Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կաթողիկոսն այցելել է Էջմիածնի և Երևանի ծննդատներ

Կաթողիկոսն այցելել է Էջմիածնի և Երևանի ծննդատներ
24.09.2016 | 12:34

Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Էջմիածնի և Երևանի ծննդատներ` հայրապետական օրհնությունը բերելու նորածիններին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առիթով:
Երևանում Ամենայն Հայոց Հայրապետը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Հանրապետական կլինիկական ծննդատուն: Ծննդատան առջև Գարեգին Բ Հայրապետին դիմավորել է ծննդատան բուժանձնակազմը` գլխավոր բժիշկ, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռազմիկ Աբրահամյանի գլխավորությամբ:


Ամենայն Հայոց կաթողիկոսը նախ այցելել է ծննդատան նորածնային բաժին, ուր աղոթք է արել և օրհնել հոբելյանական օրերին ծնված մանուկներին: Վեհափառ Հայրապետը զրուցել է երիտասարդ մայրերի հետ` նրանց բերելով իր օրհնությունն ու գնահատանքը: Գարեգին Բ կաթողիկոսը շնորհավորել և մասնավոր օրհնությունն է փոխանցել Մարիամ Թունյանին, ով ՀՀ ԱՆ պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում սեպտեմբերին քառյակ է լույս աշխարհ բերել:


Ամենայն Հայոց կաթողիկոսը զրույց է ունեցել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարի, ծննդատան գլխավոր բժշկի և բուժանձնակազմի հետ: Նորին Սրբությունը, կարևորելով բժշկի առաքելությունը, իր գնահատանքն է հայտնել ամենքին իրենց ազգօգուտ և նվիրյալ ծառայության համար:
Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է նաև Հանրապետական կլինիկական ծննդատան շրջապատում գտնվող մատուռ, ուր աղոթք է բարձրացրել Հայրենիքի անսասանության և նորածինների խաղաղ ու բարօր կյանքի համար: Այցի առթիվ Նորին Սրբությունը մատուռին նվիրել է Ս. Աստվածածնի սրբանկար:


Գարեգին Բ կաթողիկոսը եղել է Էջմիածին քաղաքի Կենտրոնական հիվանդանոցի ծննդատանը: Գլխավոր բժիշկ Լիլիթ Գասպարյանի ուղեկցությամբ Նորին Սրբությունն այցելել է նորածիններին և նրանց մայրերին, օրհնել է և աղոթել նրանց քաջառողջության և երջանկության համար: Վեհափառ Հայրապետը ծանոթացել է նաև ծննդատան պայմաններին: Ծննդատներ այցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսի անունից Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակի և ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի կողմից բոլոր նորածիններին ու նրանց մայրերին բաշխվել են նվերներ:

Դիտվել է՝ 1940

Մեկնաբանություններ