Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞Ւմ էր Դեյր Զորում ոչնչացնում արևմտյան կոալիցիան, եթե ոչ հայերին ու քրդերին

Ո՞Ւմ էր Դեյր Զորում ոչնչացնում արևմտյան կոալիցիան, եթե ոչ հայերին ու քրդերին
30.09.2016 | 00:35

Բազմաչարչար Սիրիայում իրադրությունը տեղում չի դոփում: Հայ ազգի ամերիկյան «մեծ բարեկամներն ու բարերարները» Դեյր Զոր (Դեյր Էզ Զոր) քաղաքում ռմբակոծում ու սպանում էին հայերին... Օրերս ԱՄՆ-ը հերթական անգամ «սխալմամբ» ռմբակոծեց Սիրիայի հյուսիսում գտնվող Դեյր Զորը՝ հայոց վշտի ու ցավի քաղաքը: Արևմտյան ու ռուսական մամուլը գրում է միայն 60-ից ավելի սպանված և 100-ից ավելի վիրավոր սիրիացի զինվորների ու սպաների մասին: Բայց Դեյր Զորում որքան արաբներ ու քրդեր կան, նույնքան էլ՝ հայեր, որոնք Ցեղասպանություն վերապրած մարդկանց ժառանգներն են, և աշխարհը գիտի, որ իսլամիստները պղծել են հենց Դեյր Զորի արվարձանում գտնվող «Եղեռնի հուշարձանը»: Ծանոթ լինելով «ամերիկյան գերանվրեպ զենքի» դիպուկությանը (հիշենք Հարավսլավիայում չինական դեսպանատան ռմբակոծությունը, 1999 թ., Բելգրադի մանկական ուռուցքաբանական հիվանդանոցի ռմբակոծությունը, 1999 թ., «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության հոսպիտալի ռմբակոծությունը աֆղանական Կունդուզում, համեմատաբար վերջերս, Իրաքում ու Աֆղանստանում հուղարկավորությունների բազմաթիվ թափորների ոչնչացումը և այլն, և այլն), կարող եք չկասկածել, որ ամերիկացիները հիանալի ռմբակոծած կլինեն նաև Դեյր Զորի քաղաքացիական թաղամասերը: Թե որքան զոհ կա խաղաղ բնակչության շրջանում, ուրեմն և հայերի, ոչ մի բարձրաստիճան սրիկա չի զեկուցում: Լռում է նաև Հայաստանը:


Չորս տարուց ավելի քաղաքի պաշտպանները, իսկ դրանք ոչ միայն սիրիական բանակի զինվորներ ու սպաներ են, այլև հայ և քուրդ աշխարհազորայիններ, պաշտպանական մարտեր էին մղում և թույլ չէին տալիս, որ ահաբեկիչները ոտքի տակ տան քաղաքը: Իսկ հիմա, ամերիկյան ռմբակոծություններից հետո, իսլամիստներն անմիջապես հարձակման անցան: Ի՞նչ է սպառնում քաղաքին, հատկապես հայերին ու քրդերին: Կոտորած: Ցեղասպանություն: ԱՄՆ-ի ու Ռուսաստանի վեճը, այդ թվում՝ սեպտեմբերի 17-ին՝ Անվտանգության խորհրդի շրջանակներում, երբ ռուսները արտակարգ նիստ գումարեցին հենց Սիրիայի բնակչության դեմ արևմտյան «կոալիցիայի» ամոթալի արարքի պատճառով, արդեն հանգեցրել է նրան, որ երկու գերտերությունները կոշտ մեղադրանքներ են փոխանակում: Բայց ամենաճիշտն արտահայտվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «ԱՄՆ-ը բացահայտորեն օգնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, չի ուզում թույլ տալ, որ Սիրիան, Իրանն ու Ռուսաստանը վերջնականորեն ջախջախեն ԻՊ-ի և մյուս ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին»:

Գերտերություններն իրար մեջ կպարզեն, Իրանն էլ շուտով ամերիկացիների «պատասխանը կտա» ահաբեկչության դեմ համատեղ պայքարի շահերին դավաճանելու համար, սրանում կարելի է չկասկածել: Զարմացնում ու զայրացնում է մեկ այլ բան. պարզվում է՝ մեր վայ-հայրենասերների համար հայերի արյունը «տարբեր է», քանի որ «ապրիլյան ճգնաժամից» հետո նրանք հավաքվեցին ու ձվեր նետեցին ռուսական դեսպանատան ցանկապատի վրա: Իսկ հիմա լեզուները կուլ են տվել, չեն երևում, ո՞ւր են Արևմուտքի դրոշի ներքո «ազգային շահերի» ջատագովները: Մի՞թե դրամաշնորհ է պետք, որ հավաքվեն ԱՄՆ-ի դեսպանատան մոտ և ճիշտ նույնպիսի ձվեր «պարգևեն» այդ հաստատությանը: Հարցը մեկ էլ կրկնեմ. ամերիկացիների և արևմտյան այլ զինվորականների սպանած դերզորցի հայերը այդ վայ-հայրենասերների համար հայեր չե՞ն, նրանց արյունը հայի արյուն չէ՞: ՆԱՏՕ-ն հայերին սպանում է «հանուն խաղաղությա՞ն» կամ «հանուն Հայաստանի ծաղկմա՞ն»:


Հասկանալի է, որ Արևմուտքի կողմից Դեյր Զորի ֆաշիստաբարո ռմբակոծությունը շարունակությունն է այն իրավիճակի, որն ստեղծվեց Սիրիայի քրդերի շուրջ օգոստոսի 24-ին Թուրքիայի ներխուժումից հետո: Այստեղ ինչպե՞ս չավելացնես՝ Թուրքիայից բացի ուրիշ ոչ մի երկիր մեղավոր չէ, Դեյր Զորը պատմականորեն դարձել է արաբների, քրդերի ու հայերի համատեղ բնակության վայր: Այդ քաղաքը ոչ մուսուլման ժողովուրդների ցեղասպանության թուրքական քաղաքականության արգասիքն է, որն ավելի ուշ տարածվեց Օսմանյան կայսրության ոչ մուսուլմանների վրա: Այո, առաջին հայացքից թվում է, թե թուրքական ավիացիան չի մասնակցել Դեյր Զորի վրա կատարված հարձակումներին, սակայն, նախ, թուրքական ագրեսիան և Հյուսիսային Սիրիայի մի շարք շրջանների զավթումը շարունակվում են ու ընդլայնվում: Երկրորդ, իսկ ի՞նչ է, ՆԱՏՕ-ի անդամ երկրները Թուրքիայի ռազմական դաշնակիցները չե՞ն: Այնպես որ, լիակատար ու հիմնավոր իմաստ կա ՆԱՏՕ-ի ֆաշիզմը հավասարեցնելու հայերի ու քրդերի դեմ Թուրքիայի ցեղասպանական քաղաքականությանը: Եվ հենց դրա համար էլ հարկավոր է ավարտին հասցնել տարածաշրջանում Քրդական հարցի հետ կապված նոր իրադրության մասին խոսակցությունը:


Ըստ էության, քրդերի դեմ թուրքերի պատժիչ գործողությունը շարունակվում է մինչ օրս, ընդ որում, թուրքերն արդեն սահմանի այլ տեղամասում էլ են մտել Սիրիա: Եթե հանրագումարենք օգոստոսի 24-ից հետո եղած բոլոր հաղորդագրություններն ու հայտարարությունները, ապա Թուրքիան իր գործողությունները համաձայնեցրել է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Ռուսաստանի, Իրանի, նույնիսկ Սիրիայի հետ: Այստեղ, իհարկե, էական տարբերություններ կան, սակայն մենք առաջարկում ենք սկզբում պարզել Ռուսաստանի դիրքորոշումը: Բանն այն է, որ, կրկնենք, ո՛չ Իրանին, ո՛չ Սիրիային և ո՛չ էլ Թուրքիային տեսանելի շահի տեսակետից քրդական գործոնի ոչ մի սրացում ձեռնտու չէ: Եվ, ինչպես Իրաքում, օրինակ, իրանցիները տիտանական ջանքեր են գործադրում թույլ չտալու Հյուսիսային Իրաքի, այսինքն, Քրդական տարածաշրջանային կառավարության տարածքի առանձնացում, այնպես էլ Սիրիայում Իրանին ոչ մի «ինքնավար Քրդստան» պետք չէ: Այլ բան է Ռուսաստանը: Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման տեսանելի մասը Սիրիայի տարածքային ամբողջականության օգտին ավանդաբար հանդես գալն է: ՌԴ-ին ձեռնտու չէ ոչ միայն երկրի մասնատումը, այլև «Սիրիական Քրդստանում» ամերիկացիների ուժեղացումը, որն անթաքույց կերպով այնտեղ հենակետ է ստեղծում Բաշար Ասադի վարչակազմին հետագա դիմակայության համար:

Շատ հաղորդագրություններ կան Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանի մոտ կռվող խմբավորումների հետ ռուսական հատուկ ծառայությունների աշխատանքի մասին: Ավելին, տվյալներ կան, որ դեռ մինչև Դամասկոսի հանդիպումը, մոտավորապես հենց օգոստոսի 15-16-ին, ՌԴ-ի միջնորդությամբ կազմակերպված է եղել հանդիպում սիրիական և թուրքական մուհաբարաթի ներկայացուցիչների միջև, ընդ որում, սիրիական պատվիրակության կազմի մեջ, իբր, եղել է Սիրիայի ազգային անվտանգության վարչության հանրահայտ ղեկավար գեներալ Ալի Մամլյուկը: Հենց նա է համարվում մեկը նրանցից, որոնց միջոցով Դամասկոսն ու Անկարան գործակցում են ընդդեմ քրդերի ուժեղացման: ՈՒ հենց Ալի Մամլյուկը հունիսին հերքեց ռուսական հատուկ ծառայությունների կապերը, այսպես կոչված, «Սիրիայի ազատ բանակի» հետ: Մյուս կողմից, ՌԴ-ն պաշտոնական մակարդակով բազմիցս աջակցություն է հայտնել Սիրիայի քրդերին, ընդունելով ստվարաթիվ պատվիրակություններ և անգամ Մոսկվայում բացելով «Սիրիական Քրդստանի» ներկայացուցչություն:

Ոչ պաշտոնական մակարդակով, ռուս զինվորականները «հայրենասեր ընդդիմությունից» են ստացել «թիրախային ճշտումները» զինյալներին հարվածելու համար, տվյալներ կան նաև զինամատակարարումների մասին: Վերջապես, եթե սկսել են խոսակցություններ տարածվել, թե իրաքյան քրդերը «նեղացել են» և որոշել են փակել իրենց մոսկովյան ներկայացուցչությունը, ապա սիրիացի քրդերի ներկայացուցչության մասին նույնպիսի լուրը իրենք քրդերն էլ արագորեն հերքեցին:


Ռուս դիվանագետները մշտապես ընդգծել են, որ Մոսկվան քրդերին դաշնակիցներ է համարում ահաբեկչության դեմ մղվող պայքարում և ընդունում է նրանց ներդրած ավանդը: Այս անգամ էլ, թուրքական ներխուժումից հետո, Ռուսաստանի ԱԳՆ-ն վերստին հայտարարեց, թե սիրիական ճգնաժամի վերջնական լուծումը անհնար է առանց քրդական գործոնը հաշվի առնելու: Իհարկե, ՌԴ-ի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների կոնկրետ պայմանավորվածությունների մասին այս պահին ճշգրիտ տեղեկություն չկա, բայց կարելի է դիտարկել այսպիսի վարկած. Մոսկվան, այնուամենայնիվ, պատժամիջոց չի նախատեսել Հասեկեի քրդերին Սիրիայի ռազմաօդային ուժերի ռմբակոծության կապակցությամբ: Այստեղից էլ ռուսական նախաձեռնությունը Սիրիայի ՌՕՈՒ-ի և ամերիկյան ավիացիայի միջև միջադեպերի կանխման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Արժե ուշադրության առնել քրդերի տարածած հաղորդագրությունները, համաձայն որոնց, սիրիական կառավարության կողմնակիցները բաժանված են երկու թևի՝ կողմնորոշված դեպի Ռուսաստան և դեպի Իրան:

Նման տարակողմնորոշում կա նաև սիրիական հատուկ ծառայություններում. անվտանգության գլխավոր վարչությունն ու քաղաքական անվտանգության վարչությունն այսօրվա դրությամբ ավելի շատ գործակցում են Ռուսաստանի հետ, իսկ զինվորական հետախուզությունն ու օդային հետախուզական ուժերը՝ Իրանի: Հաշվի առնելով, որ այժմ Հասեկեում հենց ռուսական ներկայացուցիչներն են ջանում թշնամական կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, իսկ իրանամետ ուժերը քրդերի հետ, ընդհակառակը, կռվում են, համարձակվենք ենթադրություն անել՝ քրդերի ռմբակոծությունները, որ նախաձեռնել են Դամասկոսն ու Թեհրանը, նպատակ ունեն ցույց տալու, թե «ով է այստեղ իշխանությունը», և տեղավորվում են Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Դժվար է ասել, թե որոնք են իրանական Համադանից ռուսական Ty-22M3 ռազմավարական ռմբակոծիչների և Cy-34 գրոհային ռմբակոծիչների դուրսբերման իրական պատճառները, բայց չի կարելի բացառել, որ այստեղ իրենց դերն են խաղացել Հասեկեի իրադարձությունները:

Սիրիական ավիացիայի հարվածներից անմիջապես հետո քրդական կայքերը համատարած սկսեցին տարածել մի տեսանյութ, որտեղ ռազմականացված կառույցների ակտիվիստները այրում կամ սվիններով ծակծկում են Բաշար Ասադի և սիրիացի մյուս քաղգործիչների դիմանկարները, ինչպես նաև YPG-ի ներկայացուցիչների հայտարարությունները, որ դատապարտում են «Անկարայի, Դամասկոսի և Թեհրանի՝ իրենց դեմ ուղղված նոր համաձայնագիրը»: Մոսկվայի շահերի օգտին չէ նաև Հալեպի քրդական թաղամասում իրադրության բարդացումը, որ սպասվում է Հասեկեի իրադարձություններից հետո: Առավել ևս, որ դա տեղի է ունենում Հալեպի շուրջ խառը իրադարձությունների և «Ահրար աշ-Շամ» խմբավորման հետ, ինչպես նաև, բացառված չէ, «Հարաքաթ Նուր ադ-Դին Զենգի» և «Ֆայլաք աշ-Շամ» խմբավորումների հետ «Ջեբհաթ ֆաթ աշ-Շամ» (նախկին «Ջեբհաթ ան-Նուսրա») ահաբեկչական կազմակերպության միաձուլման ֆոնին:


Սիրիական ուժայինների շրջանում «ռուսական» և «իրանական» թևերի առկայության պարագայում թե՛ մեկ, թե՛ մյուս թևին պետք է անհանգստացներ քրդական աշխարհազորի և «Հարաքաթ Նուր ադ-Դին Զենգի» կազմակերպության ահաբեկիչների փոխադարձ «հարգանքի հավաստիքը» Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասում: Միևնույն ժամանակ, ճիշտ են նաև քրդերը, որոնք զարմանում ու զայրանում են այն առնչությամբ, որ, չգիտես ինչու, ԻՊ-ի զինյալները մի տեսակ շատ արագ և առանց մարտերի Ջերաբլուս քաղաքը զիջեցին թուրքերին՝ հերթական անգամ Թուրքիային մեղադրելով ահաբեկիչների հետ գաղտնի կապեր ունենալու և դավեր նյութելու մեջ: Ի դեպ, դա շատ ճշմարտանման է, որ Թուրքիայի նպատակն է եղել ոչ մի դեպքում թույլ չտալ թուրք-սիրիական սահմանի երկայնքով ստեղծել «Քրդական կանտոն», իսկ Ջերաբլուսը, այս առումով, առանցքային բնակավայր է, թեև այն Թուրքիայի համար կարևոր է նաև Իրաքից և Սիրիայից թալանված էժան նավթի քարավանների ճանապարհը շարունակելու տեսանկյունից: Մենք կարծում ենք, որ քրդերից Հասեկեն խլելու փորձերում սիրիացիների ու իրանցիների գործողությունները չէին կարող համաձայնեցված չլինել, առաջին հերթին հենց Ռուսաստանի հետ: Բայց օգոստոսի 16-19-ին պայմանավորվածություն չի եղել ԱՄՆ-ի հետ, ինչը և հանգեցրեց ամերիկյան F-22-ի հետ սիրիական Cy-24-ի օդային միջադեպին: Իսկ ահա օգոստոսի 24-ին արդեն ինչ-որ ընդհանուր պայմանավորվածություն կար նաև ԱՄՆ-ի հետ. փոխնախագահ Ջո Բայդենը շտապ եկավ Թուրքիա, բանակցություններ վարեց: Դրանից հետո թուրքերը վերջնագիր ներկայացրին քրդերին. նրանք պետք է Մանբիջից հեռանան Եփրատի արևելյան ափ: Բայդենը ևս սպառնացել է քրդերին. եթե նրանք ակնկալում են ԱՄՆ-ի հետագա աջակցությունը, ապա պարտավոր են նահանջելու Եփրատի մյուս ափ: Եվ արդեն օգոստոսի 25-ին քրդական ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարությունը հայտարարեց, որ դուրս են եկել Մանբիջից և վերադարձել են Եփրատ գետի արևելյան ափի իրենց բազաները, իսկ Մանբիջը կպաշտպանի տեղի ռազմական խորհուրդը՝ տեղի քաղաքացիական խորհրդի հետ մեկտեղ:


Իսկ ահա ապացույցն այն բանի, որ օգոստոսի 22-24-ի հակաքրդական պլանը սոսկ «թուրքական հղացում» չէր, այլ մանրամասնորեն մշակված ծրագիր, որին մասնակցում էին (ամեն երկիր ելնելով իր պլաններից, բայց փոխհամաձայնությունների հիման վրա) Թուրքիան, Իրանը, Սիրիան, ինչպես նաև Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Հենց օգոստոսի 25-ին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները Բաղդադից թռած մարդատար ինքնաթիռով շտապ կարգով Իրաքից Ալբանիա (այսինքն՝ Բալկաններ) տեղափոխեցին Իրանում ահաբեկչական ճանաչված, այսպես կոչված, «Իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպության» (OMԼH կամ Մոջահեդին-է-հալք) անդամներին: Իրանական «Թասնիմ» գործակալությունը հաղորդել է, որ ինքնաթիռում 100-ից ավելի մարդ է եղել, այդ թվում՝ OMԼH-ի անդամներ՝ կազմակերպության ղեկավար Մասուդ Ռաջավիի մտերիմներ, այդ հատուկ չվերթում այլ ուղևորներ չեն եղել:

Դրանից առաջ, օգոստոսի 20-ին, այաթոլլահ Ահմադ Խաթամին Թեհրանում ուրբաթօրյա նամազի ժամանակ ունեցած ելույթում ԱՄՆ-ի արբանյակ Սաուդյան Արաբիային մեղադրել էր ահաբեկչական OMԼH խմբավորումը վերածնելու ձգտման մեջ: Թեհրանի ուրբաթօրյա իմամը իր ելույթում դատապարտել էր սաուդյան վարչախմբի մասնակցությունը OMԼH-ի Փարիզում կայացած հուլիսյան համագումարին, հայտարարելով, որ մոջահեդները մի քանի միլիարդ դոլարի գործարք են կնքել սաուդյան կառավարության հետ՝ «Իրանին լրտեսելու» նպատակով: Իրանի արտգործնախարար Զարիֆը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին ղեկավար, արքայազն Թուրքի ալ-Ֆեյսալին սպասում է Սադամ Հուսեյնի ճակատագիրը. Իրանի ԱԳՆ ղեկավարն այսպես էր մեկնաբանել նրա մասնակցությունը Փարիզի համագումարին: Եվ դա, դատելով Դեյր Զորի ողբերգությունից, դեռ ամենը չէ...

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ