«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սինգապուրյան բոզբաշ (ուղեցույց վարչապետին՝ ինչպես դառնալ ազգի պարծանքը)

Սինգապուրյան բոզբաշ (ուղեցույց վարչապետին՝ ինչպես դառնալ ազգի պարծանքը)
23.09.2016 | 10:10

14-րդ վարչապետի բեմելը ԱԺ-ում մի 7 լիտր ջինջ արցունք քամեց աչքերիցս՝ երկրի տնտեսության վիճակը նա գնահատեց ողբալի։ Կեցցե՛ս, Կարեն։ Սակայն քիչ անց արցունքաբեր գազով լեցուն 2 նռնակ վարչապետը նետեց անհայտ ուղղությամբ։
«Երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որևէ ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող»։
«Մոնոպոլիաները միշտ չէ, որ վատ են»։ Մի՞թե։

ԵՐԲ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՐԳԵԼՎԱԾ Է ՑԱԽԱՎԵԼ ԳՆԵԼ
(հողմ համար 1)


Երկրի տնտեսությունը անմաքուր ձեռքերում է։ Նրանց խրախճանքը մեր օրերում դժնի-դատարկ, չզարմանաք, արգո Կարեն, կանոնակարգված է օրենքներով, որոշումներով և այլնով։
Տեսեք, եղբայր իմ պատվական, որևէ նախարարություն կամ մի այլ հիմնարկ, երբ կամենում է ձեռք բերել կահույք, մատիտ, գորգ կամ կոնֆետ, թևաթափ ծնկում է։ Սակայն կառավարական որոշումները շտկում են վիճակը։ Դիցուք, Զ նախարարությունը անձեռոցիկի խիստ կարիք ունի, որը շուկայում արժե 500 դրամ։ Բայց Զ նախարարությունն անձեռոցիկի գնման իրավունք, պարզվում է, չունի, և ստիպված 700 դրամ է փոխանցում Ժ ընկերությանը, որ վերջինս 700 դրամով ձեռք բերի 500-դրամանոց անձեռոցիկը, հանձնի այն Զ նախարարությանը, 200 դրամն էլ հանգիստ խղճով վաստակի, որպես մատուցված ծառայության պարգևավճար։
Հարգարժան վարչապետ, ՀՀ իշխանավորական վարչախումբը, ներող եղեք, բայց ապրում է հասարակության համար բացարձակապես անհասկանալի կյանքով, ասես ծուռ հայելիների թագավորությունում։ Նրանց թիրախը մայր բյուջեն է, քանի որ շվայտ ծախսերն ու անհամար գործուղումները պարզապես զվարճանք չեն, դրանք նպատակաուղղված են պետական սեփականության հետևողական մասնատմանը։ Բավ է, եղբայր, ազդու մի որոշմամբ յուրաքանչյուր նախարարություն և գերատեսչություն թող բավարարվեն 1-2 ծառայողական շարժակազմով։ Ահռելի պետական պարտքի տակ կքած ՀՀ-ում, պաշտոնական տվյալներով, առկա է 10 հազար սպասարկող շարժակազմ։ Եթե չեմ սխալվում, 10 հազար ծառայողական մեքենա չի սպասարկում անգամ ԱՄՆ-ի, Չինաստանի և Վատիկանի կառավարություններին՝ միասին վերցրած։


Այնուհետև ահազդու մեկ այլ որոշմամբ փոխարինենք գեներալագնդապետական ջիպերը ասկետական ամենագնացներով։ Առհասարակ, ինչպիսի զգացումներ եք ունենում, հանդիպելով շեյխական մեքենայով երթևեկող գեներալին, որի օսլայած օձիքից մինչև գոտի շքանշանապատ է։ Ոմանք զարմանում են, մյուսները՝ խիստ զայրանում։ Իսկ իմ լացն է գալիս, քանի որ նրանք, նախկին մարտական այս փառահեղ այրերը, ինձ հիշեցնում են մագիլները ներկած, բաշն էլ գանգրացրած առյուծի։


Երկրում անտանելի աղմուկ է։ Մթնշաղից մինչև լուսաբաց։ Թախանձագին պաղատում եմ՝ արգելափակեք աղմկահար այս ահաբեկչությունը։ Լուծո՞ւմը։ Ակնհայտ է՝ ընդունել օրենք լռության մասին։ Եվ արդեն օրենքով սանձել, մասնավորապես, վերջերս ի հայտ եկած բայքերներին և ռաբիս երաժշտության գիշերային հանրահռչակման սիրահարներին, որոնց կյանքի նշանաբանը անզուսպ խրախճանքն է գիշեր ու զօր։

ԱՐԳՈՆԱՎՈ՞ՐԴ, ԹԵ՞ ՊԱՐՏԱԿԻՉ
(հողմ համար 2)


Արգո Կարեն Կարապետյան` պանծալի տոհմից, ստանձնեք հայոց գերյալ պետականության արգոնավորդի վսեմ առաքելությունը՝ ապավինելով արդի հայ քաղաքացիական հանրությանը։ Այժմ, սակայն, սրճըմպման զմայլուն պահն է, հողմաղացն էլ քնարական հողմ է հղում դեպի կառավարական տուն, այսինքն, հայոց վարչապետի աշխատավայր։ Մոսկվաբնակ, սլավոնահայկական ծագում ունեցող Ռուսիայում էլ ճանաչված պոետ և ռեժիսոր Տատյանա Դանիելյանցն «Իմ քաղաքը» բանաստեղծությունում ահա թե ինչ է պատկերել.
Ծերերը մահացան,
Բոմժերին ծեծեցին,
Հաշմանդամներն ինչպես կային,
Այդպես էլ մնացին բանտարկության մեջ...
Մնացին սիրունները,
Հարուստներն ու նշանավորները։

Ժամն է սխրանքի, եկեք համատեղ ջանքերով եփենք սինգապուրյան մեր բոզբաշը։
Եթե գերհարուստ (գերխոշոր) խաղացողին է վաճառվում պետական անվտանգության երաշխիք ՀԷՑ-ը, և խաղացողն այդ բարեփոխչական գործընթացները զուգորդում է էլեկտրաէներգիայի նրբանկատ թանկացմամբ (այսպես եղավ այս տարեսկզբին և օգոստոս ամսին), դա, հավատացեք, բնավ չի բնութագրում գերխոշոր խաղացողին որպես անազնիվ մի այրի կամ էլ անգամ անբարեհույս մի հայի։ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվելը Կարապետյան դասական օլիգարխ է։ Համաշխարհային պատմությամբ էլ վաղուց է սահմանված՝ օլիգարխիան չունի ազգային պատկանելություն, հանրային գիտակցության և պետականության զգացողություն։ Նրա գերագույն իղձն ու նպատակը սեփական կապիտալի կայսրության սահմանների ընդլայնումն է՝ լայնքով, երկայնքով և խորքով։ ՀԷՑ-ը, այսպիսով, ընդամենը հերթական բիզնես-ծրագիր է նրա վերջին սեփականատիրոջ համար։ Սակայն չմոռանանք, որ անցյալ տարի ՀԷՑ-ի ճակատագրի որոշման ամենաբուռն պահին հանրապետության նախագահը չբացառեց ՀԷՑ-ի ազգայնացման տարբերակը։ Զանց մի առեք սա։


Ասացեք, խնդրեմ, Ծառուկյանը, Ալեքսանյանը, Աբրահամյանը և այլք ինչպե՞ս դարձան գերհարուստ-մոնոպոլիստ։ Չէ՞ որ նրանց գերագույն ֆինանսաքաղաքական ուռճացման արդյունքում է պետությունը փոքրացել, վերածվել անկելանոցի։ Նրանք, ի՞նչ է, տիեզերքից աստղե՞ր էին հասցրել երկիր, Վանում և Արդահանում թաքցրած հայոց արքունի ոսկի՞ն էին հայտնաբերել և հասցրել ՀՀ, ֆինանսական մտքի տիտա՞ն էին, ձեռներեցության ռահվիրա՞, թե՞ այլ մի բան։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Պարզապես նորհայկական քաղաքական եղծված միտքը դեռ 1991-ից կամենում էր 3-րդ հանրապետությունը ձևախեղել որպես օլիգարխիկ-արտագաղթային պետություն։ Ձևախեղեցին։ Սա՞ է երկրի, հայրենիքի և պետության գոյակերպի իմաստն ու խորհուրդը նրա ծննդից 25 տարի անց։ Իհարկե ոչ, չէ՞ որ մենք այլ երազանքներ և նպատակներ ունենք, որոնց մատնաչափիկ մասն է միայն իրականացել, ցուցամատն ու բութը հերթի են կանգնած։

Ե՞լքը։ Ակնհայտ է։ Հանրապետության մենաշնորհների ազգայնացում, այսինքն, երկրի տնտեսության ապաօլիգարխացում։ Օրենքներով ու կառավարական որոշումներով։ Ազգայնացման մասին օրենքը կքաղհանի ապազգային տնտեսավարողներին, այսինքն մենաշնորհատերերին։ Արգո արգոնավորդ, այսպիսով, պաղատում եմ, վերանայեք Ձեր վերոնշյալ երկու պատգամ-թեզիսները.
«Երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որևէ ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող»։
«Մոնոպոլիաները միշտ չէ, որ վատ են»։


Վերանայեք արմատապես, հակառակ պարագայում Ձեր նախաձեռնած արմատական փոփոխությունները կվերածվեն անպտուղ ճոռոմախոսության, կհնչեն որպես ձայն բարբառոյ յանապատի։ Քանզի Ձեր և Ձեր թիմի անդուլ, առանձին դեպքերում անգամ կենաց-մահու պայքարի թիրախը (սա հանրահայտ ճշմարտություն է) մոնոպոլիաներն են և խոշոր խաղացողները։ Զի՞նչ ցուցանեց Ձեզ այս «առակը», ժամանակը ցույց կտա։ Լերուք ողջ։

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ


Նախ լուծարեք Ռոբերտ Նազարյանի և այլոց գլխավորած անդեմ-անբովանդակ բազմաթիվ հանձնաժողովները։ Այնուհետև համարձակ ձևավորեք մի համապետական հանձնաժողով, որը կուսումնասիրի մեր պետական շուրջ 6 մլրդ դոլար պարտքի գոյացումը և մեղավորներին կգամի անարգանքի սյունին՝ նրանցից բռնագանձելով վարկային գողոնը։
Էլ ոչ մի վարկ։
Պետությունն է միակ խոշոր խաղացողը Հայաստանում և Արցախում։
Մոնոպոլիստները միշտ էլ չարիք են։
Կարգախոսների այս եռյակը թող առաջնորդի Ձեզ և մեզ դեպի սինգապուրյան Հայաստան։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3072

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ