Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
27.09.2016 | 11:54

(սկիզբը՝ այստեղ)

Բրեժնևյան տարիներին ԽՍՀՄ ընդհանուր տնտեսության մեջ իր առանձնահատուկ դերն ու նշանակությունն էր ստացել ստվերային տնտեսությունը, որի ամբողջական նկարագրությունն այսօր կարող է տալ «Բ» խմբի գործարանների նախկին տնօրեններից յուրաքանչյուրը: Դա համատարած երևույթ էր, որի գոյությունը հնարավոր չէր պատկերացնել Խրուշչովի կառավարման ժամանակ, իսկ Ստալինի տարիների մասին խոսելն անգամ ավելորդ է: Ստվերային տնտեսությունը, որպես արտադրության կազմակերպման տարածված ձև, հիմնականում սկսում էր առաջանալ ու զարգանալ աշխատող գործարանների ու ֆաբրիկաների բազայի վրա՝ հիմնականում և այդ նպատակների համար ստեղծված հատուկ մասնաճյուղ-արտադրամասերում, որոնք աշխատում էին արտապլանային արտադրանք տալու և այն խորհրդային ներքին շուկայում գաղտնիաբար իրացնելու միասնական ստանդարտ սխեմայով:


Ստվերային տնտեսության մեջ ֆինանսական լուրջ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ էր, առաջին հերթին, ունենալ թեթևացրած պետական պլաններ, այնպիսի պլաններ, որոնք զգալիորեն զիջում էին գործարանների ու ֆաբրիկաների ունեցած հզորություններին ու տեխնոլոգիական հնարավորություններին: Թեթևացված պլանները պետք էր վաղօրոք համաձայնեցնել ու հաստատել վերադաս կլազմակերպությունների-նախարարությունների հետ, ինչն արվում էր բացառապես կաշառք տալու միջոցով: Բացի վերադասներին կաշառքներ բաժանելու համար բավարար ֆինանսական հնարավորություններ ունենալուց, ստվերային տնտեսությունը գործի դնելու համար խորհրդային տնօրեններից պահանջվում էր ունենալ կաշառքը տալու վստահելի «կանալներ», որոնք կարող էին դիտարկվել որպես կաշառք տալու իրավունք՝ ելնելով պետական-կուսակցական չգրված ու մշտապես գործող կանոններից:


Սկսնակներն ու կուսակցական համակարգում դեռևս իրենց «չդրսևորած» ու համապատասխան «շկոլան» չանցած արտադրության ղեկավարները այստեղ անելիք չունեին: Պետական պլանների նշաձողը իջեցնելու, ձեռնարկությունների ունեցած արտադրողական հնարավորությունները թաքցնելու միջոցով հնարավոր էր ստեղծել առանձնակի չափերի հավելյալ արտադրանք տալու ֆիզիկական հնարավորություն, որը հետագայում կարելի էր հափշտակել ու փողի վերածել՝ իրացնելով մանրածախ առևտրային ցանցերի միջոցով:


Համաձայն ԽՍՍՀ քրեական օրենսգրքի 901 հոդվածի՝ պետական կամ հանրային գույքի առանձնապես խոշոր չափերով կատարված հափշտակումը, անկախ հափշտակման եղանակից, պատժվում էր ազատազրկմամբ տասից մինչև տասնհինգ տարի ժամանակով՝ գույքի բռնագրավումով, կամ մահապատժով՝ գույքի բռնագրավումով: ԽՍՀՄ-ի ու Խորհրդային Հայաստանի տարածքներում գործող այդ «պրիմ» հոդվածների պայմաններում դժվար թե գտնվեր մի այնպիսի քաջարի կոմունիստ-տնօրեն, որ դիմեր արտապլանային աճպարարությունների, մասշտաբային խաբեբայության ու պետական ունեցվածքի խոշոր չափերի հասնող յուրացման՝ առանց կուսակցական ու իրավապահ մարմինների համակողմանի աջակցության, առանց նախնական համաձայնության ու ներքին պայմանավորվածությունների:


Ի դեպ, Արտաշատի «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ-ում աշխատելու տարիներին շրջկոմի քարտուղարներն ու իրավապահ մարմինները իմ աշխատանքային կյանքում առհասարակ գոյություն չեն ունեցել: Միայն օրենքով աշխատելու մեր որդեգրած սկզբունքը իշխանությունների համար անհասկանալի մնաց ու դիտարկվում էր որպես անբացատրելի «տարօրինակություն»: Այդ իրողությունը նրանց խիստ անհանգստացնում-զայրացնում էր, որովհետև օրինապաշտ աշխատանքով և իրավախախտումների հանդեպ ունեցած մեր անհաշտ կեցվածքով մենք մշտապես և ամենուր խախտում էինք Հայաստանի տնօրենների շրջանում արմատավորված կոմունիստական էթիկայի բոլոր չգրված կանոնները: Ավելին, վատ օրինակ էինք ծառայում մյուս տնօրենների համար, ովքեր կարող էին օրինակ վերցնել մեզ նման անհաշտ տնօրեններից ու փորձել դուրս գալ կուսակցական լիդերներին հլու-հնազանդորեն ենթարկվող, խոնարհ ու հեզ տնօրենների համընդհանուր ցուցակից, աշխատել և ապրել ազնիվ կյանքով՝ ԽՍՀՄ գործող սահմանադրության ոգուն և տառին համապատասխան նորմերով ու սկզբունքներով: Վստահաբար կարող եմ ասել, որ նման կարգավիճակ ստանալը դժվարին գործ էր, հատկապես, ԽՍՀՄ արդյունաբերության «Բ» խմբի ձեռնարկությունների տնօրենների համար:

Նմանները կարող էին միայն երազել, թե երբ, օրերից մի օր, իրենց էլ բախտ կվիճակվի դուրս գալ կուսակցական ճնշող մեքենայի ազդեցության դաշտից և վերջ տալ խարդախությունների ու հանցագործ ճանապարհով շարժվելու ներկուսակցական պարտադրանքին, աշխատել օրենքի սահմաններում, ապրել առանց մշտական վախի, առանց արյան բարձր ճնշման ու շաքարախտի: Խորհրդային տնօրենների աշխատավարձերը բավականին բարձր էին: Ասել է՝ հնարավոր էր ապրել առանց խարդախ գործարքներով հավելյալ գումարներ վաստակելու: Նման եզրակացության հանգեցի Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղար Զավեն Գևորգյանի հետ առանձնազրույցից հետո: 1988 թվականի գարնանը շրջկոմի առաջին քարտուղարի համար վերջապես առիթ էր ներկայացել ինձ նման անհնազանդ տնօրենին պատժելու և կուսակցական տույժի ենթարկելու: Առիթը, ի վերջո, կարող էր ինձնից ազատվելու համար լավ հեռանկար բացել: Ինձ հրավիրել էին շրջկոմի բյուրոյի նիստին՝ կուսակցական տույժ տալու մտադրությամբ: Կուսակցական նկատողություն ստանալուց հետո, անշուշտ, ՀԿԿ կենտկոմի ռազմաարդյունաբերության բաժնի վարիչ Ռոբերտ Ստեփանյանը Մոսկվայի առաջ անմիջապես հարց կբարձրացներ ինձ աշխատանքից ազատելու համար, ինչը նաև վերջինիս վաղեմի երազանքն էր: Արտաշատի շրջկոմի բյուրոյի արտահերթ նիստին հրավիրված էին շրջանի բոլոր տնօրենները: Գևորգյանը այսպես սկսեց իր մեղադրական խոսքը.
-Էս ի՞նչ ես արել, ամբողջ ռայոնը խառնել ես իրար, միտինգներ ու գործադուլներ ես կազմակերպում:
-Ո՞վ է կազմակերպել, այս ինչե՞ր եք ասում,- կոշտ պատասխանեցի ես:
-Հենա, միտինգում ելույթ ես ունեցել (խոսքը 1988 թվականի ղարաբաղյան շարժման ու Արտաշատում կայացած առաջին միտինգի մասին էր, ինչը, իսկապես, սկսվել էր մեր ինստիտուտից՝ իմ ասպիրանտ, տ.գ.թ. ու տաղանդավոր գյուտարար Ալեքսանդր Բուտաևի նախաձեռնությամբ¤: Ղարաբաղյան շարժմանն անդամագրվել էին մեր ինստիտուտի տաղանդավոր ինժեներ-մաթեմատիկոս, հետագայում՝ «Տիգրան Մեծ» գնդի զինվոր Հրայր Մելքոնյանը, ինժեներ-գյուտարար, հետագայում՝ ազատամարտիկ Համբարձում Ասատրյանն ու մեր մյուս ինժեներ ու բանվոր-ազատամարտիկները:

Ասեմ, որ իմ աշխատանքային ողջ գործունեության ընթացքում դա միակ դեպքն ու գիտակցված բացթողումն էր, երբ վերադասը կարող էր կուսակցական կամ վարչական խիստ տույժի ենթարկել ինձ: Ղարաբաղյան շարժման ու, հատկապես, ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ես լայն հնարավորություն էի ստեղծել, որպեսզի մեր ազատամարտիկները օգտվեին մեր ռեժիմային ինստիտուտի տեխնիկական ու մասնագիտական բոլոր ծառայություններից: Էլեկտրոնային արդյունաբերության խիստ ռեժիմային ինստիտուտում դա անել չէր կարելի, արգելված էր օրենքով, ինչը վերահսկում էր ԿԳԲ-ն: Դա քրեօրեն պատժելի արարք էր, որին ես դիմել էի իմ նախաձեռնությամբ, իմ կամքով: Հետագայում այդ հարցը քննարկեցինք նաև Լենինգրադի մեր գլխամասային ինստիտուտի գլխավոր ինժեներ, գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Պավլովիչ Կորոլյովի տեղակալ, իմ ղեկավարությամբ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում թեկնածուական թեզը պաշտպանած Էռնեստ Դմիտրևիչ Մոլչանովի հետ (այն, որ Կորոլյովի տեղակալն իր դիսերտացիան պաշտպանեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, խոսում է խորհրդային երկրի սահմաններում ունեցած մեր գիտական բարձր հեղինակության մասին), ազատամարտիկներին օգնելու իմ գործերի մասին նա արդեն գիտեր՝ ԿԳԲ-ի համապատասխան ծառայությունների միջոցով, գիտեր, բայց անչափ բավարարված ու գոհ էր, որ ես օգնություն եմ ցույց տալիս մեր ժողովրդին՝ մի կողմ դնելով իմ անձնական կարիերան: Լենինգրադի ու Մոսկվայի իմ ղեկավարները ակնարկով անգամ չդատապարտեցին ինձ՝ իմ հակականոնադրական, հակաօրինական գործողությունների համար, որովհետև համոզված էին, որ նման դեպքերում հայերս պարտավոր ենք այդպես վարվել: Ռուս գործընկերներս իմ ներկայությամբ իրենց մշտապես մեղավոր են զգացել Հայոց եղեռնի ու հետագայում ստալինյան ռեպրեսիաների հարցերում՝ հայերիս սատար չկանգնելու համար ու, տվյալ դեպքում, ինձ պաշտպանելով փորձում էին ինչ-որ կերպ քավել իրենց մեղքերը: Ինչ վերաբերում էր Արտաշատի առաջին միտինգում իմ ունեցած ելույթին, ապա այստեղ ընկեր Գևորգյանը չարաչար սխալվում էր:

Այդ օրը և հետագայում ես երբեք միտինգներ կամ գործադուլներ անելու կոչեր չեմ հնչեցրել, սկզբունքորեն դեմ եմ եղել դրանց ու այդ մասին բազմիցս արտահայտվել եմ միտինգներում ունեցած իմ ելույթների ժամանակ, մշտապես հորդորել եմ, որ ստեղծված իրադրությունը մեզնից պահանջում ու ստիպում է աշխատել կրկնապատկված եռանդով, որովհետև ԽՍՀՄ փլուզումից հետո մեր ազգը կանգնելու է լուրջ մարտահրավերների առաջ, տնտեսական ճգնաժամն ու մյուս փորձությունները դեռևս առջևում էին: Լենինգրադի և Մոսկվայի գործընկերներիցս տեղեկացել էի, որ Ղարաբաղի խնդիրը միայն Ղարաբաղով չի սահմանափակվելու: Այն երկա՜ր, շա՜տ երկար է ձգվելու, ավելի երկար, քան Աֆղանստանի պատերազմն էր: Ամեն դեպքում, մեր ինստիտուտի աշխատողներին ես չէի արգելել մասնակցել միտինգներին, բայց մեկ պայման էի դրել. եթե միտինգ է, ապա միտինգ է, պետք է գնալ, մասնակցել ու մնալ տեղում՝ մինչև միտինգի ավարտը, այլապես բացակա են ստանալու, հատուկ հսկողություն էի սահմանել, որ չստացվեր այնպես, որ ցույցի կամ գործադուլի անվան տակ աշխատակիցները դուրս գան աշխատանքից ու գնան զբաղվելու իրենց անձնական գործերով:


-Բա Դուք գայիք ու ելույթ ունենայիք,- նետեցի ես:
-Ինչպե՞ս ելույթ ունենայի, չէիր տեսնում, թե ինչ պուբլիկա է հավաքված,- արդարացավ շրջկոմի քարտուղարը:
-Դուք շրջկոմի առաջին քարտուղարն եք, բա էլ ե՞րբ եք ելույթ ունենալու, եթե ոչ այսօր,- շարունակեցի ես: Այդքանով մեր լեզվակռիվն ավարտվեց: Բոլոր տնօրեններին նա նկատողություն հայտարարեց ու դուրս հրավիրեց, այդ թվում՝ Հայաստանի, հիմա արդեն նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին, որը քարտուղարի մոտ մշտապես փնթփնթում էր, թե Համազասպյանի պատճառով իրենք չեն կարողանում իրենց պահածոյագործներին հետ պահել գործադուլներից:


Սերգո Կարապետյանը մշտապես կանխավ, նաև այս հարցում, համաձայն էր առաջին քարտուղարի՝ Արտաշատի գործարար աշխարհի հիմնական «դրակոնի» արտահայտած ցանկացած կարծիքի հետ: Ըստ իս, գործադուլային պայքարի դառը հիշողությունն էր պատճառը, որ 2014-ին գյուղնախարար Սերգոն ինձ ընդունեց, ուշադրությամբ լսեց իմ ելույթը, բայց գործնականում մերժեց Հայաստանի գյուղատնտեսության մեջ արևային բարձր տեխնոլոգիաները ներդնելու իմ գործնական առաջարկը: Աստված նրա հետ:
Բյուրոյի նիստից հետո շրջկոմի քարտուղարն ինձ խնդրեց մնալ, շատ երկար զրուցեցինք, Հայաստանի ու Ղարաբաղի առջև կանգնած մարտահրավերների վերաբերյալ կարծիքներ փոխանակեցինք:


-Անհասկանալի բան է կատարվում երկրում, ամեն ինչ խառնվել է իրար, բայց Դեմիրճյանը կենտկոմի պլենում, անգամ բյուրո չի հրավիրում, իսկ ձեզնից ինչ վերցնես, ռոճիկով ապրող ինժեներ-գիտնականներ եք,- սա Գևորգյանի համոզմունքն էր:
ԽՍՀՄ-ն արդեն քայքայվում ու քանդվում էր: Ես գիտեի, որ մերձբալթյան հանրապետությունները դուրս են գալու Խորհրդային Միության կազմից, խնդիրը լուծված էր դեռևս 1984 թվականին, երբ որոշում էր ընդունվել էվակուացնել ու դեպի Արևելք տեղափոխել մինէլեկտրոնպրոմի ենթակայության տակ գտնվող կարևոր ռազմական գործարանները: Այդպես Ռիգայի «Ալֆա» ԳԱՄ-ի, Տալլինի Կեգելմանի անվան էլեկտրատեխնիկական գործարանի ու Շաուլյայի գործարանների կարևոր արտադրությունները տեղափոխվեցին Մինսկի «Ինտեգրալ» գիտաարտադրական միավորում: Ավելի վաղ, 1980 թվականից սկսած, Ռիգայի գործընկերներս մշտապես տրտնջում էին, թե իրենց գիտահետազոտական աշխատանքները Մոսկվան այլևս չի ֆինանսավորում, ցանկացած նախաձեռնություն անմիջապես արգելափակվում է, որ իրենց ձեռնարկությունները արհեստականորեն տանում են դեպի լուծարում: ¥Համադրելով ռազմական արդյունաբերության մեջ կատարվող խմորումներն ու կոնկրետ փաստերը, մենք կարող ենք հաստատել, որ ԽՍՀՄ փլուզման գործընթացը կամաց-կամաց սկսվել էր դեռևս Բրեժնևի տարիներին՝ Գորբաչովից շատ առաջ):

Արտաշատի մյուս տնօրենները, որ միայն աշխատավարձով չէին ապրում, շրջկոմում հաշվառված էին գործարանների, կոլխոզների, դպրոցների, հիվանդանոցների ու մանկապարտեզների «մուծվող» տնօրենների ցուցակներում, պարտավոր էին պարբերաբար ներկայանալ ու «մուծվել» անձամբ շրջկոմի քարտուղարին: Իրատեսական չէր, որ խորհրդային տարիներին կոմունիստական կուսակցական շրջանային կազմակերպությունները ցանկություն ունենային ավելորդ ժամանակ տրամադրելու և զբաղվելու աշխատավորական մասսաների, բանվորների, գյուղացիների ու մտավորականության գաղափարական դաստիարակության ու նմանատիպ, երկրորդային նշանակության, պետական պարապ գործերով: Պետք էր հասցնել գողանալ ու գողանալ, ժամանակը չէր ներում, հետո ուշ, շատ ուշ է լինելու: Մեր կոմունիստ ղեկավարները զբաղված էին միայն իրենց առօրյա մեքենայություններով, փողով կադրային հարցեր լուծելով ու ստվերային գումարների հոսքերը կարգավորելով: Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ ԽՍՀՄ-ում կոմունիստական գաղափարախոսությանը հավատում էին միայն խորհրդային շարքային քաղաքացիները, որ այսօր էլ շարունակում են հավատալ՝ ի ցույց դնելով իրենց անուղղելի լավատեսությունը: Կոմունիստական գաղափարախոսությանը չէին հավատում ու վստահում անձամբ իրենք՝ շրջանների, հանրապետությունների ու ԽՍՀՄ մեծ ու փոքր աթոռներին նստած կոմունիստ լիդերները: Այդ վստահությունը սպառված էր մինչև Գորբաչովի հանդես գալը, պետական նշանակության գործերը թողած, բոլորը զբաղված էին իրենց անձնական-նյութական խնդիրները լուծելու կարևոր գործով, որովհետև նրանք իրենց վստահելի «կանալներով» շատ լավ տեղեկացված էին, թե երկրում ինչ է կատարվում ու այդ ամենը ինչով է ավարտվելու: Նման պայմաններում բնական անհրաժեշտություն էր առաջացել ապահովագրելու իրենց անձնական կյանքը՝ ապագա փորձություններին դիմակայելու համար: Վերևից ներքև իջնող ստրատեգիական տեղեկատվությունը գալիս էր նույն այն կուսակցական-պետական կանալներով, որոնցով կոռուպցիոն գումարները բարձրանում էին ներքևից վերև: Մեր օրերում այդ զուտ մարդկային մտահոգությունը փոխանցվել է մեր իշխանավորներին ու չինովնիկությանը:

Նրանք լավ են պատկերացնում, որ իրենց կատարած թալանից հետո հետխորհրդային երկրների տնտեսությունները անխուսափելիորեն հայտնվելու են տնտեսական խոր ճգնաժամի մեջ, որի հաղթահարման ճանապարհները դեռևս հայտնի չեն, թաղված են խոր մշուշի մեջ, ժամանակի ընթացքում առաջ է գալու պատասխանատվությունից խուսափելու խնդիր, որոնց լուծումները մեր օրերում բազմազան են.


ա) թալանած միջոցները պետք է դուրս հանել երկրից ու ի պահ տալ արտասահմանյան բանկերին, օֆշորային կազմակերպություններին,
բ) սահմանադրությունը փոխել, փոփոխելով հասնել կատարած թալանչիական գործողությունների մեկնաբանության մի այնպիսի խճճված իրավիճակի, որից սատանան անգամ գլուխ չի հանի,
գ) կատարել իշխանափոխություն, թույլ տալ, որ հանցավոր ու երկրի հաշվին հարստացած նախարարները, առանց քրեական պատասխանատվության ենթարկվելու, հանգիստ հեռանան իրենց պաշտոններից ու երկրից՝ լրացուցիչ ստանալով իրենց ղեկավարների շնորհակալական ջերմ խոսքերն ու բարեմաղթանքները: Ինչի ականատեսը եղանք 14-րդ վարչապետին ունկնդրելուց հետո:


Ի դեպ, նոր վարչապետը նախորդների նման հանդես է գալու առանց կախարդական փայտիկի: Իսկ թե արդյունքում ի՞նչ կստացվի՝ հայտնի է վաղօրոք, համենայն դեպս, ինձ: Հայկական կոռուպցիոն համակարգը այսօր հնարավոր չէ փոխել՝ օգտվելով օլիգարխիայի աջակցությունից, դա մեր հայկական միջավայրի աքսիոմներից մեկն է: Ամեն դեպքում, ՀՀ 14-րդ վարչապետի ճտերը մենք հաջորդ աշնանը կհաշվենք, կապրենք՝ կտեսնենք:
Սեփական աշխատանքային գործունեության ընթացքում ինձ մշտապես հաջողվել է շրջանցել խորհրդային կոռուպցիոն համակարգը, գիտության ու տեխնիկայի բնագավառում համաշխարհային մակարդակի գործեր անել, որովհետև աշխատում էի ԽՍՀՄ ռազմարդյունաբերության համակարգում, որը խորհրդային երկրի ներսում շատ թե քիչ հաջողությամբ կատարում էր իր վրա դրված պարտականությունները: Դա մի առանձին աշխարհ էր՝ իր ծաղկող գիտությամբ ու արտադրություններով, դա պետություն էր պետության մեջ՝ ավտոնոմ ռեժիմով աշխատող իր պլանային տնտեսությամբ, որը չէր պատրաստվում հանձնվելու Գորբաչովի հրահանգով, դիմադրում էր, որքան կարող էր: Խորհրդային տարիներին ռազմարդյունաբերության պլանները կազմվում էին ոլորտի նախարարությունների, մասնագիտական խորհուրդների ու գլխավոր մասնագետների ներկայացմամբ ու հաստատվում էին ՌԱՀ-ի կողմից, նստավայրը՝ Կրեմլ:

ՌԱՀ-ի որոշումները ձևականորեն հաստատվում էին ԽՄԿԿ կենտկոմի ու ԽՍՀՄ նախարարների խորհրդի կողմից: Ոչ ոք, նույնիսկ Լեոնիդ Բրեժնևը, չէր կարող ուղղումներ մտցնել կամ բեկանել ՌԱՀ-ի ընդունած որոշումներն ու մշակած ծրագրերը: ՌԱՀ-ի ընդունած որոշումով 1966 թվականին ինձ հաջողվեց հաստատել Հայաստանում ճապոնական «Tabay» ավտոմատացված փորձարարական կենտրոն կազմակերպելու ծրագիրը՝ 40 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: Սա ես ասում եմ ի պատասխան Գորբաչովի այն քննադատների, որոնք փորձում են շահարկել հետևյալ ընդդիմախոսական թեզը. եթե ԽՍՀՄ-ում ամեն ինչ այդքան վատ էր, ինչպե՞ս էինք կարողանում ժամանակակից ռազմական տեխնիկա արտադրել ու աննախադեպ արդյունքներ ցույց տալ, օրինակ, տիեզերագնացության բնագավառում: Սակայն այստեղ էլ, ի վերջո, ամեն ինչ սասանվեց ու գլխիվայր շուռ եկավ: Հեյդար Ալիևի ու Միխայիլ Սուսլովի նման պետական ու կուսակցական գործիչների խորհուրդներով Բրեժնևն ամեն ինչ փչացրեց նաև ռազմարդյունաբերության ոլորտում, այն սկսեց տեղում դոփել՝ բավարարվելով և օգտվելով այն գիտատեխնիկական ու արտադրատեխնիկական հյութալի կռճոններից, որոնք ժամանակին ժառանգել էինք Ստալինից ու, որոշ չափով, նաև Խրուշչովից:

Ի միջի այլոց, այդ կռճոններից օգտվում են նաև ժամանակակից Ռուսաստանում ու Ամերիկայում: Իրենց արբանյակները արձակելու համար ամերիկացիները մինչ օրս գնում են ռուսական ռեակտիվ շարժիչները, որոնց նախագծերն ունեն հիսուն տարվա վաղեմություն, նախագծվել ու հաջողությամբ արտադրվել են ԽՍՀՄ-ում, իսկ ռուսական թևավոր հրթիռների մեջ դեռևս օգտագործվում են ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի կողմից ժամանակին նախագծված ու Գառնու գործարանում արտադրված աստղային կողմնորոշիչ սարքերը: Կրկին անդրադառնանք «Բ» խմբի գործարաններում ու ֆաբրիկաներում զարգացող ստվերային տնտեսության հիմնախնդիրներին՝ չմոռանալով հիշատակել, որ այդ ստվերային վարակը շատ արագ տեմպերով սկսեց տարածվել նաև ռազմարդյունաբերության «Ա» խմբի գործարաններում՝ քայքայելով ու ոչնչացնելով ԽՍՀՄ ամենակարևոր հենասյուներից մեկը, որից հետո խորհրդային երկրի կործանումը դարձավ անխուսափելի, ընդամենը ժամանակի հարց, որը բաժին հասավ Միխայիլ Գորբաչովին: Շրջանների կոմունիստ ղեկավարների պարտադրանքի տակ հավելյալ արտադրանք ստեղծելու միջոցով պետական գույքի հափշտակման տեխնոլոգիաները կիրառելուց առաջ, խորհրդային ձեռնարկությունների տնօրենները ստիպված էին իրենց մտադրությունները վաղօրոք քննարկել ու համաձայնեցնել իրավապահ մարմինների հետ՝ իրենց բոլոր քայլերի մասին տեղյակ պահելով նաև կուսակցության պատասխանատուներին՝ ծավալելով կազմակերպչական ու տեխնիկական բնույթի որոշակի ապահովագրական ընթացակարգեր: Պատմում է ԽՍՀՄ արդյունաբերության «Ա» խմբի ֆաբրիկաներից մեկի գլխավոր տնօրեն Դ. Մ.-ն:


-Մի օր ես, շրջանի դատախազն ու միլպետը նստեցինք ու միասին որոշեցինք, որ պետք է ճիշտ ձևով փող աշխատենք, պետության ունեցածի հետ գործ չենք ունենալու, պետական պլանները մշտապես կատարելու և գերակատարելու ենք, ինչ կարողացանք դրանցից դուրս ստեղծել՝ մերն է լինելու:
Շրջանների դատախազների հետ նախնական համաձայնությունների գալու արատավոր պրակտիկան գործում է նաև մեր օրերում: Վերջերս իմ ծանոթներից մեկը նշանակվեց Հայաստանի խոշոր գործարաններից մեկի տնօրեն: Ի՞նչ եք կարծում, որոնք էին նոր պաշտոնում նրա կատարած առաջին քայլերը: Գործերին ծանոթանալու նպատակով այցելել գործարա՞ն: Ոչ: Ծանոթանալ գործարանի արտադրանքի հե՞տ: Դարձյալ՝ ոչ: Հանդիպել գործարանի աշխատանքային կոլեկտիվի հե՞տ: Դարձյալ ու դարձյալ՝ ոչ: Նա, առաջին հերթին, փնտրեց ու գտավ շրջանի դատախազին, կապեր հաստատեց նրա հետ, ընտանիքով տուն հրավիրեց, պատիվ տվեց, ընտանիքներով մտերմացան, որովհետև դա է նորանկախ Հայաստանում բիզնես ծավալելու համար առաջին անհրաժեշտ ու ամենակարևոր պայմանը: Սկզբում պետք է թիկունքից ապահովագրել սեփական անձն ու բիզնեսը, որովհետև մեր գործարարները լավ են գիտակցում, որ աշխատելու են ատկատային ու ստվերային տնտեսությունների պայմաններում՝ բոլոր գործողությունները ներդաշնակելով քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածների հետ, դիտարկելով դրանց համատեքստում: Նման ձևով «գործ անող» տնօրենների շնորհիվ մենք արդեն հասցրել ենք շատ կարևոր գործարաններ կորցնել, որոնցից այսօր միայն քաղցր հուշեր են մնացել:

Դատախազներին գտնելու ու նրանց «տանիքի» տակ տեղավորվելու պրակտիկան շատ է տարածված հայ գործարարների շռջանում, որոնք աշխատում են Մոսկվայում և Ռուսաստանի մյուս քաղաքներում, փաստերը շատ են, հայերի ու մյուս նացմենների համար դրանք պարտադիր բնույթ են կրում: Եթե Ռուսաստանում գործող հայ գործարարին ժամանակին չի հաջողվել գտնել տեղի դատախազին կամ այլ կարևոր պետական պաշտոնյայի, ապա նրան անմիջապես «կգտնեն» տեղական ռեկետային ընկերությունները:


Պատմում է վաստակավոր շինարար Կարեն Գրիգորյանը, որը Ռուսաստանում մեկ տարի աշխատելուց հետո որոշեց վերադառնալ Երևան:
-Այնտեղ աշխատել հնարավոր չէ: Շինարարության մի լավ պայմանագիր էի կնքել, հաջորդ օրը ինձ մոտեցան սպորտային կեցվածքով երեք տղամարդ, հրավիրեցին սրճարան, նստեցինք, խոսեցինք, իմ առաջ հետևյալ պայմանը դրեցին, որ իրենց տարածքում կատարած բիզնեսի եկամտի 50 տոկոսն իրենցն է լինելու, դժվարությամբ համաձայնեցին 40 տոկոսի հետ, մեկ տարվա աշխատանքիս արդյունքը եղավ այն, որ հազիվհազ փակեցի նրանց հետ պայմանավորված գումարը, այլապես կսպանեին, փաստորեն, մեկ տարի աշխատեցի նրանց համար, այլևս չեմ գնա, տանը պարապ նստելն ավելի շահավետ է:
Այս պատմությունը կարող է ուսանելի լինել ԵԱՏՄ շրջանակներում բիզնես կազմակերպող գործարարների ու ԵԱՏՄ հեռանկարներով հրապուրված մեր չինովնիկների համար: Հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նորմալ բիզնես-միջավայր ձևավորելու համար անհրաժեշտ է պաշտպանել խաղի բոլոր կանոնները՝ անձնական անվտանգության խնդիրներից սկսած, ֆինանսական անվտանգության խնդիրներով վերջացրած: Կարո՞ղ է արդյոք մեր նոր վարչապետն այս խնդիրները լուծել իր համար բաց թողնված յոթ ամսվա ընթացքում, խիստ կասկածում եմ, բայց դա դեռ բավական չէ արդյունքի հասնելու համար: Խաղի հստակ կանոնները պահպանելուց հետո մենք պետք է մտածենք՝ ի՞նչ խաղ ենք խաղալու, ի՞նչ ու ինչպե՞ս ենք արտադրելու, ո՞ւր ենք արտահանելու և վաճառելու, ինչպե՞ս ենք միջազգային շուկայի մեր գնորդներին համոզելու, որ, ամենից առաջ, հայկական ապրանքներն է պետք գնել: Սրանք այն խնդիր-խաղերն են, որոնք պետք է խաղալ ազգովին, մեկ միասնական ճակատով, ինչը հնարավոր կլինի միայն Հայաստանում համակարգային փոփոխություններ կատարելու միջոցով՝ բացառելով օլիգարխիայի մասնակցությունը այդ գործընթացներին: Կստացվի՞, չգիտեմ, խիստ կասկածում եմ, ամեն դեպքում լինենք լավատես: Կապրենք՝ կտեսնենք:

(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ