Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Շատ բուռն աշուն

Շատ բուռն աշուն
30.09.2016 | 00:23

Կյանքն ուղղակի եռում է՝ ԱԺ-ն արտահերթ նիստ է անում, կառավարությունը բյուջեի նախագիծ է ընդունում, վարչապետը հանդիպումներ է ունենում վրա-վրա, նոր նախարարներն արդեն հասնում են մարզեր: ՀԱՊԿ-ն է Երևանում փրկարարների նիստ անում: Ի՞նչ է պետք լրիվ երջանկության համար: Անգամ ՀՀԿ խոսնակն է հայտարարում, որ իշխող կուսակցությունը պատրաստ է ինքն իր դեմ պայքարել՝ իր կուսակիցներին ստվերից հարկային դաշտ բերելու համար՝ ի պատասխան վարչապետի հայտարարության. «Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք սարքելու»: Ամեն ինչ հոյակապ է, մի «բայց» կա միայն. երկիրը շատ վաղուց է երկիր ու հրաշալի երկիր է, «սարքել» պետք է ոչ երկիրը, այլ իշխանությունը:


ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց ոչ միայն կառավարության կառուցվածքային փոփոխությունների առաջարկը, այլև Հարկային նոր օրենսգրքի նախագիծը: Ինչ ասես ասացին, հետո ընդունեցին: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պնդեց. «Խաղի նոր կանոններով փոքր բիզնեսի համար ավելի վատ պայմաններ ենք ստեղծում»։ «Հարկային նոր օրենսգիրքը լուծում է բիզնեսում առկա խնդիրները»,- հակադարձեց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ Արտահերթ նիստի ավարտին Հեղինե Բիշարյանը խաչակնքեց: Գուցե արժե ԱԺ կանոնակարգում հոդված ավելացնել՝ որոշ ելույթներից ու քվեարկություններից առաջ, նիստից հետո պարտադիր խաչակնքելու մասին: Տարիներ առաջ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին խաչակնքելն օգնեց, որ իր հրաժարականին դեմ քվեարկեն, ի վերջո, համարյա երկու հազար տարվա քրիստոնյա երկիր ենք:


Կառավարությունում խաչակնքել դեռ չեն սովորել, մինչդեռ արժեր: Հատկապես՝ վարչապետի հարցերին պատասխանելուց առաջ, որ հավատա ու հասկանա, որ հարցեր չտա ու խոսելիս չլռեցնի: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը երեկ ասաց, որ պետական պարտքը ՀՆԱ-ի հանդեպ 2014-2015-ի 43,7 %-ից 2016-ին կհասնի 54,4 %-ի: Աղետ չէ, բայց ռիսկային շեմ է, երբ պետությունը կարող է համարվել անվճարունակ, ուստի կառավարությունը որոշել է 2017-ի պետական բյուջեի ծախսը նվազեցնել 100 միլիարդ դրամով: Գտնված քայլ է՝ միանշանակ: Բայց ելք չէ, ելքը տնտեսություն աշխատեցնելն է, կամ՝ «սարքելը»: Կառավարության կառուցվածքը փոխեցին, նախարարներին փոխեցին, հարկերը փոխում են, ներդրումներն ավելանալո՞ւ են:

Ստվերն արևերե՞ս է դուրս գալու: Բանկերն սկսելու են անտոկոս վարկե՞ր տալ՝ վարչապետին հանդիպելուց հետո, հետո էլ փակելու են դռներն ու գնան տո՞ւն: Արտադրության համար փող է պետք, իսկ փող չկա: ՌԴ նախագահն ասում է՝ ապրեք ձեր ՀՆԱ-ի 10 % աճով, դուք Բելառուսը չեք, որ ինչ ուզի՝ ստանա: Բրյուսելն ու Վաշինգտոնը չեն ասում՝ չկա, ասում են՝ պայման կա՝ կոռուպցիան վերացրեք, իրական քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ արեք, սովորեք ունեցածը կառավարել:
ՈՒ ի՞նչ: Կա փրկություն՝ օլիգարխիան սկսում է երկիրը պահել, որ ինքն իրեն փրկի: Չի՞ ուզում կամավոր: Կա կրկեսի օրենքը: Չի՞ վախենում կրկեսից, մանավանդ Գագիկ Ծառուկյանն էլ վերադարձի սկզբին է: Կվախենա, եթե մթնոլորտ փոխվի: Իսկ մթնոլորտի փոփոխության համար Էդուարդ Շարմազանովն ասել է ինչ անել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Բայց կյանքը, մեկ է, հրաշալի է, համեմատեք՝ 2017-ին Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը կազմելու է 1 %, 2020-ին կանխատեսվում է ՀՆԱ-ի 2,4 % աճ, Հայաստանի ֆիննախը 2017-ին ՀՆԱ-ի 3,2 % աճ է կանխատեսում: Իսկ դուք ասում եք: Ի՞նչ էիք ասում՝ երկիրը երկիր չի՞: Մարդը մարդ լինի:

Դիտվել է՝ 2010

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ