Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Շվեյցարիայում քիչ է մնում անկարելին կարելի դառնա, մինչդեռ մեզանում նույնիսկ կարելին անկարելի է» Ավետիս ԱՀԱՐՈՆՅԱՆ, «Շվեյցարական գյուղը»

«Շվեյցարիայում քիչ է մնում անկարելին կարելի դառնա, մինչդեռ մեզանում նույնիսկ կարելին անկարելի է» Ավետիս ԱՀԱՐՈՆՅԱՆ, «Շվեյցարական գյուղը»
23.09.2016 | 10:13

Զարմանալի հատկություն ունենք, առիթից առիթ, գուրգուրալից և տևական ուշադրության առարկա դարձնելու ոչ միայն համեստ կարողության տեր արվեստի որոշ մշակների, այլև փառաբանելու, ի պատիվ նրանց կռապաշտական ծեսեր մատուցելու, անգամ կրծքով պաշտպանելու նրանց, որոնց թունավոր արտադրանքը վաղուց պիտի պատմության աղբանոցում փտած լիներ:
Եվ հակառակ սրան, մոռացության ենք մատնում, լավագույն դեպքում, կցկտուր, առավել քան զուսպ հիշատակումների արժանացնում վաստակաշատ, իսկապես տաղանդավոր, եթե ոչ հայրենակերտ գործիչներին: Տարիներ առաջ ամոթալի լռության մեջ անցավ Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակը: Վեց տարի առաջ էլ, հայաստանյան մամուլում պարզ հիշատակում անգամ չեղավ այն մասին, թե լրանում է Բարսեղ Կանաչյանի ծննդյան 125-ամյակը: Այս տարի էլ Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150-ամյակն է: Գրող, մտավորական, որն իր վաստակած տեղն ունի Աբովյանի, Րաֆֆու և Թումանյանի կողքին, քաղաքական գործիչ, որը 1920 թ. օգոստոսի 10-ին, որպես հայկական պատվիրակության նախագահ, իր ստորագրությունը դրեց Սևրի պայմանագրի տակ: Եվ դարձյալ նույն պատկերը, այն չնչին տարբերությամբ, որ Հանրային գրադարանում ցերեկույթ եղավ կիսադատարկ հանդիսասրահի առջև, մեկ-երկու թերթ էլ մի երկու զուսպ պարբերություններով ներկայացրին եղելությունը: «ԱՐ» հեռուստաընկերությունն էլ մի հաղորդում հեռարձակեց: Հոբելյանական տարվա երկու երրորդն արդեն անցել է պատմության գիրկը, և հույս չկա, թե քսաներորդ դարի հայ իրականության այս հսկան իր վաստակին վայել ուշադրության կարժանանա:
Հերթական ամոթալի լռության այս ֆոնին առավել գնահատելի է դառնում «Լուսաբաց» հրատարակչության ջանքը, որը, հոբելյանին ընդառաջ, լույս ընծայեց Ա. Ահարոնյանի «Շվեյցարական գյուղը» ուղեգրությունը, բացառիկ մի գիրք, որը վերջաբանելու պատիվն ունեցանք մենք: Առիթից օգտվելով, կուզեինք շնորհակալություն հայտնել Հայաստանում Շվեյցարական համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Գասսերին, որը հրատարակչության նախաձեռնության հանդեպ ցուցաբերեց ոչ միայն հմուտ դիվանագետին, այլև իսկական մտավորականին վայել հոգատար վերաբերմունք` ստանձնելով ոչ միայն գրքի վերահրատարակման ծախսերը, այլև անելով անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի հայ դասականի գիրքը թարգմանվի ֆրանսերեն և լույս տեսնի Ժնևում` «Մետիս պրես» հրատարակչությունում:
Ստորև ներկայացնում ենք գրքի վերջաբանը` աննշան լրացումներով:

1913 թ. Թիֆլիսում լույս տեսավ հայ գրականության համար բացառիկ մի գիրք` «Շվեյցարական գյուղը» վերնագրով: Հեղինակը Ավետիս Ահարոնյանն էր` արդեն հայտնի ոչ միայն իր գրական, այլև հեղափոխական գործունեությամբ: Գիրքը դեռևս դարասկզբին, հատվածաբար, տպագրվել էր «Մուրճ» ամսագրում: Դրանք նամակներ էին` Կուրբաթ-Հարուն ծածկանունով ստորագրված, որոնցում պատմվում էին առասպելական երկիր Շվեյցարիայի կյանքի մանրամասները:


XIX դարի 90-ականներին Լոզանի համալսարանում հայ հեղափոխականը ոչ միայն փիլիսոփայություն, պատմություն և գրականություն էր ուսանում, այլև խորապես ուսումնասիրում այդ դրախտային երկրի կայացումը դարերի միջով, նրա վարչական կառուցվածքը, տնտեսությունը, շվեյցարացու ազգային նկարագրի ձևավորումը, համայնքները, բանակը և վերջապես այդ երկրի գյուղն ու գյուղացուն: ՈՒսումնասիրում էր` այդ երկրի ներսում ճանապարհորդելով, գյուղերում ապրելով, գյուղացիների հետ զրուցելով:
Շվեյցարիան զարմանալի մի հատկություն ունի: Այդտեղ այցելող գրեթե յուրաքանչյուր գրչի մարդ, և երբեմն ոչ միայն նրանք, հարկ են համարում անպայման իրենց անջնջելի տպավորությունները շարադրել: Եվրոպացի, ռուս, երկու Ամերիկաների և այլ երկրների բազմաթիվ հեղինակների անուններ կարելի է թվարկել, որոնք իրոք հետաքրքիր ուղեգրությունների հեղինակ են դարձել: Ավելին, անգամ այդտեղ ծնված ու մեծացած գրողներն են երբեմն հիացմունքով նկարագրում իրենց երկիրը: Հայ հեղինակներն էլ անմասն չեն մնացել. բավական է հիշել Ռուբեն Սևակի արձակ և չափածո բազմաթիվ էջերը:


Ա. Ահարոնյանի «Շվեյցարական գյուղը», ուղեգրողի այդ հիացմունքով հանդերձ, մի էական տարբերություն ունի. նա ոչ միայն սիրահարված է այդ երկրին, այլև դիտում է Շվեյցարիան որպես մոդել` իր երկիրը վերակառուցելու համար: Նա շարունակ համեմատության մեջ է դնում երկու երկրների գյուղական կյանքը` ներկայացնելով մի կողմից՝ իդեալական մի վիճակ, մյուս կողմից՝ հայ գյուղացու ծանր ու անել ճակատագիրը, որը մեզ քաջ ծանոթ է տասնիններորդ դարի հայ դասականների գործերից:


Համեմատությունները կատարվում են երկու դարերի` XIX-ի և XX-ի արանքում, երբ Հայաստանը, մասնավորապես հեղինակի հայրենի Իգդիրը, ռուսական կայսրության ծայրամաս էր, իսկ Շվեյցարիան արդեն վեց հարյուր տարվա պատմություն ունեցող երկիր: Գրքի տարբեր էջերում հեղինակը հարկ է համարում ընթերցողին հիշեցնելու, որ Շվեյցարիան աղքատ երկիր է, նույնիսկ Հայաստանից ավելի աղքատ («Ի՜նչ աղքատ է այս երկիրը մերի համեմատ»), բայց բացառիկ աշխատասիրության, ազնվության և վերից վար տիրող օրինականության շնորհիվ կարողացել է տանելի կյանք ստեղծել իր բնակիչների համար: Մի քանի էջի վրա նա պատմում է մեծ ժողովրդականություն վայելող թատերական մի ներկայացման մասին, որի նյութը հազիվ թե արժանանար հայ գրողների ուշադրությանը: «Շվեյցարացի դրամատուրգը, որ գրել է այս գործը, անշուշտ քրքրել է իր երկրի սև օրերի պատմությունը և այնտեղից դուրս քաշել ամենացնցող նյութը, և դա... մի պաստորի երեքամսյա բանտարկությունն է և ժողովրդի բողոքը տասանորդի դեմ... Երջանիկ երկիր չէ՞ այս, որի դժբախտ օրերում մի պաստորի երեք ամսով բանտարկությունը համարվում է տարեգրության մեջ խոշորագույն դեպքերից մեկը»:


Ահա ինչու ասիական վայրենության և ապօրինության մեջ թաղված հայկական գյուղից նախանձելի կարգուկանոնի երկիր ընկած հայ ուսանողը չի կարող զսպել իր հիացմունքը. «Երջանի՜կ երկիր, ուր ծիծաղն այնքան առատ է, որ լացն անհասկանալի է դարձել»: Հետաքրքիր մի փաստ ավելացնենք մեր կողմից. ամբողջ XIX դարի ընթացքում, այդ երկրում, կոռուպցիայի փաստով, ընդամենը մեկ դատավարություն է եղել` 1818 թ., երբ ռուսաց կայսր Ալեքսանդր Առաջինի նվիրած 50000 ռուբլին (այն ժամանակվա համար մեծ գումար), ճահիճներ չորացնելու փոխարեն որևէ մեկի գրպանը չի մտել, այլ հանրօգուտ մեկ ուրիշ գործի վրա է ծախսվել: Եվ սա համարվել է կոռուպցիա ու պատժվել օրենքի ողջ խստությամբ:
Շվեյցարիան Հայաստանի հետ համեմատելիս, անշուշտ, չենք կարող հաշվի չառնել կարևոր մի հանգամանք. մեր երկրի աշխարհագրական դիրքը: Չենք կարծում, թե Ա. Ահարոնյանի բնորոշմամբ այդ երկիրն իրոք «երջանի՜կ» կլիներ, եթե իր կողքին, մոտ տասը դար շարունակ ունենար սելջուկն ու թուրքը, եթե նրա տարածքով մոնղոլական, լենկթեմուրյան և այլ վայրենի հորդաներն անցած լինեին: Այդ բարբարոսները ոչ միայն մեր հողն են պղծել ու ասպատակել, այլև խաթարել մեր նկարագիրը:


Այնուհանդերձ, կարծում ենք` դա արդարացում չէ մեզ համար, քանի որ շուտով պիտի նշենք հայ պետականության վերականգնման հարյուրամյակը և ինքներս մեզ հաշիվ տանք, թե այդ ընթացքում որքանով է փոխվել հայկական գյուղը, վերացե՞լ են արդյոք հայ գրողի` ցավով ու դառնությամբ նկարագրած բարքերն ու տեսարանները: Կարողացե՞լ ենք արդյոք անցած մեկ դարի ընթացքում եթե ոչ իսպառ, ապա գոնե մասամբ հաղթահարել դրանք:


Ինչ խոսք, դրական փոփոխությունները քիչ չեն, սակայն չենք կարող չընդունել, որ հներին փոխարինել են նորերը (ասենք` դատարկվող գյուղերը, մի երևույթ, որն անգամ պատկերացնել չէին կարող Ա. Ահարոնյանի ժամանակակիցները), որոշ բացասական բաներ էլ մնացել են անփոփոխ, նույնիսկ ավելի խորացել: Օրինակ` հայ հեղինակը գրում է, որ Շվեյցարիայում «վճիտ և առողջարար է ջուրը, մաքուր է ավազանի շուրջը, նա ոչնչով չի հիշեցնում մեր լեռնային գյուղերի աղբյուրները, որոնց չորս կողմում կարելի է միշտ տեսնել լվացած կանաչեղենի մնացորդներ, հավի և ձկան փորոտիք, փետուրներ, պտուղների կեղևներ և ուրիշ այնպիսի գարշություններ, որ մարդ նողկանք է զգում աղբյուրին մոտենալիս»:


Այսօր, երբ ավելի քան հարյուր տարի է անցել մեջբերված տողերը շարադրելու օրից, կարո՞ղ ենք ասել, թե այս առումով պատկերը փոխվել է Հայաստանում: Ընդհակառակը, ավելի է վատացել, բավական է նայել կենսատու Մայր Սևանի ափերը` ծայրեծայր պղծված ու ապականված: Աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները խստորեն հորդորում են չթքել այն ջրհորի մեջ, որտեղից ջուր ես խմում: Մենք էլ ենք հորդորում, հետն էլ ոչ միայն թքում, այլև հիմնովին աղտոտում: Որքա՞ն ժամանակ է պետք հասկանալու համար, որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնաոչնչացում, և մեղավորը սելջուկն ու մոնղոլը չեն, այլ մենք` ինքներս:
Եվ միայն բնապահպանական աղետները չեն: Այսօր, անկախացած հայ գյուղում կատարվում են բաներ, որ անգամ Պռոշյանի, Մուրացանի կամ հայ գյուղագիրների գործերում չես հանդիպի:


Միայն վերջնականորեն հեռանալով չէ, որ կորցնում են հայրենիքը: Մեր դրամատիկ, եթե ոչ ողբերգական անկախության ավելի քան քսան տարին ապացուցեց, որ հայրենիքը վերջնականորեն կորցնողները հենց երկրի ներսում են, հիմնահատակ ավերողները, կարճ ժամանակում ոչնչացնողները, ջրի գնով ծախողները և մսխելու հետ միաժամանակ հայրենասիրաբար ճամարտակողները, լքողներին անարգանքի սյունին գամողները, իրե՛նց մեղքով «լքողներին», նրանք, ովքեր տարեկան շուրջ երկու միլիարդ դոլար են ուղարկում, որ երկիրն անդառնալիորեն չսովահարվի…


Որքա՞ն ժամանակ է պետք, որ մեր հողի վրա մենք նույնպես ապրենք մարդկային լիարժեք կյանքով, ինչպես շվեյցարացիք հարյուր տարի առաջ և այսօր, թե՞ մեծ գրողի երազանքը մնալու է անկատար:
Գուշակություններով չզբաղվենք և մեր արժանավայել ապագան կերտելու համար, ի թիվս այլ դասերի, սերտենք նաև Ավետիս Ահարոնյանի դասերը` շարադրված այս հրաշալի գրքում:

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ

Դիտվել է՝ 3197

Մեկնաբանություններ