Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուսաստանը և մենք

Ռուսաստանը և մենք
23.09.2016 | 10:51

Վերջերս Պոլ Կրուգմանը հոդված էր գրել Պուտինի ու Թրամպի մասին «Գլխակերները և համբույրները» վերնագրով, որտեղ Ռուսաստանը ներկայացնում է իբրև «կոռումպացված նավթապետություն»: Նա նկարագրում է Ռուսաստանի տնտեսության աղետալից վիճակը և քննադատում է Թրամպին՝ սրիկա Պուտինի նկատմամբ սիրո ու ակնածանքի համար: Ալեն Ֆրաշոն մեջբերել է այդ հոդվածից իր «Դոնալդը՝ Վլադիմիրի երկրպագու» հոդվածում՝ կցելով գրաֆիտիի լուսանկարը, որտեղ Թրամպը ինքնամոռաց համբուրում է Պուտինին: Օգոստոսի 29-ին Foreign Policy-ի հոդվածում տարբեր երկրների վատ սովորույթների մասին Սթիվեն ՈՒոլթը գրել է, որ Ռուսաստանին բնորոշ է ընդդիմադիրներին սպանելը: Չասենք, որ այդ մեկնաբանությունը արմատապես սխալ է, բայց բացահայտ հնացած է ու միակողմանի:

Արևմտյան աշխարհում Ռուսաստանի կերպարը պարզապես աղետալից է՝ և լավ, և ոչ այնքան լավ պատճառներով: Ռուսաստանին մեղադրում են բազում մեղքերի մեջ՝ ինչպես ԶԼՄ-ների վերահսկողությունը, իշխանությունների թույլատրած հոմոֆոբիան, միջամտությունը ՈՒկրաինայում և վտանգավոր խաղերը ՆԱՏՕ-ի ինքնաթիռների հետ: Միևնույն ժամանակ՝ մեղադրանքների տոնը մտածել է տալիս, որ Մոսկվան նորից դարձել է չարագործ նոր սառը պատերազմում հոլիվուդյան սցենարով, որովհետև չարագործի դեմ մենք ենք՝ հերոսական Արևմուտքը: Աշխարհաքաղաքական կապերի բոլոր բարդությունները ջնջվում են բարոյախրատական առակով ու սև-սպիտակ հեքիաթով: Խոսքը ձոներ երգելու մասին չէ Ռուսաստանին կամ Պուտինին, ում ավտորիտարիզմը կասկածներ չի հարուցում, այլ՝ հասկանալու մասին է՝ ինչո՞ւ Արևմուտքի՝ իրականությունը սև-սպիտակ պատկերելու ձգտումի մեջ այդքան հաճախ հակառակորդ ներկայացվում է Ռուսաստանը: Արժի՞ ասել, որ ես չէի ցանկանա ապրել Պուտինի իշխանության տակ:


Երբ 2003-ին միլիոնավոր մարդիկ ցույցի դուրս եկան Իրաքի դեմ պատերազմի համար, դա չարեցին բռնապետ Սադամ Հուսեյնի նկատմամբ մեծ սիրուց: Նրանք չէին ցանկանում թույլ տալ անմեղ մարդկանց մահը: Բողոքողները շատ ավելի հեռատես էին Բուշի վարչակարգից, որ աշխարհը սուզեց կրակի ու արյան մեջ: Մենք բոլորս ստիպված ենք հատուցել այդ աղետալից միջամտության հետևանքների համար, որը նաև նպաստեց ահաբեկչության վերելքին: Հուսեյնը մարդասպան էր ու բռնակալ, բայց պետք է ընդունել, որ նրան դիվայնացրել էին, որ արդարացնեն պատերազմը (զանգվածային ոչնչացման զենքի մասին ստի հիմքի վրա):
Ռուսաստանի դեպքում վարչակարգի բնույթը դուրս է մղում աշխարհաքաղաքական մտածողությունը: Պուտինի իշխանության ձևավորման հանգամանքները հաշվի չեն առնվում: ԶԼՄ-ները չեն խոսում այն ստորացումների մասին, որ ստիպված էին ԱՄՆ-ից հանդուրժել Գորբաչովն ու Ելցինը, ռուսական տնտեսության սնանկացման մասին ամերիկյան խորհրդատուների ձեռքով: Հանկարծ Ռուսաստանը նորից դարձավ բացարձակ չարիք, ինչպիսին իր ժամանակին ԽՍՀՄ-ն էր: Կարծես Ռուսաստանում կատարված փոփոխությունները ոչ մի կապ չունեն Արևմուտքի որոշումների հետ:

Շատ փորձագետներ նկատում են, որ ՆԱՏՕ-ի դեպի Ռուսաստանի սահմաններ չընդլայնվելու ԱՄՆ-ի խոստման դրժումը աղետավոր հետևանքներ բերեց: Պուտինը սառը հաշվարկով առաջինն էր աշխարհում, որ զանգահարեց Բուշին սեպտեմբերի 11-ին: Ռուսաստանը փորձում էր մերձենալ Արևմուտքին, որ դեռ օգտագործում էր նրա թուլությունը ու փորձում էր փլուզել: Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունների վատացման բացատրությունը չի նշանակում Ռուսաստանի կողմից իրավունքի բազմաթիվ խախտումներին հավանություն տալ, սակայն պետք է հասկանալ, որ մենք՝ արևմտյան երկրներս, մեր ներդրումն ենք ունեցել Պուտինի հաջողություններում, որոնք բացատրվում են ոչ միայն ընտրություններում խախտումներով: Այդ թեման քննարկվեց սեպտեմբերի 19-ին «Ռուսաստանի հզորությունը՝ ո՞ւր է նայում Մոսկվան» հաղորդման մեջ France Culture ալիքով Գրաչովի ու Հելեն Կարեր դ’ Անսկոսի մասնակցությամբ: Աշխարհում շատ են բռնակալական ու ավտորիտար երկրները, որտեղ բոլորովին չեն հարգում միջազգային իրավունքը, բայց այդպիսի քննադատության չեն արժանանում, ինչպես Ռուսաստանը: Սաուդյան Արաբիան գլուխներ է կտրում, բայց մնում է բարեկամ, որ մեզնից զենք է ստանում ու արտոնություններ, նրա քաղաքացիների արտահանձնումից սեպտեմբերի 11-ից հետո մինչև միջազգային իրավունքի խախտումները Եմենում ամերիկյան զենքով: Լեհաստանի հասցեին համարյա քննադատություն չկա, թեպետ ոտնահարում է ժողովրդավարության հիմքերը երկրի ներսում և խաղեր է խաղում հակասեմիտականության հետ: Նույնը վերաբերում է Իսրայելին, որ թքած ունի միջազգային իրավունքի վրա, որի վարչապետը նախագահ Օբամային ցեխի մեջ է լողացնում:

Չինաստանում մարդու իրավունքների խախտումների մասին նույնպես ավելի ու ավելի քիչ է լսվում, իսկ բիզնեսը ծաղկում է: Դրոնները, Գուանտանամոն, 2011-ին միջամտությունը Լիբիայում՝ նշանակում են, որ Արևմուտքին, այսինքն՝ մեզ, նույնպես չես անվանի ժողովրդավարության ու իրավունքի անմեղ ջատագով: Ռուսաստանի հասցեին մեղադրանքների մեծ մասին (ոչ բոլորի) համարժեքները կարելի է գտնել այլ տարածաշրջաններում: Միջազգային իրավունքի անտեսումը Ղրիմում ձայնակցում է Իրաքի ու Եմենի իրավիճակին: Իսկ մարդու իրավունքների պաշտպանությունն ունի երկակի ստանդարտներ, որի վկայությունն է ՈՒզբեկստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Կրեյգ Մյուրեի «Սպանություն Սամարղանդում» գիրքը, որտեղ փաստաթղթերով հաստատվում է արևմտյան տերությունների հարգանքի բացակայությունը հայտարարված արժեքների նկատմամբ: Նման վիճակ է և ԶԼՄ-ների վերահսկողության հարցում՝ նույնն է Սաուդյան Արաբիայում, իսկ արևմտյան ժողովրդավարություններում լրատվամիջոցների վրա զգալի ներգործում են ֆինանսները: Հենց այստեղ է Ռուսաստանի գլխավոր տարբերությունը ԱՄՆ-ից, որտեղ շատ ավելի հեշտ է այլախոհ լինելը: Շառլ դե Գոլն ասում էր, որ պետությունները «սառը հրեշներ են»: Ռուսաստանը սառը հրեշ է, որ ղեկավարում է սառը, և հաշվենկատ մարդ, որ բոլորովին նման չէ սկանդինավցի ժողովրդավարի: Պետք է աջակցել բոլոր նրանց, ովքեր դատապարտում են մարդու իրավունքների խախտումները և Ռուսաստանում, և ԱՄՆ-ում: Ռուսաստանում ապաստան գտած Էդվարդ Սնոուդենը քննադատում է ազատությունը սահմանափակող օրենքները և Ռուսաստանում, և ԱՄՆ-ում: Աշխարհաքաղաքական առումով պետք է խելացի լինել և հասկանալ Ռուսաստանի գործողությունների պատճառները դիվանագիտության ու համագործակցության ընդլայնման համար՝ աչքերը չփակելով վարչակարգի բնույթի վրա: Ռուսաստանը առանցքային խաղացող է Սիրիայում և պետք է ԱՄՆ-ի հետ աշխատի, որ վերջ դրվի արյունահեղությանը, որին նպաստում են ադ հումանիտար աղետի գործնականում բոլոր մասնակիցները: Օբաման իր ժամանակին ուզում էր ռուս-ամերիկյան հարաբերությունների աղմկահարույց «վերաբեռնում» անել:

Հնարավորությունը բաց թողնվեց, բայց, գուցե, դեռ չափազանց ուշ չէ կանխել նոր սառը պատերազմը և թույլ չտալ, որ Ռուսաստանի ու Չինաստանի մերձեցումը նոր գերտերություն ծնի, որը արդեն կլինի չինական, այլ ոչ ռուսական: Արևմուտքը նպաստում է Պեկինի ուժեղացմանը, թեպետ Պեկինը, անկասկած, իր հակառակորդն է: Դիվանագիտության փոխարեն պատերազմի ընտրությունը բռնակալ Սադամ Հուսեյնի դեպքում սարսափելի հետևանքներ ունեցավ: Սառը պատերազմի ընտրությունը Պուտինի դեպքում սնում է նրա վարկանիշը և վտանգավոր է: Իրավապաշտպանների պայքարը բոլոր երկրներում պետք է աջակցել: Օրինակ, Amnesty International-ի գործունեությունը: Աշխարհաքաղաքական առումով որևէ մեկ երկրի դիվայնացումը (նույնիսկ եթե այդ երկիրն իրեն պահում է իբրև սառը հրեշ) կարող է շատ թանկ նստել երկու կողմերին: Եվրոպայի անհավանական բարյացակամությունը Հունգարիայի ու Լեհաստանի, ամբողջ Վիշեգորոդյան քառյակի նկատմամբ արժի համեմատել Ռուսաստանի նկատմամբ անարդյունավետ խստության հետ (թեկուզ Ռուսաստանը արժանի է քննադատության, ես էլ չեմ հիանում նրա նախագահով, քաղաքական ու տնտեսական համակարգով): Մի քիչ ռեալիզմը երբեք չի խանգարի:
Պիեռ ԳԱՌԼԵՆ, Le Huffington Post


Հ.Գ. Ֆրանսիացիները և ռեալիզմը՝ հրաշալի թեմա է, բայց ընդունեք, որ պատճառահետևանքային կապն այնքան է խրվել հետևանքների մեջ, որ այլևս դժվար է սկիզբը գտնել ու հասկանալ՝ առաջինը ո՞վ քարը նետեց ջրհորը, իսկ քարը թունավոր էր: Կրկնակի ու բազմակի ստանդարտների կիրառությունը միջազգային քաղաքականության մեջ զենք է, որ կրակում է ընտրված թիրախի վրա, իսկ ընտրում են նրան, ում ուզում են թուլացնել կամ կանխել ուժեղանալը: Եվ թիրախին մնում է պատասխան կրակ բացելը, երբեմն՝ ասիմետրիկ: Այդպես էլ ապրում ենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1818

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ