Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարագա Սուրբ Խաչի ամենահայեցի տոնը

Վարագա Սուրբ Խաչի ամենահայեցի տոնը
23.09.2016 | 09:05

Խաչի հինգ տոներից այս մեկը ամենահայեցին է, որովհետև կապված է հայոց աշխարհում քրիստոնեության տարածման բուն ակունքների հետ: Իսկ պատմությունը հետևյալն է. Տիրոջ համբարձումից հետո, անհավատ հրեաների կարծրացած սրտերը փշրելու համար, Իր կենարար Խաչով բազմաթիվ հրաշքներ էին կատարվում, այդ պատճառով հրեաները տարան և պահեցին Տիրոջ Խաչափայտը: Ըստ Հայսմավուրքի, երբ Հռոմի կայսր Կղոդիոսի կինը՝ Պատրոնիկեն, ընդունելով քրիստոնեությունը որպես հավատքի դավանանք, ուխտի է գալիս Երուսաղեմ և փափագում է տեսնել Տիրոջ գերեզմանն ու Խաչափայտը, Տյառնեղբայր Հակոբոսը տեղեկացնում է, որ հրեաները այն գողացել ու թաքցրել են։ Թագուհու խիստ միջամտությամբ գտնվում է Խաչափայտը և վերադարձվում Հակոբոս առաքյալին, որը, ըստ ավանդության, երգում է «Խաչի քո Քրիստոս երկրպագանեմք» սքանչելի տաղը։ ՈՒխտը կատարելուց հետո Պատրոնիկե թագուհին խնդրում է առաքյալին սուրբ Խաչափայտից մի մասնիկ շնորհել իրեն։ Հակոբոսը սիրահոժար նրան է տալիս մի մասունք Խաչափայտի այն հատվածից, որի վրա մեր Տիրոջ սուրբ Արյան հետքերն էին։


Թագուհին այն Հռոմ է տանում, Խաչի մասունքը մնում է նրա քրիստոնյա ժառանգորդների մոտ, և նրանցից մեկը՝ Հռիփսիմե իշխանուհին, իրեն Աստծուն նվիրելով, կուսանոց է մտնում, որի մայրապետը Գայանե կույսն էր։ Հռիփսիմեն սուրբ Խաչի մասունքը միշտ կրում էր իր պարանոցին, որը նրան զերծ էր պահում ամեն տեսակի ներգործությունից։


Իսկ երբ Դիոկղետիանոս կայսրի ժամանակ սկսվում են հալածանքները քրիստոնյաների դեմ, վանքի կույսերը խմբով Հայաստան են փախչում։ Նախ նրանք բնակվում են Վանի գավառի Վարագա լեռան մոտ, որտեղ ճգնելու համար կային բոլոր հնարավորությունները, բայց որոշ ժամանակ անց, երբ բացահայտվում է նրանց թաքստոցը, ստիպված Հայաստանի խորքերն են գնում, մինչև Վաղարշապատի հնձանները, որտեղ և նահատակվում են Տրդատ թագավորի հրամանով։ Բայց Վարագա լեռան ճգնավայրից ելնելիս, նրանք մտածում էին, որ ճանապարհին կարող են բռնվել, ու մասունքը կընկնի հեթանոսների ձեռքը, ուստի, խորագիտություն ցուցաբերելով, այն որոշում են հանձնել տեղի երկու ճգնակենցաղ քահանաների խնամքին։

Վերջիններիս մահից հետո մոռացվում է Խաչափայտի մասունքի տեղը։ Դարեր շարունակ ճգնակենցաղ քրիստոնյաները, ճգնելով Վարագա լեռան վրա, աղոթք ու աղաչանք են արել Աստծուն, որ ցույց տա սուրբ մասունքի տեղը։ Ի վերջո, յոթերորդ դարի կեսերին (660 թ.), Վարագայի ստորոտում գտնվող Թոդիկ ճգնավորն ու նրա աշակերտ Հովելը մի գիշեր զարմանահրաշ տեսիլքի են արժանանում. լեռան ժայռախիտ գագաթին նրանք տասներկու լուսե սյուներ են տեսնում, մեջտեղում՝ ճաճանչափայլ Խաչը: Երբ նրանք ակնապիշ նայում էին այդ հրաշքին, լույսն ավելի ու ավելի էր պայծառանում ու լուսավորում ամբողջ լեռը։ Հետո լուսեղեն սուրբ Նշանը վեր է բարձրանում, և, սքանչելի ու անկրկնելի մի երկնային լույս ցոլացնելով, մտնում այն եկեղեցին, որտեղ Թոդիկն ու Հովելն աղոթում էին, ու հանգչում է սուրբ Սեղանի վրա, որտեղ մասունքն էր դրված։ Տեսիլքը երևում է կեսգիշերին ու տևում մինչև հաջորդ օրվա կեսօրը։ Նաև ավանդությունը պատմում է, որ այդ զարմանահրաշ տեսիլքի ժամանակ Խաչի լույսի միջից մի ձայն ասում է. «Քրիստոսը հաճեցավ այստեղ բնակվել՝ ի պահպանություն և ի փրկություն հայոց աշխարհի»։


Այս լուրը հասնում է հայոց Ներսես Գ կաթողիկոսին, որն առավել հայտնի է Շինող մականունով և այդ անվանն արժանացել էր Զվարթնոցի հայտնի տաճարի կառուցման համար։ Փութալով՝ նա դեպի Վարագա լեռն է շտապում իշխանապետ Վարդ Պատրիկի հետ և, մասունքն ստուգելուց հետո, համոզվելով դրա ճշմարիտ իսկության մեջ, ի հիշատակ այդ հայտնության, հրամայում է այսուհետև եկեղեցական տոներին ավելացնել Վարագա սուրբ Խաչին նվիրված այս տոնախմբությունը։


Իբրև լրացում այս բոլորի, ասենք, որ երբ Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ Արծրունին 1021 թ. հարկադրված էր իր երկրամասը փոխանակել Սեբաստիայի շրջանի հետ, Բյուզանդիայի կայսեր հետ կնքված հատուկ համաձայնագրով, իր հետ տանում է նաև Վարագա վանքի սուրբ մասունքը և զետեղում Սեբաստիայի մոտ կառուցված Սուրբ Նշան վանքի եկեղեցում։ Նրա մահից հետո, ըստ կտակի, մարմնի հետ սուրբ մասունքն էլ տեղափոխվում է Վարագա վանք: 11-րդ դարում Աշոտ Դ. Բագրատունին Սուրբ Նշանի համար 30000 դահեկան արժողությամբ մի ոսկե շքեղ մասնատուփ է պատվիրում, իսկ 1237 թ. այն տեղափոխվում է Նոր Վարագավանք (Խոշաբ), մինչև 1651 թվականը։ Այդ տարի Խոշաբ գավառի Սուլեյման ու Չոմար փաշա անունով քուրդ ցեղապետերը կողոպտում են վանքը և ավարի հետ մասունքն էլ հափշտակում։ Բայց շատ չանցած, այդ ցեղապետերը մեկը մյուսի հետևից մեռնում են տառապալից մահով, և նրանց հաջորդող Իբրահիմ Բեյը, հասկանալով դրա պատճառն ու ահից սարսափած, սուրբ Խաչի մասունքն աճապարում է հանձնել Հոգվոց վանքի վանահորը՝ Պետրոս եպիսկոպոսին, ով, սակայն, պնդում է, որ սուրբ Խաչի մասունքը տանեն այնտեղ, որտեղից այն հափշտակվել է:


Համանման դեպք հիշվում է նաև Աստվածաշնչում, երբ փղշտացիները գերի են տանում Աստծո սուրբ Տապանակը, ինչի պատճառով Տերը նրանց պատժում է զանազան հիվանդություններով ու պատուհասներով, ու սարսափահար փղշտացիները շտապում են այն Իսրայելին վերադարձնել (Ա. Թագ. 5: 6):


Հետագայում վանեցիները, ավելի ապահով լինելու համար, Սուրբ Խաչի մասունքը տեղափոխում են քաղաքի Սուրբ Տիրամոր եկեղեցի, որը դրանից հետո կոչվում է Սուրբ Նշան։ 1915 թ. եղեռնից հետո, դժբախտաբար, կորսվում են Տիրոջ Խաչափայտի սուրբ մասունքի հետքերը։


Այժմ կգտնվե՞ն արդյոք մեր նախնիների նման ճգնակենցաղ ու սուրբ քրիստոնյաներ, որ Տերը նորից հայտնի այդ սուրբ մասունքի տեղը։ Տա՛ Աստված, արժանի լինենք երկնային այդ հայտնության ողորմությանը՝ Իր ընտրյալ հայորդի որևէ ծառայի միջոցով, որովհետև այդ մասունքի հայտնագործության հետ ասված Տիրոջ խոսքերը այժմ խիստ կենսական են մեր ազգի համար։


Որպես լրացում ասենք, որ Վարագա լանջին կառուցված վանքը կանգուն է մինչ օրս, որտեղ զբոսաշրջիկները վայելում են հնաբույր խաչքարերի ու արժեքավոր արձանագրությունների վկայությունները: Դրանցից մեկն էլ եկեղեցու հարավային պատի արձանագրությունն է, որը պատկանում է Սենեքերիմ թագավորի կնոջը՝ Գագիկ Բագրատունու դուստր Խուշուշին: Վանքի տարածքում եղել են յոթ եկեղեցիներ՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Գևորգ, Սուրբ Խաչ, Սուրբ Սիոն, Սուրբ Հովհաննես, Սուրբ Սոֆյա անուններով: Այստեղ մի ժամանակ վանահայր է եղել Մկրտիչ վարդապետ Խրիմյանը՝ ապագա հայոց կաթողիկոս Խրիմյան հայրիկը, ում ջանքերով վանքում ստեղծվեց Վարագա Ժառանգավորաց վարժարանը, որն իր անդրանիկ հունձքը տվեց 1862 թվականին, իսկ Առաջին համաշխարհային պատերազմից հետո այս ամենը դարձավ հայոց պատմության հերթական տխուր հուշերից մեկը:

Հ. Գ. Փաստորեն, Տիրոջ Խաչի առաջին մասունքը, որը նշխարի պես մասնատվեց սուրբ Խաչափայտից, ի վերջո Հայաստան բերվեց, ի նշան այն բանի, որ հայ ազգը առաջինը պետք է «մասնատվեր», զատվեր կռապաշտ ու հեթանոս ազգերից և Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդուներ: Պատմությունից հայտնի է, որ այդ սուրբ մասունքը կրող կույս Հռիփսիմեն, զորանալով Տիրոջ զորությամբ, ամեհի Տրդատի հետ իր կուսական սրբությունը պահելու համար «մենամարտելիս», հաղթող դուրս եկավ: Եվ թագավորը չնայած սպանել տվեց Հռիփսիմյաց կույսերին, բայց և տարիներ հետո ինքը ծնկեց այն Աստծո առջև, որ այդ գեղանի կույսին հաղթություն տվեց իր բիրտ ու մարմնավոր զորության դեմ: Եվ արտաքինից տկար թվացող, բայց սուրբ ու անարատ քրիստոնեության առջև, հանձինս Տրդատի, իսկ հետո Կոնստանդիանոս կայսեր, որոնք ծնկելով խոնարհվել են սուրբ Գրիգոր Լուսավորչի առջև, խորհուրդն էր այն բանի, որ հեթանոս մարմնավոր աշխարհը պիտի ծնկեր քրիստոնեության առջև՝ ճանաչելով իր անզորությունը: Զուր չէ, որ սկզբնապես դա կատարվեց Հայաստան աշխարհում, իսկ Վարագա սուրբ Խաչի առաջին մասունքը հաստատումն ու կնիքն է այդ խորհրդի:

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ