Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մենեջմենտի դաս Աղավնաձորում, ու՝ ի՞նչ

Մենեջմենտի դաս Աղավնաձորում, ու՝ ի՞նչ
28.09.2016 | 18:38

Գյուղատնտեսության բախտը խայտառակ բերել է նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանի առումով՝ մարդն ամեն ինչ գիտի ու հիանալի տիրապետում է մենեջմետին, միջազգային փորձն էլ նրան օգնում է ամեն քայլափոխին: Առաջին քայլը նա արեց այսօր՝ գնաց Աղավնաձոր ու հանդիպեց մթերված խաղողի գումարը պահանջող գյուղացիներին։

Աղավնաձորցիները «Վեդի Ալկո» ընկերությունից 140 միլիոն դրամ պարտքն են ուզում: Ու՝ չեն ստանում: Նրանք արդեն հասցրել են փակել Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը, երեխաներին մանկապարտեզ ու դպրոց չեն տանում, որոշել են հոկտեմբերի 2-ին համայնքի ղեկավարի ընտրություններին չմասնակցել։ Ի՞նչ էին նրանք ուզում նախորդ վարչապետից ու նախորդ նախարարից՝ իրենց պարտքը: Ապրանքը տվել են, փողը չեն ստացել: Ի՞նչ կապ ունի պետությունը: Գործարք է՝ ընկերության ու գյուղացիների միջև: Թող դատարան դիմեն: Հովիկ Աբրահամյանը խոստացավ հարցը լուծել ու գնաց՝ առանց լուծելու: Սերգո Կարապետյանը՝ նույնը: Կարեն Կարապետյանը դեռ ոչինչ չի խոստացել, իսկ Իգնատի Առաքելյանը գնացել է ու աղավնաձորցիներին ասել, որ ոչ թե ճանապարհը փակեն, այլ ելք փնտրեն։ Փաստորեն գնացել է ու ասել՝ ինձ վրա հույս մի դրեք, իսկ աղավնաձորցիները ելքը գիտեն ու պինդ պահել են, որ ոչ ոք տեղը չիմանա: «Վերամշակողը պետք է կարողանա մրցակցային գնով դուրս գա շուկա, դրա համար իրեն պետք է գյուղմթերքն էժան լինի, գյուղմթերքն էժան լինելու համար դուք պետք է մեծ աշխատանք կատարեք, ձև գտնեք այնպիսի գյուղմթերք աճեցնելու, որ ինքնարժեքը ցածր լինի։ Միջազգային փորձագետները ձեզ խորհուրդներ կտան»,- ասել է նախարարը:

Առաջին հայացքից, բացարձակ ճշմարտություն է, բայց այդ ճշմարտությունը կարող էր ասել Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարը ֆրանսիացի խաղողագործին, եթե նա փակեր, ասենք, Էլզաս տանող միջպետական ճանապարհը ու պահանջեր իր պարտքը: Եթե, իհարկե, ֆրանսիացի խաղողագործն ու խաղող գնող ընկերությունը նման խնդիր ունենային: Նրանք չունեն, որովհետև պետությունը ստեղծել է այն պայմանները, երբ խաղողն աճեցնելուց մինչև գինու վաճառք խնդիրներ չեն ծագում: Պետությունը նրանց փոխարեն նրանց գործը չի անում, պարզապես պայմաններ է ստեղծել նորմալ աշխատանքի ու նորմալ կյանքի: Իսկ նորանշանակ նախարարը դա պահանջում է գյուղացուց. «Ճանապարհ մի փակեք, դուք դրանով հարց չեք լուծելու։ Ես ոչ մեկին չեմ խնդրելու՝ ոչ գործարաններին եմ խնդրելու, որ մթերեն, ոչ էլ խնդրելու եմ որևիցե մեկին, որ ինչ-որ բան անի, դա բիզնես է, գործարանը կգա, կասի ես պատրաստ եմ գնել էս գնով, դուք պետք է գաք համաձայնության, ընտրություն անեք՝ խաղողը թողնեք այգում, որ փչանա՞, թե՞ ինչ-որ ելք գտնել այս վիճակում։ Այսօր պետությունում չկա այդ փողը, որ տանք ու թանկ մթերք առնենք»։


Ահա այսպիսի ՛՛բիզնես՛՛՝ իսկ որ գյուղացին ինքնարժեքից էժան խաղող վաճառի, պետությունը նրանից չի՞ գանձի հարկերն ու տուրքերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ու ի՞նչ են անելու հիմա աղավնաձորցիները: Գալու են Հանրապետությա՞ն հրապարակ: Թե՞ գնալու են Բաղրամյան 26: Արտագաղթը կանխելու ճի՞շտ ճանապարհն է այս «բիզնեսը», թե՞ ուրիշ ճանապարհներ էլ կան: Ո՞ւր մնաց ճկուն կառավարումը, մենեջմենտը, վերջապես՝ միջազգային խորհրդատուները, գուցե գյուղացիներին նրանց մոտ ուղարկելուց առաջ իրե՞նք գնան:

Դիտվել է՝ 1462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ