ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ընտրական օրենսգրքի փոփոխությունը տապալման եզրին է

Ընտրական օրենսգրքի փոփոխությունը տապալման եզրին է
27.09.2016 | 00:13

Ընտրական օրենսգրքի փոփոխությունն առաջին անգամ փորձարկվում է ՏԻՄ ընտրություններում, և կուսակցությունների ներկայացուցիչներն արդեն պնդում են, որ այն ցանկալի արդյունք չի տալիս։ Գյումրիում և Վանաձորում քաղաքապետ են ընտրելու, այսպես ասած, կուսակցական ցուցակով, սակայն հանրության շրջանում դարձյալ նույն մեխանիզմն է գործում՝ ընտրություն է կատարվելու ցուցակի առաջին համարների միջև, իսկ սա անձնական հաշիվներ մաքրելու լայն դաշտ է բացում։ Օրերս Գյումրիում կատարված ողբերգական դեպքը ցնցեց ողջ քաղաքը, ու հերթական անգամ «հայրաքաղաքը» հայտնվեց քրեական քրոնիկոնում։ ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդևան Գրիգորյանի որդուն, ըստ պաշտոնական հայտարարության, սպանված են գտել իրենց տան նկուղում, սակայն լիովին այլ վարկածներ են պտտվում քաղաքում` վենդետայից մինչև քաղաքական հաշվեհարդար։ Այս դեպքից հետո ԲՀԿ-ն հայտարարեց, որ շարունակելու է ընտրապայքարը։ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ և ՀՀԿ խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ իրենց դիտարկումները ներկայացրին Գյումրու նախընտրական տրամադրությունների առնչությամբ։

«ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՆՄԱՆ ԱՌՈՂՋ ԵՐԻՏԱՍԱՐԴՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԵՐ»


-Պարոն Էնֆիաջյան, ԲՀԿ-ն շարունակելու է քարոզարշավը։ Այսպիսի մթնոլորտում դժվար չէ՞ արդյունքներ ակնկալելը։
-Ամենաանցանկալի, անդառնալի դրսևորումը եղավ, բայց մեր քաղաքական ուժը, ստեղծված իրավիճակը վերլուծելով, զորակցություն հայտնեց մեր գործընկերոջն ու որոշեց առավել մեծ վճռականությամբ քարոզարշավ ծավալել։ Իմ գործընկերների հետ անձամբ լինելու ենք Գյումրիում ու ներկայացնելու ենք մեր ծրագրերը, մեր ավագանու անդամներին։ Մեր թեկնածուի հնարավորությունները շատ մեծ են։
-Այսօր ինչպիսի՞ մթնոլորտ է քաղաքում։
-Բնականաբար, այդ դեպքը ցնցել է բոլորին։ Ձեռնպահ կմնամ գնահատականներից, թե իրականում ինչ է տեղի ունեցել, սակայն ունեմ սեփական վերլուծությունը և կարծում եմ, որ սա ինքնասպանություն չէ։
-Այսինքն, քաղաքական հաշվեհարդա՞ր է։
-Որքան էլ փորձենք չքաղաքականացնել, քարոզարշավի ժամանակահատվածում մահվան ելքով դեպք է տեղի ունեցել, այն էլ մի երիտասարդի հետ, ով ֆինանսական, անձնական խնդիրներ չի ունեցել։ Ավելին, նա իր ընկերների հետ ծրագրել է հետագա հանդիպումներ, քայլեր։ Որևէ գրություն էլ չի թողել, թե ինչն է եղել ինքնասպանության պատճառը։ Այս ամենը ինքնասպանությունը հերքող վարկածների առիթ է տալիս։ Ինչու պետք է նման առողջ, ծրագրերով լեցուն երիտասարդն ինքնասպանություն գործեր։
-Վարդևան Գրիգորյանը մասնակցելո՞ւ է քարոզարշավին։
-Հավանաբար անձամբ չի մասնակցի, բայց իր համախոհները, թիմակիցները մասնակցելու են ու ներկայացնելու են մեր ծրագրերը։

«ԱՆՁԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐԵՆՑ ՎԵՐԱԳՐԵԼ՝ ՄՈՌԱՆԱԼՈՎ, ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԻՄՈՎ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ»


-Պարոն Ավետիսյան, ԸՕ-ի փոփոխության ժամանակ փաստում էիք, որ ցուցակներով ընտրությունը զերծ կպահի անձնական հաշվեհարդարներից, ներքին գժտություններից, սակայն այդ թեզը չգործեց։ Գյումրիում այսօր բավականին թեժ է ընտրապայքարը, վերջին ողբերգական դեպքը շատերը համարում են քաղաքական սպանություն։
-Այդ դեպքը չէի կապի ընտրական գործընթացի հետ։ Այո, էլի նույն կարծիքին եմ, որ ԸՕ-ի այս փոփոխությամբ Գյումրիում և Վանաձորում կունենանք քաղաքական ընտրություն, ոչ թե անձերի պայքար։ Սակայն ցավալի է, որ ընտրողներն էլ դեռ չեն ընկալում, թե ինչ ընտրություն է լինելու, այսինքն, ընտրելու են ոչ թե անձերի, այլ քաղաքական ուժերի։ Խնդիր է նաև այն, որ անձերը փորձում են ամեն ինչ իրենց վերագրել, մոռանալով, որ քաղաքական թիմով պետք է ներկայանալ։ Այս պատճառով էլ, ցավոք, դարձյալ չենք կարողանում հին կարծրատիպից ազատվել։ Երբ քաղաքական թիմն ակտիվանում է, անձերն սկսում են նեղվել, որ հայտնվել են ստվերում։
-Նախընտրական Գյումրիում այսօր ի՞նչ վիճակ է։
-Քարոզարշավը շարունակվում է։ Կա նորմալ մրցակցություն։
-Ի դեպ, Վարդևան Գրիգորյանի որդու հետ տեղի ունեցածը ոմանք պայմանավորեցին ՀՀԿ ցուցակը գլխավորող Սամվել Բալասանյանի թիմակիցների միջև հակասություններով։
-Ճիշտ չէ այս դեպքը քաղաքական հարթությունում դիտարկելը։ Իրավապահ մարմինները պետք է հստակ պատասխաններ տան, ամեն ոք կարող է յուրովի մեկնաբանել տեղի ունեցածը։ Խոսում ենք քաղաքական ընտրություններից, բայց էլի ամեն ինչ հանգեցնում անձերի միջև հարաբերությունների պարզման։
-ՈՒզենք, թե չուզենք, նույնիսկ ԸՕ-ի այս փոփոխության պարագայում, ընտրողը կողմնորոշվում է կուսակցությունների ցուցակը գլխավորող անձով, քանի որ նա է լինելու քաղաքապետը։
-Ցուցակի առաջին համարը պետք է կարողանա թիմն իր հետևից տանել։ Այսօր մենք այնքան ենք կենտրոնանում առաջին համարի վրա, որ ընտրողը, քվեախցիկում չտեսնելով անձի անունը, չի կողմնորոշվելու՝ ում օգտին ընտրություն անել։ Պետք է ընտրողներին ևս պատրաստենք այս ընտրական փոփոխությանը։ Համոզված եմ, որ այս խնդիրը հաստատ կառաջանա։


Ճեպազրույցները՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ