Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կարեն Կարապետյանին հաջողվեց անել այն, ինչը չէր հաջողվում նախկին վարչապետին

Կարեն Կարապետյանին հաջողվեց անել այն, ինչը չէր հաջողվում նախկին վարչապետին
30.09.2016 | 00:23

Նոր կառավարության ձևավորման շուրջ հասարակական և քաղաքական տրամադրությունները, ինչպես մեզանում սովորաբար լինում է, բավականին մեծ ամպլիտուդ ունեն՝ սկսած ծայրահեղ հոռետեսությունից, վերջացրած նույնքան ծայրահեղ լավատեսությամբ: Բայց եթե նախընտրական տարում որպես ընդդիմադիր քաղաքական դաշտում դիրքավորվող ուժերի ցուցադրական հոռետեսությունն ամբողջովին բխում է «քաղաքական ժանրի» օրենքներից, ապա իշխանական որոշ շրջանակների վերահսկողության տակ գտնվող լրատվական ռեսուրսների բացահայտ կամ քողարկված բացասական վերաբերմունքը նորանշանակ վարչապետի նկատմամբ արդեն իսկ վկայում է, որ սկսված փոփոխությունները ոմանք բավականին ցավագին են ընդունում: Եվ պատահական չէ, որ եթե Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո առաջին օրերին կասկածի տակ էր դրվում դրսից և ներսից նրա «քարտ բլանշ» ստանալու հանգամանքը, ապա նախարարական առաջին փոփոխություններից հետո, երբ իրենց պաշտոններից զրկվեցին որոշ օդիոզ և անձեռնմխելի համարվող դեմքեր, ավելի արդիական դարձավ, թե որքանով փոփոխության ալիքը կարող է խորանալ:


Բնականաբար, եթե հասարակության ամենալայն զանգվածների մեջ վարչապետի հղած ազդակները որոշակի «զգուշավոր լավատեսություն» են առաջացնում, ապա իշխանական ավանդական նոմենկլատուրայի, նրանց հովանավորյալների և ներքևի օղակների շրջանակում արդեն զգուշավոր հոռետեսության տրամադրություններ են սկսում նկատվել։ Նման տրամադրություններն է՛լ ավելի են սրվում որոշ հայտնի տեղական «ֆեոդալ» մարզպետների մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերի ֆոնին: Այս առումով հատկանշական է, որ շատ կարճ ժամանակահատվածում սկսում է փոխվել նաև որոշ «անձեռնմխելիների» խոսակցությունների տոնայնությունը: Ասենք, ընդամենը մի քանի օր առաջ Սյունիքի մարզպետը վստահ հայտարարում էր լրագրողներին՝ «ես որ մնում եմ», իսկ մի քանի օր անց արդեն նշում էր, որ որոշողը վարչապետն է:


Բայց այն, որ նորանշանակ վարչապետի համար անձեռնմխելիներ չկան, միայն առաջին օրերի տպավորությունն է։ Կարեն Կարապետյանը, իհարկե, շատ աշխույժ մտավ պետական կառավարման ապարատ, սպասումներ կային, թե կոտրելու է համակարգը, ընդ որում, ամեն ինչ արվում էր շատ ցուցադրական, դիպչում էր անգամ օլիգարխներին, կառավարության նիստերում՝ քաղաքական անձեռնմխելիներին, մասնավորապես, դաշնակցականներին էր քննադատում… Եվ կարծես թե նրա վերահսկողության տակ գտնվող մամուլի միջոցներով պարբերաբար արտահոսքեր են կազմակերպվում՝ այս կամ այն մարզպետին տեղահան անելու վերաբերյալ։ Սակայն առաջին թեթև ահազանգերը կան, որ Կարեն Կարապետյանը, այնուամենայնիվ, սկսել է հաշվի նստել թիմի հետ։ Սերժ Սարգսյանը կարծես թե 100-տոկոսանոց քարտ բլանշ գործող վարչապետին չի տվել։ Կառավարության ղեկավարը փորձում է առերեսվել իրողությունների հետ, և նույն արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի վերանշանակումը ցույց է տալիս, որ համակարգի խնդրանք-պահանջների դեմ անզոր է։ Մանավանդ խոսվում էր, թե հեռանալիս Հովիկ Աբրահամյանի միակ խնդրանքն Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում պահելն էր։ Նմանատիպ խոսակցություններ կային պետական եկամուտների կոմիտեի մասին։ Եթե մինչև վերջերս ասվում էր, թե այդ կառույցն առնվազն կիսվելու է, որպեսզի Կարեն Կարապետյանը կարողանա ֆինանսական մուտքերի գոնե մի մասը «Գազպրոմի» տնօրեն Վարդան Հարությունյանի միջոցով վերահսկողության տակ պահել, ապա հիմա կարծես թե խոսակցություններ կան, թե նախագահը որոշել է ֆինանսական հոսքերը պահել անձամբ իր հսկողության ներքո։ Եվ չի բացառվում, որ պետեկամուտների կոմիտեն չտրոհվի, իսկ Հովհաննես Հովսեփյանն էլ շարունակի պաշտոնավարել։


Հասարակության կողմից, թերևս, ամենավատն ընդունվեց Հրանուշ Հակոբյանի վերանշանակման փաստը, քանի որ միշտ էլ համարվել է, որ այդ նախարարությունը ոչ արդյունավետ է աշխատել ու կարծես թե ստեղծվել է կոնկրետ մի մարդու համար։ Եվ Հրանուշ Հակոբյանի վերանշանակումը խոսում է այն մասին, որ ինչ-ինչ հարցերում Կարեն Կարապետյանը ստիպված է լինելու փոխզիջումների գնալ ֆորմալ առումով իրեն վարչապետ նշանակած քաղաքական մեծամասնության հետ։
Այն, որ Կարեն Կարապետյանը սկսել է գնալ կոմպրոմիսների, ակնհայտ է, ինչն ահազանգում է այն մասին, որ իրական համակարգային փոփոխությունները կարող են վտանգված լինել։ Այդուհանդերձ, իր կադրային նշանակումներով և կառուցվածքային փոփոխություններով վարչապետը հստակ մեսիջներ տվել է։ Մասնավորապես, կադրային փոփոխությունները ցույց են տալիս, որ գործադիրի ղեկավարը կառավարիչների թիմ է հավաքում։ Որքան էլ Էդուարդ Շարմազանովը պնդում է, թե սա քաղաքական կառավարություն է. եթե անգամ նախարարներն անկուսակցական են, սակայն այն հանրապետական կուսակցության կառավարությունն է (այլ մեխանիզմ իրականում չկա էլ), այնուամենայնիվ, վարչապետը փորձում է հնարավորինս սահմանազատվել ՀՀԿ-ականներից։


Կարեն Կարապետյանն իրեն դիրքավորում է որպես Հայաստանի տնտեսության գլխավոր մենեջեր, իսկ նախարարներն էլ՝ մենեջերներ իրենց ոլորտներում։ Նորանշանակ վարչապետը շարունակում է իրեն հնարավորինս հեռու պահել իշխող կուսակցության վարկաբեկված դեմքերից։ Այն, որ գործադիրի ղեկավարին չեն բարևում, առանձնապես ուշադրություն չեն դարձնում, չի բացառվում նաև, որ հենց վարչապետի ցանկությունն է։ Պարզից էլ պարզ է, որ եթե երկրի թիվ մեկ դեմքերից մեկն ուզենա, որ իրեն բարևեն, ապա բարևողների պակաս հաստատ չի լինի։


Երկրորդ մեսիջն այն է, որ Կարեն Կարապետյանը փորձում է իրենով անել ամբողջ ֆինանսատնտեսական բլոկը, նույնիսկ դաշնակցականների և նախագահի հետ որոշակի առճակատման է գնացել, քանի որ քաղաքական կոալիցիան հենց նախագահի նախաձեռնությունն է։


Եթե նայենք, թե ովքեր են նշանակվել տնտեսական ոլորտի նախարարությունների ղեկին, ապա կտեսնենք որոշակի տրամաբանություն։ Մասնավորապես, ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը, ով ասոցացվում է միջազգային ֆինանսական կառույցների հետ։ Այսինքն՝ նշանակվել է մարդ, որը կկարողանա դրսի հետ աշխատել, վարկեր բերել Հայաստան և այլն։ Նույնը վերանվանման փուլում գտնվող էկոնոմիկայի նախարարության պարագայում է։ Այս կառույցը ղեկավարում է Սուրեն Կարայանը։ Այսինքն՝ իրականությունն այն է, որ Հայաստանի նոր կառավարությունը գումարներ ներգրավելու աղբյուրները տեսնում է Արևմուտքում։ ՈՒստի համապատասխան պաշտոններում նշանակվում են մարդիկ, որոնք հարմար են Արևմուտքի համար։ Նույն Վաչե Գաբրիելյանին փոխվարչապետի դիրքում պահելը ցույց է տալիս, որ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի համար նա ընդունելի մարդ է և կարող է փող բերել Հայաստան։


Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի միջոցով Ռուսաստանից ներդրումներ ներգրավելու ակնկալիքներին, ապա այդ հեռանկարը պահպանվում է, և դա առաջին հերթին վերաբերում է այն բիզնեսներին, որոնք արդեն առկա են Հայաստանում՝ «Գազպրոմին», «Ռոստելեկոմին»։ Պատահական չէ, որ Հայաստանում «Ռոստելեկոմի» ղեկավարներից և բաժնետերերից մեկը նշանակվել է նախարար։ Բնականաբար, ներդրումներ բերելու ուղղությամբ Ռուսաստանի հետ աշխատելու է հենց Կարեն Կարապետյանը, ինչպես նաև նրա նշանակած և նրա հովանավորյալ ոլորտային նախարարները։ Այստեղ լուրջ դերակատարում կարող է ունենալ նաև վարչապետի նորանշանակ գլխավոր խորհրդականը, որը ինչպես Հայաստանի տնտեսությունում, այնպես էլ Ռուսաստանում աշխատելու հսկայական փորձ ունի. 2008 թվականից հետո նա փաստացի աշխատել է Ռուսաստանի էներգետիկ և կապի ոլորտներում։ Այսպիսով՝ կառավարությունում կատարվել է դերերի բաշխում. ռուսական թևը՝ Գագիկ Մարտիրոսյանը, էներգետիկայի ու կապի և տրանսպորտի նախարարները, աշխատելու են ռուսական ուղղությամբ, իսկ արևմտյան թևը՝ Վաչե Գաբրիելյանի և Վարդան Արամյանի գլխավորությամբ, փորձելու են համագործակցել միջազգային ֆինանսական կառույցների հետ։
Հարկ է նկատել, որ Կարեն Կարապետյանին հաջողվեց անել այն, ինչը չէր հաջողվում նախկին վարչապետին։ Կենտրոնական բանկը երկու որոշում ընդունեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու և պարտադիր պահուստավորման ծավալները նվազեցնելու վերաբերյալ։ Այս որոշումները, ըստ գաղափարի, պետք է էժանացնեն ֆինանսական միջոցները և նպաստեն, որպեսզի գումարները բանկային համակարգից հոսեն դեպի ռեալ տնտեսություն։ Եվ դա, բնականաբար, պետք է հանգեցնի տնտեսական ակտիվության։


Վերջին զարգացումները դիտարկելով քաղաքական իրավիճակի և PR-ի տեսակետից՝ կարելի է ասել, որ Կարեն Կարապետյանը կլանել է հասարակության ամբողջ ուշադրությունը։ Շատերը նույնիսկ մոռացել են, որ երկրում կա նաև նախագահ։ Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանի թիվ մեկ դեմքը Կարեն Կարապետյանն է։ Ձևավորվում է սպասումների, փոփոխությունների մթնոլորտ։ Դա հասկանալի է բիզնեսի տեսանկյունից։ Բիզնեսը զարգանում է լավ սպասումների պարագայում։ Հայաստանում նույնիսկ պաշտոնապես արձանագրված տնտեսական ակտիվության անկումը միայն դրական սպասումների դեպքում կարելի է կանխել։ Մյուս կողմից՝ հասարակական սպասումներ են առաջանում, ինչը շատ կարևոր է նախընտրական տարում։ Փորձ է արվում չեզոքացնելու հասարակության մեջ առկա անկումային տրամադրությունները, որպեսզի համապետական լրջագույն քվեարկությունից առաջ իշխանությունը որոշակիորեն կարողանա շփվել ժողովրդի հետ։


Այսպիսով՝ Հայաստանի թոփ նորություններն ուղղակիորեն կապված են Կարեն Կարապետյանի հետ։ Երկրի նախագահը մտել է ստվեր։ Այդ սպասումները քաղաքական տեսանկյունից իշխող կուսակցության համար շատ դրական են, բայց նաև վտանգավոր են վարչապետի համար, քանի որ շատ մեծ ակնկալիքներ առաջացնելու դեպքում եթե չես կարողանում հույսերն արդարացնել, անմիջապես անկում ես ապրում։ Պարզվում է, որ երկրում արմատապես ոչինչ չի փոխվում, ամեն ինչ ընդամենը կոսմետիկ նշանակություն է ստանում, հասարակությունն էլ հասկանում է, որ հերթական անգամ իրեն խաբում են։ Այս վտանգը վարչապետի առջև ծառացած է։ Մանավանդ որ սև քարոզչություն անողների պակաս չկա, այդ թվում՝ հանրապետականների թիմում, որոնք, ատամները սրած, սպասում են թեկուզ թեթև ձախողման, որ անմիջապես սկսեն հարձակումը։ Խոսքն առաջին հերթին հին նոմենկլատուրայի, նեղացածների և այն մարդկանց մասին է, որոնք երկրորդ-երրորդ պլանի խաղացողի վերածվելու վախ ունեն։


Իսկ ահազանգեր արդեն իսկ կան։ Դրա ապացույցն է այն, որ կառավարությունը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար Ազգային ժողով է մտցրել Հարկային նոր օրենսգիրքը։ Այս փաստաթղթի ընդունումն անմիջապես կզրոյացնի բոլոր հայտարարություններն այն մասին, թե կառավարությունը որոշել է արմատական փոփոխություններ անել, աջակցել բիզնեսին, ներդրումներ բերել և այլն։ Հարկային նոր օրենսգիրքը կոչնչացնի ամեն ինչ երկրում՝ սկսած տնտեսական ակտիվությունից մինչև փոքր և միջին ձեռներեցություն։ Հարկային օրենսգիրքը նոր կառավարության համար կարող է լակմուսի թուղթ դառնալ՝ պարզելու համար՝ ուզո՞ւմ է արդյոք ինչ-որ քայլեր անել իրավիճակը շտկելու ուղղությամբ, թե՞, ինչպես դաշնակցականները կասեին, միայն շոուներով է զբաղվում։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2652

Մեկնաբանություններ