Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Այսբերգը՝ վերևից ու ներքևից

Այսբերգը՝ վերևից ու ներքևից
27.09.2016 | 00:05

Հայտնի չէ՝ նախկի՞ն, թե՞ ապագա նախարար Էդվարդ Նալբանդյանն ասում է, որ արտաքին քաղաքականությունն այսբերգ է, այսբերգ է կյանքն ընդհանրապես՝ երբեք չես իմանա ամբողջ իրականությունը՝ նույնիսկ իրադարձության մասնակից լինելով: Պատճառահետևանքային այնպիսի հանգույցներ կան, որ Ալեքսանդր Մակեդոնացին էլ ամեն ինչ իմանար՝ կգնար ախոռ՝ ձիեր վարժեցնելու, ոչ թե աշխարհակալ դառնալու, որի ճանապարհին էլ վախճանվեց թունավորումից: Իսկ գուցե ոչ:


2016-ի ապրիլը սկսվեց քառօրյա պատերազմով, ոմանք համարում են ագրեսիա, բայց Բաքվի բլիցկրիգի նպատակը Լեռնային Ղարաբաղի հարցը համաշխարհային օրակարգ վերադարձնելը չէր միայն, նպատակը նոր իրավիճակում հարցի քննարկումն էր՝ Ստեփանակերտը գրավելուց հետո: Ռևանշ՝ 1994-ի համար: Բոլոր պայմանները կային՝ ՌԴ-ն ապահովել էր գերժամանակակից սպառազինությամբ Ադրբեջանին, Հայաստանին տարածաշրջանում հավասարակշռություն ապահովելու նպատակով հատկացված զենքը տրված չէր, Թուրքիան ադրբեջանական բանակի զինյալներին վարժեցրել էր տեղանքում առավելագույնս արդյունավետ կռվելու: Դեկտեմբերի հանրաքվեից հետո տպավորություն էր, թե Հայաստանն ընկղմված է ապատիայում ու մի թեթև ցնցումից պատրաստ է հատակին հայտնվել: Ցնցումը թեթև չէր, տպավորությունը խաբուսիկ էր՝ համախմբումը մեծագույն անակնկալն էր, որ ապրիլին Հայաստանը մատուցեց նրանց, ովքեր հաշվարկում էին Ղարաբաղի հարցի լուծումը նոր մեկնակետից:


2016-ի հուլիս՝ նախորդ օրը հեղաշրջման փորձ Թուրքիայում՝ Էրդողանի «լավագույն բեմադրությունը» մինչ օրս, որ հնարավորություն տվեց իր խնդիրները հերթով լուծել, ՊՊԾ-ի գնդի գրավում Երևանում՝ առաջին օրերին նույնիսկ բնորոշումներ չկային՝ ահաբեկչությո՞ւն, ապստամբությո՞ւն, իշխանափոխությո՞ւն՝ ի՞նչ էր Երևանում կատարվում: Գնահատականներն այսօր էլ տարբեր են ու իրարամերժ: Այդ օրերին մեծ արյունահեղության բոլոր նախադրյալները Երևանում կային, կրակին ջրի փոխարեն փայտ էին հավելում ռուսական լրատվամիջոցները՝ կեղծ զարմանք արտահայտելով իշխանության անվճռականությունից, դրդելով ուժի մասշտաբային ցուցադրության: Իշխանությունը գնաց փոքր արյան ճանապարհով՝ սխալներ գործելով, որոնց մասին հետո նախագահը կասի՝ մոռացեք, և՝ ճակատագրական սխալից խուսափելով:


Ապրիլ ու հուլիս՝ գարնանն ու ամռանը իրավիճակի փոփոխության արտաքին ու ներքին փորձերը ձախողվեցին: Բազմաճյուղ ցանցը իր բոլոր ճյուղերով գործեց, բայց մինչև որոշակի կետ, որից առաջ գնալ չի ստացվում: Իսկ խնդիրը պետք է լուծել: 2016-ի սեպտեմբեր՝ Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ: Ինքներդ գնահատեք՝ սա երրո՞րդ արարն է նույն պիեսի, որի անունն է «Հայաստան. Իշխանության ձևավորում և հարակից խնդիրներ», թե՞ այլ օպերա է: Պատասխանից առաջ հիշեք Անկախության օրվա շքերթը՝ ոչ թե մշակութային, այլ քաղաքական «Իսկանդերներով», որոնց հայտնությունը Հանրապետության հրապարակում ոչ միայն ուժի ցուցադրություն էր Բաքվին ու Անկարային, այլև պատասխան էր համազգային հարցի՝ ո՞ւմ բարեկամն է Ռուսաստանը՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի: Հասարակական գիտակցությանը ժամանակ է պետք նոր հարցեր առաջադրելու համար՝ ասենք, իսկ վերականգնվե՞ց ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, որ Մոսկվան խախտել էր Բաքվի հետ «բիզնեսով», իսկ մինչ այդ «Իսկանդերների» հմայքի վրա անխոցելի է դառնում Կարեն Կարապետյանը, որ նույն հասարակական գիտակցության մեջ նույնանում է Մոսկվայից գործուղված պաշտոնյայի հետ:

Ղարաբաղցիների արտահանման գործընթացը փոխել է աշխարհագրությունը, բայց նույնն են քաղաքական խնդիրները՝ ունենալ կառավարելի իշխանություն տարածաշրջանում: Ոչ թե հակառուսական տրամադրությունների, այլ ինքնագիտակցության մակարդակը քառօրյա պատերազմից հետո Հայաստանում աճել է այնքան, որ ծագող հարցերին պետք է տալ ասիմետրիկ պատասխան՝ առավել մեծ արդյունավետությամբ: Լուծվում է խնդիր մի քանի նպատակներով: Առաջին՝ կասեցնել գործող իշխանության արևմտյան կապերը, որ ՀՀ որևէ նախագահ այլևս չգնա Արևմուտք ¥ասենք՝ Բեռլին¤ ու չհայտարարի, որ Հայաստանը որևէ հովանավոր չունի, մենակ ու ինքնուրույն է ¥դա քրեական հանցանք է¤ իր խնդիրները լուծում, հնարավորինս կրճատել արևմտյան ներդրումները՝ հյուսիսային ասեղը դարձնելով սնուցման միակ կետ, վերջապես՝ շանտաժի հիմնական գործիքը՝ Ղարաբաղը պահել կուլիսային խարդավանքների ու ամեն պահ պատերազմի վերսկսման սպառնալիքի տակ: Երկրորդ՝ զբաղեցնել հասարակությանը նոր վարչապետի հայտարարություններով, քայլերով, նշանակումներով՝ հասարակական էներգիան շեղելով հիմնական խնդրից ու նպատակաուղղելով մի դաշտ, որտեղ չունի որոշում ընդունելու լիազորություն, այսինքն՝ պարզապես սպառել: Երրորդ՝ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում պետք է անցնեն առանց հետընտրական գործընթացների, արդյունքը պետք է բավարարի Կրեմլին: Սա էր ապրիլ-հուլիս-սեպտեմբեր անցած ճանապարհի բովանդակությունը՝ խիստ հպանցիկ:
Ձեզ չի՞ թվում, որ կառավարության կազմավորումը ձգձգվում է, իսկ կառուցվածքային փոփոխությունների նպատակը ոչ թե նախարարություններում իրավիճակ փոխելն է, այլ նախարարներից ազատվելը: Եթե Կարեն Կարապետյանն ուզում է երկիրը «շատ ծանր» վիճակից դուրս բերել, առաջին գործը արդյունաբերության նախարարության ստեղծումը պիտի լիներ: Կլինի՞: Հանճարեղ մենեջեր լինելուց առաջ երկրի ներուժը գույքագրել է պետք ու նպատակաուղղել արդյունաբերության վերականգնմանը ամբողջ տարածքում ու հատկապես մարզերում: Սա իդեալական տարբերակում: Հայաստանում իդեալական տարբերակ երբեք չի եղել: Գլխավոր հարցը մենաշնորհներն են՝ կլինի՞ բիզնեսի ու տնտեսական ներուժի վերաբաշխում: Օլիգարխները կդառնա՞ն հարկատու, նրանց հատկացված «քվոտաները» կփոխվե՞ն: Եթե նկատում եք, առայժմ խոսքը ձեռնարկատիրությանն աջակցության մասին է:

Իսկ ի՞նչ է նշանակում «ձեռնարկատիրություն». փողոցի կրպակավաճառից մինչև ադամանդագործություն «ձեռնարկատիրություն» է: Զարգացման համար պետք է մրցակցություն, մրցակցության համար պետք են հավասար պայմաններ: Օրենսդրությունը վերջին խնդիրն է, առաջնայինը օրենքների կատարումն է: Այս պայմաններում ո՞ւմ է պետք, որ Հայաստանում լինի օրենքի գերակայություն: Իշխանությա՞նը՝ ոչ: Իր վերարտադրության հիմքերն են խարխլվելու: Իշխանությունը Հայաստանում հենվում է ոչ թե ժողովրդի վրա ¥որի թիվն արտագաղթի հաշվին կրճատելը նաև պետական քաղաքականություն է¤, այլ օլիգարխիկ համակարգի: Կրեմլի՞ն: Օրենքի գերակայությանը կտրվի նոր բովանդակություն՝ հավսար, զգաստ՝ ԵԱՏՄ-ի առաջ, ոչ մի խաղ Արևմուտքի հետ:
Նկատեցի՞ք՝ ի՞նչ հեշտությամբ մի «չեմ հավատում» ու մի «չեմ հասկանում» փլուզեցին ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան: Առանձնապես փլուզելիք չկար էլ, կոալիցիոն համաձայնագիրը վերածվել էր երեք նախարարական պորտֆելի, ու՝ վերջ: ՀՅԴ-ի մասնակցությունը պետության խնդիրների լուծմանն ինչո՞վ տարբերվեց մյուս կուսակցությունների գործունեությունից ապրիլին, հուլիսին, սեպտեմբերին: Նոր վարչապետի քայլերը Արմեն Ռուստամյանը «շոու» որակեց, բայց ստացվեց, որ ՀՅԴ-ն առավել մեծ շոումեն է. նախ չգիտեին, որ վարչապետ է փոխվելու ու չէին հավատում, հետո հավատացին ու հուսավառվեցին, հետո՝ հիասթափվեցին ու սպառնացին, ի վերջո՝ տեղի տվեցին Արծվիկ Մինասյանի ասուլիսով ու պատրաստ են համաձայնության: Շոուն ուրի՞շ է լինում՝ ինչպե՞ս կարող են նույն դաշտում գործող վարչապետն ու կուսակցությունը չհամաձայնել միմյանց: ՀՅԴ-ի հարուցած թեթևակի աղմուկի մեջ համարյա լռության մատնվեցին ՀՀԿ-ի կորուստները: ՀՀԿ-ն կորցրեց նախարարական պորտֆելներ, որ տրվեցին անկուսակցականների: Հարց՝ ՀՀԿ-ն պատասխանատվություն կրո՞ւմ է անկուսակցական նախարարների համար, որոնց նշանակել է անկուսակցական վարչապետը: Այնքանով, որքանով ՀՀԿ-ական մեծամասնությունը խորհրդարանում պիտի հաստատի նոր կառավարության ծրագիրը՝ այո: Հետո՞: Նրանց հաջողությունը ՀՀԿ-ի համար նախընտրական լավ հարթակ կդառնա՞: Իսկ ձախողո՞ւմը: Հենց նախընտրական շրջանում ՀՀԿ-ն առաջինը չի՞ հարվածի տեխնոկրատների ու մենեջերների ապակուսակցական կառավարությանը, որպես մարմին, որ իր մսից ու արյունից չէ:


Եվս մեկ հարց՝ նոր վարչապետին տրվել են անսահմանափակ լիազորություններ միայն Երևանո՞ւմ, թե նրա կառավարումը ընդգրկելու է մարզերը՝ փոխվելո՞ւ են մարզպետները, թե՞ ոչ: Եթե ոչ, ինչո՞ւ, եթե այո՝ ի՞նչ սկզբունքով: Եթե չեն փոխվելու, Կարեն Կարապետյանին առաջադրված խնդիրները ստանալու են կիսատ լուծումներ՝ Հայաստանը փոքր ու փոխկապակցված երկիր է՝ չի կարող մայրաքաղաքը բարեփոխվել՝ պահպանելով հին ու «ժանգոտ» համակարգը մարզերում: Եթե փոխվելու են՝ ՀՀԿ ԳՄ նիստո՞ւմ, թե՞ Հանրապետության հրապարակում: Ի՞նչ նպատակով: Ի՞նչ հետևանքով:


Հայտարարված փոփոխությունները, ծրագրերը, նպատակները, խնդիրները բոլորովին այլ լուծումներ կունենային, եթե լինեին հետընտրական շրջանում, բայց նախընտրական շրջանն ունի իր պայմաններն ու պահանջները, որոնց սովորաբար առաջնայնություն է տրվում: Կուսակցականությունը հաղթում է պետականությանը՝ դա է իշխանության վերարտադրության տրամաբանությունը:


Իսկ իշխանության ու ընդդիմության ներսում, մամուլում քննարկման հիմնաթեման կադրերն են՝ ո՞վ գնաց՝ ո՞ւր, ինչպե՞ս, ինչքա՞ն ժամանակով, ո՞վ մնաց՝ ի՞նչ գնով, ո՞ւմ շնորհիվ, որ ի՞նչ անի, ո՞վ եկավ՝ ի՞նչ ասաց, ի՞նչ կանի, ի՞նչ է ուզում: Հարցերն արդիական են, որովհետև վերաբերում են մարդկային ճակատագրերին՝ ամեն նոր նախարար իր կադրերին է բերում, ուրեմն աշխատանքից ազատվում են հները, և նրանց տեղավորելը ևս խնդիր է, որովհետև այդ համակարգում պատահական մարդիկ չկան: Ստացվում է՝ շարժման մեջ են դրվում պետության բոլոր աղորիքները՝ վերից վար, լայնքով ու երկայնքով, աղացվելու են բոլորը, միայն ամենահավատարիմներն են արժանանալու վստահության: Դա աշխատատար, ժամանակատար, հետաքրքրաշարժ գործընթաց է՝ գրի՝ չեմ ուզում, իսկ արդյունքները ընդհանրական օգուտի տեսակետից զրոյական են: Կկանխի՞ Կարեն Կարապետյանը կադրային ջարդը, թե՞ նա ինքն է թիմային աշխատանքի ջատագովը, որ գործնականում նշանակում է յուրայինների նշանակում, նախորդի յուրայիններից ազատվելով:


Եվս մեկ նրբագիծ իրավիճակին. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ համաձայնությունից հետո գլխավոր հարցը ԿԸՀ-ի կազմն էր: Երբ խնդիր է դրվում ընտրական ինստիտուտի նկատմամբ հավատը, ԿԸՀ-ի կազմը պիտի փոխվեր, բայց պարզվեց, որ խնդիրը փոխվել է՝ փորձն է դարձել, ու ԿԸՀ-ի կազմը կմնա նույնը: Ահա և ձեզ պատասխանը՝ փոփոխությունները երկրում իրակա՞ն են, թե կազմակերպակա՞ն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Այսբերգն ի՞նչ եղավ: Թվում էր՝ ժամանակն է, որ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս հասկացած լինեին՝ իրական այսբերգը որեարն է: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է հասունացել նրա ընդերքում ու ի՞նչ ընթացք կստանա այդ լավան, եթե ժայթքի ու նպատակային հուն ստանա: Անգամ «Իսկանդերը» ինքն իրեն չի կրակում, նպատակակետը ինքնակամ չի որոշում՝ կարող է կրակել, կարող է՝ ոչ: Մարդու գործոնը մնում է գլխավորը: Տեխնիկական կլինի՞ Կարեն Կարապետյանի կառավարությունը, թե՞ կշարունակի հիմնական կազմով պաշտոնավարել ընտրություններից հետո, ոչ ոք չի կարող հաշվարկել 100 %-ով: Անակնկալի գործոնը և կամքի դրսևորումը նախընտրական հաշվարկներում հիմնականն են՝ հակառակ կանխատեսումների ու ծրագրերի՝ որտեղ էլ գրված լինեն: Այսբերգները հալվում են, բայց նաև «Տիտանիկ» են խորտակում: Որեարը՝ վկա: Ո՞վ է որեարը: Ժողովուրդը: Հարցրեք Հրաչյա Աճառյանին:

Դիտվել է՝ 2098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ