Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Երբ բիզնեսմենը խուսափում է հարկերից, նա բիզնեսմեն չէ, գող է»

«Երբ բիզնեսմենը խուսափում է հարկերից, նա բիզնեսմեն չէ, գող է»
30.09.2016 | 00:11

Կարեն Կարապետյանի նշանակումը, ներքին զարգացումների արդյունք լինելուց զատ, նաև արտաքին քողարկված ակնարկներ ունի։ Նորանշանակ վարչապետն ընկալվում է որպես ռուսական միջավայրի «անդամ», ում, ըստ որոշ վերլուծությունների, «գործուղել» են Հայաստան, որպեսզի ի թիվս այլ հարցերի, լուծի նաև ռուսական ազդեցությունը մեծացնելու և ապրիլյան ռազմական գործողություններից հետո հակառուսական տրամադրությունները մեղմելու խնդիրը։ Այս նշանակման մեջ որքա՞ն է արտաքին վեկտորի դերակատարությունը, ի վերջո, ռուսական «հետք» տեսնո՞ւմ եք հայաստանյան վերջին վերադասավորումներում՝ հարցրինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ։

-Հայաստանն առաջնորդվում է իր արտաքին քաղաքական գերակայություններով, որոնց մեջ ներառված են արտաքին հարաբերությունները, տնտեսության զարգացումը, Ցեղասպանության ճանաչումը, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը,- ասաց պատգամավորը։- Եթե որևէ գործողություն նպաստում է այդ գերակայությունների իրացմանը, գովելի է։ Իսկ այդ ամենում ռուսական «հետք», ինչ-որ մեկի «մատը» տեսնելը չորրորդական նշանակություն ունի։ Կարևորը պետության զարգացումն է ու առաջընթացը, իսկ այդ ճանապարհին խնդիրներն ինչ կերպ կլուծվեն, այնքան էլ կարևոր չէ։ Մաքիավելու հայտնի խոսքը, թերևս, այս պարագայում ճիշտ է, որ նպատակն արդարացնում է միջոցները։ Մենք ինքնանկախ պետություն ենք ու որոշումներն ինքներս ենք կայացնում, իսկ դրանք ինչ վեկտորով կընթանան, լիովին այլ խնդիր է։ Առանց լրացուցիչ ազդեցության ոլորտների ստեղծման էլ մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ բավականին խոր են, հատկապես պաշտպանության հարցերում։ Իսկ ինչ վերաբերում է ռուսական միջավայրի «մարդ» լինելուն, ամեն մեկս էլ մի միջավայրում դրսևորվում է։ Նորանշանակ վարչապետը նախ հայկական միջավայրում է կայացել՝ աշխատելով պետական համակարգերում, այնուհետև այն ոլորտներում, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Ռուսաստանին։ Եթե անգամ Կարեն Կարապետյանին Ռուսաստանի «մարդ» համարենք, ու նրա վկայակոչած փոփոխություններն արդյունք տան, ում մարդն ուզում եք դիտեք, միայն դրանից իմ երկրին օգուտ լինի։ Ասել է՝ եթե նա կարողանա մեր տնտեսությունը հզորացնել, կուզեք համարեք Արևմուտքի մարդ, կուզեք՝ Ռուսաստանի, միևնույն է։
-Կառավարության կազմը համարյա ձևավորված է, մնում են երկու կարևոր օղակներ՝ արտաքին գերատեսչությունը և պաշտպանությունը։ Այս ոլորտների ղեկավարների ճակատագրի հարցում երկար ծանրութեթև անելը նաև ապացույց չէ՞, որ արտաքին կողմնորոշումների ճշգրտման խնդիր կա։
-Անկեղծ ասած, չեմ ողջունում այս «վեկտորացավը», բայց արտաքին կողմնորոշումները հաշվի չառնել չենք կարող։ Անգամ գերտերություններում են նման քննարկումներ լինում։ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ Թրամփի և Քլինթոնի բանավեճերում խիստ նկատելի է Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների հստակեցման հարցը։ Այսինքն, ԱՄՆ-ի պես գերտերությունը պարտադիր հաշվի է առնում աշխարհի տեսակարար կշիռը։ Բնականաբար, մեզ պես երկրներն էլ իրավունք չունեն հաշվի չառնելու այդ կարևոր հանգամանքը։ Իսկ վեկտորների ճշգրտումն անմիջական կապ ունի այդ գերատեսչությունների ղեկավարների անձի հետ։ Այս առումով խիստ կարևորված է, թե ովքեր կլինեն այդ պաշտոններին։
-Կառավարությունը ձևավորվեց տեխնոկրատներով ու անկուսակցականներով։ ՀՀԿ-ականները խանդով չե՞ն վերաբերվում այս իրողությանը:
-Դա նախ և առաջ նորանշանակ վարչապետի մոտեցումն է։ Չեմ կարծում, թե այդ նշանակումներին ՀՀԿ-ում խանդով են վերաբերվում։ Կա մի իրողություն. որպես իշխող ուժ, ՀՀԿ-ն է կրում քաղաքական պատասխանատվությունը՝ թե՛ նախարարների գործողությունների, թե՛ ընդհանրապես ողջ կառավարության համար։ Կառավարությունները սովորաբար լինում են տեխնոկրատ և քաղաքական։ Նոր վարչապետը նախընտրությունը տալիս է տեխնոկրատներին, որոնք իրենց ոլորտում կայացած անձինք են, մենեջերներ։ Չեմ կարծում, թե ՀՀԿ-ում այս առումով դժգոհողներ կան, քանի որ բոլորի համար տնտեսության զարգացումն է առաջնային, ոչ թե անձերը։ Եթե նրանց հաջողվի տնտեսությունը զարգացնել, ուղղակի պետք է ծափահարենք ու աջակցենք ամեն հարցում։
-Նախարարներ նշանակելիս, վարչապետը առաջնային է համարում նաև բիզնես մտածողությունը։ Ի՞նչ եք կարծում, դա մի՞շտ է կիրառելի, արժե՞ ողջ կառավարման ոլորտը դիտարկել որպես բիզնես «միջավայր»։
-Ոլորտային զարգացման առումով բիզնես մտածողությունը կարող է օգտակար լինել։ Տարբեր ոլորտներում կայացած մենեջերներ են նշանակվել նախարարներ, այսինքն՝ բիզնեսի զարգացումը նրանք շատ լավ պատկերացնում են։ Նրանք ունեն քաղաքական և բիզնես հոտառություն, նկատում են նրբությունները, իսկ գործընթացների զարգացումներն ավելի լավ են պատկերացնում։ Մի բան է լավ գործ անելու քաղաքական կամքը, մեկ այլ բան, երբ այդ կամքը կա, բայց գործողությունների ծրագիրը բացակայում է, քանի որ ոլորտին մասնագիտորեն տիրապետելու խնդիր կա։ Վարչապետը հայտարարել է քաղաքական կամքի մասին, ու կան տեխնոկրատներ, ովքեր կարող են համալիր առաջարկություններ ներկայացնել։ Հույս ունենք, որ այս երկուսի համադրությունը զարգացում կապահովի։
-Բիզնես մտածողությունը մեկ այլ «աստառ» էլ ունի՝ եկամուտ ստանալ և հարկերից խուսափել։
-Կա այդպիսի բան, բայց երբ անձը քաղաքական պատասխանատվություն է կրում, մտածողության կտրուկ փոփոխություն է տեղի ունենում։ Իմ համոզմամբ, իրեն հարգող բիզնեսմենը ոչ թե հարկերից պետք է խուսափի, այլ ավելորդ հարկերից։ Ասել է՝ բիզնես մենեջերը պետք է բանավիճի հարկային ծառայության հետ՝ ապացուցելով, որ իր հարկերը ոչ թե իքս քանակի են, այլ իգրեկ։ Բայց երբ բիզնեսմենը խուսափում է հարկերից, նա բիզնեսմեն չէ, գող է։

Հարցազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ