Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ի՞նչ սպասել «նոր» Թուրքիայից

Ի՞նչ սպասել «նոր» Թուրքիայից
23.09.2016 | 10:46

Երկու ամիս է անցել Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջումից: Շատ փորձագետների գնահատականով՝ հայտնվել է «նոր» Թուրքիայի գործոնը, որի տեղապտույտը ներքին ու արտաքին քաղաքականության մեջ մնում է հանելուկային: Բայց փաստ է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, արտակարգ ընթացակարգերով բազմաթիվ օրենքներ ընդունելով՝ մի ժամում ինքն իրեն վերաձևափոխեց: Օգտագործելով ռազմական հեղաշրջման անհաջող փորձը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ընթացք տվեց նախապես պատրաստված «անբարեհույսների» ցուցակի բռնություններին:

Հազարներով աշխատանքից հեռացնում ու ձերբակալում են զինվորականներին, պետական պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին, դատավորներին, դատախազներին, փաստաբաններին, լրագրողներին, ուսուցիչներին, համալսարանների ռեկտորներին, ոստիկաններին և այդպես՝ շարունակ: Երկու շաբաթում մեկը մեկի հետևից փակեցին համարյա բոլոր ինստիտուտները, որ առաջ համարվում էին աշխարհիկ պետության հայտանիշներ, որոնցից էր Թուրքիայում և բանակը: Էրդողանը պաշտոնապես հրաժարվեց հետևել մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային: Պատահական չէ, որ եվրոպացի շատ փորձագետներ հայտարարում են, որ Թուրքիայի նախագահը, որ «իշխանության է եկել ժողովրդավարական ճանապարհով, հիմա բռնապետության ճանապարհին է», որը նկատելիորեն բարդացնում է թուրքական իշխանությունների առանց այդ էլ բարդ հարաբերությունները եվրոպացիների հետ: Եվրամիության քաղաքական գործիչներն արդեն խոսում են Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների դադարեցման մասին, խոսում են նաև Եվրախորհրդից Թուրքիայի հնարավոր հեռացման, Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման մասին:

Իսկ Եվրոպան Սիրիայից ու Իրաքից փախստականների հորձանքից պաշտպանելու պարտավորությունները Անկարան առաջ էլ առանձնապես չէր ձգտում կատարել: Հարաբերությունների սառեցումը կարող է լինել երկար ու տևական: Այդ համապատկերում չի կարող աչք չծակել Թուրքիայի ու Ռուսաստանի փոխհարաբերությունների ջերմացման գործոնը, նաև՝ Իսրայելի, որ Անկարան մատուցում է իբրև Արևմուտքի քաղաքականությունից հիասթափության հետևանք և նոր արտաքին քաղաքականություն: «Թուրքիան երկար չէր վճռում ուղղակի միջամտել Սիրիայի հետ պատերազմին,- գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:- Ճիշտ է, այս կամ այն կերպ Անկարան միշտ է մասնակցել այդ խաղին, աջակցելով խմբերին, որ ուզում էին գահընկեց անել Սիրիայի նախագահ Ասադին»: Այնուամենայնիվ, թուրքական բանակը միշտ նախազգուշացնում էր իշխանություններին ուղղակի ռազմական միջամտությունից: Եվ հիմա կատարվողը երկու պատճառ ունի՝ Թուրքիան հեղեղած ԻՊ-ի ահաբեկչությունը և սահմանի այն կողմում քրդերի համար միջանցքի բացումը կանխելու անհրաժեշտությունը: Ավելին, Թուրքիան ուզում է նպաստել այնտեղ «Սիրիական ազատ բանակի» վերածնմանը:


Թուրքիայի արտաքին քաղաքականությունը միշտ առանձնացել է իր յուրօրինակ «ճկունությամբ»: Առաջ Թուրքիան հավասարակշռում էր Արևմուտքի ու Արևելքի միջև՝ կայուն կապեր ունենալով Արևմուտքի հետ: Բայց հիմա Անկարան, ինչպես գտնում են փորձագետները, հավասարակշռում է սահմանագծին՝ մի կողմից Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը տեսնում են ավելի շատ ընդհանուր հետաքրքրություններ, մյուս կողմից՝ թուրք-իսրայելական մերձեցումը կատարվում է այնպիսի արագությամբ, որ կարելի է մոռանալ՝ ինչպես դեռ երեկ երկու երկրները գործնականում սառը պատերազմի վիճակում էին: Մի կողմից՝ Էրդողանն ընդունում է ԱՄՆ փոխնախագահ Բայդենին, մյուս կողմից՝ Անկարան ռազմաքաղաքական խորհրդատվություններ է անցկացնում Մոսկվայի հետ:
Հարց է ծագում՝ որքա՞ն լուրջ է վերաբերվում Անկարան իր անդամությանը ՆԱՏՕ-ին, կամ՝ ՆԱՏՕ-ն ինչպե՞ս պիտի հիմա իր հարաբերությունները կառուցի Թուրքիայի հետ:

Անվտանգության քաղաքականության հարցերով գերմանացի փորձագետ Գերտ Պորտուգալը DW-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ «Թուրքիայի անկայուն վիճակը նշանակում է ՆԱՏՕ-ի մինչև այժմ գոյություն ունեցած կայունության խարիսխի թուլացում տարածաշրջանում», իսկ «ՆԱՏՕ-ի հարավային կողմը զարգացած է, բայց ոչ ամբողջությամբ»: Ի՞նչ կլինի հետո, առայժմ ոչ ոք չգիտի:
Արիֆ ԱՍԱԼԻՕՂԼՈՒ, REGNUM


Հ.Գ. Հիմա ինչպե՞ս համոզենք եվրոպացիներին, որ Անկարայի առաջ չփակեն դռները ու չնետեն Ռուսաստանի ու Իսրայելի գիրկը՝ նպաստելով Էրդողանի «բռնապետության ճանապարհը» վազքով անցնելուն: Իսկ նկատեցի՞ք, որ, ի տարբերություն Բաքվի, Անկարան ցնցումներ չապրեց, որ իր հարևանը և իր հավերժական մրցակից Թեհրանը նույն օրը աշխարհին ցուցադրեցին իրենց ռազմական ներուժը:


Իրանի Զինված ուժերը Թեհրանում մեծ զորահանդես են անցկացրել` նվիրված Իրաքի հետ պատերազմի 36-րդ տարելիցին: Զորահանդեսի ընթացքում ԻԻՀ բանակը նոր զինատեսակներ է ցուցադրել, այդ թվում՝ Ռուսաստանից ձեռք բերված Տ-300 տիպի հակաօդային պաշտպանության համակարգերը: Թեհրանի զորահանդեսին զուգահեռ Պարսից ծոցի ափին գտնվող Բանդար Աբաս նավահանգստային քաղաքում տեղի է ունեցել Իրանի ռազմածովային ուժերի զորահանդեսը, որին մասնակցել է 500 միավոր ռազմական տեխնիկա:
Այնպես չէ, որ միայն Թուրքիայից «սպասելիքներ» կան: Տարածաշրջանում փոփոխություններ են լինում, ու իսկապես ոչ ոք չգիտի՝ ի՞նչ կլինի հետո:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ