Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Կարեն Կարապետյանի հետ աշխատողը չի կարող գլուխ պահել»

«Կարեն Կարապետյանի հետ աշխատողը չի կարող գլուխ պահել»
30.09.2016 | 00:06

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ շուրջ հինգ տարի «Հայռուսգազարդում» (այժմ՝ «Գազպրոմ Արմենիա») աշխատել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ և «Իրատեսի» հետ զրույցում պատմեց, թե ինչպիսի ղեկավար է եղել նա, ու նոր պաշտոնում ինքն ինչ ակնկալիքներ ունի նրանից։

-Կարեն Կարապետյանն ինչպիսի՞ կառավարիչ է եղել։
-Ես եղել եմ «Հայռուսգազարդի» Սյունիքի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն։ Երբ նա եկավ «Հայռուսգազարդ», գազի կորուստները չափազանց մեծ էին՝ 38-40 տոկոս, կարճ ժամանակահատվածում ամեն ինչ ընկավ իր տեղը, և կորուստը դարձավ 6 տոկոս։ Հիմնականում ջերմոցային տնտեսություններն էին «Հայռուսգազարդի» աշխատակիցների հետ մութ գործարքների գնում և գազ գողանում։ Սրա մասին տեղեկանալով՝ Կարապետյանին հաջողվեց խնդիրն արագ վերացնել։ Այս գործելակերպն ինձ հիմք է տալիս ասելու, որ Հայաստանի տնտեսությունն էլ նա կարող է արագ ոտքի կանգնեցնել։
-Հանրությունն այսօր չի հավատում ոչ մի պաշտոնյայի խոստման։ Կարեն Կարապետյանն էլ այս կարճ ժամանակահատվածում բավականին ուշագրավ հայտարարություններ է արել՝ «պրիմիտիվ գողության» վերացումից մինչև բիզնեսներ չխլելու պատրաստակամություն։ Հաշվի առնելով ձեր համատեղ աշխատանքային փորձը, կարո՞ղ եք ասել, նորանշանակ վարչապետը հետևողական է, գործի մարդ է, ի վերջո, տեր կանգնելո՞ւ է իր խոստումներին։
-Իհարկե, այո։ Տնտեսությունը, անշուշտ, ծանր վիճակում է, ու կարճ ժամանակամիջոցում մեծ արդյունքներ ակնկալելը դժվար է։ Սակայն համոզված եմ, որ առաջիկայում տեսանելի կլինեն հաջողությունները։ Կառավարությունը շուտով ԱԺ-ին է ներկայացնելու իր ծրագիրը, ու ամեն բան հասկանալի կդառնա։ Կարծում եմ՝ փոփոխությունները դրականորեն կանդրադառնան շարքային քաղաքացու վրա։ Մեր ժողովրդին պետք չեն այլևս խոստումներ, նա իրական քայլերի է սպասում։ Կառավարությունը պետք է վերականգնի նաև ամենակարևորը՝ հավատը։ Ցավոք, այսօր մարդիկ ոչ մի խոսքի չեն հավատում։ Այս ցուցանիշներով այլևս չենք կարող առաջ գնալ, մարդիկ ուզում են, որ իրենց կյանքի որակը փոխվի։
-Կառավարությունն անկուսակցական նախարարներով համալրվեց։ Մտահոգություն չկա՞, որ նրանք ՀՀԿ-ի ծրագրով չեն առաջնորդվի։
-Վարչապետն առաջնորդվել է պրոֆեսիոնալիզմով։ Ճիշտ է, նախարարը քաղաքական պաշտոն է, բայց նախ և առաջ, պետք է ունենա հստակ, իրատեսական ծրագիր։ Յուրաքանչյուր ոլորտի համար պետք է լինեն գործնական քայլեր և կոնկրետ ծրագրեր, որ արդյունքն էլ տեսանելի լինի։ Վարչապետին տրվել է իր թիմը ձևավորելու հնարավորություն։ Յուրաքանչյուր ղեկավար պետք է կարողանա իր թիմի հետ համագործակցային հարաբերություններ ձևավորել և ճիշտ աշխատել ենթակաների հետ։ Ընդհանրապես, մենք շատ ենք կարևորում, թե կառավարության այսինչ անդամին ով է փոխարինելու, ով պետք է զբաղեցնի այս կամ այն գերատեսչության ղեկավարի պաշտոնը։ Կարծում եմ՝ դա պետք է բացարձակ չհուզի ժողովրդին, առավել պետք է կարևորվի այն, թե ինչ ծրագրեր ունեն և ինչպես են դրանք իրականացնելու։
-Ողջ խնդիրն այն է, որ յուրաքանչյուր վարչապետ իր մարդկանց է բերում, նույն գեղեցիկ խոստումները տալիս, սակայն հանրությունը ոչ մի դրական տեղաշարժ չի տեսնում։ Այլ խոսքով, խնդիրը ոչ թե անձերն են, այլ քաղաքական կամքի բացակայությունը։
-Մարդկանց թերահավատությունը հիմքեր ունի, որովհետև նրանց կենսամակարդակը մնում է նույնը։ Բայց, կարծում եմ, հիմա իրավիճակն այլ է։ Նահանջի տեղ այլևս չունենք։ Կան համապատասխան անձերը և քաղաքական կամքը։
-Իսկ գուցե այս խոստումները տեղավորվում են նախընտրական տրամաբանությա՞ն մեջ։
-Ցանկացած կուսակցություն, այդ թվում՝ ՀՀԿ-ն, ամեն ինչ անելու է հասարակության ավելի մեծ վստահությանն արժանանալու համար։ Սակայն դա չի նշանակում, թե երկրում ծառացած խնդիրներին լուծում տալը պետք է դիտել որպես նախընտրական քարոզչություն։ Կարեն Կարապետյանին լավ ճանաչելով՝ գիտեմ, որ նա հետևյալ սկզբունքով է առաջնորդվում՝ հանձնարարական, կատարողական և ցուցանիշ։ Նա չի սիրում ավելորդ նախադասություններ, պատճառաբանություններ։ Կարեն Կարապետյանի հետ աշխատող, յուրաքանչյուր ոք գիտի, որ պետք է ցուցանիշ ապահովի, այլապես իր պաշտոնում չի մնա, նրա հետ աշխատողը չի կարող գլուխ պահել։ Ի դեպ, նորանշանակ նախարարները չպետք է հանգիստ լինեն. եթե նրա ցանկացած արդյունքը չապահովեն, կարող է շատ արագ հեռացնել։
-Եթե Ձեզ առաջարկ արվի, կրկին կաշխատե՞ք Կարեն Կարապետյանի հետ։
-Եթե կարծում են, որ կարող եմ օգտակար լինել, ու առաջարկ արվի, կմտածեմ։ Պետք է վստահ լինես, որ քեզ առաջարկվող գործը կարող ես կատարել։ Շատ կարևոր ժամանակահատված է, և պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել քեզ վստահված գործին։ Պետք է արդյունք ստեղծել, ոչ թե աննպատակ աթոռ զբաղեցնել։ Ժամանակն է, որ այն մարդիկ, ովքեր ի վիճակի չեն աշխատելու, կամովին հրաժարվեն պաշտոնից, ոչ թե կրկին ու կրկին պաշտոնի ձգտեն։ Բոլորս պետք է օգնենք կառավարությանը, որ վերջինս հաջողի իր ծրագրերում։ Ովքեր ի վիճակի են օգնելու, այդ թվում՝ ես, պատրաստ ենք։


Հարցազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ