծախսվող գումարները: Հայաստանի Հանրապետությունում նման խնդիրներ քիչ էին առաջանում, խոշոր գումարները կարելի էր պահել բանկերում, անսահմանափակ գնումներ կատարել, կաշառք տալ, ծախսել ռեստորաններում: Խորհրդային Միության այլ քաղաքներում դա չէր կարելի, հսկողությունը այնտեղ ավելի հմուտ ձևով էր կազմակերպված՝ կաշառակերության ցածր մակարդակի պատճառով: 1976 թվականին Մոսկվայում այդպես բռնվեցին Երևանի կենտրոնական բանկի գողերը, որոնք երկու տարի սպասելուց հետո որոշեցին ծախսել իրենց գողացած փողերը, ծախսեցին ու անմիջապես բռնվեցին: Խորհրդային Միությունում ստվերային փողերը մնում էին ընդամենը որպես փողեր՝ շատ կամ քիչ քանակի, բայց նրանք չէին կարող կապիտալ դառնալ, չէին կարող օգտագործվել արտադրության մեջ ներդրումներ կատարելու, գիտությունը զարգացնելու և այլ օգտակար նպատակներով:

Դրանք մեռած փողեր էին, ընդամենը հարստություն, բայց ոչ կապիտալ՝ ճիշտ այնպես, ինչպես մեր անկախ Հայաստանի օլիգարխիկ փողերն են. երկրի ներսում դրանք չեն ներդրվում, չեն կիրառվում, որպես կապիտալ չեն աշխատում, եկամուտներ չեն ստեղծում, որովհետև դրանք հիմնականում ստվերային փողեր են՝ առաջացել են ստվերային տնտեսության կամ այլ զարտուղի ճանապարհներով, գտնվում են ստվերային տնտեսությունների հրամանատարների հսկողության տակ: Գորբաչովի ժամանակ խորհրդային ստվերային տնտեսությունն արդեն հասցրել էր տարածվել հետխորհրդային բոլոր երկրներում` պահպանելով ու զարգացնելով հանցագործ աշխարհի լավագույն ավանդույթները:


(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ