Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսաստանը անցյալի կենդանի գերեզմանոց է

Ռուսաստանը անցյալի կենդանի գերեզմանոց է
24.09.2016 | 12:07

Կարմիրբանակայիններ, հավատարմություն ցարին՝ պուտինյան Ռուսաստանում իշխում է անցյալի պաշտամունքը: Խոսքը ինչ-որ որոշակի շրջանի մասին չէ, այլ՝ ուժի սիմվոլների՝ գրում է Դավիդ Հասեն Tagesanzeiger-ի կայքում: Իր պաշտոնում վերջին ամիսները աշխատող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գործնականում չի թաքցնում քամահրանքը Վլադիմիր Պուտինի նկատմամբ. «Աշխարհը անցյալում է թողել կայսրությունները, սակայն Ռուսաստանը փորձում է ուժով վերադարձնել կորցրած փայլը»՝ հայտարարեց նա՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: ԱՄՆ նախագահը նկատի ուներ Ղրիմի բռնակցումը, ռազմական գործողությունները ՈՒկրաինայի արևելքում, Մոսկվայի արյունոտ գործողությունները Սիրիայում: Պուտինը ղեկավարում է Ռուսաստանը 16-րդ տարին: Այդ ամբողջ ընթացքում, քանի դեռ նա նախագահի աթոռին է, միայն կարճ ժամանակով վարչապետականով փոխարինելով, նա շեշտը դնում է փառավոր անցյալի փայլին: 2000-ին նրա հրամանագրով վերականգնվեց հին խորհրդային օրհներգը՝ հիմա դա ՌԴ հիմնն է նոր տեքստով: Լայն թափով առաջ է գնում Իոսիֆ Ստալինի վերականգնումը, քանի որ ԽՍՀՄ-ի հաղթանակը նացիստական Գերմանիայի նկատմամբ Պուտինի օրոք դարձել է կարևոր կապող օղակ ռուսական նոր ազգային նույնականացման համար:

2014-ից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային ղեկավարության գործողությունների մասին «սուտը» քրեորեն պատժելի է: Կրեմլը իր վերահսկողության տակ է վերցրել պատմական իրադարձությունների մեկնաբանությունը: Ոմանք կարծում են, որ Պուտինը ցանկանում է կյանքի կոչել ԽՍՀՄ-ը: ՊԱԿ-ի նոր տարբերակի ստեղծման Կրեմլի ծրագրերը լիովին տեղավորվում են այդ պատկերում: Պուտինը և նրա շրջապատը շահագրգռված չեն ինչ-որ առանձին դարաշրջանով, այլ ուժի սիմվոլներով: Դա ինքնատիպ կոլաժ է՝ այստեղ ձեռքով է անում հերոս կարմիրբանակայինը, այնտեղ վերահուղարկավորում են վերջին ցարի ընտանիքի մասունքները, և այդ ամենի վրա տարածվում է ուղղափառ եկեղեցու միջնադարյան ոգին: Խոսքը հզորության մասին չէ, այլ հաղթանակի պաթոսի: Նորահայտ հերոսներից մեկը Պուտինի համար դարձավ փիլիսոփա Իվան Իլյինը: Խորհրդային իշխանությունից թաքնվելով տարագրության մեջ, նա գրում էր՝ ինչպես է պատկերացնում Ռուսաստանի ապագան՝ երկիրը կհզորանա՝ միայն բռնապետության և ուժեղ ձեռքի ճանապարհն ընտրելով: Ռուսաստանի համար շանսը նա տեսնում էր նաև ֆաշիստական գաղափարախոսություններին դիմելու մեջ: Իլյինի հեղինակության աճը Պուտինի շրջապատում վկայում է, որ ժողովրդավարությունը Ռուսաստանում շարունակում է գնանկումը:

Առայժմ Ռուսաստանում ընտրություններ են՝ անցյալ շաբաթ ռուսաստանցիները նոր խորհրդարան ընտրեցին: Մասնակցությունը ցածր էր՝ Մոսկվայում ու Պետերբուրգում ընտրողների երկու երրորդը տանը մնաց: Դա ապատիա է: Ընտրություններից Պուտինի պես հաղթող դուրս եկավ «ծեր հաչացող ուլտրաազգայնական» Վլադիմիր Ժիրինովսկին: Նրա լիբերալ-դեմոկրատական կուսակցության հաջողությունը ընտրություններում զուրկ չէ հումորից՝ Ժիրինովսկին հանդես էր գալիս ընտրությունները հանելու կոչով: Պուտինը մերժեց այդ առաջարկը ցուցադրական վրդովմունքով: Ժիրինովսկին ներկայացնում է ոչ թե ընդդիմություն, այլ ծաղրածու խռովարար, որ գործում է Կրեմլի թույլտվությամբ: Նրա համեմատությամբ Պուտինը խելամիտ ղեկավարի տպավորություն է թողնում: Ինչպե՞ս տեսնել այսօրվա Ռուսաստանի կերպարը՝ ծածկված մեծ անցյալի պաշտամունքով: Ի՞նչ երկիր է Ռուսաստանը, որ ուզում է հարգանքի արժանանալ իր հրեշավոր ուժով: Ի՞նչ է երազում, ի՞նչ են գրում նրա բանաստեղծները, ի՞նչ են ուզում երիտասարդ ձեռներեցները: Ոչ ոք չգիտի: Սեփական պատմությամբ արբածության միջով արդիականությունը չի երևում:
Դավիդ ՀԱՍԵ,Tages anzeiger


Հ.Գ. Պուտինին հանած՝ համարյա թե մեր մասին է՝ երբ չգիտենք ինչ անել այսօրվա խնդիրների հետ՝ ապավինում ենք կամ փառավոր անցյալին, կամ ԽՍՀՄ-ի նոստալգիային: Իսկ արդիականությունը աննահանջ իր խնդիրներն է դնում, որոնք անցյալով լուծել հնարավոր չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ