Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հրաչյա Մաթևոսյանը... և ՀՀ նախորդ կառավարությունը

Հրաչյա Մաթևոսյանը... և ՀՀ  նախորդ կառավարությունը
27.09.2016 | 11:48

Ամիսներ առաջ մեզնից հեռացավ մեր ժամանակների լավագույն մարդկանցից մեկը՝ Հրաչյա Մաթևոսյանը: Նրա մտերիմները Հրաչին մշտապես տեսնում էին անհանգիստ վիճակում. արտագաղթն ու շրջապատի մարդկանց աշխատանք չունենալը, երկրում աղքատության վիճակի ահագնացումը, դրանցից առաջացող կենցաղային անհարմարություններն ընկճում էին հարազատ հողն ու երկիրն անհատնում սիրով սիրող հայի այս տեսակի ոգին, երբեմնի լավատեսությունը տեղի էր տալիս նրա հոգում: Միայն իրեն հասկանալի հատկությամբ, դեղահաբերի ժամանակավոր ազդեցության տակ հավաքում էր ուժերը, ընթերցում օրվա մամուլի իր նախընտրած համարներն ու կիսվում եզակի թվով մտերիմների հետ:


Խրախուսվողների թվում էր նաև տողերիս հեղինակը, հատկապես, երբ տնտեսական թեմա էր լուսաբանվում: Առավել ոգևորվում էր, երբ հոդվածագիրն իրեն հարազատ հայոց հողին ու բերքին առնչվող զրույց էր ծավալում, ներկայացնում Հայաստան աշխարհի հողային, ջրային ու ջերմային գերազանցությունները: Ցավալիորեն, այս ամենը չէր նպաստում հայոց հողի մշակի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, հողագործը խռովում էր իր աշխատանքի միջոցից, որն անասելի ցավ էր պատճառում մեր գործընկերոջը: Հարազատ միջավայրը լքելը, գյուղաբնակների շրջանում ծնելության նվազումը, դպրոցների խղճուկ վիճակը, իր աչքերի առջև քանդվող երբեմնի նվիրական միջավայրի ավանդական պատկերի աղճատումը խոցում էին նրա նուրբ հոգին:


Ահա այսպիսի ապրումների ու մտորումների արդյունքում կազմվեց ՀՀ երկրի վարչապետին ուղղված տպագրվող նամակը: Որոշակի ակնածանքով առաջարկեց ծանոթանալ տեքստին, և թեև անհամաձայնությունս հայտնեցի գիտնական որակման համար, կտրուկ մերժեց, ասելով, որ դա չի քննարկվում: Տարիներ առաջ էր կարդացել բրոշյուրների տեսքով տպագրված «Եգիպտացորեն. 1 000 000 տոննա հատիկի արտադրություն Հայաստանում» և «Եգիպտացորեն. 1 000 000 տոննա հատիկի արտադրություն Հայաստանում. ինչո՞ւ» 2007-2008 թվականներին կազմածս վերլուծությունները: ՈՒր որ է տասնամյակ էր բոլորելու, այս ընթացքում աշխարհում եգիպտացորենի հատիկի արտադրությունը գերազանցել էր 1 մլրդ տոննան, երբ առավել հանրահայտ ցորենը մնում էր 700-750 մլն տոննայի սահմանում, իսկ Հայաստանի տնտեսության համար պատասխանատուները շարունակում էին ոչինչ չասող գրություններով պատասխանել այս մշակաբույսի արտադրությունը գոնե մի քանի հարյուր հազար տոննայի հասցնելու ջատագովներին: Այնպես որ, բնական եմ համարում Հրաչի կանխավ մտածած «Ինչու է զայրանում տնտեսական լրագրողը» հոդվածի փոխարեն ստորև տպագրվող նամակի ի հայտ գալը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝
ՀՀ քաղաքացի Հրաչյա Մաթևոսյանից
Պատճենը՝ պատմությանը

Ց Ա Ն Կ Ա Գ Ի Ր


Նորօրյա Հայաստանում տարօրինակություններին վերջ չկա, որոնք ցավալիորեն հիմնարար խոչընդոտներ են դառնում ՀՀ տնտեսության կայացման և հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների առօրյայի համար: Այսօրինակ անորոշությունը և դրանք հաղթահարելը մարդիկ տեսնում են երբեմնի դրախտավայր համարված երկրից արտագաղթելու մեջ, որն ազգային վտանգ ներկայացնող աստիճանի է հասել:
Տարիներ շարունակ կարդալով մեր համերկրացի Գեղամ Քյուրումյանի մամուլում հրապարակվող տնտեսական վերլուծությունները, որոնք ներկայացվում են համաշխարհային վիճակագրության փաստարկմամբ, համոզվել եմ, որ ՀՀ տնտեսությունում թռիչքաձև հաջողությունների հասնելը բարդ խնդիր չէ, քանզի այդկերպ են շարժվել արդեն կայացած տնտեսություններ ունեցող երկրները: Հարկ է լուծել յուրաքանչյուր երկրի համար առաջնային, մարդկանց սոցիալական հիմնախնդիրը, որն է՝ բնակչությանը բավարար քանակի, որակի և մատչելիության կենդանական ծագման սննդակարգի երաշխավորումը: Հեղինակի՝ ցավով գրված հոդվածաշարերից, որտեղ փաստարկվում է ՀՀ ԱՎԾ վիճակագրությունը, տեղեկանում ենք, որ ցանկացած երկրի համար առաջնահերթություն համարվող կենդանական ծագման սննդարտադրությունը ՀՀ-ում գրեթե ձախողված է, որն էլ հետագա խնդիրներ է ստեղծում և հետևանքներ առաջացնում:
Կարծում եմ, որ հիմնականում տնտեսական հարցեր լուսաբանող հրապարակախոս-գիտնականի հետ համագործակցությունը նպաստավոր է ՀՀ լիարժեք կայացման առումով: Մասնավորապես ակնկալում եմ Ձեր աշխատակազմում Գեղամ Քյուրումյանի «Անկեղծ խոսքը չի սպանում, փակ խոցեր է միայն բանում» հոդվածի քննարկում:
Կից ներկայացնում եմ «Իրատես» թերթում տպագրված «Անկեղծ խոսքը չի սպանում, փակ խոցեր է միայն բանում» հոդվածը:
Կանխավ սպասումով՝ Հրաչյա Մաթևոսյան
Երևան, հեռ. 57 53 53
10.05.2016 թ.

«Քաղաքացի Հրաչյա Մաթևոսյանին


«Իրատես» թերթում տպագրված «Անկեղծ խոսքը չի սպանում, փակ խոցեր է միայն բանում» Գեղամ Քյուրումյանի հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ հոդվածում բարձրացված, մասնավորապես՝ գյուղատնտեսությանը վերաբերող հարցերը արդիական են և կատարված վերլուծությունները հիմնականում իրատեսական: Գյուղոլորտի զարգացումը վերջին տարիներին հանդիսանում է ՀՀ պետական քաղաքականության առանցքային ուղղություններից կարևորագույնը և նպատակաուղղված է ագրարային ոլորտում տնտեսավարողների գործունեության համար առավել բարենպաստ պայմանների ապահովմանը, առաջին հերթին ռեսուրսային ներուժի արդյունավետ օգտագործմանը, սուբսիդավորման և հարկային արտոնությունների կիրառման միջոցով գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների մատչելիության բարձրացմանը, նոր արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացմանը և պարենային ապահովվածության մակարդակի բարձրացմանը: Այս տեսանկյունից ուշագրավ են վերը նշված խնդիրներին վերաբերող, հեղինակի հոդվածներում պարբերաբար վերհանվող հարցերը:
Հարկ է նշել, որ լրագրողի հրապարակումները միշտ էլ արձագանք են գտել ՀՀ գյուղնախարարությունում և որոշ հարցեր արդեն իսկ իրենց լուծումն են գտել ներկայումս ագրարային ոլորտում իրականացվող մի շարք պետական աջակցության ծրագրերում: Վերջիններից կարևորվում են կերային բազայի հնարավորությունների ընդլայնմանը՝ դաշտային կերարտադրության կառուցվածքի բարելավմանը, առավել արդյունավետ կերային մշակաբույսերի (եգիպտացորեն, կորնգան, առվույտ և այլն) մշակության գործընթացին աջակցության և խորհրդատվության ապահովմանը, ինչպես նաև բնական կերահանդակների ռեսուրսային ներուժի առավել արդյունավետ օգտագործմանն ուղղված ծրագրերը:
Հարգանքով՝ նախարար Սերգո Կարապետյան»։

Օրեր անցան, և հնարավոր չէ պարզել՝ նամակը դժվարահաս դարակներից մեկո՞ւմ հայտնվեց, թե՞ որևէ քննարկման գործընթաց անցավ: Կառավարության բազմազբաղ աշխատակազմում հայաստանյան անհատականություններից մեկի նամակը հարկ է որ երկրորդ տարբերակին արժանանար, քանզի մեզանում հաճախ է խոսվում մտավորականության ներկայացուցիչների խոհանոցա-բազմոցային պահվածքի մասին, որը ոչ մի կերպ չես վերագրի Հրաչյա Մաթևոսյանի այս քայլին: Հանրությանը հայտնի այրը փորձում է իր խոսքի միջոցով զորակցել համեստ գործընկերոջը, նրա ասելիքը լսելի դարձնել ՀՀ վերևներում, եթե կուզեք՝ գործելու կոչ հնչեցնել: Չէ՞ որ խոսքն արդեն քառորդ դար չկայացող թե մասամբ կայացող տնտեսությանն է վերաբերում, 3 մլն հայաստանցիներին ու մի 10 մլն հայությանը, երբեմնի դրախտավայրի այս երկիր դառնալուն: Հարցեր կան, որոնք փաստերով բարձրացվել են հոդվածում, դրանց նկատմամբ անտարբեր գտնվելու իրավունք չունի ոչ մի դիրքի ու պահվածքի հայ, և Հրաչը՝ առողջական խնդիրներ ունեցող այրը, բարձրաձայնում է դրանք: Համոզվել է, որ կայացած տնտեսություն, առավելագույն պարենապահովություն ու պարենանվտանգություն ունեցող երկրների գյուղոլորտում անասնապահություն-բուսաբուծություն հարաբերությունը 60-40 տոկոս է, կենդանական ծագման սննդատեսակների բավարար քանակների, որակի ու գնի արդյունքում է ամենուր իշխանություն-հանրություն հարաբերություններում բարերար միջավայր ապահովվում: Փոխարենը ՀՀ իշխանական, տնտեսավարական ու գյուղատնտեսական միտքը, որքանով որ այն կա, ամեն ինչ է անում երկիրն այլոց բանջարա-բոստանային կցորդը դարձնելու ուղղությամբ: Տեսնում եք, չէ՞, որ չի ստացվում, ձեր սխալ քայլերին երկինքը տարերային բազմաբնույթ աղետների տեսքով է արձագանքում, որոնք ընդամենը երկնային նախազգուշացումներ են: Աստծուն է հայտնի, թե ինչ ապրումներ ունեցավ մեր սիրելի Հրաչը մինչ մահկանացուն կնքելն ապրած հետագա շաբաթների շրջանում: Այս ընթացքում նրա ահազանգն ուղարկվում է ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ էկոնոմիկայի նախարարություններ: Օրեր անց ստացվում է առաջին գերատեսչության ղեկավարի ստորև տպագրվող պատասխանը:


Հուսադրող ու շոյող խոսքեր են, ոչինչ չես կարող ասել: Բայց երբ ակնկալված գործնականություն ես փորձում փնտրել, ոչինչ չես տեսնում, քանզի ինչպես կա միմյանց հաջորդող գյուղնախարարների պարագայում, հիմա էլ գյուղի ու գյուղաբնակի կյանքը նվազագույնս իսկ չի բարեփոխվում, այստեղ աշխատանքը շարունակում է անարդյունավետ մնալ: Միայն այն, որ կովերի միջին տարեկան կաթնատվությունը 2000 լիտր է, կենդանիների օրական քաշաճը` 200-300 գրամ, երբ զարգացած գյուղոլորտ ունեցող երկրներում այս ցուցանիշները 4-5-ապատիկ են, խոսում է ՀՀ գյուղոլորտի վիճակի մասին: Առավել տարօրինակ է, որ վերջին տարիների արդյունքներով մշտապես աճ ապահովող սույն գերատեսչությունում այս ընթացքում աշխատանքից միանգամից ազատվեցին 3 փոխնախարարներ, որոնցից մեկը՝ առաջին:


Երբ օրեր առաջ, որպես Հրաչյա Մաթևոսյանի նախաձեռնության շահառու, այցելեցի ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, որոնց նույնպես ՀՀ կառավարությունը հասցեագրել էր նրա դիմումը, վարչության պետ պատասխանատուն նշեց, որ այն իրենց ուղարկվել է ի տնօրինում: Հարցերիցս մեկին, թե կառույցի ղեկավարությանը չի՞ մտահոգում, որ 25 տարի Հայաստանի տնտեսությունում, ասենք, եգիպտացորենի յուղ չի արտադրվում, պաշտոնյան հակադարձեց, թե շշալցում իրականացվում է: Ասել է՝ իրենց շահառուն վերավաճառողն է, այլ ոչ արտադրողը, առավել ևս՝ առաջնահերթ համարվող հումք արարողը:

Նա օտարված է տնտեսական բուն գործընթացներից, որն իրականացվում է երկրին անհրաժեշտ առաջնահերթ պարենի ներկրումներով, երբ արտահանվողն ընդամենը ալկոհոլն է, ծխախոտն ու սուրճը:
Մինչ թղթին էի հանձնում այսօրինակ մտորումներս, ՀՀ-ում վարչապետ փոխվեց: Կփոխվի՞ արդյոք ՀՀ շարքային քաղաքացու կարծիքը իշխանական համակարգի մասին, ցույց կտա ապագան: Անցյալ կդառնա՞ արդյոք ամեն ինչից խոսելը, միայն ոչ՝ երկիրն ու նրա շարքային քաղաքացուն աշխատելու և աշխատանքի ուղղորդելու գործելաոճի արմատավորումը:
Հրաչը` Մաթևոսյան, փորձեց իր հանգիստ ու համեստ պահվածքով ինչ-որ կերպ նպաստել մեր վիճակի բարեփոխմանը: Ավաղ, ստացված պատասխանները լավատեսության չեն տրամադրում: Թող ՀՀ նոր կառավարությունը հերքի մեր այս գնահատականը, որի համար միայն երախտապարտ կլինենք:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2607

Մեկնաբանություններ