Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ոգևորող հաղթանակներ, վշտացնող պարտություններ

Ոգևորող հաղթանակներ, վշտացնող պարտություններ
27.09.2016 | 12:17

Մադրիդի «Ռեալը» երկրորդ խաղն անընդմեջ ոչ-ոքի է խաղում, սեփական հարկի տակ «Աթլետիկոյի» հետ խաղացած ոչ-ոքիից ունեցած չարացածությունը «Բարսելոնը» թափում է «Սպորտինգի» գլխին, ձևացնո՞ւմ էր, թե՞ ոչ, Մոուրինյոն դեմքի մեռելային արտահայտությամբ է ընդունում թիմի հաղթանակը, մանչեստրյան մյուս ակումբը՝ «Սիթին», Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ, շարունակում է հավատարիմ մնալ մեկնարկային հաղթական ոգուն, «Չելսին» ցավոտ պարտություն է կրում «Արսենալից», ինչը «Լիվերպուլից» կրած նույնքան ցավոտ պարտությունից հետո, բնականաբար, չի կարող քաղել Անտոնիո Կոնտեի դեմքի մռայլը, մրցակիցների նկատմամբ առավելության են հասնում «Բավարիան» ու «Յուվենտուսը», երկուսն էլ՝ արտագնայում, երկուսն էլ՝ նվազագույն հաշվով: Սակայն, հասկանալի է, այս համառոտ անոնսը ֆուտբոլային եվրոպական գերտերությունների առաջնությունների մասին հպանցիկ պատկերացում է միայն տալիս:

ԻՍՊԱՆԻԱ
Կանարյան կղզիներում «արքայականի» վոյաժը չափազանց նյարդային ստացվեց, ու արդյունքում, ինչպես «Վիլյառեալի» հետ խաղում, կրկին միավորների կորուստ՝ 2:2: Ի դեպ՝ հանդիպման վերջին գոլի հեղինակը «Բարսելոնի» սան Սերխիո Արաուխոն էր, ով ոչ միայն «Լաս Պալմասին» օգնեց խուսափելու պարտությունից, այլև հեռակա կարգով ծառայություն մատուցեց իրեն դաստիարակած թիմին՝ «Ռեալից» կատալոնցիների հետ մնալը հասցնելով նվազագույնի: Սա հնարավոր դարձավ նաև շնորհիվ այն բանի, որ «Բարսելոնը» վնասվածք ստացած Մեսիի բացակայության պայմաններում հինգ անպատասխան գնդակ հեղինակեց «Սպորտինգի» հետ արտագնա խաղում՝ վաստակելով երեք միավոր:
Չափը ճանաչելու, դիմացինի նկատմամբ հարգալից լինելու պարտադիր անհրաժեշտության դասեր անցկացրեց «Սևիլիայի» հետ Բիլբաոյի «Աթլետիկը»՝ ոչ միայն դուրս մղելով առաջատար եռյակից, այլև հարկադրելով իրենից ներքև կայանվել: Սակայն այս հաղթանակով «Աթլետիկը» չկարողացավ տեղ գտնել առաջին եռյակում, որովհետև հաղթանակ տոնեց և «Աթլետիկոն» (1:0 հաշվով առավելության է հասել Դեպորտիվոյի» նկատմամբ) ու թեև նույնպես ունի տասներկու միավոր, այդուհանդերձ չորրորդ հորիզոնականում է լրացուցիչ գործակիցների պատճառով:
«Ռեալն» ունի 14, «Բարսելոնը»՝ 13 միավոր:

ԱՆԳԼԻԱ
Գավաթային խաղից հետո երկրի գործող չեմպիոնը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց՝ չորս գնդակ բաց թողնելով: Այս անգամ «Լեստերին» նեղացնողը «Մանչեստր Յունայթեդն» էր (4:1), որը նախորդ մրցակցություններում նույնպես պարտությունների մի ողջ շարք էր ունեցել: Պատահական չէ, որ, ժողովրդի ասածի պես, ինչպես ողջ հանդիպման ընթացքում, այնպես էլ խաղի հաղթական ավարտից հետո Ժոզե Մոուրինյոյի «նիաթն» այդպես էլ չբացվեց: Չեմպիոնական ամբիցիաներով այս մեծ ակումբ եկած պորտուգալացի մասնագետը հրաշալի հասկանում է, որ մեկնարկում չափից ավելի միավորներ է շռայլել: Փոխարենն իր անպարտ հանդիպումների շարքը շարունակում է Գվարդիոլայի «Մանչեստր Սիթին», որը հանգամանքների բերումով կրկին մրցեց «Սուոնսիի» հետ: Հետաքրքիր է, որ գավաթային հանդիպման 2:1 հաշիվը կրկնվեց և առաջնության շրջանակում ծավալված մրցակցությունում: Այս անգամ՝ արտագնայում:
«Մանչեստր Յունայթեդի» օրինակով հանդիպման արդեն իսկ առաջին կեսում մրցակցության ելքը հօգուտ իրեն վճռեց «Արսենալը»՝ երեք անպատասխան գնդակի տարբերությամբ առավելության հասնելով «Չելսիի» նկատմամբ:
Արտագնայում հաղթական մրցելույթ ունեցավ «Տոտենհեմը»՝ 2։1 հաշվով կոտրելով «Միդլսբրոյի» դիմադրությունը:
Վեց տուրից հետո «Մանչեստր Սիթին» ունի 18, «Տոտենհեմը»՝ 14, «Արսենալը»՝ 13 միավոր: Վերջինիս պես նույնքան միավորներ ունեն նաև «Հալ Սիթիին» 5:1 հաշվով հաղթած «Լիվերպուլն» ու «Բոռնմուտին» նվազագույն հաշվով զիջած «Էվերտոնը»:

ԳԵՐՄԱՆԻԱ
Եվրոպական ֆուտբոլային գերտերություններում «Մանչեստր Սիթիի» անպարտ ելույթներին համարժեքորեն արձագանքած միակ թիմը, փաստորեն, մնում է Մյունխենի «Բավարիան»: Ճիշտ է՝ այս թիմի չափանիշներով վերջին հաղթանակն այնքան էլ տպավորիչ չստացվեց, սակայն բանն այն է, որ անգամ նվազագույն հաշվով ձեռք բերած հաղթանակը նույն երեք միավորն է բերում: Ավելացնենք, որ այդ երեք միավորը ձեռք է բերվել չափազանց անհաջող մեկնարկած «Համբուրգի» հետ պայքարում:
Շարունակում է բունդեսլիգայում գոլառատ խաղով հիացնել մեր Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան»: Ճիշտ է, վերջին երեք խաղերում (ներառյալ եվրոպականը) խփած տասնյոթ գոլի դիմաց «Ֆրայբուրգի» հետ մրցակցությունում դարպասի երեքանգամյա գրավումը փոքր-ինչ համեստ է ներկայանում (հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով), բայց ուր էր թե նման համեստություն լիներ մեր առաջնությունում, էլ չեմ խոսում ֆուտբոլիստների կատարողական վարպետության մասին: Իհարկե, ֆուտբոլասերն իսկույն կարձագանքի՝ «համեմատելու բան գտավ» ախուվախով, բայց թե երազելը մեզանում դեռևս սահմանադրորեն արգելված չէ: Երրորդ հորիզոնականում «Լայպցիգի» հետ ոչ-ոքի (1:1) խաղացած «Քյոլնն» է տասնմեկ միավորով: Նրա փոխարեն առաջատար եռյակում կարող էին լինել կամ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», կամ էլ «Հերտան», եթե այդպես անխնա ու հավասար չափով միմյանց չթրատեին՝ 3:3:

ԻՏԱԼԻԱ
«Պալերմոյի» հետ արտագնա մրցակցությունում ծանր հաղթանակի հասավ երկրի գործող չեմպիոն «Յուվենտուսը»: Հաղթանակը նվազագույն հաշվով է, այն էլ ի հաշիվ մրցակցի ինքնագոլի: Նկատենք, որ սա «ծեր սինյորայից» սիցիլիացիների «չոր» հաշվով կրած իններորդ անընդմեջ պարտությունն էր: Ահա այսպիսի տխուր վիճակագրություն:
«Յուվենտուսից» մեկ միավորով է հետ մնում «Նապոլին» (2:0 հաշվով պարտության է մատնել «Կիևոյին»): Նրա անվան դիմաց տասնչորս միավոր է:
«Կիևոյի» անհաջողությունից առավելագույնս կարող էին օգտվել «Ռոման» ու «Ինտերը»: Սակայն իտալական «գայլերն» արտագնայում զիջեցին «Թուրինին» (1։3), իսկ երկրորդի արած առավելագույնն այն էր, որ սեփական հարկի տակ կարողացավ խուսափել «Բոլոնիայից» կրելիք պարտությունից՝ 1:1: Եվ այդուհանդերձ այդ ոչ-ոքին միլանցիներին օգնեց տասնմեկ միավորով բարձրանալու երրորդ հորիզոնական:

ՖՐԱՆՍԻԱ
Երկրի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնի համար ընթացիկ առաջնությունը բավական ծանր է սկսվել: Համենայն դեպս տարօրինակ է «Պարի Սեն Ժերմենի» անվան դիմաց յոթ տուրից հետո տասներեք միավոր տեսնելը: Այս անգամ նրա հետ հաշվի չնստողը «Թուլուզն» էր (2:0), թիմ, որն անցած մրցաշրջանում պարզապես հրաշքով մնաց դիվիզիոնում: ՊՍԺ-ի առնչությամբ, իհարկե, կարելի է հասկանալ, որ թիմում մարզչի փոփոխություն է եղել, որը եկել է խաղային իր փիլիսոփայությամբ, ու նրան ժամանակ է պետք այն ներդնելու համար, սակայն, մեր համեստ կարծիքով, փարիզյան ակումբի ամենախոշոր կորուստը Զլատան Իբրահիմովիչի պես ֆուտբոլիստից բաժանվելն էր ու հիմա դրա ծանր պտուղներն են քաղում Փարիզում: Ինչևէ: Շատ թերահավատությամբ չլցվենք ու համարենք, որ եղածը ժամանակավոր անհաջողություն է, իսկ ժամանակավոր անհաջողությունները, ինչպես գիտեք, ժամանակավոր հաջողություններից լավ են: Ընթերցողի մեջ չափից ավելի խելոքի տպավորություն չթողնելու համար ասենք, որ սույն միտքը մերը չէ, հեղինակային իրավունքը Մաո Ցզե Դունինն է, որի հետ համեմատվելու փորձն իսկ զարհուրելի է բազում բաների պատճառով:
Մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական վերադառնալու հաջող փորձ կատարեց «Մոնակոն», ու դրան մեծապես օգնեց «Անժը»՝ տանտերերին զիջելով 1։2 հաշվով, սակայն պարզվեց, որ դա մոնեգասկների համար մի օրվա թագավոր լինել եղավ: Հաջորդ օրը «Նանսի» հետ արտագնա մրցակցությունում «Նիցցան» նվազագույն հաշվով առավելության հասավ ու տասնյոթ միավորով միանձնյա գլխավորեց դիվիզիոնը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ