Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Յուրաքանչյուրի մասին կարծիք պետք է կազմի հանրությունը»

«Յուրաքանչյուրի մասին կարծիք պետք է կազմի հանրությունը»
30.09.2016 | 00:16

Առաջիկայում նոր կառավարությունը ԱԺ կներկայացնի իր ծրագիրը, իսկ 2017-ի ԱԺ ընտրություններից հետո ապրիլին կրկին կառավարություն պետք է ձևավորվի՝ իր ծրագրով։ Այս մի քանի ամիսների ընթացքում կհասցնի՞ այս կառավարությունը շեշտակի փոփոխություններ իրականացնել, որոնք զգալի լինեն ժողովրդի համար։ Եվ եթե վեց ամիս անց նորից կառավարություն պետք է ձևավորենք, ո՞րն է այս կառավարության առաքելությունը՝ հարցրինք «Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ։


-Կառավարությունը ձևավորում է քաղաքական մեծամասնության վերնախավը, հետևաբար, չեմ կարծում, թե որևէ բան կփոխվի՝ կառավարման արդյունավետության առումով,- ասաց պատգամավորը:- Չեմ կարծում, թե որևէ բան դեպի դրականը կարող է փոխվել, առավել ևս, ինչպես Դուք նկատեցիք, այս կարճ ժամանակահատվածում։ Կարծում եմ՝ նոր վարչապետի հայրենիք վերադարձը պայմանավորված է ընդամենը տեղապահությամբ։
-Նոր ընտրական օրենսգրքի համաձայն, եթե չեմ սխալվում, վարչապետի թեկնածուն պետք է վերջին չորս տարում բնակված լինի Հայաստանում կամ տարվա մեջ առնվազն 160 օրից ավելի անցկացրած լինի այստեղ։ Գուցե վարչապետ Կարեն Կարապետյանը վերջին այդ դրույթը պահպանել է և 2017-ի նախընտրական ցուցակն ի՞նքը գլխավորի։ Այդ դեպքում Ձեր ասած տեղապահման հարցը վերանում է։
-Մեծ հարգանք տածելով Կարեն Կարապետյանի նկատմամբ, այնուհանդերձ, պետք է անկեղծ ասեմ, որ նրա կենսագրականը և գործունեությունը այս տարիների ընթացքում իմ հետաքրքրություններից դուրս են եղել։ Այս պահին ինձ համար կարևոր է, թե ինչ պատկերացումներ, տեղեկություններ ունի նա Հայաստանի տնտեսության, առհասարակ գործադիրի կառավարման առնչությամբ։ Եվ ամենագլխավորը՝ ինչ է մեզ ներկայացնելու նորանշանակ վարչապետը։ Ցավոք, նրա պաշտոնավարման առաջին այցի ժամանակ ԱԺ, նիստում իմ բարձրացրած հարցը ¥որքան է ՀՆԱ-ի մեջ, դրամային արժեքով, օգտակար հանածոների տեսակարար կշիռը¤ լավ չընդունվեց։ Վարչապետն ագրեսիվ տոնով նկատեց. «Գիտեք, դեռ մեկուկես օր եմ աշխատում, կգա ժամանակը, կտիրապետեմ...»։ Այս պատասխանն ինձ համար զարմանալի է, քանի որ վարչապետ նշանակվելուց առաջ, կարծում եմ, Կարեն Կարապետյանն արդեն տեղյակ էր այդ մասին և պետք է որ տեղեկացված լիներ նման հարցերին։ Ինչևէ, այս պահին ես տեսնում եմ, որ նախարարությունների անվանափոխության գործընթաց է սկսված։ Չգիտեմ, եզրակացություններս հիմնված են բացառապես գործողությունների վրա, և խոսքս վերաբերում է կոնկրետ փաստերին։
-Պարոն ՈՒրիխանյան, մեկ հարց էլ զուտ քաղաքական դաշտից։ Վերջերս տեղեկություն եղավ, որ Թևան Պողոսյանն իր տանը փորձել է հաշտեցնել Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուխյանին, որոնք մեկը մյուսին մեղադրել է Բաղրամյան 26-ի հետ սերտ համագործակցության մեջ։ Ըստ Ձեզ, այդ մեղադրանքներն իրատեսակա՞ն են։
-Ես երբեք չեմ թիրախավորում և քննադատում ընդդիմադիր իմ ընկերներին։ Համագործակցել, հարաբերվել, առավել ևս բանակցել իրավունք ունի յուրաքանչյուր ոք յուրաքանչյուրի հետ, այդ թվում՝ քաղաքական դաշտի տարբեր բևեռների։ Այլ հարց է՝ այդ գործակցությունը մրցակցայի՞ն է, թե՞ ծառայություններ մատուցելու ֆորմատով է իրականացվում, առավել ևս, անազնիվ և շահադիտական նպատակներով։ Այնպես որ, յուրաքանչյուրի մասին կարծիք պետք է կազմի հանրությունը։ Ցավոք, լրատվական դաշտի զգալի հատվածն իրադրությունը ներկայացնում է կամայականորեն, և հանրությունն էլ դժվար է կողմնորոշվում ու ճիշտ կարծիք կազմում։
-Իսկ Դուք համագործակցո՞ւմ եք Բաղրամյան 26-ի հետ, եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով։
-Այդ հարցը կարելի է ուղղել նրանց, ովքեր, սահմանադրական ավանտյուրան վավերացնելիս, ակտիվորեն մասնակցում էին տեսալուսանկարային գործընթացին։ Եթե հիշում եք, ես այդ անձանցից չեմ՝ դրանից բխող հետևանքներով։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ