Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ազատ է նա, ով ինքն է կառավարում իր ցանկություններն ու զգացմունքները

Ազատ է նա, ով ինքն է կառավարում իր ցանկություններն ու զգացմունքները
27.09.2016 | 12:03

Շատ կանայք և տղամարդիկ գայթակղությունը պարտադիր, անգամ արվեստ են համարում. սա է աշխարհի հաղորդակցության լեզուն:
Չի կարելի գայթակղել կամ տրվել գայթակղության: Այսօր գայթակղությունը այնքան սովորական է, որ պարկեշտության կողքին է դասվում, ներեցեք. պարկեշտությունը հետամնացություն է, կարծրատիպ: Ոմանք բացահայտ են գայթակղում, ոմանք՝ քողարկված, ոմանք՝ չգիտակցելով անգամ, բայց Աստված քննում է երիկամներն ու սիրտը:


Ինքն իրեն կամ ուրիշներին դուր գալու ձգտումը գայթակղության նախադուռն է: Գայթակղում են և՛ անվստահները, և՛ ինքնավստահները, և՛ բարդույթավորվածները, և անբարդույթները, և՛ անդաստիարակները, և սխալ դաստիարակվածները (երբ ճիշտ դաստիարակությունը, դաստիարակից կախված, չի ուղղորդում դեպի անհրաժեշտ և ճիշտ նպատակ, կամ ճիշտ դաստիարակությունը, ենթակայից կախված, նպատակային չի ստացվում): Ազատություն հասկացության սխալ ըմբռնումը ևս գայթակղությունն արդարացնող հիմնավորումներ է ծնում: Եթե մարդը կամենում է զերծ մնալ գայթակղությունից, պետք է ընտրի՝ իր կյանքը կազմակերպում է Աստծո՞, թե՞ աշխարհի օրենքով: Անբարո վարքը մասսայական ոչնչացման զենք է, որովհետև Սուրբ է Աստված և սրբերի մեջ է բնակվում, իսկ Աստված նաև կյանք է ու կենսատու: «Կինը պետք է լինի ցանկալի»,- լսում ենք շատ հաճախ: Հիսուս ասում է. «Եթե տղամարդը նայի կնոջը և ցանկանա նրան, արդեն շնացավ նրա հետ իր մտքում»: Իսկ ո՞ւմ հետ է մտքում շնանում տղամարդը. այն կնոջ, ում մտքում միայն տղամարդկանց դուր գալու ձգտումն է: Կանա՛յք, եղեք հմայիչ և ցանկալի, բայց, եթե կարելի է, առանց ուրիշների ոտքերի տակ գեհենի կրակ վառելու: Իսկ աղջիկներն ընդհանրապես պետք է լինեն ծայրահեղ համեստ ու ողջախոհ: Չարը պղտորում է մարդկանց միտքն ու հոգին՝ նրանց մոլագարների ուշադրության կենտրոնում պահելով: Գայթակղիչ բույրեր՝ այս անվան տակ այսօր արտադրում են կենսաբանորեն ակտիվ, ենթագիտակցության վրա ուղղակիորեն ազդող նյութեր, որոնք գրգռում են բնազդներն ու ճնշում գիտակցությունը: Գայթակղությունը, իհարկե, չի սահմանափակվում կին-տղամարդ հարաբերություններով, որոնք բազմակողմանիորեն քննարկվում են Սուրբ գրքում, բայց գայթակղության հիմքում միշտ անբարո միտքն ու անառողջ խիղճն է: Անբարոյականությունը միշտ չէ, որ գայթակղիչ է, բայց գայթակղությունը միշտ անբարոյականություն է: Այսօր հագնվելն ու մերկանալը հասարակական վայրերում մեկ բառով է արտահայտվում՝ դրեսկոդ: Այսօր սովորական ընդունվող կիսամերկությունը ժամանակին նույնիսկ պոռնիկներին չէր բնորոշ (Ծննդ. 38;15-17): Օրինավոր տղամարդը լրացուցիչ գայթակղվելու կարիք չունի, ոչ էլ օրինավոր օրիորդը՝ գայթակղեցնելու:
«Եվ մենք առավել պարկեշտությամբ պետք է ծածկենք մեր ամոթույքները»:

Ի՞նչ նոր բան կարող է ի ցույց հանել կիսամերկ կինը, կարծում եմ՝ ոչ մի. բոլոր մարդիկ էլ ունեն անատոմիական նույն կառուցվածքը, բոլոր կանայք էլ ազդրեր ու լանջ ունեն, բայց ինչու են ոմանք դրանք ցուցադրելը հոգու պարտք և բարոյական սխրանք համարում, անհասկանալի է մնում, և խնդիրը բոլորովին էլ բարեկազմության ու գեղեցկության գաղափարի արտահայտությունը չէ: Այս ամենը, ամենայն հավանականությամբ, հետևանք է այն բանի, որ մարդիկ չեն կենտրոնանում հոգևորի, ներքին մարդու, հավիտենական և իրական արժեքների վրա, այս ամենը հոգևոր սնանկության արգասիք է: Եվ հնարավոր չէ, որ ուղիղ կապ չլինի կարճ շրջազգեստի և հոգևոր սնանկության կամ տհասության միջև, և անհնար է, որ հատուկ գայթակղելու՝ դուր գալու նպատակով «հագնված» մարդը լավ մարդ լինի: Փոքր տարիքը կամ ջահելությունը, նորաձևությունն ու հարմարավետությունը, շոգն ու տապը երբեք չեն կարող կիսամերկության արդարացում լինել: Փողոցում քայլող մարդիկ, հիմնականում կանայք և աղջիկները, գիշերազգեստով տնից դուրս եկած լուսնոտի կամ լողափին արևայրուք ստացողի տպավորություն են թողնում, այդպիսի տեսքով նրանք եկեղեցի էլ են մտնում:

«Հանուստ-արձակուստին»՝ իր արվեստ, նորաձևություն, սպորտ, լողափ, տապ արդարացումներով հանդերձ, միանում են գայթակղության մյուս բաղադրիչները՝ պարը, շպարը, օծանելիքը, և այս ամենը որպես սովորական մի բան, մատուցվում է մեզ աշխարհի պատուհաններից, գովազդի կարթով: «Ես եկա, որպեսզի դուք կյանք ունենաք և լիուլի ունենաք»: Լիուլի կյանքը սկսվում է արդեն այս աշխարհում, իսկ մեկնարկը տրվում է մկրտության խորհրդով, երբ հներն անցնում, և ամեն բան նոր է դառնում: Երբ մարդը մկրտվում և արդարանում է, սրբվում մեղքերից, ազատվում դևերից և ծառայության անցնում Աստծո մոտ, դառնում Երկնավոր Հոր ժառանգ և Սուրբ Հոգու տաճար, նրա համար բացահայտվում է իրերի բուն բնությունը, նա կյանքը սկսում է դիտարկել ոչ թե իր մարմնի չափման մեջ, այլ Տիրոջ Մարմնին մեխերի թողած լուսանցքերով: Նա այլևս մարմնում բանտված, կրքերից գերեվարված չէ և կյանքի իմաստը չի տեսնում իր հագագն ու որկորը լցնելու և կրքերին ու բնազդներին հագուրդ տալու մեջ: Նա ձեռք է բերում և սկսում է վայելել մի ազատություն, որը բոլորին է առաջարկվում, բայց շատերը հրաժարվում են՝ այդպես էլ չընկալելով դրա իմաստը՝ որպես լիարժեք կյանքի երաշխիք:

Ազատ է նա, ով ինքն է կառավարում իր ցանկություններն ու զգացմունքները, իսկ այսօրվա մարդը ճիշտ հակառակ կերպ է ընկալում ազատությունը: Ամեն բան ծնունդ է առնում սխալ դաստիարակությունից, աշխարհ եկող մարդուն մատուցվող սխալ պատկերացումներից, սեփական հոգու փրկության հանդեպ անտարբերությունից, քանզի «գայթակղություններ պետք է գան, բայց վայ նրան, ում ձեռքով կգան»: «Նորաձևություն» կոչվող վարակը արհեստածին է, անաստվածության փորձասենյակում սինթեզված, ինչը պարզ երևում է իրենց կարճ փեշերը ներքև ձգող ամոթխած աղջիկների հուսահատ ջանքերում:


Աստված Ինքը իրենց մերկությունը բացահայտած մարդկանց դրախտից մերկ չվտարեց, եկեք մեր՝ աշխարհի կողմից ծվատված խղճի և բզկտված բարոյականության վերջին պատառիկներով ծածկենք մեր հոգևոր սնանկությունն ու մերկությունը:

Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 2215

Մեկնաբանություններ