«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Տատյանա Դանիելյանցի աղմուկն ու լռությունը

Տատյանա Դանիելյանցի աղմուկն ու լռությունը
27.09.2016 | 12:12

Սեպտեմբերի 16-ին բանաստեղծական ուշագրավ երեկո էր Երևանի ռուսական մշակույթի և գիտության կենտրոնում։ Մոսկվաբնակ, ռուս իրականությունում բավականին ճանաչված բանաստեղծ և կինոռեժիսոր ՏԱՏՅԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆՑԻ «Կարմիր աղմուկ» ժողովածուի հայերեն թարգմանության շնորհանդեսն էր։ Գիրքը թարգմանել է, «Նարցիս» հանդեսի պատասխանատու խմբագիր, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը։

Սակայն նրա հետ զրուցեցինք վերջերս Մոսկվայում կայացած թարգմանիչների 4-րդ միջազգային կոնգրեսի մասին։

-Դուք մասնակցեցիք թարգմանչական կոնգրեսին։ Ներկայացրեք այն մեր ընթերցողներին։
-Սիրով։ Կոնգրեսը պետական հովանավորությամբ կազմակերպվող և արդեն ավանդական գրական միջոցառում է, որի կազմակերպիչը Թարգմանության ինստիտուտն է։ Կոնգրեսին մասնակցում են ռուս գրականությունն այլ լեզուներով թարգմանող թարգմանիչներ, աշխարհի երկրներից այս տարի՝ սեպտեմբերի առաջին տասնօրյակում, Մոսկվայում հավաքվել էին ավելի քան 50 երկրներից ժամանած գրական գործիչներ։ Ես անհատապես էի հրավիրված, քանի որ 2015-ին թարգմանել էի Եվգենի Վոդոլազկինի «Լավը» վեպը և Իոսիֆ Բրոդսկու պոեզիան։ Ի դեպ, Վոդոլազկինի նշյալ վեպը թարգմանվել է աշխարհի 26 լեզուներով։ Եվգենի Վոդոլազկինը խոստովանեց, որ հպարտ է Հրանտ Մաթևոսյանի լեզվով ներկայանալու հայ ընթերցողին։ ՈՒրախալի էր տեսնել, որ ռուս ճանաչված գրողների համար հայերենով ներկայանալը պատվի գործ է։ Ինչ խոսք, նման թարգմանչական կոնգրեսներով ռուսները հրաշալի հանրահռչակում են իրենց արդի գրականությունը։

Երեկոյի ընթացքում Տատյանա Դանիելյանցն իր ստեղծագործությունները կարդում էր բնագրով, թարգմանիչը՝ հայերեն։ Տատյանան բարձր գնահատեց Շանթ Մկրտչյանի թարգմանությունը, ասաց, որ նրան հաջողվել է պահպանել բանաստեղծությունների պոետիկան, ռիթմը և խորքը։


Այժմ ընթերցողին ներկայացնեմ հակիրճ զրույցս նրա հետ։
-Տատյանա, Դուք սլավոնուհի եք և հայ։ Այս երկվությունը, չակերտված ասած, երջանկությո՞ւն է, թե՞ տառապանք։
-Ո՛չ այս, ո՛չ էլ այն, դա իրերի բնական վիճակ է։
-Ձեր խոսքում մի զարմանալի միտք հնչեց. ասացիք, որ Ռուսաստանում Ձեզ որպես փոքրամասնություն եք զգում։ Ներեցեք, դա կապված է Ձեր հայկական արմատների՞ հետ։
-Բնավ։ Փոքրամասնության զգացողությունս ազգային պատկանելություն չունի, դա մտածող, մշակութամերձ մարդկանց սաստկացող սակավության զգացողությունն է, որը, մասնավորապես, զգացվում է իմ հայրենի Մոսկվայում։
-Դուք ամենուր հպարտանում եք Ձեր ազգանվամբ։ Որտեղի՞ց են սերում Դանիելյանցները։
-Հորական պապս էր հայ, նա, մի կողմից, արցախցի էր, մյուս կողմից՝ թբիլիսահայ։ Վերջերս Թբիլիսիում ներկայացա իմ լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսով։ Ցավալի էր տեսնել, որ Թբիլիսիի հայերն այսօր դժբախտ են։
-Ինչո՞ւ։
-Նրանք կորցրել են իրենց քաղաքը։ Թբիլիսին հիմնականում հայերն են կառուցել։ Եվ այդ քաղաքը չկա։
-Հայ գրականության Ձեր ճանաչումը։
-Հայաստանում շատ եմ լինում, բայց ժամանակս չի ներում խորապես ծանոթանալու հայ գրականությանը։ Այնուամենայնիվ, ծանոթ եմ ժամանակակից հայ գրողների գործերին և միջնադարյան մեծերին, Սայաթ-Նովային և Նարեկացուն։
Ներկայացնենք Տատյանա Դանիելյանցի «Կարմիր աղմուկ» ժողովածուից մի քառյակ.

Եվ՝ բոցավառվեցին ձորակները։
Եվ՝ տագնապեցին թփուտները։
Իսկ ես հակվել եմ
Ամենակարմիր հատապտղին...
Եվ ասում եմ՝
Ես սիրում եմ քեզ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ